Հայ ժողովրդի պատմությունը հարուստ է անհատականություններով, որոնց կարելի է համարձակորեն ազգային փարոս անվանել ու չանհանգստանալ բարձրագոչ թվալուց: Նրանց կյանքը զոհաբերության յուրօրինակ արարողություն է Հայրենիք կոչվող տաճարի առջեւ: Երդվելով ծառայել հարազատ ժողովրդին՝ մի կողմ են նետել անձնական ձգտումներն ու երազել՝ արժանանալու «հրեղեն գնդակի համբույրին»: Այլ կերպ ասած՝ երազել են մեռնել հանուն ազատության, անկախության, ինքնիշխանության ու արժանապատվության համար պայքարի բովում, բայց երբեք գլուխ չծռել թշնամու առջեւ: Այդպիսիներից մեկը Զորավար Անդրանիկն է, հայրենիքի այն զինվորը, որից անգամ գնդակն էր խուսափում: Նրա մասին բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել, երգեր են նվիրվել նրան: Ընդ որում՝ նրան փառաբանել է ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, որի համար Անդրանիկը լուսավոր հետագիծ թողնող ու չմարող ասուպ է, այլեւ համաշխարհային հանրությունը: Անդրանիկին գովաբանել են անգամ հայ ժողովրդի հակառակորդներն ու թշնամիները, որոնց դեմ կռվել է նա:
Ռուս հայտնի ռազմական պատմաբան Ալեքսեյ Շիշովը 2005 թ. հրապարակել է «100 մեծագույն հերոսները» աշխատությունը, որում ընդգրկել է ողջ աշխարհում հայտնի այն 100 անհատականություններին, որոնց գործունեությունը վճռորոշ ազդեցություն է թողել ոչ միայն հարազատ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմական ընթացքի վրա: Անտիկ ժամանակներից՝ մինչեւ 20-րդ դար: Ալեքսանդր Մակեդոնացու, Հաննիբալի, Հուլիոս Կեսարի, Սպարտակի, Աթիլլայի, Ժաննա դը Արկի, Վաշինգտոնի, Նապոլեոն Բոնապարտի, Գարիբալդիի, Կուտուզովի, Սուվորովի ու այլոց անունների կողքին է Զորավար Անդրանիկը: Այդ աշխատության մեջ հերոսները ներկայացված են ըստ ժամանակագրական կարգի: Անդրանիկը 99-րդն է: Հարյուրյակը եզրափակում է Թուրքիայի հերոսը՝ Մուստաֆա Քեմալը, ով, անկասկած, ճակատագրական դեր է խաղացել իր երկրի պատմության մեջ: Ի դեպ, 1934 թ. Քեմալը, ի պատիվ լեզվաբանության միջազգային գիտաժողովի մասնակից օտարազգի լեզվաբանների, ընդունելություն է կազմակերպել՝ հյուրերին առաջարկելով մեկական երգ երգել իրենց մայրենի լեզվով: Թուրքագետ Հակոբ Մարթայանը, ով լուրջ բարեփոխումներ է կատարել թուրքերենում եւ Քեմալին անվանել Աթաթուրք, այսինքն՝ թուրքերի հայր, երգում է գուսան Շերամի երգը՝ նվիրված Անդրանիկին: Ի պատասխան՝ Քեմալն ասել է. «Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Նման հերոս հայերն անցյալում չեն ունեցել, չունեն հիմա, իսկ ապագայում էլ չի սպասվում»: Այն, որ Անդրանիկը փառահեղ հրամանատար էր ու հայրենիքի կատարյալ մարտիկ, կասկածից դուրս է: Բայց հայերը բազմաթիվ հզոր անհատներ են տվել, որոնց անունները լսելիս իսկ Քեմալի պապերը պապանձվել են սարսափից…
