Հունվարի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հիշարժան իրադարձություն էր: Հայաստանի հանրային ռադիոն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ նշում էր Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 80-ամյակը:
Մեծ երգչի կատարումներով հանդես եկան մի շարք ճանաչված ժողովրդական երգիչներ, մաեստրոյի ընկերներն ու աշակերտները, ինչպես նաեւ կատարողական արվեստի վարպետներ` Մարտին Վարդազարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Իսպիրյանը, Գեւորգ Չաքմանյանը, Լեյլա Սարիբեկյանը, Համլետ Գեւորգյանը, Հովհաննես Շահբազյանը, Ռաիսա Մկրտչյանը, Նունե Եսայանը, Վարդան Բադալյանը, ՀՀ ՊՆ երգի եւ պարի անսամբլի երգչախումբը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական երգչախումբը, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան համույթը:
Համերգը եզրափակեց մաեստրոն` իր հիանալի կատարմամբ:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ողջ անձնակազմը սիրելի մաեստրոյին մաղթում է քաջառողջություն, մասնագիտական նորանոր վերելքներ եւ ստեղծագործական անսպառ եռանդ: