«…Հայերեն խոսել ես չսովրեցա, մինչեւ որ մեծ մայրս մեր տունը եկավ ու ամեն առավոտ երգեց զինվոր Անդրանիկի մասին, եւ մինչեւ օրս ես գիտցա, թե ան հայ մըն էր, լեռնական գեղջուկ մը, որ սեւաթույր ձի մը հեծած՝ ափ մը մարդոցով կը կռվեր թշնամիների դեմ…»:
Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
Զորավար Անդրանիկ, Անդրանիկ փաշա. անուն, որ զարդարված է լեգենդային եւ անմահության դափնեպսակով: Անուն, որը լսելիս դողում էին թշնամու արյունոտ ձեռքերն ու ոտքերը: Անուն, որ թունդ էր հանում հայ զինվորի ոգին, գաղթականության խլյակներին ապրելու հույս ու հավատ ներշնչում: Տասնյակ հազարավոր մազապուրծ գաղթականներ, որոնց միակ ապավենն էր, քայլում էին նրա զորքի հետեւից: Որքան խստաբարո, նույնքան նրբանկատ ու մարդկային: Դաժան՝ անարդարությունների հանդեպ եւ անխնա՝ ոսոխի ու ստահակների պարագայում: Միակ հերոսը, որին երգեր են նվիրել տակավին իր կենդանության օրոք:
Մեր հրապարակումներից մեկում՝ նվիրված փառապանծ զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանին, պատմել էինք, թե ինչն էր առիթ եղել, որ 1918-ին Սարիղամիշի Խորասան գյուղում Անդրանիկն ապտակել էր ապագա մարշալին: Այդ մասին 1968 թ. պատմել է ինքը՝ Բաղրամյանը՝ ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Բայց միայն նա չէ սպիտակ ձիավորի «օրհնությունն» ստացել: Շատ են նրանք՝ ռուս գեներալներ Տրուխին, Աբացիեւ, Անաստաս Միկոյան, Շիրվանզադե… Գուցե նրանցից ոմանք երախտագիտությամբ են հիշել Զորավարի ապտակը, ինչպես Բաղրամյանը. «Նրա ապտակն ինձ մարշալ դարձրեց…»: Իսկ Անաստաս Միկոյանի՞ դեպքում: «Միկոյանն Անդրանիկից ծեծ կերավ եւ հեռացավ ոչ միայն կամավորական խմբից, այլեւ դաշնակցությունից»,- վկայում է Սիմոն Վրացյանը:
Փաշայից ծեծ են կերել Գասպար Իփիկյանը, Աշխարհաբեկ Քալանթարյանը: Արդարամիտ Զորավարը ձեռք է բարձրացրել Ռոստոմի, բժիշկ Զավրեյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի վրա: Բայց թե ինչ պատճառներով կամ ինչի համար, դժվար է գուշակել: Իսկ ռուս գեներալներին պատժելու առիթը հայտնի է. Զորավարը 1915 թվականի հուլիսին ապտակում է 4-րդ բանակային կորպուսի զորահրամանատար Տրուխինին այն բանից հետո, երբ հրաման է ստացվում Վան-Վասպուրականը թողնելու մասին՝ իբր, թուրքական գերակշիռ ուժերի պատճառով: 1-ին կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմում է Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին՝ հայտնելով, որ ինքն իր կամավորականների եւ բնակչության ուժերով կարող է պաշտպանել հայոց հնամյա մայրաքաղաք Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով եւ լեռնային հրետանիով: Յուդենիչը համաձայնում է, բայց հեռագիրը Տրուխինը թաքցրել էր: Այդ մասին ահազանգում է Տրուխինի համհարզ, կապիտան Արշակ Շահխաթունին (հայ նշանավոր դերասան, ով հետագայում՝ 1928-ին Փարիզում ֆիլմ էր նկարահանելու՝ նվիրված Անդրանիկին): Բացահայտված ճշմարտությունից հետո ռուս գեներալն ստանում է իր բաժին ապտակը… Բայց ինչ. այնուհետեւ սկսվում է Վասպուրականի շուրջ 100 հազար բնակչության կործանարար նահանջը: Որպես մի նոր պատուհաս՝ արթնանում է նաեւ բնության քմահաճույքը՝ ամառվա կեսին՝ հուլիսի 31-ին, Վասպուրականի լեռներում առատ ձյուն է տեղում: Գաղթականների շարքերում եղած երեխաների զգալի մասը մահանում է ցրտից: Շուրջ 500 փոքրիկների փրկում են ռուս կոզակները՝ իրենց յափնջիների տակ դուրս բերելով մեկական երեխայի: Եվ սա՝ հակառակ ռուսական զորքի նահանջն ապահովող գեներալ Աբացիեւի հրամանի, թե՝ ոչ մի օգնություն բնակչությանը: Դավադիր մի արարք, որի համար իրենն ստանում է այս ստահակը՝ շառաչուն ապտակ Զորավարից: Ավելին՝ զայրացած Անդրանիկը նրա ոտքերի տակ է շպրտում Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով հայատյաց գեներալի ուսնոցն ու գեներալական ուսադիրները: Սա արդեն աննախադեպ էր, եւ եթե չլիներ ռուս կոզակների եւ կազակական գեներալ Բիչերախովի աջակցությունը, որի ջոկատում կային հայ կամավորականներ հանրահայտ Քեռու՝ Արշակ Ջավաֆյանի գլխավորությամբ, Զորավարն անխուսափելիորեն կկանգներ ռազմական տրիբունալի առաջ: Բոլորի աչքի առաջ Անդրանիկը շան ծեծ է տալիս 4-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի տեղակալ, կապիտան Դեւոյանին, որը չափազանցված տեղեկություններ էր հաղորդել թշնամու գերակշիռ ուժերի մասին…
Զորավարի եւս մի ապտակի մասին շատերը գիտեն, բայց ոչինչ չի խանգարի, եթե թարմացնենք մեր հիշողությունը. 1917 թվական, Թիֆլիս: Սոլոլակ թաղամասի սրճարաններից մեկում քեֆ-ուրախության եռուզեռ է, երբ ներս են մտնում Անդրանիկն ու իր թիկնապահը՝ մեր այնքան սիրելի գրող Վահան Թոթովենցը: Այդ օրերին նրանք խմբագրում էին «Հայաստան» հանդեսը: Բոլորն ասես սթափվում ու հարգանքով լռում են, իսկ Զորավարի վաղեմի բարեկան Ռոստոմ Զորյանը, առաջ փութալով, ողջագուրվում է նրա հետ: Եվ այդ պահին կողքի սեղանից լսվում է արդեն գինովցած Ալեքսանդր Շիրվանզադեի հեգնական ձայնը. «Հը՞, Զորավար, փրկեցի՞ր Արեւմտյան Հայաստանը…»: Եվ ճանաչված վիպասանի դեմքին իջնում է Զորավարի շառաչուն ապտակը: Շիրվանզադեն տապալվում է հատակին:
-Ներող եղիր, Զորավար,- բարկացած Անդրանիկին է մոտենում նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը՝ Շիրվանզադեի մորաքրոջ որդին, եւ սրճարանից դուրս հանում իրեն անշնորհք պահած հարազատին…
Ահա այսպես, նաեւ այսպիսին է եղել «իբրեւ արծիվ սավառնող» ազգապաշտ Զորավարը, ով, գեներալ Յուդենիչի խոսքերով՝ «խենթի պես քաջ էր…»: Քաջ ու համարձակ՝ ամենուր, ամենքի հետ եւ ահ չուներ ոչ թուրքից, ոչ էլ մահվանից: «Մահվան համար չեմ ցավիր,- անմահության ճանապարհ բռնելուց առաջ ասել է կնոջը՝ Նվարդին,- կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողու վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք: Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն… Սա մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա…»: Այսօր նա արդեն հայրենի հողում է՝ Եռաբլուր սրբատեղիում, որտեղից էլ ասես լսելի է ժամանակների հեռվից հնչող իր կոչ-պատգամը.
«Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի եւ փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերեն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սեւ եզրին, որ կսավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դու հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դու ես տված, եւ իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն եւ ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր եւ կգգվեր…»:
Իսկ արդյոք փոխվե՞լ են ժամանակները…