ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Ղազախստանի Հանրապետության «Անկախության 30-ամյակ» մեդալով պարգևատրել են ԵՊՀ դասախոսներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով նշյալ մեդալով են պարգևատրվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանն ու Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակույթի ճանաչված գործիչներ, դիվանագետներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Պրոֆեսոր Ա. Մարգարովը նշեց. «ԵՊՀ-ն տևական ժամանակ համագործակցում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան, Ղազախստանի բուհերի, գիտահետազոտական կառույցների հետ, որի արդյունքները տեսանելի են. դրանք Հայաստանում լույս տեսած արժեքավոր հրատարակություններն են: Մեր գործընկերներ Ալեքսանդր Սաֆարյանը և Շավարշ Քոչարյանը, որոնք զգալի ավանդ են ներդրել հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում, պետք է շարունակեն արդեն առկա ակադեմիական և գիտական համագործակցությունը, որն ամրապնդում է ոչ միայն բուհերի, այլև երկու ժողովուրդների միջև մշակութային կապը»:
Հովհաննես Հովհաննիսյանը ողջունեց ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի արդեն երկրորդ այցը Մայր բուհ՝ նշելով, որ Բոլատ Իմանբաևի հետ քննարկել են գիտության ոլորտում համագործակցության հնարավորությունները. «ԵՊՀ-ն շարունակում է իր բարի ավանդույթները՝ տարբեր երկրների առաջատար բուհերի հետ սերտ համագործակցությունը: Համալսարանը տարիներ շարունակ եղել և մնում է առաջատարը թյուրքագիտական հետազոտություններում: Բոլորս գիտենք, որ Թուրքիայի ու թյուրքալեզու ժողովուրդների գրականության, պատմության և լեզվի իմացությունն առավել քան կարևոր է այս բարդ ժամանակաշրջանում»:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի նախագահին, կառավարությանը և դեսպանին ԵՊՀ դասախոսներին նման մեծ պատվի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունները պետք է ոչ միայն պահպանել, այլև զարգացնել:
Պետական պարգևները համալսարանականներին հանձնեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Նա կարևորեց Երևանի պետական համալսարանի բացառիկ դերը հայ-ղազախական դարավոր բարեկամության ամրապնդման, գիտակրթական ու գրականության և արվեստի ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման գործընթացում:
Վերջին տարիներին Ղազախստանի դեսպանատան և ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների (հատկապես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի) փոխգործակցությամբ հրատարակվել են ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան՝ ծավալուն առաջաբանով, ղազախական խորհրդային գրականության դասական Մուխտար Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի երկրորդ հրատարակությունը (նոր առաջաբանով), Աբայի «Սև խոսքեր» փիլիսոփայական երկի հայերեն առաջին թարգմանությունը՝ հայերեն, ղազախերեն, ռուսերեն հատուկ առաջաբանով ու պատմաբանասիրական ծանոթագրություններով, ինչպես նաև բազմաթիվ գիտական, մեթոդական և գիտահանրամատչելի հոդվածներ՝ տարբեր երկրներում ու տարբեր լեզուներով (այդ թվում՝ Ղազախստանում, ղազախերեն): Հիշյալ անթոլոգիայում առաջին անգամ հայերեն են հրատարակվել ղազախ ժիրաուների, Շաքարիմի, Մաղժան Ժումաբաևի և այլ դասականների ստեղծագործություններ հայ ժամանակակից ճանաչված բանաստեղծներ Վ. Խաստուրի, Էդ. Միլիտոնյանի, Գ. Դավթյանի փայլուն թարգմանությամբ: Հատկանշական է, որ վերոհիշյալ անթոլոգիայի՝ Ա. Սաֆարյանի ծավալուն առաջաբանն առանց որևէ կրճատման (ռուսերեն թարգմանությամբ) հրատարակվել է «Պրոստոր» գրական հեղինակավոր պարբերականում:
Արարողության ժամանակ կարևորվեց նաև ԵՊՀ ՀՀԻ-ի և Հայաստանում Ղազախստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային հեռավար համաժողովը՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի համալիր ուսումնասիրությանը (վերոհիշյալ միջոցառմանը մասնակցել են հեղինակավոր միջնադարագետներ, լեզվաբաններ, արևելագետներ, աղբյուրագետներ ինչպես եվրասիական երկրներից, այնպես էլ հեռավոր արտերկրից):
Շավարշ Քոչարյանն ու Ալեքսանդր Սաֆարյանը շնորհակալություն հայտնեցին Ղազախստանի նախագահին, դիվանագետներին ու ղազախ բոլոր գործընկերներին ստեղծագործական բազմամյա համագործակցության և իրենց համեստ ավանդի բարձր գնահատանքի համար:
Ղազախստանի Հանրապետության «Անկախության 30-ամյակ» մեդալով պարգևատրվել են նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: