Հայոց պատմության ողջ ընթացքում միշտ էլ եղել են անհատներ, ովքեր մեծ դեր են խաղացել երկրի քաղաքական ու տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքում։ 20-րդ դարի վերջին նման դեր կատարողներից էր նաեւ Վազգեն Զավենի Սարգսյանը, ով մարտի 5-ին կդառնար 63 տարեկան…
Արարատի շրջանի Արարատ գյուղում է ծնվել Վազգենը 1959 թ.՝ Գրետա եւ Զավեն Սարգսյանների ընտանիքում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1976-1979 թթ., ուսանել եւ ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թթ. աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1983-1986 թթ. եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար Արարատի ցեմենտի գործարանում։ Խորհրդային տարիների հայ երիտասարդի սովորական կյանք։ Սակայն եկավ պահը, եւ Վազգեն Սարգսյանը, ով նաեւ ակտիվ գրական ու հասարակական գործունեությամբ էր զբաղված, դարձավ ռազմական գործիչ։ 1988 թ. արցախահայությունն իր ձայնը բարձրացրեց՝ միավորվելու մայր հայրենիքին։ Եվ շատ չանցած՝ ողջ հայությունը կանգնեց Արցախի թիկունքին, ու պահանջը մեկն էր՝ ՄԻԱՑՈՒՄ։ Վազգենն էլ առաջիններից էր, որ միացավ համահայկական այս շարժմանը եւ դարձավ կարեւոր դեմքերից մեկը։ 1988 թ. փետրվարի վերջին, երբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի ջարդը, արդեն պարզ դարձավ՝ մեր պայքարը մտնելու է ռազմական փուլ։ Սկսվեցին զինված ընդհարումները հատկապես ՀԽՍՀ սահմանամերձ եւ ԼՂԻՄ տարածքներում։
1989 եւ 1990 թթ. Վ. Սարգսյանը դարձավ հայկական կամավորական ջոկատների հրամանատարը Նախիջեւանի սահմանին եւ հայրենի գյուղից ոչ շատ հեռու գտնվող Երասխավանի մոտ։ 1990 թ. նա արդեն Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկն էր, ընտրվել էր ՀՀ խորհրդարանի պատգամավոր։ Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն էր մինչեւ 1991 թ. դեկտեմբերը։ Նույն ժամանակ Վազգենը կարողացավ ստեղծել երկրապահ ռազմական ուժ, որն անկախ էր խորհրդային բանակից եւ պատրաստ, պաշտպանելու եւ ազատագրելու հայոց սահմանները, Ադրբեջանի տիրապետության տակ անցած մեր հայրենիքը։ «Երկրապահը» կամավորականների 26 ջոկատից բաղկացած մոտ 2500 մարտիկ ունեցող կառույց էր, որը հետագայում դարձավ Հայկական նոր բանակի հիմքը։ Հայաստանի անկախանալուց հետո, հաշվի առնելով Վ. Սարգսյանի հեղինակությունն արդեն կայացած ռազմական ջոկատներում, քաղաքական դաշտում, նշանակվեց երկրի պաշտպանության նախարար (1991 թ. դեկտեմբեր)։ Մեկ ամիս անց՝ 1992 թ. հունվարի 28-ին, ՀՀ կառավարությունը երկրի զինված ուժերի ստեղծման պատմական որոշում ընդունեց։
Այդ տարիներին՝ 1989-1992 թթ., լինելով ստեղծված ռազմական ջոկատների՝ ՀԱԲ, ԲԻԽ եւ այլն, անդամ, մի քանի անգամ հանդիպել եմ Վ. Սարգսյանին արդեն մարտական գործողությունների տարածքում։ 1990 թ. նոյեմբերին Բերդաձորում շատ լարված էր իրավիճակը։ 1990 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքերը մի քանի հարձակում գործեցին Բերդաձորի գյուղերի վրա, գողացան Եղցահողի կոլխոզի խոշոր եղջերավոր անասունները, օրեր անց սպանեցին հովիվ Եղիշե Ծատրյանին ու տարան ոչխարների հոտը։ Վառեցին Տասի վերստի մի քանի տուն, իր տան մեջ վառվեց 90-ամյա տանտիրուհին՝ Նանաշ Չոբանյանը, եւ նման այլ չարագործություններ։ Այդ օրերին մեր ջոկատից 4 հոգով՝ ես, Արթուր Ղարագյոզյանը, Երեմ-Արսեն Խաչատրյանը եւ Ստեփան Շահբազյանը, նույնպես Բերդաձորում էինք։ Հաշվի առնելով իրավիճակը՝ Վ. Սարգսյանի հրամանով մի քանի երկրապահ ջոկատներ էին անցել Բերդաձոր՝ պաշտպանելու բնակչությանը։
Նոյեմբերի 21-ին թուրքերը հերթական հարձակումը գործեցին Հին շենի ուղղությամբ. այս անգամ՝ Լաչինի շրջանի Աղանուս-Թթու ջուր գյուղից։ Մարտը տեւեց մի քանի ժամ, թշնամուն ինչ-որ պահի հաջողվեց գրավել Հին շենի արեւմտյան կողմում գտնվող Քումին քար բարձունքը, որտեղից սկսվեց գյուղի գնդակոծումը գնդացիրներով։ Սակայն մեզ հաջողվեց հետ շպրտել թշնամուն։ Արդեն գիշեր էր, երբ տեղեկացանք, որ մարտադաշտից չէին վերադարձել երեւանցի հատուկ ջոկատային Վաղինակը եւ հինշենցի Սամվելը։ Մի քանի հոգով բարձրացանք մարտադաշտ՝ տղերքին փնտրելու։ Դիրքերում գտանք Վաղինակի, ում առավոտյան լուսանկարել էի 4 ազատամարտիկի հետ, եւ Սամվելի դիակները՝ խոցված տասնյակ գնդակներով։ Գիշերը ես ու Արթուրը մնացինք դիրքում։ Առավոտյան, երբ այցելեցինք Սամվելենց տուն, սգավոր մայրը հարցրեց՝ լուծե՞լ ենք որդու վրեժը։ Հաջորդ օրը Բերդաձոր եկավ Վազգեն Սարգսյանը՝ ԲԻԽ-ի նախագահ Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի հետ։ Ծանոթացավ իրավիճակին, տվեց հրահանգներ։ Ուղղաթիռ հանեցինք Վաղինակի մարմինը, բերդաձորցի կանայք ողբով ճանապարհեցին հերոսին։ Նույն ուղղաթիռով Երեւան եկանք նաեւ ես ու Արթուրը. պետք է քննություններ հանձնեինք համալսարանում։ Ուղղաթիռ բարձրացան նաեւ Մասիսի ու այլ ջոկատների տղաներից։ Վ. Սարգսյանը հրամայեց՝ զենքերը թողնել տեղում եւ հանձնեց ԲԻԽ-ի փոխնախագահ, Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ Առնո Մկրտչյանին, ում 1991 թ. մայիսի կեսերին՝ «Օղակ» ռազմագործողության ժամանակ ձերբակալեցին թուրքերը, տարան Բաքու եւ տանջամահ արեցին։
Գորիսում ուղղաթիռը վայրէջք կատարեց։ Մեզ մոտեցավ Վազգենը եւ կարգադրեց, որ փոխենք տրամադրություններս։ Դժվար էր՝ մարտական ընկեր ենք կորցրել։ Պարզվեց՝ ծանր վիրավորի պետք է Երեւան տեղափոխեին, իսկ Վազգենը չէր ցանկանում, որ վիրավորն իմանար զոհվածի մասին։ Դժվարությամբ, բայց կարողացանք Երեւան հասնել ու քաջալերել վիրավորին։ Հաջորդ անգամ Վազգենին հանդիպեցի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում 1992-ի մարտի 20-ին։ Բերդաձորի մի ջոկատի կազմում այստեղ էինք տեղավորվել՝ նախապատրաստվելու Շուշիի ազատագրման գործողությանը։ Մեզ հետ հանդիպման եկավ Վազգենը՝ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ։ Զորանոցում զրուցեցինք, ներկայացրեց իրավիճակը, կարեւորեց Քիրսի կողմից հարձակումը Շուշիի ուղղությամբ։ Մեծ էր հավատը՝ ազատագրելու ենք Շուշին, ողջ Արցախը, հարակից շրջանները, լինելու է ՄԻԱՑՈՒՄԸ։ Ու եղավ հերոսացումը, եղավ Վազգենի ու նման հրամանատարների, մեր հազարավոր նվիրյալների շնորհիվ։ 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին, 17-ին՝ Բերդաձորը, որ ուղիղ մեկ տարի մնաց գերության մեջ, հաջորդ օրը՝ Բերձոր-Լաչինը, Աղավնո-Զաբուղը, եւ բացվեց «կյանքի ճանապարհը»։ Առավել մեծ եղավ Վազգենի դերը 1992 թ. ամռանը, երբ ինչ-ինչ պատճառներով պարտություն էինք կրում, ու ընկավ Շահումյանը, ժամանակավորապես՝ Մարտակերտը։ 1992 թ. օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերին եւ հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում։ Նա հեռուստատեսային իր ելույթում ասաց. «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի՝ հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա-ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք եւ եթե կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։ Շնորհակալ եմ»։
Եվ այդ կոչով կազմավորվեց Մահապարտների գունդը՝ «Արծիվ մահապարտներ» ջոկատներով։ Այսպիսին էր Վազգենը, ում հավատում էին հայ զինվորը, ազատամարտիկը, կամավորականը, ժողովուրդը։ Ու թշնամին պարտվեց Մարտակերտի տարածքում, հետ շպրտվեց։ Հրաժարականի առիթ էլ չեղավ, եւ Վ. Սարգսյանը 1992 թ. հոկտեմբերից մինչեւ 1993-ի մարտը ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդականն էր ու սահմանամերձ գոտիներում հատուկ ներկայացուցիչը։ Այնուհետեւ նշանակվեց նոր պաշտոնի՝ դարձյալ պաշտպանության ոլորտում։ Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի գծով պետնախարարը շարունակեց իր մեծ դերը Հայաստանի բանակի կայացման գործում։ 1994 թ. մայիսին կնքվեց հրադադարը, պատերազմից դուրս եկանք հաղթանակած։ 1995 թ. հուլիսի 26-ին Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվեց պաշտպանության նախարար՝ այս պաշտոնին մնալով մոտ չորս տարի։ Այս ընթացքում Վազգենը նաեւ 1993 թ. իր հիմնած Երկրապահ կամավորականների միության նախագահն էր, որի կազմում պատերազմի մոտ 5000 վետերան կար։ Մինչեւ իր եղերական մահը Վազգենը գլխավորեց Երկրապահը։ Մեզ՝ երկրապահներիս համար առավել մեծ տոն էին ԵԿՄ համագումարները, միջոցառումները։ Իսկ Վազգենը յուրահատուկ շունչ էր տալիս այս միջոցառումներին։ Եվ պատահական չէ, որ նա մնաց ԵԿՄ հավերժ նախագահ։ Վազգեն Սարգսյանի շնորհիվ պատերազմից հետո առավել հզորացավ ու կարգավորվեց հայոց բանակը։ Պատահական չէ նաեւ, որ բանակն ու ժողովուրդը Վազգենին կոչեցին Սպարապետ։ Եվ Սպարապետը, ով ցանկանում էր հայոց բանակը դարձնել արհեստավարժ ու ամենահզորը տարածաշրջանում, համագործակցում էր Ռուսաստանի, Հունաստանի եւ այլ երկրների հետ։ Նաեւ ջերմ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականների, հատկապես պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ։
Մոտ 6-ամյա պատերազմից ու բազում դժվարություններից դուրս եկած մեր երկիրը պետք է շենանար, ունենար տնտեսություն, վարեր ճիշտ քաղաքականություն։ Եվ այս հարցով նույնպես մեծ էր Վազգենի ներդրումը։ 1999 թ. մարտի 30-ին Վազգեն Սարգսյանը եւ 1998 թ. նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հայտարարեցին «Միասնություն» դաշինք կազմելու մասին։ Իրենց նախընտրական ծրագրում շեշտը դրեցին տնտեսական բարեփոխումների վրա եւ խոստացան ընտրվելու դեպքում բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը։ Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1999 թ. մայիսի 30-ին։ «Միասնությունը» ստացավ ընտրողների ձայների 41.5 տոկոսը։ Ընտրություններից հետո Վ. Սարգսյանը 1999 թ. հունիսի 11-ին դարձավ ՀՀ վարչապետ, իսկ Կ. Դեմիրճյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Սակայն այդպես էլ Վազգենը չհասավ իր երազած հայրենիքը տեսնելուն, նույն հայրենիքը չտեսավ նաեւ մեր ժողովուրդը։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանվեցին Վազգենն ու Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը եւ Միքայել Քոթանյանը։
Ցանկացած անհատականություն, ով ճանաչված է ժողովրդի, միջազգային կառույցների կողմից, միշտ էլ ունի քննադատներ, թշնամիներ։ Նույնը պետք է ասել Վազգենի մասին, բայց նա Հայաստանի իշխանությունների եւ հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան Արցախի հերոսի կոչումը շնորհվել է 1998 թ., իսկ 1999 թ. դեկտեմբերի 27-ին շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի կոչում։ 1999 թ. դեկտեմբերի 28-ի նախագահի հրամանագրով Երեւանի ռազմական ուսումնարանը, Հանրապետական մարզադաշտը կոչվեցին Վազգեն Սարգսյանի անունով։ Հայաստանում եւ Արցախում բազմաթիվ փողոցներ, Կապանում մի զբոսայգի կրում են նրա անունը։ Եռաբլուրում Սպարապետի շիրմաքարը միշտ ծածկված է թարմ ծաղիկներով։ 2002 թ. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեդալ թողարկեց Վազգեն Սարգսյանի անվամբ։ Հայրենի գյուղում 2001 թ. մարտի 5-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մասնակցությամբ բացվեց Սպարապետի թանգարանը՝ դիմացը նրա կիսանդրին։ Հատկապես մանուկ սերունդն է շատ այցելում այս թանգարան։
Վազգեն Սարգսյան անհատին շատ են անդրադարձել նաեւ սփյուռքում ու տարբեր երկրներում։ Արեւմուտքում նրան բնորոշում են որպես ուժեղ ազգայնական. բրիտանացի լրագրող Ջոնաթան Սթիլը նրան բնութագրել է որպես «դաժան ազգայնական, ով նախընտրում էր ուժի կիրառումը խոսքերի եւ ժողովրդավարության փոխարեն»։ Բրիտանական հանրագիտարանում Վազգենի մասին գրված է. «Հայ ազգայնական, ով իր կյանքի մեծ մասը նվիրեց Հայաստանին, Ադրբեջանի հետ պատերազմում, Արցախի համար»։