Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղն այսօր կրկին գերության մեջ է: Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց հայրենի երկիրը: Տեղահանվեցին նույն երկրի բնակիչները՝ կորցնելով ամեն ինչ, շատ ընտանիքներ ունեցան նաեւ զավակների ու հայրերի կորուստ: Մոտ 80 հոգի Քաշաթաղի շրջանից նահատակվեցին այս պատերազմում: Նրանց շարքում է Տիգրանը՝ Իշխանաձոր գյուղից՝ նույն բնակավայրի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Գոհար Սեխպոսյանի միակ զավակը:
Տիգրան Արմենի Ավագյանը ծնվել է 1991 թ. փետրվարի 11-ին, Երեւան քաղաքում: 1997-2001 թթ. սովորել է Երեւանի թիվ 66 միջնակարգ դպրոցում, այնուհետեւ նրանց ընտանիքը տեղափոխվել է բնակվելու Արցախի Քաշաթաղի նորաստեղծ շրջանի հարավային թեւի Իշխանաձոր գյուղում: Հակարի գետի ափերին է փռված Իշխանաձորը. արեւելյան կողմում Թովմասարի հարթությունն է, որտեղով ճանապարհը տանում էր Ջրական ու Հադրութ: Հակարի գետի ափին հասակ առավ Տիգրանը՝ 2007 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, որտեղից շատ շրջանավարտներ ընդունվեցին ՀՀ եւ Արցախի տարբեր ուսումնական հաստատություններ: Տիգրանը 2008-ին ընդունվեց Արցախի պետական համալսարանի նախազորակոչային եւ ֆիզկուլտուրայի բաժին: 2009-11 թթ. հայոց բանակի զինվոր էր՝ սահմանապահ, եւ հսկում էր Արցախի սահմանները: Զորացրվելուց հետո զբաղված էր ընտանիքին օժանդակելով:
Իշխանաձորն այն բնակավայրերից էր, որտեղ մեր հայրենակիցները բերք ու բարիք էին ստեղծում՝ հարյուրավոր հեկտար հողատարածքներ դարձնելով այգիներ ու բանջարանոցներ, ցորենի ու գարու արտեր: Բարիք ստեղծողների շարքում էր նաեւ երիտասարդ Տիգրանը: Հայ մարդու ճակատագիրը միշտ է եղել այսպես՝ որոշ խաղաղ ժամանակից հետո շինականն ու ուսուցիչը, շինարարն ու բժիշկը դարձել են հայրենի երկրի զինվորը եւ մեկնել առաջնագիծ: Այսպես եղավ 2014-ին, երբ հարյուրավոր քաշաթաղցիներ մեկնեցին առաջնագիծ եւ պաշտպանեցին Արցախի սահմանը: 2016-ի ապրիլ-հունիս ամիսներին Արցախի սահմանի ողջ երկայնքով ժամկետային զինծառայողների հետ նաեւ 1000-ից ավելի քաշաթաղցի կամավորականներն էին հսկում: Այդ օրերին Իշխանաձորում էր տեղակայված «Սեւ հովազ» կամավորական ջոկատը՝ Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ (Ռ. Գասպարյանն ու նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը, զոհվեցին 2020 թ. հոկտեմբերի 16-ին Հադրութի շրջանում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից): Տիգրանը նույնպես դարձավ այս ջոկատի մարտիկ եւ մեկնեց առաջնագիծ: Հաղթանակած տուն եկան: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ԱՀ ՊՆ կողմից պարգեւի արժանացավ նաեւ Տիգրանը:
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց նոր պատերազմ, դարձյալ շատերը դարձան զինվոր: «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում Տիգրան Ավագյանը նույնպես կամավոր մեկնեց առաջնագիծ՝ չնայած ուներ առողջական խնդիրներ: Այս պատերազմում «Մեծն Տիգրանը» նույնպես մեծ կորուստներ ունեցավ՝ 9 զոհ, 3 անհետ կորած: Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ 2020 թ. հոկտեմբերի 5-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին «Մեծն Տիգրանի» մարտիկներ Արտակ Դեղոյանը, Մենուա Հովհաննիսյանը (հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման), Միհրան Մանուկյանը եւ Սարգիս Խաչատրյանը: Օրեր անց՝ հոկտեմբերի 19-ին, «Մեծն Տիգրանի» հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Սեւակ Մնացականյանը (Սեւակ Խոյեցի), Տիգրան Ավագյանը եւ Հարություն Ստեփանյանը դարձան անօդաչու սարքի հարվածի թիրախ եւ նահատակվեցին: Տիգրանը հուղարկավորված է Երեւանում՝ «Եռաբլրուրում»՝ մարտական ընկերների՝ Արթուրի եւ Սեւակի կողքին:
Վերջերս՝ Ամանորի նախօրեին, Երեւանում՝ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, հանդիպեցի Տիգրանի մորը՝ տիկին Գոհարին, ով իր սաների մեջ է արդեն տեսնում միակ զավակին: Իշխանաձորի բնակիչներից շատերն այժմ բնակվում են Վանաձորում, որտեղ գործում է Հադրութի ՄՊՍԿ-ի մասնաճյուղը, որի սաները Երեւանում հանդես եկան պարային կատարումներով: Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցի դասվար Մարգարիտա Մնացականյանի թոռը նույնպես կենտրոնի մասնաճյուղի պարի խմբակի սան է, եւ տիկին Գոհարը եկել էր ներկա լինելու նրանց համերգին: Ինչ խոսք, տխուր է երբեմնի երջանիկ մայրը, բայց հպարտ է՝ որդին հայրենիքի համար մարտիրոսվեց՝ անառիկ պահելով իր պաշտպանած տարածքը: Հերոսը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: