Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հավատանք հայ զինվորի հզորությանը

Հունվարի 28, 2022
Սոցիում
Հավատանք հայ զինվորի հզորությանը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
443
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 28-ին, սկսած 1995-ից, Հայոց բանակի օրը նշում էինք մեծ խանդավառությամբ, հպարտությամբ, զինվորի կողքին։ Հաղթել էինք, հաղթել 6-ամյա հերոսական պայքարում՝ ընդդեմ խորհրդային իշխանության եւ Ադրբեջանի Հանրապետության։ Հայոց նոր բանակի կազմավորումն սկսվեց, երբ 1991 թ. դեկտեմբերի 5-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը՝ առանց նախարարության: Եվ ահա, 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:

Արցախում հունվարի 28-ը կոչվում է Հայրենյաց պաշտպանի օր։ Մինչ այդ՝ ՀՀ-ում եւ Արցախում ստեղծվել էին տասնյակ երկրապահ ջոկատներ, որոնք մարտնչում էին Արցախում եւ ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Եվ այդ երկրապահ ջոկատների միավորումով, զորակոչով 1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին եւ բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Խոսելով Հայոց բանակի մասին՝ չպետք է անդրադառնանք միայն 20-րդ դարի վերջին։ Մինչ այդ՝ հազար ու հազար տարի առաջ էլ ունեցել ենք ազգային բանակ, որի շնորհիվ էլ հասել ենք 21-րդ դար։ Այդ հեռավոր ժամանակներում հայ զինվորի բազկի ուժն զգացել են Դարեհն ու Ալեքսանդր Մակեդոնացին, Շապուհն ու Հազկերտը, Ասորեստանի թագավորները, հռոմեացիները…

20-րդ դարասկզբին դարձյալ մեր բանակը, չնայած բազում իրադարձություններին, այնուամենայնիվ կարողացավ տեր կանգնել իր ժողովրդին։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը տեղի չէր ունենա առանց ազգային ռազմական ուժի։ Անցած դարում Հայկական Ազգային բանակն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1918 թ. ՀՀ հռչակումից հետո։ Գոյատեւել է մինչեւ հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Իհարկե, մինչ այդ տեղի ունեցավ մեր պատմության ամենահերոսամարտերից մեկը՝ Սարդարապատի ճակատամարտը, որին մասնակից եղան հայ ժողովրդի զինվորն ու շինականը, հոգեւորականն ու մտավորականը։ Հայաստանի առաջին հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորականներ էին։ Երբ ավարտվեց Առաջին համաշխարհայինը, 1917 թ. դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի թիվ 136 հրամանով արտոնվեց հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը՝ իհարկե ընդգրկելով հայդուկային ջոկատներ ու աշխարհազորայիններ։

Հրամանատարական կազմում, բացի ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ եւ կրտսեր սպաներից, շատ էին նաեւ ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետներ, անհատներ, հրամանատարներ։ 1920 թ. հունվարին Հայաստանի առաջին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։ Հանրապետության առաջին ռազմական նախարարը հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանն էր (գնդակահարվել է 1931 թ.)։ Երկրորդը՝ հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար Քրիստափոր Արարատյանը (1937 թ. գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»)։

