Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Տղերքը միշտ մեզ հետ են…»

«Մեծն Տիգրանի» տարեդարձը նշվեց «Եռաբլուր» պանթեոնում

Փետրվարի 17, 2022
Սոցիում
«Տղերքը միշտ մեզ հետ են…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
398
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին եւ 44-օրյա պատերազմի ժամանակ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի զոհված եւ անհետ կորած մարտիկների ոգեկոչման արարողության վերածվեց Հայոց ամենասրբավայրում՝ Եռաբլուրում, գնդի կազմավորման 32-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումը։

1988 թ. կեսերից, հատկապես՝ մայիս-հունիսյան ուսանողական նստացույցից հետո, երբ այն վերածվեց համազգային պոռթկման, կազմավորվեցին աշխարհազորային մարտական ջոկատներ, որոնք էլ հետագայում միավորվեցին տարբեր զորամիավորումներում, դարձան վաշտեր ու գնդեր, հետագայում նաեւ՝ Հայոց վերակազմավորվող բանակի հիմքը։ Նման զորամիավորումներից է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որն սկզբում կազմավորվել է մոտ 10 ջոկատից, այնուհետեւ ավելացել է ջոկատների ու մարտիկների թիվը, երբ 1990 թ. փետրվարի 15-ին ռազմական խորհուրդն ընդունեց հռչակագիր։ Այդ ժամանակ, բացի խորհրդից, գունդն ուներ նաեւ շտաբ, դրոշ, զինանշան։ Մինչ հռչակագիր ընդունելը, հաշվի առնելով խորհրդային կենտրոնական իշխանությունների ճնշող դերակատարությունը, գործել է «Մեծն Տիգրանը», բայց որպես Գիտության եւ մշակույթի ասոցիացիա՝ Լեւոն Մայսուրյանի գլխավորությամբ։ Հետագայում այդ ղեկավարումը փոխանցվել է Սմբատ Այվազյանին։

Եվ հռչակագրի ընդունումից 32 տարի անց Եռաբլուրի Սուրբ Վարդանանց եկեղեցու հարակից տարածքում էին հավաքվել գնդի առաջին ու նորօրյա մարտիկները, նրանց հարազատներ, նահատակ քաջորդիների ծնողներ, մտերիմներ։ Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե։ Ներկաներին ողջունեց եւ օրվա խորհրդի մասին արտահայտվեց գնդի շտաբի պետ, գնդապետ Մանվել Սերոբյանը։ Կարեւորեց «Մեծն Տիգրանի» դերը մեր նորօրյա պատմության մեջ, հատկապես՝ արցախյան պատերազմներում։ Աշխարհազորային այս գունդը 1989-1994 թթ. ակտիվ մասնակցել է Արարատի, Վայքի, Նոյեմբերյանի, Իջեւանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի շատ բնակավայրերի ու տարածքների պաշտպանական մարտերին։ Արցախում նույնպես լայն է գնդի պաշտպանական ու ազատագրական մարտական գործողությունների աշխարհագրությունը. Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան, Մարտակերտի Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջայնաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ, Հակոբ Կամարի, Աղդամ, Քաշաթաղի շրջան, Ասկերան, Մարտունի, Բերդաձոր եւ այլն։

Երիտասարդներից Ջուլիետա Գրիգորյանն ընթերցեց գնդի հռչակագիրը, որտեղ մասնավորապես նշված է. ««Մեծն Տիգրան» գնդի եւ նրա գործունեության համար կազմված հռչակագիր-ծրագիրը ծնունդ է 1988 թվականի փետրվարից սկսված Արցախյան շարժման եւ այդ տարիներին ձեւավորված ազգային-ազատագրական պայքարի»։ Բացի պատերազմական գործողություններից, «Մեծն Տիգրանը» մեծ աշխատանք է կատարել նաեւ խաղաղ տարիներին՝ մշտապես մնալով հայոց բանակին թիկունք ու հայ ժողովրդի պաշտպան: Այդ տարիներին, այսօր էլ գունդն զբաղված է երիտասարդների, ինչպես նաեւ ավագների մարզումներով։ Եկեղեցու մոտակա հարթակում հնչեցին նաեւ գնդից բոլոր պատերազմներում նահատակված 40 քաջորդիների եւ առաջին պատերազմում 3 անհետ կորածների անունները։ 30 ազատամարտիկ նահատակվել են 1990-94 թթ. մարտերի ժամանակ։ Նրանց շարքում է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում մարտիրոսված՝ գնդի առաջին շտաբի պետ Տիգրան Սարգսյանը, ով հետմահու պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Սարգիս Խալաֆյանը հերոսաբար զոհվել է 2016 թ. ապրիլի 5-ին։

«Մեծն Տիգրան» գնդի ռազմական խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանն իր ելույթում շնորհավորեց ներկաներին օրվա առթիվ, խոնարհումի խոսք ասաց հերոսածին մայրերին, փառք տվեց արցախյան պատերազմներում եւ խաղաղ տարիներին նահատակված հայորդիներին։ Հավելեց, որ դեռեւս 1989 թ. նոյեմբերին գնդի ռազմական խորհուրդն արդեն սահմանել էր եւ հաստատել ազատամարտիկի պարտականությունները եւ կարգապահական նորմերը։ Այդ ժամանակ գնդի կազմում ստեղծվել են «Զինագործների խումբը»՝ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ, «Դնեպր» հրետանային խմբավորումը (հրամանատար՝ Դնեպրիկ Բաղդասարյան) եւ հետախուզական դասակը (հրամանատար՝ Արկադի Սահակյան)։ Անդրադարձավ 4 հոգանոց հետախուզական խմբի հերոսական ներթափանցմանը Շահումյանի շրջան։ 1991 թ. կապը շրջանի հետ կտրված է եղել, եւ Մարտին, Գեղամ, Ռաֆո, Ամիր հետախույզները Վարդենիսով կարողացել են կապի սարքավորումներ հասցնել Շահումյան։ Տեղեկացրեց նաեւ, որ գնդից մոտ 30 հոգի հետագայում համալրել են հայոց բանակի սպայական շարքերը՝ ավագ լեյտենանտից մինչեւ գնդապետի կոչումներով։ Սկզբնական շրջանում գնդի առաջին շտաբի պետ Տիգրան Սարգսյանի հրավերով ազատամարտիկների հետ մարզումներ են անցկացրել խորհրդային բանակի սպաներ՝ գնդապետներ Լեռնիկ Ղազարյանը, Յուրա Մկրտչյանը, հրետանին ղեկավարել է փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանը (մահացել է 2009 թ., թաղված է Եռաբլուրում)։ Շահումյանում հրետանու կառավարումն իրականացրել է գնդապետ Վալերա Նազարովը՝ Չոռնի պալկովնիկը։

Խ. Գալստյանը հպարտությամբ նշեց, որ այս 32 տարիներին «Մեծն Տիգրան» գնդի բոլոր ազատամարտիկները, հրամանատարները պահել են հռչակագրի կանոնները։ Հուզմունքով խոսեց նահատակ մարտական ընկերների մասին։ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թ. հոկտեմբերին, Արցախի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին գնդի 9 մարտիկներ, նրանց թվում՝ Մենուա Հովհաննիսյանը, ով Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։ Ելույթներից հետո գնդի երիտասարդները հանդես եկան Սասնո պարերի կատարումներով։ Այնուհետեւ «Մեծն Տիգրանի» դրոշակակիրների ուղեկցությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում ննջող 26 նահատակների շիրիմներին, ովքեր եղել են «Մեծն Տիգրան» գնդի անդամներ, ինչպես նաեւ՝ Անհետ կորած հերոսների հուշակոթողին, զորավար Անդրանիկի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, Սմբատ Այվազյանի շիրիմներին։

Օրվա վերջում արարողության մասնակիցները հավաքվեցին «Մեծն Տիգրան» գնդի շտաբում, հիշեցին մարտական ընկերներին, ովքեր մարտիրոսվեցին ռազմի ճամփաներին, եւ մոտ 45 ազատամարտիկների, ովքեր կնքեցին իրենց մահկանացուն խաղաղ տարիներին։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Տոնաշենում նահատակված հերոսներ Տիգրան Ավագյանի եւ Դավիթ Սարուխանյանի մայրերը նույնպես ներկա էին։ Միակ զավակներին կորցրած հերոսածին մայրերի համար դժվար է, բայց սփոփանք է ու հպարտություն՝ հայրենիքի համար ընկան տղերքը։ Շտաբի մի անկյունում նահատակված եւ խաղաղ տարիներին վախճանված ազատամարտիկների լուսանկարներն են։ Գնդի շտաբի պետ, գնդապետ Մ. Սերոբյանը նշեց՝ տղերքը միշտ մեզ հետ են։ Ինչ վերաբերում է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, գնդի առաջին հրամանատարներից Արմենակ Արմենակյանին, ով գնդակահարվեց ՀՀ ԱԺ շենքում 1999 թ. հոկտեմբերի 27-ին, ապա նա հավերժ կմնա «Մեծն Տիգրանի» շտաբի պետ։

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ղազախստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել են ԵՊՀ դասախոսներ Շավարշ Քոչարյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը

Ղազախստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել են ԵՊՀ դասախոսներ Շավարշ Քոչարյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը

«Հայասա՝ հայերի բնօրրան…»

«Հայասա՝ հայերի բնօրրան…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist