Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վահան Զատիկյանի անվան դպրոցը՝ անցյալի ու ներկայի խաչուղիներում

Փետրվարի 5, 2022
Սոցիում
Վահան Զատիկյանի անվան դպրոցը՝ անցյալի ու ներկայի խաչուղիներում
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որը բացվեց 1996 թ., հետագայում՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Վահան Զատիկյանի մահվանից հետո, անվանակոչվեց ի պատիվ նրա։ Այսպիսով՝ կապը Քաշաթաղի շրջկենտրոնի եւ Մալաթիա-Սեբաստիա շրջանի միջեւ առավել սերտացավ: Ընթացքում՝ 2014 թ. մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման 22-ամյակի օրը, թիվ 2 միջնակարգի դիմաց բացվեց Վ. Զատիկյանի անվան պուրակ, տեղադրվեց նրա կիսանդրին (քանդակագործ՝ Հովհ. Մկրտչյան): Հանդիսավոր արարողությանը ներկա էր Մալաթիա-Սեբաստիայի պատվիրակությունը՝ Վ. Զատիկյանի հարազատների մասնակցությամբ: Կիսանդրու բացման պատիվը տրվեց Վ. Զատիկյանի կնոջն ու թոռանը: 

Մինչ 2020 թ. պատերազմը տոնական օրերին հաճախ էին Մալաթիա-Սեբաստիայի ներկայացուցիչները՝ վարչական շրջանի ղեկավարը, աշխատակիցներ, ԵԿՄ անդամներ, Վ. Զատիկյանի հարազատները, նրանց թվում՝ կինը՝ Երեւանի Վ. Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի տնօրեն Սոխակ Խոցանյանը, ուսուցիչներ, այցելում Բերձոր: Տեղի էին ունենում համատեղ միջոցառումներ, ամրապնդվեց կապը նաեւ 2 կրթօջախների միջեւ:

…Այսօր ամայի է Բերձորի Վ. Զատիկյանի անվ. դպրոցի շենքը, տեղում չէ Զատիկյանի կիսանդրին, որը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի եզրին էր: Պատերազմից հետո կիսանդրին տեղափոխվել է Երեւան: Այնուամենայնիվ, կապը Երեւանի Վ. Զատիկյանի անվ. հիմնական դպրոցի հետ պահպանվում է: Այժմ նույն դպրոցում է աշխատում (1-ին Գ դասարան) Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի դասվար Սիրվարդ Թամազյանը: 2020 թ. պատերազմի օրերին, դրանից հետո մոտ 40 արցախցի դպրոցականներ են հաճախել այս կրթօջախ: Տնօրեն Ս. Խոցանյանը տեղեկացրեց՝ Վահան Զատիկյանը 1973 թ. ավարտել է նույն դպրոցը, որը հիմնվել է 1936-ին: Նշեց՝ այս դպրոցի հիմնադիրները եղել են Մալաթիայից ու Սեբաստիայից գաղթած եւ Երեւանում վերաբնակեցված մեր հայրենակիցները: 1966 թ. դպրոցի համար կառուցվել է նոր շենք: 2001-ից ինքն է տնօրինում դպրոցը, մինչ այդ նույն պաշտոնում էր երջանկահիշատակ Վարդան Հայրապետյանը: Հետաքրքիր զուգադիպություն՝ մինչ այստեղ տեղափոխվելը Ս. Խոցանյանը մաթեմատիկա է դասավանդել նույն շրջանում գործող թիվ 92 դպրոցում, որը կրում է արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: Նույն անվանումն էր կրում նաեւ Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

«Թեքեյան կենտրոնը» յուրաքանչյուր տարի կազմակերպում էր թեքեյանական օլիմպիադաներ ու այլ միջոցառումներ, որոնց մասնակցում էին ՀՀ-ում գործող 4 եւ Բերձորի նույնանուն դպրոցների սաները: 2000 թ. սեպտեմբերից Երեւանի թիվ 90 դպրոցը կոչվել է Վ. Զատիկյանի անունով, եւ Զատիկյանները հիմնանորոգել են կրթօջախի շենքը, բարեկարգել տարածքը, բակում Վահանի արձանն է: Վերջերս նույն արձանի մոտ տնկվել է 3 եղեւնի՝ ի հիշատակ դպրոցի 3 շրջանավարտի, ովքեր նահատակվեցին արցախյան վերջին պատերազմում: Դասարաններից մեկում նաեւ անմահ հերոսների՝ Վաչագան Արտյոմի Մուրադյանի՝ ծնված 1999 թ., Նարեկ Արսենի Արտուշյանի՝ ծնվ. 2001 թ., եւ Դավիթ Արմենի Հակոբյանի՝ ծնվ. 2002 թ., լուսանկարներն են, տեղեկություններ նրանց մասին: Այժմ դպրոցի 71 աշխատակցից 52-ը մանկավարժներ են: Տարրական դասարաններում աշակերտների թիվը 360 է: Կա 4 երկրորդ դասարան, մնացածը՝ 3-ական: Միջին դասարաններում սովորում է 430 աշակերտ, ընդհանուր՝ 790: Դպրոցում ներառական կրթություն են ստանում 10-ից ավելի աշակերտներ: Նրանց հետ աշխատում են հատուկ մասնագետները:

Ս. Խոցանյանը հավելեց՝ երբ ընդունել է դպրոցը, աշակերտների թիվն ընդամենը 450 էր: Այժմ դպրոցում սովորում են Արցախից տեղահանված 6 աշակերտ: Տնօրենն այս առումով ուրախ է, որ շատերը վերադարձել է Արցախ: Ինֆորմատիկա եւ անգլերեն առարկաների դեպքում 30-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվում են: Տեխնոլոգիայի դասաժամերին տղաներն ու աղջիկներն առանձին դասասենյակներում են պարապում: Որոշ առարկաների՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու, ֆրանսերեն եւ այլն, հատկացվում է լրացուցիչ դասաժամ՝ դպրոցական բաղադրիչի հաշվին: Դպրոցում դասավանդվում է 3 օտար լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն: Տնօրենը կարեւորեց, որ իրենց շրջանավարտների հիմնական մասն ուսումը շարունակում է քոլեջներում, մնացածը տեղափոխվում են ավագ դպրոց: Ուրախությամբ նշեց՝ շատ շրջանավարտներ կապը դպրոցի հետ պահպանում են, հաճախ են այցելում: Դպրոցն ունի 2 համակարգչային դասասենյակ՝ մոտ 40 համակարգչով, նիստերի դահլիճ, մարզադահլիճ, որի հիմնանորոգումը նախատեսում են այս տարի:

Խոսելով իր սաների՝ առարկայական օլիմպիադաներին, արտադպրոցական տարբեր միջոցառումներին մասնակցելու մասին, Ս. Խոցանյանը նշեց, որ ունեն հաջողություններ եւ՛ օլիմպիադաներում, եւ՛ մարզամշակութային ոլորտներում: Դպրոցի միջանցքում 10 լավագույն մարզիկ-աշակերտների մասին է գրված: Լավ վիճակում է նաեւ շախմատի ուսուցումը: Դպրոցի ֆեսբուքյան էջում կարդում ենք. «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրեց իր հերթական բաց առաջնությունը, որում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի, Վրաստանի, Իրանի մարզիկները։ Առաջնությանը փայլուն ներկայացան նաեւ Երեւանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի սաները, որոնք, ի հպարտություն մեզ, դարձան մրցանակակիրներ։ Առաջին տեղի մրցանակակիր՝ 4-րդ Գ դասարանի աշակերտ՝ Նարեկ Կիրակոսյան, իսկ երրորդ տեղի մրցանակակիր՝ 6-րդ Գ դասարանի աշակերտ Դավիթ Հովհաննիսյան։ Ի սրտե շնորհավորում ենք եւ մաղթում նորանոր հաղթանակներ մասնակիցներին եւ նրանց մարզիչ Վարդան Կիրակոսյանին»։ Դպրոցին կից գործում է նաեւ Վ. Զատիկյանի անվան մարզադպրոցը, որտեղ շատ դպրոցականներ են մարզվում դասերից հետո: Դպրոցի շատ աշակերտներ հաճախում են նաեւ այլ մարզական, արվեստի դպրոցներ, «Թումո» կենտրոն: Մոտ 40 աշակերտ ուսումնական գործընթացում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, եւ նրանց լուսանկարները «Մեր գերազանցիկները» ցուցատախտակին են:

Դպրոցի ՄԿԱ փոխտնօրեն Սիրամարգ Խոցանյանն այս պաշտոնին է 2000-ից, մինչ այդ դասավանդել է մաթեմատիկա, ինֆորմատիկա: Տեղեկացրեց, որ դպրոցում գործող տեխնոլոգիայի դասասենյակը բացվել է «BOSCH» ֆիրմայի կողմից 2011 թ. դեկտեմբերին: Նույն ընկերությունը դասասենյակը կահավորել եւ ֆիրմային նվիրել է գործիքներ: Դպրոցի փոխտնօրենը գոհ է մանկավարժների աշխատանքից: Կարեւորեց հատկապես բնագիտական առարկաների մասնագետների դերը՝ նշելով, որ այսօր մեր երկրին պետք են այդ առարկաների մասնագետներ, իսկ այդ գործում մեծ է դպրոցի դերը: Սուսաննա Օդաբաշյանը 30 տարուց ավելի է, ինչ ֆիզիկա է դասավանդում, քիմիայի եւ  կենսաբանության մասնագետներ Ռիմա Մարուքյանը եւ Գոհար Արամյանը 25 տարուց ավելի են աշխատում դպրոցում: Ունեցել են հաջողություններ: Դպրոցի զինղեկ, կապիտան Գագիկ Արամյանը նույնպես երկար տարիներ է, ինչ աշխատում է այստեղ, ստեղծել են ռազմագիտության դասասենյակ, որտեղ կան ուսումնական զենք ու անհրաժեշտ պարագաներ՝ աշակերտներին ծանոթացնելու ռազմական գործին: Նրա ուղեկցությամբ շրջեցի դպրոցում, զրուցեցի ուսուցիչների ու աշակերտների հետ: Սիրում են իրենց դպրոցը երեխաները: Տեխնոլոգիայի դասաժամին 4-րդ դասարանի տղաները 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին էին նկարում: Շատերը նշեցին, որ դպրոցն ավարտելուց հետո զինվոր են դառնալու… 

Անցած տարի Սոխակ Խոցանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Վահանը. Զինվորը, պետական գործիչը, քաղաքացին» գիրքը, որը պատմում է Վահան Զատիկյանի մասին: Վահան Մյասնիկի Զատիկյանը ծնվել է 1956 թ. հոկտեմբերի 22-ին Ջավախքի Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում: 1969 թ. ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Սկզբում սովորել է Նորքում գործող թիվ 23 միջնակարգ դպրոցում, հետո տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա եւ 1973-ին ավարտել թիվ 90 միջնակարգը: 1982 թ. ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1973-1975 թթ. ազատ ոճի ըմբշամարտի դպրոցում աշխատել է մարզիչ։ 1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1979 թթ. եղել է «Անուշ» ԱՄ-ի մարզիչը, 1979-1991-ին աշխատել է Երեւանի պոլիգրաֆկոմբինատում։ Արցախյան շարժման առաջամարտիկ ու գոյամարտի մասնակից, «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարն ունի մարտական հարուստ ուղի՝ Երասխավան, Նոյեմբերյան, Կոռնիձոր, Ակնա, Գետաշեն, Մարտունաշեն, Հադրութ… 1990 թ. եղել է Երեւանի քաղաքային, 1991-ին՝ Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավոր։ 1991 թ. ընտրվել է Երեւանի Շահումյանի շրջանի շրջխորհրդի գործկոմի նախագահ։ 1992-1997 թթ. եղել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը։ 1996 թ. ընտրվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար։ 1995-1999 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք)։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից։ 1995-ից հիմնադրել եւ նախագահել է «Մալաթիա» բարեգործական ընկերությունը։ Հովանավորել է Երեւանի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցումը (1992–1997): Մահացել է 1999 թ. Երեւանում։ Հողարկավորված է Եռաբլուրում։

Թեգեր: ԲերձորդպրոցկրթությունՔաշաթաղ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայ բեմի Չառլի Չապլինը

Հայ բեմի Չառլի Չապլինը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist