Երեւանի Խուլ-համրերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատի «Կիլիկիա» մարզադահլիճում փետրվարի 6-ին տոնական տրամադրություն էր. սպիտակ համազգեստով են մոտ 100 երեխա՝ 6-16 տարեկան տղաներ, նաեւ աղջիկներ, որոնք եկել են իրենց խոնարհումը բերելու «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր Սեւակ Մնացականյանին, ով փետրվարի 6-ին կդառնար 34 տարեկան, սակայն սաների մրցմանը հետեւում էր… Երկնքից։
Արցախյան վերջին պատերազմը մեծ արհավիրք էր մեր ազգի համար: Մեծ ցավ է նաեւ, որ նույն պատերազմը մեզանից խլեց մեր զավակներին: 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Տիգրան Ավագյանը, Հարություն Ստեփանյանը եւ Սեւակ Մնացականյանը (Սեւակ Խոյեցի): Մեր ժամանակների՝ ազգային ու պետական մտածողության երիտասարդներից էր Սեւակ Բախշիի Մնացականյանը, ով կամավոր մեկնել էր առաջնագիծ եւ նահատակվելուց օրեր առաջ տեսաուղերձներ հղել մեր ժողովրդին՝ նախազգուշացնելով՝ այսօրվան կհասնենք, եթե չլինի կազմակերպված ու համախմբված պայքար ընդդեմ թշնամու։ Հազարավոր հայ կամավորների նման Սեւակն էլ, թողնելով անձնականը, ընտանիքը՝ կնոջն ու 2 զավակին, պատերազմի հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Երբ ծանոթանում էի Սեւակի կենսագրականին, ֆեյսբուքյան նրա էջում Նժդեհի ծննդյան օրվա առթիվ գրածը կարդացի. «Նժդեհ ջան, ես տեսա քո թողած Աստվածային հետքերը հայրենիքիս վրա, քո մտքերը սնեցին զգացումներս, գոտեպնդեցին: Քո գոյությունը ծանր հոգս դարձավ թշնամիներիս համար, չլինեիր դու, գուցե չլիներ Հայրենիքս, որին պիտի նվիրվի իմ ողջ կյանքը…»:
Զգացվում է՝ Սեւակը սնվել է նաեւ Մեծն Նժդեհի գաղափարներով, որոնք էլ հրամցնում էր իր սաներին: Եվ, հիրավի, կյանքը նվիրեց հայրենիքին: Ինչ խոսք, այս պատերազմն այլ էր, եւ իսկական հայրենասեր տղաների համար ծանր էր տեսնել զինակիցների, հայրենիքի կորուստ եւ անարդարություն։ Այսօր «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահն է Սեւակի Մասիս եղբայրը, ով նվիրյալների հետ կազմակերպել էր ազգային մարտարվեստի առաջնություն՝ համեմված մշակութային համարներով։ Մրցավարները նույն ֆեդերացիայի մարզիչներն էին: Նախապես նշեմ՝ Սեւակը նաեւ ազգագրական պարերի մեջ էր տեսնում ազգային մարտարվեստը, եւ ժամանակին Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի անդամ էր ու լավագույն պարողներից մեկը։ Սկզբում սկսվեց մրցապայքարը մինչեւ 10 տարեկան սաների մասնակցությամբ։ Հաճելի էր տեսնել մեր փոքրիկների պայքարը: Եվ ամենակարեւորը՝ հաղթողն ու պարտվողը ողջագուրվում էին:
Ընթացքում կայացավ նաեւ մշակութային մաս: Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ արցախյան բոլոր գոյամարտերում եւ ՀՀ սահմանում նահատակված հայոց քաջորդիների։ Մշակութային մասը վարեց Սեւակի հարազատներից Արթուր Հարությունյանը: Ողջունելով մասնակիցներին, հյուրերին, ծնողներին՝ ներկայացրեց Սեւակին, ով ծնվել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Հարազատների, ընկերների, ծանոթների շրջանում հայտնի էր իր մարզական ու ազգային մշակութային հաջողություններով, հայրենանվեր գործունեությամբ։ Այնուհետեւ հնչեց հատված Սեւակի տեսաուղերձից. «Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց-մահու կռվի ենք, ոչ մեկին չեն հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց…»։ Հնչեցին նաեւ Սեւակի մտքերից՝ նվիրված ազգային մարտարվեստի ստեղծմանը եւ կարեւորությանը. «Ազգային մարտարվեստի բացակայությունն անթույլատրելի է մի քանի պատճառներով. նրա չգոյությամբ երիտասարդ սերնդի ֆիզդաստիարակության կարեւորագույն խնդիրն անտեսվում է: Այդ բացը լրացնելու են գալիս օտար ծագմամբ, օտար մշակույթ եւ գաղափարախոսություն կրող մարտարվեստի ճյուղերը, որոնք, չնայած ֆիզիկական պատրաստվածության որոշակի խնդիրներ են լուծում, այնուամենայնիվ, լուսանցքում են թողնում երեխաների գաղափարական, մտավոր եւ հոգեւոր զարգացումը: Օտար մարտարվեստի ճյուղերը չեն կարող դաստիարակել եւ արդյունավետ փոխանցել իրենց դավանած աշխարհընկալումը: Նրանք ոչ միայն չեն ցանկանում իրականացնել այդ գործընթացը, այլեւ չեն կարող հաջողության հասնել անգամ ցանկության դեպքում, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ազգային գաղափարների, սովորույթների, հասարակության մեջ ընդունված չափանիշների, աշխարհընկալման եւ պատմական անցյալի հիշողության ընդհանրություններ: Մարտարվեստի գաղափարներն ու դավանած արժեքներն ընդունելու համար անհրաժեշտ է այդ ամենին հոգեհարազատ լինել: Հակառակ դեպքում բոլոր տեսակի մարտարվեստները կդառնան «կռվելու արհեստ» եւ ոչ միայն չեն կատարի դաստիարակչական գործընթաց, այլ նաեւ կվտանգեն մարդկային առողջ ու քաղաքակիրթ փոխհարաբերությունները»:
Սեւակի մտերիմ, երգիչ Հրայր Սուրմալեցին, ով վերջում արժանացավ շնորհակալագրի, հանդես եկավ ռազմահայրենասիրական երգերի կատարումով՝ նվիրված Սեւակին ու բոլոր նահատակ հերոսներին։ «Յարխուշտա» եւ այլ պարեր կատարեցին «Մասունքի» անդամները։ Հանդես եկան նաեւ «Շվաքի» մարմնամարզուհիները, իսկ մարտարվեստի սաները ներկայացան մարտերի ցուցադրությամբ: «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի սաները ցուցադրեցին զինվորական համար։ Ռազմահայրենասիրական երգեր ներկայացրեց նաեւ «Վահագն» դյուցազնադպրոցի սաներից Լալա Թեւոսյանը։ Այնուհետեւ տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնում «Շվաքի» աջակիցներին, բարեկամներին՝ մոտ 20 հոգու։ Պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների Եվրոպայի բազկամարտի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Վանիկի Ստեփանյանը, ով «Շվաքի» նախագահից ստացավ շնորհակալագիր։ Խոսելով Սեւակի մասին՝ նա ասաց. «Սեւակը մեր հզոր ու հերոս մայրերից մեկի զավակն է, նվիրյալներից, իսկական մարտիկ ու ազգային գաղափարակիր…»:
Շնորհակալագրի արժանացավ նաեւ Կոտայքի «Շոտոկան կարատեի» փոխնախագահ, «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի հիմնադիր նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ, «Սեւ գոտի» 3-րդ դան, հանրապետական կարգի մրցավար Ոսկան Մարգարյանը։ Իր խոսքում նա ասաց. «Վստահ եմ՝ այժմ Սեւակը Երկնքից նայում եւ հպարտ է իր սաներով, որ իր սկսած գործը կիսատ չի մնացել. այն շարունակում են ընկերները, հարազատները, սաները»։ «Շվաքի» լավագույն բարեկամներից է Գագիկ Գինոսյանը, ով ինչ-ինչ պատճառներով ներկա չէր առաջնությանը, սակայն նրան էլ շնորհվեց շնորհակալագիր։ Հասարակական-քաղաքական գործիչ Սոֆյա Հովսեփյանը ներկայացավ որպես «Շվաքի» հավատարիմ բարեկամն։ Ստանալով շնորհակալագիրը՝ խոսեց Սեւակի մասին, որ խոսել է շատերի անունից, գործել ազգանվեր, եւ նրա գործը շարունակվում է. «Պարտավոր ենք կրելու Սեւակի պատգամները, որովհետեւ մեր երկրին Սեւակների նման տղաներ են պետք»։ Շնորհակալագրերի արժանացան նաեւ Քաղսի համայնքի ղեկավար Գեւորգ Գրիգորյանը, դպրոցի տնօրեն Վաչիկ Մելքոնյանը, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո)։
1989 թ. Կարոյի հետ Արցախի Բերդաձորում էինք՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի կազմում: Զրուցում ենք: Կարեւորեց այս առաջնությունը, որն անցավ բարձր մակարդակով, եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին. «Հպարտություն ապրեցի հատկապես, որ արժանացա շնորհակալագրի: Դա ինձ համար ստացած բազում պարգեւներից ամենանվիրականն է»: Նույն ՀԿ ներկայացուցիչ, մշակութային բաժնի պատասխանատու Աննա Կոստանյանը նույնպես «Շվաքի» բարեկամներից է եւ ներկայացրեց Սեւակին: Ընթերցեց «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը: Այնուհետեւ իրենց կառույցի Արեւապտույտի խորհրդանիշներից փոխանցիկ «Իշխանի շղթան» ժամանակավորապես կրելու հանձնվեց հերոսի ծնողներին՝ հորը՝ Բախշիին, ու հերոսածին մորը՝ Նորա Զաքեւոսյանին։ Սեւակի 4-ամյա որդի Մհերի եւ 2-ամյա դստեր՝ Սյունեի հետ արժանացան այդ պատվին:
Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվ. թիվ 11 դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը շնորհակալագրի արժանացավ, քանի որ «Շվաքի» խմբակներից է գործում այդ դպրոցում, եւ այժմ դասարանը կրում է Սեւակի անունը։ Ջրվեժի միջնակարգ դպրոցում էր աշխատում Սեւակը պատերազմից առաջ։ Այս դպրոցում այժմ գործում է նրա անվան մարզադահլիճը, որտեղ կայացել է «Շվաքի» առաջին խմբակը։ Դպրոցի տնօրեն, շնորհակալագրի արժանացած Լիլիթ Վարդանյանի համար մեծ ցավ է Սեւակի նահատակությունը։ Շնորհակալագրերի հանձնումից հետո կայացավ պատանի մարզիկների պարգեւատրման արարողություն։ Պարգեւները հանձնեցին պատվավոր հյուրերը, մրցույթի կազմակերպիչ մրցավարները։ Ընթացքում զրուցեցի Սեւակի գաղափարակից ու մարտական ընկեր Արման Մխիթարյանի հետ, ով նաեւ միջոցառման կազմակերպիչներից է: Սեւակի նման ընկերոջ նահատակությունը ծանր հարված է մտերիմների, ընկերների համար: Աշխատում են վառ պահել նրա հիշատակը եւ շարունակել կիսատ թողած գործը: Մարզադահլիճում հանդիպեցի նախկին բերձորցի Դավիթ Հակոբյանին, ով ներկայացնում էր «School of Winners-Հաղթողների դպրոց»-ը։ Նաեւ այս դպրոցի 10 սան մասնակից եղան առաջնությանը, կային մրցանակակիրներ։ Դավիթը կարեւորում է համագործակցությունը «Շվաքի» հետ: Մրցապայքարը շարունակվեց մինչեւ երեկո:
Զրուցեցի մասնակից-երեխաների հետ: Բոլորն էլ պատրաստ էին հաղթանակի: Սիրով են խոսում ու կարոտում Սեւակին, ով իրենց համար եղել է ընկեր, հարազատ, եղբայր ու խիստ, պահանջկոտ ուսուցիչ-մարզիչ: Նրա համար մեծ ուրախություն է եղել, երբ սաները հասել են որեւէ հաջողության մարտարվեստի բնագավառում, լավ են սովորել դպրոցում: Ուրախալի է, որ մրցումներին մասնակից աղջիկները նույնպես պատրաստ են դառնալ լավ մարզիկ: 8 տարեկան Մանե Օհանյանը 22 կգ քաշային կարգում արժանացել էր առաջին մրցանակի: Հպարտ է. պատրաստ է շարունակելու մարզումները: 6-ամյա Յուրին նույնպես առաջին տեղ է գրավել՝ արժանանալով մեդալի ու պատվոգրի: Մարզիչն ուրախությամբ ուսին է դրել նրան: Կազմակերպիչները գավաթներ հանձնեցին «School of Winners-Հաղթողների դպրոց»-ին, «Կոմանդոս» ռազմամարզական ակումբին, ինչպես նաեւ «Շվաքի» 3 խմբին: 2017 թ. ստեղծված «Շվաքի» կազմում այժմ գործում է 3 մարզակումբ:
Օրվա ընթացքում Սեւակի հարազատները, ընկերներն այցելեցին Եռաբլուր, որտեղ ամփոփված են Սեւակի եւ մարտական ընկերներ Արթուրի ու Տիգրանի շիրիմները: Ծաղիկներ խոնարհվեցին հերոսների շիրիմներին, եղավ խնկարկում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