«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը գրող, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բազմաթիվ դասագրքերի հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանի հետ
-Պարո՛ն Սարգսյան, կխոսե՞ք տարիների Ձեր գործունեության, ունեցած վաստակի մասին:
-Վերջերս լրացած 70-ամյակիս կապակցությամբ ինքս ինձ համար ամփոփում էի կյանքիս վերջին երեսուն տարվա գործունեության արդյունքները: Ստացա այսպիսի պատկեր` մայրենիի, մաթեմատիկայի 14 դասագիրք հանրակրթական դպրոցների եւ տեղեկագիտության 3 դասագիրք մասնավոր դպրոցների համար: Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ունի «Այբբենարանը», որն իր քառորդդարյան գոյության ընթացքում տպագրվել է գրեթե մեկ միլիոն տպաքանակով: Ասեմ, որ նշածս դասագրքերը ջերմ ընդունեցին թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները եւ թե՛ երեխաները:
Իմ «Այբբենարանի» յուրաքանչյուր էջից հայրենիքը ժպտում է ընթերցողին, քանի որ յուրաքանչյուր էջում երեխայի մտքի եւ հոգու մեջ աննկատ լցվում է հայրենիքի մի խորհրդանիշ: Դա նրա ընտանիքն է, դպրոցն է, ընկերներն են, հարազատ փողոցն ու քաղաքն են, հայրենի սրբազան լեռներն են, դարերի խորքերից մեզ հասած հուշարձաններն են, ազգապահպան հերոսները՝ Սասունցի Դավիթ, Հայկ Նահապետ, Մեսրոպ Մաշտոց, Մոմիկ ճարտարապետ կամ «Դ» տառի էջում ներկայացված Զորավար Անդրանիկ, Սպարապետ Դրո ու Գարեգին Նժդեհ…
Այո՛, կարեւոր է նման կերպ պարզ հայրենասիրության լարը թրթռուն դարձնել երեխայի հոգու մեջ: Ա՛յ, դա դուր չէր եկել որոշ մարդկանց: Դա չէին կարողանում ներել «Այբբենարանին» ու ինձ: Հայրենասիրությունը համարում եմ մեր ժողովրդի գոյատեւման կարեւորագույն բաղադրիչը: Որ ազգը կարողանում է պահպանել իր տեսակը, նա արդար է: Ծիծաղելի է դրան հակադրվելը: Մենք պարզապես պարտավոր ենք հայրենասեր լինել՝ ինչքան էլ ծաղրեն ու քննադատեն այդ գաղափարը ամենատարբեր հարթակներից:
Կատարածս մյուս գործերից կառանձնացնեմ գեղարվեստական գրականությունը մեծերի համար. շուրջ 16 գիրք` պատմվածքներ, վիպակներ, բանաստեղծություններ, երգիծանք: Դժվարությամբ եմ ի մի բերել ու այնուհետեւ տեսակավորել հեղինակածս աշխատանքները: Օրինակ, տեսա, որ ստեղծել եմ 12 անուն գիտահանրամատչելի, 2 հրապարակախոսական ծավալուն գրքեր, ձեռնարկ-մենագրություններ, 21 գիրք մեթոդական գրականություն: Ռուսերենից թարգմանել եմ 10 գիտագեղարվեստական գիրք: Առանձնահատուկ ուզում եմ նշել մանուկների համար ստեղծածս խաղերի մասին («Զարմանահրաշ խորանարդիկներ», «Կախարդական մասնիկներ», «Պատկերագիրք», «Վիշապաքաղ» եւ այլն): Ասեմ, որ նշածս բոլոր խաղերն իրենց խորքում կարեւոր տեղ են պահում լեզվի նկատմամբ հետաքրքրությունների ձեւավորման ու զարգացման համար:
-Բացի դասագրքերից, ուրիշ ի՞նչ գրքեր ունեք մանուկների համար:
-Փոքրերի համար գրել եմ 18 գեղարվեստական, պատկերազարդ գիրք: Դրանցից մի քանիսն ունեցել են մի քանի հրատարակություն, ընդ որում բավական պատկառելի տպաքանակներով: Առանձնահատուկ տեղ եմ հատկացրել մանկական հետաքրքրաշարժ գրականությանը՝ 12 անուն: Երբ մտնում էի կրթական ոլորտ, մտքովս չէր անցնում, որ երկարատեւ եմ «հյուրընկալվելու» այնտեղ: Փաստորեն, արդեն 25 տարի է: Այդ ընթացքում, բացի դասագրքերն ու թվարկածս գրականությունը, հեղինակել եմ նաեւ բազմաթիվ ու բազմազան ուսումնական այլ բնույթի գրականություն՝ խաղատետրեր, գրատետրեր, մայրենիի ուսուցման պաստառներ, այբբենական օրացույցներ եւ այլն: Ի մի բերելով ասեմ, որ բոլորը գումարելով իրար, ստացա մի զարմանալի թիվ՝ 130: Այսինքն, այդքան անուն տարբեր բնույթի գրականություն: Ինձ համար եւ՛ ուրախալի է, եւ՛ զարմանալի:
-Ընդունված կարծիք կա, թե երեխաներն այսօր քիչ են կարդում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այսօր այնքան էլ հեշտ չէ երեխաների մեջ ընթերցասիրություն սերմանելը: Նրանց ուշադրությունը մշտապես շեղված է զանազան գայթակղիչ նորասարքերով՝ բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, բարձրակարգ էլեկտրոնային խաղասարքեր եւ այլն: Սրանք բոլորը մրցակից են ավանդական գրքին: Որեւէ մեկը չի ասել, որ երեխան չպետք է տեղյակ լինի նման բաներից, չօգտվի բազմազան խաղասարքերից: Խոսքը վերաբերում է չափավորությանը: Երեխան շատ տեղեկույթ է ստանում, եւ դա իր համար չի դառնում «միս ու արյուն», այլ վերածվում է բալաստի, երբեմն՝ մոլության: Իսկ ցանկացած մոլություն արդեն վտանգավոր է:
Հիշեցի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի «Մասնագիտություն» վիպակը: Գրեթե մեկ դար առաջ գրողը գուշակել էր, թե ինչ է սպասում մարդկությանը կրթության բնագավառում: Վեց տարեկան երեխաների քունքերին միացնում էին էլեկտրոդներ, եւ երեխաները տառաճանաչ էին դառնում: Տասնութ տարեկանում կրկին միացնում էին էլեկտրոդներ՝ այս անգամ մասնագիտություն ունենալու համար: Երեխաներից միայն մեկի հետ նման բան չեն անում՝ ասելով, թե նա մտավոր հետամնաց է: Ծանր, հատուկ կազմակերպած փորձություններից հետո երիտասարդն ինքնուրույն ծանոթանում է գրքին, սկսում ընթերցել ու բացահայտում ստեղծելու իր ունակությունները: Վիպակի հերոսին բացատրում են, որ ստեղծարար մտածողություն ունեցող մարդիկ պետք է սովորեն գրքերով եւ ոչ թե գիտելիքը ստանան էլեկտրոդներով՝ պատրաստի չափաբաժիններով: Այսինքն, ինչքան էլ զարգանան նորասարքերը եւ իրենց արժանի տեղն զբաղեցնեն կրթության ոլորտում, այնուամենայնիվ, գրքերն անփոխարինելի են:
-Որպես մանկավարժ եւ երեխաների հետ շփման հսկայական փորձ ունեցող մանկագիր` մերօրյա դպրոցների գլխավոր նպատակը ո՞րը պետք է լինի:
-Եթե հակիրճ ասեմ, ապա դպրոցի առաջնային նպատակներից մեկը պետք է լինի այն, որ այնտեղ երեխաները չկաղապարվեն: Այսօր հասարակությունը պետք է կերտի ստեղծարար մտածողություն ունեցող, բանիմաց, ժամանակակից գիտելիքներով զինված, ազգային մտածելակերպ ունեցող, համամարդկային արժեքներին քաջածանոթ եւ կրող, մեդիագրագիտություն ունեցող քաղաքացիներ:
-Ո՞րն է գաղտնիքը, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ են ընթերցում Ձեր գրքերը:
-Ես ցանկանում էի երեխաների համար ուսումը զվարթ դարձնել: Սովորելն ամենաբարդ բանն է կյանքում, որովհետեւ այն ջանք, ուշադրություն ու կամք է պահանջում: Այդ իսկ պատճառով փորձեցի սովորելը զվարթ դարձնել երեխաների համար` նրանց ավելի շատ ներգրավելով ուսումնական գործընթացի մեջ: Որպես օրինակ բերեմ փոքրիկ մի փաստ. Այբբենարանների պատմության մեջ առաջին անգամ ներառեցի խաչբառը, որի պատճառով բավական շատ քննադատությունների թիրախ դարձա մամուլում: Հետո ուսուցիչներից ստացա շատ դրական արձագանքներ: Նրանք փաստում էին, որ երեխաները մեծ հաճույքով են լրացնում խաչբառերը՝ ակամայից զարգացնելով բառերը հնչյունային վերլուծության ենթարկելու իրենց ունակությունները:
-Հանդիպումներ ունենո՞ւմ եք դպրոցականների հետ:
-Շատ հաճախ էի հանդիպումներ ունենում հանրապետության տարբեր քաղաքների ու գյուղերի դպրոցների աշակերտների, ուսուցիչների, ծնողների հետ մինչ համաճարակը: Հիմա էլ եմ հանդիպում, սակայն ոչ առաջվա հաճախականությամբ: Կարող եմ ասել, որ դա առօրյա է դարձել ինձ համար. առօրյա, որը լի է նորանոր տպավորություններով, հրճվանքով, զարմանքով ու ոգեւորությամբ: Հանդիպումների ընթացքում երբեմն զվարճալի ու հիշարժան դրվագներ են պատահում: Մի անգամ, հերթական հանդիպման ժամանակ երեխաների հետ զրուցեցի, հանելուկներ ու հետաքրքիր առաջադրանքներ տվեցի, դաս հարցրի եւ այլն: Երբ արդեն դուրս էի գալիս դասարանից, երկրորդ դասարանցիներ էին, առջեւի շարքից մի աղջնակ ոտքի կանգնեց ու ասաց. «Վաչագա՛ն Սարգսյան, Դուք մեզ պարզապես հիացրիք»: Վերջերս դարձյալ հանդիպեցի մեկ այլ դպրոցի երկրորդ դասարանցիների հետ: Իմ գնալուց հետո աշակերտուհիներից մեկն ուսուցչուհուն ասել էր. «Բայց Վաչագան Սարգսյանը պապի՜կ էր»: «Իսկ դու ի՞նչ էիր կարծում»,- հարցրել էր ուսուցչուհին: «Ինձ թվում էր՝ Վաչագան Սարգսյանը հասուն տղամարդ է» (ծիծաղում է):