Հաղորդակցվելով Արցախում ապրող ու ստեղծագործող գրողների գործերին, այն տպավորությունն ես ստանում, որ «արցախյան հատվածը» համահայկական դաշտ դուրս գալու իրավունքը հավակնել է ոչ արցախյան ազգայինազատագրական շարժման արդյունքում, այլ ավելի վաղ, առնվազն 20րդ դարասկզբին: Հիշենք Մուրացանին, Լեոյին, հետագայում` Գրիգոր Ներսիսյանին, Տմբլաչի Խաչանին, Բոգդան Ջանյանին, Սարգիս Աբրահամյանին, Միքայել Հարությունյանին, Գուրգեն Գաբրիելյանին, Հրաչյա Բեգլարյանին եւ մյուսներին, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն է եւ հայ գրականության անդաստանում, անկասկած, զբաղեցնում է իր ուրույն տեղը` արձակագիր թե բանաստեղծ, հրապարակագիր, երգիծաբան թե մանկագիր: Ամեն մեկն էլ՝ ինքնատիպ գրելաոճով ու մտածողությամբ, աշխարհայացքով, գրականմշակութային արժեք ներկայացնող իր ստեղծագործություններով: Ու եթե հայացք ձգելու լինենք նրանց անցած ճանապարհին, որը, բնականաբար, տատասկոտ է եղել, փորձություններով լի, հայրենիքի, Արցախի ճակատագիրը մշտապես մտահոգել եւ ուղեկցել է բոլորին` առանձնահատուկ տեղ գտնելով նրանց գործերում:
Պակաս կարեւոր չէ եւ այն, որ համամարդկային, համազգային լայնածավալ խնդիրներ շոշափելով՝ նրանք հայ գրականության մեր երեւելի դեմքերի (դասականների) լավագույն ավանդույթների շարունակողն ու զարգացնողն են` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին փոխանցելով մնայուն արժեքներ: Մուրացանը հայ գրականության մեջ հավերժվեց հայրենաշունչ իր վեպերով («Գեւորգ Մարզպետունի», «Ռուզան»): Լեոն, ձեռնարկելով ազգապահպան իր առաքելությունը, փաստացի դարձավ ժամանակի հզոր պատմագիրն ու վավերագիրը: Տմբլաչի Խաչանը սուր գրչով խարազանեց ժողովրդի սովորություններին խորթ բարքերը, երկրամասի, ժողովրդի ցավով տառապող Գրիգոր Ներսիսյանն ընդվզեց Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության դեմ եւ հայրենասիրական թեմայով գրած բանաստեղծությունների իր տետրերը կտակելով ընթերցողներին` հայտնվեց Սիբիրի բանտում: Նրա տխուր ճակատագրին արժանացավ եւ բանաստեղծ Բոգդան Ջանյանը: Բագրատ Ուլուբաբյանն ազերական կեղծ բարեկամությանն ու թշնամական քաղաքականությանը պատասխանեց պատմագրական արժեք ներկայացնող իր խիզախ ստեղծագործություններով: Լեոնիդ Հուրունցն Արցախի ողբերգությունը գեղարվեստորեն արտացոլելու համար հետապնդվեց ու հալածվեց: Բանաստեղծ ու երգահան Գուրգեն Գաբրիելյանը, ով հայ մանկագրության հսկաներից մեկն է, անմահացավ իր սքանչելի «Ղարաբաղի հորովել»ով: Մաքսիմ Հովհաննիսյանն աչքի ընկավ արցախյան գյուղը, նրա մարդկանց հոգեբանությունը նկարագրող ինքնատիպ արձակով, իսկ Հրաչյա Բեգլարյանն «ԱրցախՆամե» բազմահատորյակում ժողովեց արձակ ու չափածո իր լավագույն գործերը: Վարդան Հակոբյանը, համարվելով ժամանակակից հայ պոեզիայի լավագույն դեմքերից մեկը, միանգամայն նոր, թարմ մտածողություն եւ գրելաոճ, նոր որակ «ապահովեց» գրականության մեջ ու հատկապես վերջին շրջանում հրապարակված իր ժողովածուներով ապացուցեց, որ ճշմարիտ գեղարվեստական խոսքը (անկախ ժամանակներից) միշտ էլ հնչեղություն ունի եւ անպայման գտնում է իր ընթերցողին… Գնահատանքի են արժանի Սոկրատ Խանյանի` Արցախի գրողների ստեղծագործությունների մասին հրատարակած գրականագիտական դիտարկումները եւ այլն:
