«ՀՀ»-ն վերջերս պարբերաբար ներկայացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների գիտական արդյունքները՝ մասնավորապես խոսելով Սեւանա լիճը ճահճացումից փրկելու նոր «դեղատոմսից», գյուրզայի խայթոցների դեմ հակաթույնից, որն արդյունավետությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին, ոչ պիտանի հողերի վրա պիտանի երկրագործությամբ զբաղվելու տեխնոլոգիայից, դիզենտերիայի հարուցիչների դեմ պատրաստուկներից եւ այլն։ Եվ բոլոր հրապարակումներում նշված է, որ գիտական այս նվաճումները կարող են բարեհաջող ներդրվել տնտեսության տարբեր ոլորտներում։
Շարքը նախաձեռնել ենք մի նպատակով՝ ցույց տալու, որ հիմնազուրկ են հանրությանը հրամցվող այն «պնդումները», թե մեր երկրում գիտությունը մեռնում է կամ մեռած է, թե գիտնականների նոր սերունդ չի «պատրաստվում» եւ այլն, եւ այլն։ Խնդիրն այլ է՝ ինչքանով է պետությունը գիտությանն ուշադրություն դարձնում, պատվեր «իջեցնում»՝ որեւէ ոլորտում էական տեղաշարժ արձանագրելու կամ հստակ նպատակի հասնելու համար, ինչ պայմաններ է ստեղծում գիտական մտքի՝ երկրից չարտահոսելու առումով, եւ, ի վերջո, ինչ է արվում գիտություն-տնտեսություն կապն ապահովելու մասով։
Ինչեւէ, սա արդեն այլ քննարկման թեմա է։ Իսկ մեր հերթական խնդրո առարկան գիտական հերթական արդյունքն է։
Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի թունաբանության եւ քիմիաթերապիայի լաբորատորիայում իրականացվել են ՕԴՔԳԿ-ում սինթեզված, տարբեր քիմիական խմբերին պատկանող 608 միացության առաջնային հետազոտություններ: Հետազոտվել են հակամանրէային՝ 426, հակաբորբոքային եւ ցավազրկող՝ 15, հակաօքսիդանտային՝ 40, հակաուռուցքային՝ 85 միացություններ, ինչպես նաեւ in vitro պայմաններում ուսումնասիրվել է 42 միացության ազդեցությունը ուռուցքային ԴՆԹ-ի մեթիլացման մակարդակի վրա: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է թունաբանության եւ քիմիաթերապիայի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Մուրադյանը:
Նրա խոսքով՝ դարձյալ ըստ նույն տեղեկատվության աղբյուրի, ուսումնասիրված միացություններից ակտիվություն են ցուցաբերել դիազաադամանտանի հինգ ածանցյալներ, որոնք ենթարկվել են մանրէաբանական խոր ուսումնասիրության: Միացությունների in vitro հակամանրէային ազդեցության սպեկտրն ուսումնասիրվել է մի շարք գրամ-դրական եւ գրամ-բացասական աերոբ եւ անաէրոբ միկրոօրգանիզմների շտամների ընդլայնված հավաքածուի վրա: «Եվ պարզվել է, որ դիազաադամանտանի ածանցյալները ցուցաբերում են հակաբակտերիալ ակտիվություն օգտագործված բոլոր շտամների նկատմամբ (մանրէների աճի արգելակման գոտին կազմել է 31-45 մմ)՝ գերազանցելով համեմատվող դոքսիցիկլին (27-29 մմ) եւ ֆուրազոլիդոն (24-25 մմ) դեղերին: Ընտրված 2 նյութերի in vivo թերապեւտիկ ազդեցությունն ուսումնասիրվել է սպիտակ մկների գեներալիզացված ստաֆիլոկոկային եւ դիզենտերիային վարակի մոդելում՝ օգտագործելով Staphylococcus aureus 5 եւ Shigella Flexneri 6858 շտամներ»։
Ի՞նչ է բացահայտվել այս ամենից։ Ըստ Ռ. Մուրադյանի՝ «բացահայտվել է նկատելի առավելություն համեմատվող գործող դեղամիջոցների՝ դոքսոցիկլինի եւ ֆուրազոլիդոնի նկատմամբ: Հետազոտված եւ բացահայտված այդ միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր հակաբիոտիկ դեղեր»:
Ի դեպ, աշխատանքներում ներգրավված են եղել նաեւ երիտասարդ գիտնականներ։ Աշխատանքն արվել է բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտությունների արդյունքները տպագրվել են տեղական եւ արտերկրի հեղինակավոր պարբերականներում։