ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցման միջոցառումը հաստատելու մասին հարցը երեկ քննարկվեց կառավարության նիստում։
Համապատասխան որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, պայմանավորված է զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ եւ նպաստավոր դարձնելու գործոնով։
«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության 2015 թ. մայիսի 27-ին ընդունված որոշում կա։ Եվ այդ որոշմամբ սահմանված շահառուների խմբերը կառավարության 2021 թ. փետրվարի 25-ի որոշմամբ լրացվեց զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների խմբով։ Իսկ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարվեց համապատասխան լրացում, որով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք վերապահվեց մինչեւ 53 տարեկան կանանց։
Այսինքն՝ եւ՛ օրենքով, եւ՛ որոշմամբ զոհված զինծառայողների ծնողներին ընձեռվում է հնարավորություն օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, սակայն ամբողջապես չեն ներառվում բոլոր հնարավոր ծախսերը։ Մասնավորապես՝ հիշյալ՝ 2015 թ. մայիսի 27-ի որոշման հավելվածում արձանագրված է, որ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունն ու սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր ծառայության, դոնորական ձվաբջջի համար սահմանված փոխհատուցման ծախսերը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ այս պահին մեծ թվով շահառուների այժմ անհրաժեշտ է փոխնակ մայր կամ դոնորական ձվաբջիջ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով վերջիններս չեն կարողանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից կամ դոնորի հետ կնքել պայմանագիր։ 2021 թ. դեկտեմբերի տվյալներով՝ անհրաժեշտ է 4 տասնյակ դոնորական ձվաբջիջ եւ 10 փոխնակ մայր։
Ըստ ԱՍՀ նախարարության՝ հենց հաշվի առնելով էլ շահառուների կրկին զավակ ունենալու ցանկությունը եւ կարեւորությունը, արդեն իսկ պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակների ընդլայնման, ինչպեսեւ վերոգրյալ օրենքում ու որոշմամբ կատարված լրացումներն ու փոփոխությունները, մշակվել է ռազմական գործողությունների հետեւանքով կամ զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի եւ փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, որոնք վերջիններիս կընձեռեն հնարավորություն առավել մատչելի պայմաններով օգտվելու փոխնակ մոր ծառայությունից կամ ձեռք բերել դոնորական ձվաբջիջ»։ Եվ ակնկալվում է, որ կխթանվի զոհվածների մայրերի՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությանն ու պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխություններին՝ 2022 թ. պետբյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան շուրջ 150.0 մլն դրամով (շահառուների թիվը պարբերաբար փոփոխվում է) :