Վանի թագավորություն՝ պետություն Հայկական լեռնաշխարհում, որ կազմավորվել է մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հայկական այս թագավորության հիմնադիր արքան է Արամեն, ով կառավարել է Ք. ա. 860-840 թթ.։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում՝ «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»։
Այս թագավորության Թեյշեբաինի կամ Կարմիր բլուր հնավայրը Երեւանի հարավ-արեւմտյան ծայրամասում է՝ Իլդարունի-Հրազդան գետի ձախ ափին՝ Եռաբլուրի դիմաց։ Քաղաքը կառուցել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ն (Ք. ա. 685-645) մ. թ. ա. VII դ առաջին կեսին։ Երեւան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է թագավորության ռազմի եւ ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։ 1946 թ. այստեղ պեղումներ իրականացնող արշավախումբը գտել է բրոնզե դռան փական՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ քաղաքը կառուցվել է Արարատյան թագավորության պատերազմի եւ տարերքի աստված Թեյշեբայի պատվին։ Մինչ այդ՝ գտնվել էր Թեյշեբայի բրոնզե արձանը։ Թեյշեբաինին ժամանակին եղել է տարածքի կարեւոր ռազմական ու տնտեսական քաղաքներից մեկը։ Կործանվել է Ք. ա. VI դարի սկզբին, որից հետո այստեղ կյանքը չի վերականգնվել։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա եղել են նույնանուն քաղաքի բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ՝ այգիները՝ հիմնականում խաղողի, ինչպես նաեւ՝ մրգատու այլ ծառերի։ Այս մասին է տեղեկացնում Զվարթնոցի թանգարանում պահվող Ռուսա Բ-ի թողած արձանագրությունը՝ այգիներ գցելու եւ բերդաքաղաքը կառուցելու մասին. «Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ Հայկ աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել եւ սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն Հայկ աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ՝ Շիվա աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը»։
Եվ այս հնավայր-սրբավայրում փետրվարի 13-ին կայացավ Տրնդեզի արարողություն, որը կազմակերպվել էր «Արիորդիների ուխտի» եւ «Տաթեւ» դպրոցի կողմից։ Մինչ խարույկի վառելը՝ փառաբանվեցին հայոց աստված Արան, Վահագնը, Անահիտը… Արարողությանը մասնակցում էին նաեւ նորապսակներ, ովքեր «Ֆիդորա» ՀԿ-ի կողմից ստացան նվերներ։ Հնչեցին երգեր՝ նվիրված Վահագն աստծուն։ Երգերի կատարումով հիմնականում հանդես եկավ գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ Արսեն Համբարյանը։ Ներկա էին ճանաչված մշակութային գործիչներ, ազատամարտիկներ, այլ ՀԿ-երի ներկայացուցիչներ, ազգային ծեսերի սիրահարներ։ Ընթացքում հիշատակվեցին Արցախյան գոյամարտի հերոս-նահատակները։ Խարույկը վառելիս հնչեցին Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանակիր, 1967 թ. Երեւանում ծնված, 1994 թ. մարտի 13-ին Օմարի լեռներում հերոսաբար նահատակված Գագիկ Ստեփանյանի՝ Հեթանոս Գագոյի, եւ քաղաքական գործիչ Հովիկ Վասիլյանի (ծնվ.՝ 1936 թ., վախճ.՝ 14. 09. 2012 թ.) անունները, ովքեր ծնվել են փետրվարի 13-ին։ 1989 թ. Հովիկ Վասիլյանի ղեկավարությամբ կազմավորվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը, որի ջոկատների կազմում 1989-90 թթ. ես էլ եմ մասնակցել Արցախի Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղերի պաշտպանությանը։
«Վահագնատուն» ազգային խոհանոցի հիմնադիր-ղեկավար Վլադիմիր Նիկողոսյանը տեղեկացրեց՝ այս արարողությունն արդեն 20 տարի է, ինչ կատարվում է Կարմիր բլուր հնավայրում։ Հավելեց նաեւ՝ 44-օրյա պատերազմի օրերին «Ֆիդորա» ՀԿ-ի (ղեկավար՝ Աշոտ Վարդանյան) կողմից դեղաբույսերից արտադրված մեծ քանակության դեղանյութ է հատկացվել Ստեփանակերտի հոսպիտալին ու հասցվել առաջնագիծ։ «Հանուն հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ-ն եւ նրա ղեկավար Սաիդա Պողոսյանը նույն 44-օրյա պատերազմի օրերին եւ մինչ օրս ցուցաբերած աշխատանքի համար պարգեւատրվեցին պատվոգրով եւ Գարեգին Նժդեհի կիսանդրիով։ Արարողությունն անցավ ազգային արժեքների գնահատմամբ, կարեւորվեցին հայոց արժեհամակարգի վերականգնումը, հայրենասիրությունը, Նժդեհյան ոգին։
Ինչպես ընդունված է՝ ներկաները թռան կրակի վրայով, հյուրասիրվեցին գինով ու ծիսական ուտեստներով։ Այստեղ հանդիպեցի նաեւ քաշաթաղցիների, ովքեր պատերազմից հետո տեղափոխվել են Երեւան։ Հիշեցինք՝ Տրնդեզի արարողություններ էինք կազմակերպում Բերձորում եւ բոլոր բնակավայրերում։ Այսօր թշնամուն ենք թողել մեր երկիրը, եւ միայն Աղավնոյում կայացավ Տրնդեզի տոնակատարություն։ Երեւի պատահական չէ, որ հենց Աղավնոյի միջնակարգ դպրոցը տարիներ առաջ Գարեգին Նժդեհի անունով կոչեցինք։ Եվ Նժդեհի ոգին այնտեղ է, բոլոր բնակիչների հետ։ Ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Արմանի հետ շրջեցի հնավայրում։ Անելիքներ շատ կան՝ Կարմիր բլուրը դարձնելու զբոսաշրջային կարեւոր կենտրոն։ Իսկ դիմացը Եռաբլուրն է՝ Եռագույնների ծածանումով։ Տղերքը պահանջատեր են…