Անխոս զրույցի է բռնվել նորատունկ վազի հետ, ու հայացքում ասես բողբոջում է նորահարս խնդողնին… Տեսնես ե՞րբ աչք կբացի, որ մայրանա, հաստատվի հողում: Ե՞րբ «բոյ կքաշի», որ արմատները զորանան եւ լցվեն ավիշով, բողբոջը պայթի թաքուն, ծաղկունքվի ու հակինթ ողկույզ դառնա: Այդ ե՞րբ կլինի: Ու, խոհերով պարուրված նա դեռ երկար պիտի լուռ հարցմունք անի, մինչեւ ուրվագծվի նորածնունդ խաղողնու անձնագիրը: Անմնացորդ նվիրվում, ուրախանում է այսպես յուրաքանչյուր վազի համար, չխնայելով հոգու ջերմությունն ու սերը։
Արցախում հայտնի է որպես խաղողի գիտակ, ավանդական եղանակով բուրումնավետ գինիներ (նաեւ՝ լավ հոնի օղի) պատրաստող: Տարիներ առաջ նոր այգիներ էր հիմնադրում, անհամբեր սպասում առաջին ողկույզների պտղավորմանը, հոգ տանում, որ վազերն արագ աճ տան, այգեկութին՝ ապրում նորածին զավակ ունենալու անսահման հրճվանքը։ Ու արարումն այսպես հավերժվում էր օրվա շրթին, ու կյանքը նոր իմաստ էր ստանում, հասուն խաղողի պես քաղցրանում։ Ուրեմն զուր չեն անցել տարիները…
Հազիվ թե մեկը ոտք դներ Խրամորթ (Ասկերանի շրջան) գյուղը եւ կարողանար անտարբեր անցնել ճամփեզրին տարածված բարձրահասակ վազերի կողքով։ Կփորձեր անպայման հաղորդակցվել այդ անսովոր տնկիների հետ, որոնք փարթամորեն աճում, վեր են ձգվում, բայց զարմանալիորեն մնում անպտուղ։ Ու, մինչեւ կսթափվեիր ու անորոշության մեջ մտահոգող հարցերիդ պատասխանը կորոնեիր, քեզ «ուղղորդում» էր այգու մուտքի մոտ տեղադրված ցուցանակը. «Ծրագիրը հովանավորում է Ամերիկայի «Հայ տեխնոլոգիական խումբը»»։
Այգում աշխատող մեծաթիվ, տարբեր տարիքի կանանց ու տղամարդկանց էինք հանդիպում, որոնք էտում էին վազերը եւ առողջ մատերը խնամքով առանձնացնում պատվաստակալների համար։ Ու նրանք պատմում էին, որ տարին բոլոր զբաղմունք ունեն այգում, երբեք անգործ չեն մնում եւ, ամենակարեւորը, ժամանակին ստանում են իրենց աշխատավարձերը, ինչից անչափ գոհ են։
«Երանի թե Վլադիմիր Զաքիյանի նման ձեռներեց մարդիկ շատ լինեին Արցախում, իրենց հիացմունքը չեն թաքցնում խրամորթցիները։ Ե՛վ խաղողագործությունը վերելք կապրեր երկրամասում, ե՛ւ մարդիկ մշտական աշխատանք կունենային գյուղերում»:
Այսօր, ցավոք, թշնամու նշանառության տակ են հայտնվել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին պատկանող այգիներն ու ցանքատարածությունները: Կրակահերթերը չեն դադարում, երբ տրակտորն է հերկ կատարում, կամ մատղաշ տնկիներն են փորձում հողին պահ տալ մարդիկ: Քանի՜քանի անգամ է տեխնիկան խոցվել, մեքենավարը՝ վիրավորվել ու հրաշքով կենդանի մնացել: Ռուս խաղաղապահների հորդորն էլ չի օգնում, թշնամին շարունակում է նախահարձակ մնալ եւ ահաբեկել տանտերերին: Գարնանդաշտային աշխատանքներն ամենուր մեկնարկել են արդեն, իսկ սահմանամերձ Խրամորթում անհնար է դաշտ կամ այգի դուրս գալ…
Մտահոգված լինելով պատերազմի պատճառով ավերված այգիների ճակատագրով, որոնց մեծ մասը վարակված էր ֆիլոքսերայով, խաղողի գիտակ Վ. Զաքիյանը շարունակ որոնումների մեջ էր, եւ հանրապետությունում ավանդական զբաղմունք համարվող խաղողագործությունը վերականգնելու նպատակով տարբեր ծրագրեր էր մշակում։ Քաջ գիտակցելով, որ պետական սուղ միջոցների հաշվին անհնար է կարճ ժամանակահատվածում հիմնախնդիրը լուծել, նա առաջարկում էր տնկարաններ ստեղծել եւ ֆիլոքսերադիմացկուն սորտեր ստանալ։ Այդ գաղափարը նրա մեջ ավելի առաջնահերթ ու հաստատուն դարձավ, երբ 1995 թ. Ամերիկայի «Հայ տեխնոլոգիական խումբը» օգնության ձեռք էր մեկնել Արցախի հողագործներին։ Գյուղացին, պատերազմից հետո, ստիպված էր հոգեբանական ոչ քիչ արգելքներ հաղթահարել։ Նրա համար հատկապես խնդիր էր սերմացու հայթայթելը։ Հայաստանում եւս նույն դժվարության առաջ էին կանգնել երկրագործները։ Եվ ահա տեխնոլոգիական խմբի ներկայացուցիչները բանջարաբոստանային մշակաբույսերի բավականաչափ սերմացու (այդ թվում՝ եգիպտացորենի) տրամադրեցին արցախցիներին։ Մեղուների հիվանդությունների բուժման համար նրանք նաեւ զգալի քանակի դեղորայք եւ անհրաժեշտ սարքավորումներ էին բերել իրենց հետ։ Եվ դա առիթ դարձավ հանրապետությունում զարգացնելու մեղվաբուծությունը եւ մեծ թվով մեղվափեթակներ ստանալ (միայն 2002 թ. ավելի քան 2500 մեղվափեթակ բաժանվեց սոցիալապես անապահով եւ ազատամարտիկների ընտանիքներին, օգնության կարգով մանկապարտեզներին տրվեց շուրջ 1700 տոննա անարատ մեղր)։
Արցախում հացահատիկայինների ընդլայնման եւ բարձր բերքատու սորտերի արմատավորման ազդակ դարձավ խմբի կողմից աշնան ցորենի էլիտային սերմացուի տրամադրումը հացագործներին։ Հետագայում այդ սորտերի ստացման հուսալի բազա ստեղծվեց Խրամորթի փորձակայանում, որի աշխատանքները սկսեց գլխավորել գյուղատնտեսգիտնական Վլադիմիր Զաքիյանը։ Ծրագրի արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ ամեն տարի փորձակայանը մատչելի գներով բարձրորակ սերմացու էր տրամադրում հանրապետության մենատնտեսներին։
Անշուշտ, Ամերիկայի «Հայ տեխնոլոգիական խմբի» գործունեության հետ էր կապված «Խաղող» ծրագրի իրագործումը Արցախի տարածքում, որի ակունքներում է Վ. Զաքիյանը։ Հաշվի առնելով նրա գիտական ու կազմակերպչական ընդունակությունները, կառույցի ղեկավարները նրան առաջադրեցին տեխնոլոգիական խմբի ներկայացուցիչ։ Եվ Վ. Զաքիյանի ակտիվ աջակցությամբ ու ղեկավարությամբ Խրամորթ գյուղին հարող տարածքում շուտով ծնունդ առավ տնկարանային տնտեսությունը։ Տեխնոլոգիական խումբն անհատույց Արցախ առաքեց ֆիլոքսերադիմացկուն խաղողենու 5400 տնկի։ Խրամորթի տնկարանի հարեւանությամբ, մայրուտների կողքին շատ չանցած արմատ ձգեցին առաջին մատղաշ տնկիները։ Սեղանի խաղողի եւ գինու ամենատարբեր սորտերից հիմնադրվեց ֆիլոքսերադիմացկուն այգի, որը հոգատար խնամքի շնորհիվ արդեն իսկ երրորդ տարում հրաշալի բերք տվեց։
Առաջին հայացքից կարող էր թվալ, թե հեշտությամբ են ձեւավորվում տնկիները։ Սակայն, ծանոթանալով պատվաստման տեխնոլոգիային, կհամոզվես, որ քիչ ջանքեր չեն պահանջվում կենսունակ արմատակալներով շիվեր աճեցնելու համար։
«Տնկիների ստացման աշխատանքները սկիզբ են առնում այգում։ Ապա որոշակի ժամանակահատված ենթարկվելով տեխնոլոգիական մշակման, կրկին տեղափոխվում էին այգի ու պահ տրվում հողին, պատմում է Վ. Զաքիյանը։ Բայց թող այն կարծիքը չստեղծվի, թե այդ զբաղմունքը տեխնիկական ուղղվածություն ունի։ Աշխատանքը ստեղծագործական լուրջ մոտեցում է պահանջում, ու անչափ ուշադիր եւ հոգատար պիտի լինես, ինչպես ասենք՝ ծնունդ առնող մանկան հետ ես վարվում։ Իսկ տնկարանում մարդիկ հոգի եւ ջերմություն էին ներարկում յուրաքանչյուր վազի, որպեսզի առողջ շյուղեր արձակեն ու զորանան»…