Խորհրդային տարներին Մեծ հայրենականին մասնակից եղան հայկական հինգ դիվիզիաներ, որոնք մարտական փառքով օծվեցին ռազմաճակատներում: Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիան, որը կազմավորվել է 1941 թ. դեկտեմբերին, Երեւանում՝ 45-րդ բանակի կազմում, հասավ մինչեւ Բեռլին։ Հետագայում, մինչեւ ՀՀ անկախության հռչակումը, հայ զինվորները ծառայության էին անցնում ԽՍՀՄ բանակի կազմում՝ ծառայելով այս հսկա երկրի տարբեր տարածքներում, սոցիալիստական ճամբարի երկրներում։ Եվ ահա՝ նույն զինվորները, հատկապես Աֆղանստանում եւ նման տարածքներում ծառայած մեր տղաները, երբ սկսվեց Արցախյան շարժումը, շուտով կազմավորեցին ռազմական ջոկատներ՝ գիտակցելով, որ Արցախն ազատագրվելու է միայն ռազմական ճանապարհով։ 1988-ի վերջին, դրանից հետո՝ 1989-92 թթ. Արցախում ու Մայր հայրենիքում կազմավորվեցին բազում կամավորական ջոկատներ՝ դառնալով հայրենի երկրի պաշտպանները։ Դրանցից էին Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ը (1989 թ. ապրիլի 24), «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը  (կազմավորվել է 1989 թ.), «Արաբո» կամավորական ջոկատը (կազմավորվել է 1989 թ․, հրամանատար՝ Մ. Եղիազարյան), «Նիկոլ Դումանը» (1990 թ.), «Անկախության բանակը», «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը (Լեոնիդ Ազգալդյան), Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը՝ ԲԻԽ-ը, Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի նախագահությամբ, «Միավորված ուժերի շտաբը»՝ ՄՈՒՇ (Մուշեղ Մխոյան-Վոժդ), Ստեփանակերտի առաջին վաշտը՝ կազմավորված մոտ 10 կամավորական ջոկատներից եւ այլն։

ՀՀ բոլոր շրջաններում, քաղաքներում, այլ վայրերում ստեղծվեցին երկրապահ ջոկատներ։ Եվ բոլորի նպատակը մեկն էր՝ տեր կանգնել հայրենիքի անվտանգությանը։ Եկավ ժամանակը, եւ բոլոր նման կառույցները դարձան հայոց նոր բանակի հիմքը։ 1992 թ. Վ. Սարգսյանի կոչով ստեղծվեցին «Արծիվ մահապարտներ» տասնյակ ջոկատներ, որոնք նույնպես հետագայում դարձան նորաստեղծ բանակի անդամներ։ Եվ 1992-94 թթ., մինչեւ զինադադարը, Հայոց բանակը ողջ աշխարհին ստիպեց՝ լավ ճանաչել հայ ազգին։ Զինադադարից հետո միայն հայ զինվորն էր, որ կանգնեց սահմանին ու 26 տարի, չնայած թշնամու բազում սադրանքներին, թույլ չտվեց, որ խաթարվի հայ մանուկի անդորրը, որ թուրքը սողոսկի մեր երկրի տարածք։ Այդ տարիներին սկսվեց բանակաշինության նոր շրջանը, կառուցվեցին նոր զորամասեր, համալրվում էր բանակի զինանոցը։ Շատ կարեւորվեց բանակ-հասարակություն կապը, եւ զինվորը մշտապես իր թիկունքում զգում էր հարազատ ժողովրդի ուժը։ 1994 թ., երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, պատերազմն ավարտված չէր, բայց քաշաթաղցիները վստահում էին Հայոց բանակին։ Այդ ժամանակ, դրանից հետո քաշաթաղցիներս մշտապես էինք բանակին օժանդակում։ Առավել կարեւոր էին մարզամշակութային խմբերի այցելությունները սահմանամերձ զորամասեր։ Նույն խմբերի հետ միշտ էի լինում զորամասերում եւ զգում էի հայ զինվորի ոգու ուժը։ 2014 թ. օգոստոսին թշնամին մի քանի անգամ փորձեց ճեղքել Արցախի սահմանագիծը Մարտակերտի շրջանում՝ հատկապես Թալիշի ու Մատաղիսի հատվածներում։ Բայց անզոր էր հայ զինվորի ուժի հանդեպ։ Նույն ժամանակ 10 օրով քաշաթաղցի 100-ից ավելի կամավորականներ, Արցախի ազատամարտիկների միության կոչով, մեկնեցինք առաջնագիծ։ 10 օր դիրքապահ տղաների հետ մարտական հենակետում էի։ Անսասան էր հայ զինվորը։ Մեր հենակետի պատասխանատու, սերժանտ Վահան Տարախչյանը մշտապես էր իր դիրքում՝ անկախ պահի թելադրանքից։ Նրա զինվորները գիտեին իրենց պարտավորությունը։ Հայոց բանակը տեղում էր։ Իհարկե, լինում էին դեպքեր, երբ թշնամին դիվերսիոն գործողություններ էր կատարում, բայց անպատիժ չէր մնում։

