Անցյալ դարի յոթանասունականների կեսերին, երբ տակավին գաղափարական զսպաշապիկով կաշկանդված էին ազատ խոսքը, ազգային երգն ու բառուբանը, մեզ՝ դպրոցահասակներիս համար իսկական հայտնություն եղան ժապավենային ձայնագրությամբ հնչող «Ո՞ւր էիր, Աստված», «Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած» ու անսովոր բնույթի այլ երգեր: Ուշացումով էինք իմանալու, թե ով է դրանց հեղինակը եւ կատարողը՝ ով: Պարզվեց, որ այդ ըմբոստ երգասացը Արթուր Մեսչյանն է՝ շատերիս անծանոթ մի անուն…
Ապագա ճարտարապետն ու սիրված երգիչը դեռ մանուկ հասակից է հետաքրքրվել երաժշտությամբ, երգել հայկական ու ռուսական երգեր, քիչ ավելի ուշ՝ նաեւ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական: Հաճախել է ջութակի եւ դաշնամուրի դասերի, երգել օպերայի եւ բալետի թատրոնի տղաների երգչախմբում: Եվ, ով զարմանք, դեռեւս դպրոցում ուսանելու տարիներին գրել է «Ո՞ւր էիր, Աստված», «Կտակը», «Ծերունի» երգերը, որոնցից առաջինը առաջին անգամ հնչեցրել է իր սովորած թիվ 122 դպրոցում: Դա 1965-ին էր՝ Հայոց խլված հողերի պահանջատիրության եւ եղեռնի 50-ամյակի առիթով համաժողովրդական հուզումների տարում: Թվում էր, թե մարաքաղաքի գլխավոր երաժշտանոցն էր լինելու բուհական ուսումնառության նրա նախընտրելի կրթօջախը: Սակայն երգահան երիտասարդը նախընտրում է պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, որտեղ էլ ստեղծելու էր «Առաքյալներ» ռոք խումբը, որի ելույթներն անջնջելի տպավորություն են թողնում ունկնդիրների վրա եւ դառնում հայտնություն: Կոմերիտական ակտիվիստները դժկամությամբ էին ընդունելու եւ խմբի անդամներին բնութագրելու իբրեւ «նորընծա առաքյալներ»: Այստեղից էլ՝ խմբի անվանումը:
Մասնագիտական կրթություն ստանալուց հետո Արթուր Մեսչյանն աշխատանքի է անցնում «Հայպետնախագիծում», մասնակցում «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին: Պատվաբեր սկիզբ երիտասարդ ճարտարապետի համար, ով 1973-ին երգել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ծանոթացել Վեհափառի հետ: Կաթողիկոսը խոր համակրանքով էր լցվելու նրա անձի ու արվեստի հանդեպ եւ առաջարկելու էր ռեքվիեմ գրել՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Անհրաժեշտ տեքստ որոնելիս հայտնաբերում է սփյուռքահայ անվանի բանաստեղծ Մուշեղ Իշխանի «Տառապանք» ժողովածուն: Կարմիր կայսրությունում արգելված մի հեղինակ, որին այնքան էլ լավ չենք ճանաչում առ այսօր: Ինչեւէ: Ստանալով Վեհափառի օրհնությունը՝ կյանքի է կոչում «Ռեքվիեմը», որի ելեւէջներն առաջին անգամ 1975-ին արձագանքվելու էին վեհարանում:
Լինելով շռայլորեն օժտված անհատականություն՝ 1980-ականների սկզբին Մեսչյանն ուժերը փորձում է նաեւ կինոյում. մասնակցում է «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին՝ մարմնավորելով ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի կերպարը: Ֆիլմում ընդգրկվում են նրա երեք ստեղծագործությունները՝ «Երկիր հնամյա», «Տապանագիր», «Հարություն»: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվի ամենը»-ն էր, որի առաջին ցուցադրության ժամանակ Մեսչյանն արդեն օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում էր: 1989-ին Բոստոնում նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակում հավաքված ստեղծագործությունները, համերգներ է տալիս Հայ բարեգործական ընդհանուր միության կենտրոնում, Լոս Անջելեսում: Համերգներից գոյացած միջոցներով ձայնագրում եւ լույս է ընծայում իր առաջին ալբոմը՝ «Կատարսիս» անվանումով: 1990 թ. ստեղծում է «Առաքյալներ 90» խումբը, որի հետ համերգներով հանդես է գալիս Փասադենայում, ներկայացնում նոր երգեր՝ «Ցնորված ջութակահարի մենախոսությունը» ալբոմից: 1995-ին ձայնագրվում է «Թափառում» ալբոմը՝ ներառելով մի քանի ստեղծագործություն «Ռեքվիեմից»: Նույն թվականին ստեղծվում է «Հաղորդությունը», որը հեղինակի համար իր ստեղծագործության գագաթնակետն էր լինելու:
1996 թվական. վերադառնալով հայրենիք՝ համբավավոր երգիչ-երգահանը ստանձնում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, սակայն հանդիպելով իշխանությունների կոշտ դիմադրությանը՝ մեկ տարի անց հրաժարվում է պաշտոնից եւ վերադառնում Բոստոն, լույս ընծայում երգերի հավաքածուն՝ բաղկացած 4 սկավառակից, համերգ տալիս լոսանջելեսյան «Կոդաք» համերգասրահում՝ ներկայացնելով նոր կատարումներ, որոնց թվում՝ «Սայաթ Նովա» ստեղծագործությունը:
2005 թ. երգիչը կրկին մայր հողի վրա է՝ Երեւանում եւ նորից զբաղվում է ճարտարապետությամբ, համերգներ տալիս մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում, Մոսկվայում, այլուր: 2018-ին կրկին նշանակվում է Երեւանի գլխավոր ճարտարապետ:
Չմոռանանք նշել, որ 2015-ին Կոմիտասի անվան պանթեոնի հարեւանությամբ բացված վարդապետի թանգարանը նրա ճարտարապետական մտքի արգասիքն է: Նաեւ մեր համբավավոր ձեռագրատան՝ Մատենադարանի նոր մասնաշենքն է նրա մտքի ցոլացումը: Ճարտարապետական, հիրավի, ինքնատիպ ու մնայուն կոթողներ՝ արժանացած պետական ամենաբարձր պարգեւների: Արարումներ, որոնք հավաստում են նրա մշտական ներկայությունը մայր հայրենիքում, իսկ սքանչելի երգերը՝ ղողանջում բարձր երգերի կարոտ մեր հոգիներում:
Ապրիր եւ արարիր, Երգիչ: Ազգը սիրում է իր ընտրյալ զավակներին…