Հաշվի առնելով մեր պայմաններում սեղանի խաղողի եւ գինեհումքի առավել տարածված տեսակների աճեցման անհրաժեշտությունը, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում, Վլադիմիր Զաքիյանը նախապատվությունը տալիս էր ավանդական սորտերին։ Որոշ տեսակներ ժամանակավորապես ներկրվում էին եւ դրսից՝ փորձնական նպատակով բազմացնելու համար։
Ժամանակը հետագայում ցույց տվեց, թե որոնք են երկար «քննություն» բռնում: Ըստ Վ. Զաքիյանի՝ ուսումնասիրությունների արդյունքում նախապատվությունը տրվում էր խնդողնի, Արենի, Հաղթանակ, Չարենց, թավրիզենի, սաֆիրավի, Շահումյան, քիշմիշ (սեւ եւ սպիտակ) տեսակներին։ Տեխնոլոգիական խմբի արցախյան ծրագրի նախկին ղեկավարը խանդավառված էր նախնական արդյունքներով եւ համոզված էր, որ ոչ հեռու ապագայում կարդարացվեն սպասելիքները։ Նրա համոզմամբ՝ «խաղողագործությունը, իբրեւ ավանդական զբաղմունք, հաստատուն տեղ պիտի գրավի Արցախի տնտեսությունում, դառնա գյուղատնտեսության փրկության օղակը, երկրի էկոնոմիկայի լոկոմոտիվը»։ Այսօր արհեստավարժ մասնագետը խոր ցավ է ապրում կորսված այգիների համար, որոնք նախապատերազմյան տարիներին 17 հազար հեկտարի էին հասնում, իսկ հեկտարի հաշվով մինչեւ 400 ցենտներ խաղող էր ստացվում։ Եվ նա չի թաքցնում իր մտահոգությունը. «Ինչպե՞ս կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ հանրապետությունում այսօր ընդամենը 800 հեկտար խաղողայգի ունենք։ Եթե տարեցտարի չընդարձակենք ու չհրաժարվենք ֆիլոքսերայով վարակված տարածքներից՝ վաղը ուշ կլինի։ Ասել եմ ու դարձյալ ուզում եմ հստակեցնել միտքս՝ Արցախի տնտեսության հզորացման ռեալ աղբյուրը խաղողագործությունն է։ Խաղողը հսկայական եկամուտներ կարող է բերել մեր երկրին։ Այն ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական ու ռազմավարական անվիճարկելի, մեծ նշանակություն ունի»։
Ասվածը հավուր պատշաճի խոսքեր չեն, եւ նման եզրակացության հեղինակը հանգել է երկար տարիների աշխատանքային փորձից, տքնանքից ու տառապանքից հետո։ Ամենատարբեր ոլորտներ են վստահել նրան, ու բարձր պաշտոններ է վարել (գյուղատնտեսության մարզային վարչության գլխավոր գյուղատնտես, վարչության պետ, Ստեփանակերտի, ապա՝ նորաստեղծ Ասկերանի շրջգործկոմի նախագահ, կուսակցության Հադրութի շրջկոմի առաջին քարտուղար, ԼՂՀ «Ագրոարդի» նախագահի տեղակալ, գյուղատնտեսության փոխնախարար, վարչության պետ եւ այլն)։ Եվ, ուր էլ որ աշխատել է, բարի անուն ու հեղինակություն է թողել, պայծառ հիշողություններ, ամենակարեւորը՝ ժողովրդի հարգանքն ու վստահությունն է վայելել։ Չնայած թոշակառու է, այսօր էլ օգտակար աշխատանք է կատարում խորհրդարանում, հետամուտ լինելով հանրապետությունում երկրագործության զարգացմանը, խաղողի եւ պտղատու այգիների հիմնադրման գործընթացների կազմակերպմանը, նոր սորտերի արմատավորմանը։ Վ. Զաքիյանի խոսքով՝ հետաքրքրությունների աշխարհն ունի իր հմայքը: Նրա համոզմամբ՝ խնդողնին Արցախի նախշն է, երկարակեցության խորհրդանիշը, այգու թագուհին…