Անդրանիկի մասին նաեւ քրդերն են շատ երգեր հյուսել: Նրա առջեւ գլուխ են խոնարհել բուլղարները, հույները, սերբերը: Բոլշեւիկյան կուսակցության գործիչ, լրագրող, հրապարակախոս Լեւ Տրոցկին «Անդրանիկը եւ իր ջոկատը» հոդվածում գրել է. «Նա փառահեղ է իր մուգ մոխրագույն հագուստով, կողքից կախ է ընկած հեռադիտակ եւ բրաունինգ ատրճանակ, կրծքին ամրացված են մի փունջ ծաղիկ եւ ժապավեն՝ «Մահ կամ ազատություն» մակագրությամբ»։ Բալկանյան պատերազմում ցուցաբերած քաջության եւ անձնազոհության համար Անդրանիկն արժանացավ ոչ միայն կոչումների եւ շքանշանների, այլեւ «Բալկանյան արծիվ» ժողովրդական տիտղոսին։
Զորավար Անդրանիկի մասին հետաքրքիր հուշեր ունի հոգեբան, մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանը, ով ծառայել է ոչ միայն իր ազգային դպրոցին ու գիտությանը, այլեւ որպես զինվոր՝ Անդրանիկի հրամանատարությամբ:
…1915 թ. Հայաստանի արծիվ Անդրանիկ Զորավարը հայկական առաջին կամավորական գունդը կազմեց եւ նրա գլուխն անցավ՝ որպես գնդի հրամանատար։ Ապրիլից սկսած՝ նա հրաշքներ գործեց Դիլմանի կռիվներում։ Ռուս գեներալ Չեռնոզուբովն ասել է․«Այդ կռիվներում մենք պարտական ենք Անդրանիկին մեր տարած հաղթությունների համար»։ 1915 թ. Վանի կռիվների ժամանակ Անդրանիկն արդեն ռուսական գնդում էր կռվում։ Նա ռուսական գունդը ղեկավարում էր ռուս գեներալ Տրուխինի հետ։ Վերջինս, բնութագրելով Զորավարին, ասել է, թե նա առանց որեւէ ռազմական գիտություն ստանալու, իր ռազմական հոտառությամբ եւ քաջությամբ հրանոթների եւ գնդացիրների տակ ցրում էր թշնամու դիվիզիան եւ ջարդում էր մինչեւ վերջին մարդը։ Թուրքերն անգամ նրա անունը լսելիս էին սարսափով փախչում։ Այդպես էր նաեւ հայդուկային կռիվների ժամանակ։
1915 թ.՝ Դիլմանի կռիվներից հետո, երբ Անդրանիկը հանգստանում էր իր կամավորական գնդի հետ Քանաքեռում, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Արշավիր Շավարշյանը, դասեր չունենալով, ցանկանում է օգտակար դառնալ Անդրանիկի բանակին եւ դրա համար ներկայանում է Զորավարին։
Անդրանիկը նախ հարցնում է Շավարշյանին․
-Հը՞, վարժապետ, զենք գործածել գիտե՞ս, կարո՞ղ ես կռվել։
Ա. Շավարշյանը պատասխանում է.
-Կյանքում զենքի հետ գործ չեմ ունեցել։
Իմանալով, որ եկվորը ճեմարանի ուսուցիչ է, արտասահմանյան կրթությամբ, Անդրանիկը Շավարշյանին առաջարկում է շտաբում աշխատել որպես տնտեսվար, ապա ավելացնում է.
-Ես շատ ազնիվ մարդու կարիք ունիմ, միայն աշխատանքիդ մեջ պիտի շատ շիտակ, ճշմարիտ լինիս։ Ես կրթություն-մրթություն չեմ հարցներ․ վատ արարք տեսա թե չէ, բուրդդ կգզեմ, իմացիր։ Մինչեւ քո դասերիդ սկսվիլը աշխատիր այստեղ։ Ահա, հատկացնում եմ քեզ առանձին սենյակ, ապրիր եւ զբաղվիր քեզ համար գրականությամբ, ինչպես քո կամքդ է։ Հենց վաղվանից անցիր քո աշխատանքներին:
Շավարշյանը խնդրում է բոլոր գործերն իրեն հանձնել։ Մինչեւ ուշ գիշեր գործավարի հետ ծանոթանում է կատարված ծախսերին ու պլանավորում իր հետագա գործունեությունը։ Նա իր անելիքը վերջացնում է, վերցնում իր մոտ բոլոր հաշվետու մատյանները։ Այդ պահին Զորավարն ասում է նրան․
-Ըշտե, վարժապետ, եթե որեւէ բանում դժվարանաս, խնդրեմ՝ անմիջապես ինձ դիմես, առանց քաշվելու։
Դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ Անդրանիկ Զորավարը ձեռքը նրա ուսին էր խփում ու հարցնում․
-Հը՞, վարժապետ, ի՞նչ ասելիք ունիս, որեւէ պահանջ չունի՞ս…
1915 թ. նոյեմբերի 15-ին Ա․Շավարշյանը հայտնում է Զորավար Անդրանիկին իր հեռանալու մասին։ Անդրանիկը գալիս է շտաբ եւ օգոստոսի վերջերից սկսած մինչեւ նոյեմբեր ամսվա վերջը կատարված ընդհանուր աշխատանքների հաշվառում է կատարել տալիս։ Ա․Շավարշյանն ասում է․«Զորավար Անդրանիկի գնդի բոլոր ծախսերն ու գումարները գործն ստանձնածս ժամից միառմի հաշվի եմ առել ու գրանցել հաշվեմատյանի մեջ, որպեսզի հետագայում թյուրիմացության ոչ մի առիթ չծագի»։ Քարտուղարն ու գործավարը կատարում են հաշվառումները։
-Առաջին անգամ տարված աշխատանքների հաշիվը դուրս չեկավ, քառասուն ռուբլով պակաս էր,- ասում է Արշավիրը:- Խնդրեցի նորից ստուգել։ Պնդեցի, որ ես ոչ մի կոպեկ ավելորդ ծախսում չեմ ունեցել։ Որքան ստացել, ըստ այնմ էլ կատարել եմ ծախսումները։
Նորից քննվում ու ստուգվում են ամբողջ գնումներն ու ծախսումները։ Այս անգամ էլ քառասուն ռուբլի ավելի է դուրս գալիս։ Շավարշյանն այլայլվում է, կրկին նոր հաշվարկում են կատարում․կոպեկ առ կոպեկ ճշտորեն ստուգելով՝ տեսնում են նույն դրամի քանակը սխալմամբ կրկնվում է։ Վերջին ստուգումը շատ ճիշտ հաշվումներով լիովին համապատասխանում է ստացված կատարած առնելիքների հաշվի քանակին, կոպեկ առ կոպեկ հավասարապես։ Այդ ժամանակ Զորավար Անդրանիկը ձեռքը մեկնում է Շավարշյանին՝ վեր կենալով․
-Շնորհակալ եմ ձեզնից ձեր ազնիվ ու ճիշտ կատարած աշխատանքների համար։ Ես, ըշտե, վարժապետ, շիտակություն, ճշմարտություն սիրող մարդ եմ։ Ես, որ բան ներել չեմ կարող, անկախ դիմացինիս դիրքից, բնույթից։ Իմ բնույթս այսպես է։ Ճշմարիտ հուզականությունն իմ տարերքն է։ Դեհ, ըշտէ, այսուհետեւ մեր ճանապարհները տարբեր ուղղությամբ են ընթանալու, դու այսուհետեւ գրիչդ ձեռքդ առ, դեպի դպրոց գնա՝ գիտություն ուսուցանելու մեր երիտասարդներին, իսկ ես զենքը ձեռքիս մեր ժողովրդի կյանքը պաշտպանեմ, սուր ճոճելով ազգ փրկեմ։
Արշավիր Շավարշյանը շտաբում իմանում է, որ Ա․Ջամալյանն Անդրանիկի բանակում նույն աշխատանքը կատարելու ընթացքում անփութության պատճառով թերություն է թույլ տվել։ Անդրանիկը զինվորների ներկայությամբ Ա․Ջամալյանին գետնին է գցում ու մտրակում՝ ասելով. «Անսիրտ ինտելիգենտ, ազգային դրամներն անզգուշորեն ես ծախսել»։
1918 թ. օգոստոսից մինչեւ 1919 թ. մարտը Անդրանիկն իր զորամասով Զանգեզուրում էր: Նրա «Հարվածող» զորամասը տեղի ինքնապաշտպանական ուժերի հետ հարվածում էր թշնամուն ու դուրս շպրտում Սյունիքի սահմաններից: Մի անգամ, տեսնելով Գեղվա եւ Կռաթաղի գետակների միացման հովտում կղզիացած բլրաձեւ բարձր ժայռի վրա կառուցված Զեյվայի հինավուրց անառիկ բերդը, որի պարիսպները կարծես մխրճված էին երկնքի մեջ, Անդրանիկը հիացած ասում է. «Սյունիքը հետ չի մնում Զեյթունից ու Սասունից»: Անդրանիկի հզորության աղբյուրը Զեյթունն ու Սասունն էին, որոնց հետ համեմատելով սյունյաց Զեյվան՝ Զորավարն այն, ըստ էության, անմատչելի ու էպոսածին էր անվանում: Իսկական մոտիվացիա նրանց համար, ովքեր «ճախրում» են հանուն հայրենիքի եւ նրա փառքի…
Այն, որ Անդրանիկը հավատարիմ էր ֆիդայու կանոններին ամենուր, վկայում է Սյունիքում գրանցված այս դեպքը: Նա հանդիպում է մի պատվիրակության՝ կազմված Շհարջիկ եւ Աչաղու (Աչախլու) թուրք գյուղերի բնակիչներից: Մոլլաների ուղեկցությամբ այդ պատվիրակությունը Հալիձորի նախկին պղնձագործարանի մոտ աղ ու հաց է բերում Անդրանիկին: Թուրք-թաթարական պատվիրակները սարսափից քարանում են՝ այդ նեղ ձորերում մեծաքանակ հայկական զորք եւ հայ զորավար տեսնելով: Զորքն անցնում է ավելի քան 30 թուրքական գյուղով, բայց ոչ մի անախորժություն տեղի չի ունենում: Թեեւ թուրք բնակիչները մնացել էին իրենց գյուղերում, Անդրանիկի ձեռնարկած խիստ միջոցների շնորհիվ ոչ մեկը նյութական վնաս չկրեց: Զորավարն անձամբ վերահսկեց զորքի եւ գաղթականության անցման կարգի մասին իր կարգադրությունների կատարումը: Մինչդեռ հայ զինվորի զայրույթը ցեղասպան տականքի նկատմամբ պարզապես սահմաններ չէր ճանաչում…
Անդրանիկի ցուցաբերած անվեհերության, ռազմական հանճարեղ մտքի շնորհիվ թուրքերի առջեւ փակվեցին Սյունիքը նվաճելու բոլոր հնարավորությունները, չքացան բոլոր հույսերը: Ավելի ուշ Գարեգին Նժդեհն ստանձնեց պայքարի էստաֆետը: Պարզ է, որ Սյունիքը Հայաստանի կազմում իր տեղը շատ բանով պահպանեց հենց այդ գործիչների ու նրանց զինվորների շնորհիվ, մարդկանց, որոնցից յուրաքանչյուրի անունն արժանի է խնկարկումի: Արցախը, ուր Անդրանիկը, ցավոք, չկարողացավ մուտք գործել, հետագայում միացվեց Ադրբեջանին: Միացվեց նաեւ Նախիջեւանը:
Զանգեզուրը 1918 թ. իր ողջ հույսը կապել էր Անդրանիկի, նրա «Հարվածող» զորամասի ու իր քաջազուն զավակների սխրանքների հետ, որը տվյալ իրավիճակում միակ իրատեսական տարբերակն էր: Հետո գալու-անցնելու էին նոր հերոսներ, այդ թվում՝ ցեղի փիլիսոփայությունն իր երակներում թրծած Գարեգին Նժդեհը, մյուսները՝ իրենց գործունեությամբ ապացուցելով, որ ժողովրդի պահապանը միայն սեփական հզոր բազուկն է՝ ուղղված հակառակորդի դեմ: Ուղղված այնպիսի ուժով, որ վիժեցնի թշնամական ցանկացած ոտնձգություն: Եվ մի՞թե դրա շնորհիվ չէ, որ Հայաստանը բաժան-բաժան արած, Արցախն ու Նախիջեւանը Ադրբեջանին նվիրաբերած թուրք ելուզակները պարզապես չհամարձակվեցին իրենց քիթը մոտեցնել դավիթբեկյան բարձունքներին…
Բայց Անդրանիկն ապրում է յուրաքանչյուրիս մեջ: Նոր հերոսները պատրաստվում են իրենց պահին, որովհետեւ ոխերիմ թշնամին զարթնել ու կրկին հայացքը սեւեռել է սյունյաց լեռներին…