Հուսադրող է այն իրողությունը, որ ավագ ու միջին սերնդի ներկայացուցիչներից ոչ քչերը (Արտաշես Ղահրիյան, Նվարդ Ավագյան, Կոմիտաս Դանիելյան, Արկադի Թովմասյան, Ռոբերտ Եսայան, Նորեկ Գասպարյան, Ժաննա Բեգլարյան, Կիմ Գաբրիելյան, Համլետ Մարտիրոսյան եւ այլք) իրենց լսարանը, սեփական ձայնն ու նկարագիրն ունեն եւ, ժառանգած լավագույն ավանդույթները փոխանցելով երիտասարդ հերթափոխին՝ նրանց եւս ակտիվորեն ներգրավել են գրական գործընթացներին: Ու քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը չի ստացել իր վերջնական լուծումը, եւ ծանր ու դժվարին փորձությունների ժամանակներ ենք ապրում, արցախցի գրողին (մտավորականին) նորանոր մարտահրավերներ են սպասում: Նրանցից պահանջվում է, իբրեւ գեղագետ, նորովի ընկալել երեւույթները, վերաիմաստավորել անցած դարում ստեղծված արժեքները եւ դրանք դիտարկել հայ գրականության այսօրվա համայնապատկերում: Իսկ որեւէ կասկած չպետք է հարուցի, որ յուրաքանչյուրի ստեղծագործություններում ակնհայտ են գրական այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ընդգծված ազգային (հայրենասիրական) ոգին, կրքոտությունը, գրողի քաղաքացիականությունը, նրա լավատեսությունը…
Գրականությունը հավերժական երեւույթ է, եւ այն ստեղծվում է տառապանքով ու տքնանքով՝ վիշտն ու ցավը, լույսը միահյուսելով իրար, երկար որոնումների ու հոգեկան տարբեր իրավիճակների արդյունքում: Չինգիզ Այթմատովն իր հրաշալի վեպերից մեկն այդպես էլ վերնագրել է. «Եվ դարից երկար ձգվում է օրը»: Իմաստուն միտք է արտահայտված: Ու ես չեմ կարող հեղինակի հետ չհամաձայնել: Այն հավասարապես վերաբերում է եւ գրականությանը: Դրանում վերստին համոզվում ես` վերընթերցելով հայոց մեծանուն գրողների ստեղծագործությունները (Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ե. Չարենց, Ա. Բակունց, Հովհ. Շիրազ, Պ. Սեւակ, Հ. Սահյան): Իսկ մի՞թե դա չեն վկայում հայ արձակի նշանավոր դեմքերից մեկի` Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը», «Գոմեշը», «Ահնիձորը», «Օգոստոսը», «Կայարանը», որոնք ընթերցողներին դեռ շատ երկար են ուղեկցելու` հավերժացնելով գրողի անունը:
Դժվարությունների եւ փորձությունների մեր ժամանակներում, երբ նոր մարտահրավերների թիրախում է հայտնվել Արցախը, մեծ պատասխանատվություն է ընկած գրողի ուսերին, եւ իբրեւ գրական մշակ նա ոչ քիչ պարտավորություններ ունի ստանձնած ընթերցողի, լսարանի առաջ: Բանաստեղծություն, պատմվածք, վեպ կամ վիպակ գրելով` նրա անելիքը չի սպառվում: Արցախցի գրողն այսօր եւ հրապարագիր է, եւ լրագրող ու մանկավարժ (ինչու չէ` նաեւ պետական պաշտոնյա): Իսկ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար, ներշնչանքի հետ մեկտեղ, համառություն եւ զոհողություն է պահանջվում նրանցից: Ինչպես Արցախյան շարժման տարիներին, այնպես էլ այսօր, երբ պահանջվում է համատեղել ուժերը, բուժել պատերազմի պատճառած վերքերը, դիմակայել թշնամուն եւ կյանքի գնով պահպանել մեր զավակների արյան գնով նվաճված անկախությունը, գրողը (մտավորականը), ունկնդիր լինելով ժողովրդի ձայնին, արժանապատվորեն շարունակում է իր առաքելությունը՝ համոզված լինելով, որ ինչ էլ պատահի, արցախցին իր հողը երբեք չի լքելու, ու Արցախը միշտ մնալու է հայկական…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