2016 թ. Ապրիլյան պատերազմի առաջին օրվանից մինչեւ հունիսի կեսերը 1000-ից ավելի քաշաթաղցի կամավորականներ դարձյալ սահմանին էին։ Այս անգամ էլ զգացի հայ զինվորի ոգու ուժը, հայրենիքին անմնացորդ նվիրումը։ Դրանից հետո էլ հաճախ էի այցելում առաջնագիծ 1 կամ մի քանի օրով։ Հատկապես տոնական օրերին ընդառաջ՝ այցելում էինք առաջնագիծ եւ մեր պաշտպաններին ոգեւորում՝ տանելով տոնական նվերներ, նամակներ դպրոցականներից ու ուսուցիչներից, ծնողներից։ Իր տեղում էր Հայոց բանակը՝ հայրենյաց պաշտպանը։ 2015 թ. մարտի 19-ին «Եղնիկներ»-ում քաշաթաղցի Անմահ հերոս, ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանն ընկերների հետ հայտնվել էր թշնամու ծուղակում։ Մի քանի ժամ տեւած անհավասար մարտում հաղթել էին Հայոց բանակի քաջերը՝ ոչնչացնելով 20-ից ավելի թուրքի։ Հաղթանակը նաեւ իրենց կյանքով էին կերտել Հակոբն ու նրա 3 զինակիցը, կային ծանր վիրավորներ։ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվ. միջնակարգ դպրոցի շրջանավարտ, հայոց բանակի լեյտենանտ, 2014-ից մոտոհրաձգային դասակի հրամանատար Գոռ Հովհաննիսյանը 2017 թ. մարտի 31-ին նույնպես հերոսաբար մարտիրոսվեց՝ դիմակայելով թշնամու դիվերսանտների խմբին։ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղից Արցախ Հովսեփյանը 2018-ի սեպտեմբերի 22-ին մարտիրոսվեց՝ սահմանը հսկելիս։

Քաշաթաղցի տասնյակ տղաներ, վերջին տարիներին նաեւ՝ աղջիկներ, ավարտելով դպրոցը, ընդունվում էին ռազմական քոլեջներ Երեւանում, Ստեփանակերտում, Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարան եւ հետագայում համալրում էին հայոց բանակի սպաների շարքերը։ Իրենց կարգապահ ծառայությամբ ու անվախությամբ, հերոսությամբ աչքի էին ընկնում նաեւ շատ ժամկետային ծառայողներ։ Այսօր էլ իր դերը լավ է գիտակցում հայ զինվորը։ Բանակի կարիքն առավել է զգում հայ մայրը։ Վերջերս ներկա եղա զորակոչի Գեղհովիտում։ Մի քանի տասնյակ մեքենաներով, տոնական տրամադրությամբ ճանապարհեցին բանակ զորակոչիկներին, չնայած այն բանին, որ 2020 թ. սեպտեմբերյան պատերազմի օրերին Գեղհովիտ գյուղից զոհվեցին 5 տղաներ, նրանցից 3-ը նույն դասարանից էին։ Արցախյան վերջին պատերազմը սասանեց մեր կյանքը, այս պատերազմում կրեցինք պարտություն։ Մոտ 80 քաշաթաղցի կամավորականներ ու ժամկետային զինծառայողներ նահատակվեցին այս պատերազմում, ավելի են վիրավորները, կան անհետ կորածներ։ Պարտության պատճառները շատ են… Բայց այսօր, առավել քան երբեւէ, պետք է ավելի հզորացնենք մեր բանակը, ավելի սիրենք հայ զինվորին, ավելի ամրացնենք երկրի սահմանները, որոնք հասել են մեր բնակավայրերին։ Ամենակարեւորը՝ հավատանք հայ զինվորի հզորությանը եւ նոր տոնենք Հայոց բանակի օրը։

Թեգեր: ԱրցախբանակզինծառայողներզինվորՀՀ զինված ուժերՎազգեն Սարգսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հավերժ փառք հայ զինվորին

Հավերժ փառք հայ զինվորին

Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist