Մարդկությունն ինքն իրեն հասցրել է մի վիճակի, երբ վիճելի է՝ խաղաղությո՞ւնն է առաջնային, թե՞… սնունդը: Անշուշտ, այս հարցադրումը գոյություն ունի այնքան, որքան գոյություն ունի մարդը: Չնայած թերեւս այն առկա է նույնիսկ կենդանիների մեջ, բայց առայժմ կենդանիներն այդ մասին չեն բարձրաձայնում, բացառությամբ Ջորջ Օրուելի հայտնի եւ միշտ արդիական «Անասնաֆերմա» վիպակի…
Սակայն տարբեր են ոչ միայն այս հարցի պատասխանները, այլեւ հենց խաղաղության ըմբռնումը: Խաղաղությունը վաղուց դարձել է աշխարհաքաղաքական կատեգորիա եւ չարչրկվում է քաղաքականության որոգայթներում: Ըստ այդմ էլ՝ այն տարբեր ժողովուրդների ու պետությունների համար տարբեր է: Մի բան է խաղաղության հայկական, այդ թվում՝ արցախյան ըմբռնումը, մեկ այլ բան՝ ադրբեջանական «խաղաղությունը», որի էությունը պատերազմն է, ցեղասպանությունը, ռազմական սադրանքների հրահրումը, բռնությունը մարդու նկատմամբ, տարածքների օկուպացումը, շրջափակումը, հումանիտար աղետը… Իրարից տարբեր են խաղաղության ռուսական եւ ուկրաինական ընկալումները, թուրքականն ու քրդականը, եվրոպականն ու աֆրիկյանը, ամերիկյանն ու ասիականը… Այդ տարբերության հետեւանքը զինված բախումներն ու պատերազմներն են տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում: Այդ տարբերության հետեւանքով մի օր պատերազմ հնարավոր կլինի տեսնել նաեւ Անտարկտիդայում կամ Գրենլանդիայում: Այդ տարբերության հետեւանքով հակամարտությունը կամ պատերազմը որպես երեւույթ եւ իրողություն Երկրից մի օր էլ կարող են տեղափոխվել Մարս, Լուսին, հատկապես որ տիեզերքն արդեն իսկ դարձել է չհայտարարված ու դեռեւս զինված բախումների չվերածված այլաբնույթ պատերազմների բաց տարածք:
Թվում էր, թե խաղաղությունն անվիճելի եւ անփոխարինելի կատեգորիա է: Պարզվում է, որ այն սակարկության լավագույն «առարկան» է, ամենամեծ թղթադրամը, բայց եւ՝ ամենափոքր մանրադրամը: Այն միաժամանակ եւ՛ ամենաթանկարժեքն է, եւ՛ ամենաէժանը: Մեր օրերում ամենամեծ առեւտուրն աշխարհի տարբեր ծագերում խաղաղության շուրջ է՝ այսինչ բանը տուր, խաղաղություն կստանաս, սա վերցրու, խաղաղություն տուր, սա փոխանակենք խաղաղության հետ, սա վաճառենք խաղաղության գնով, սա գնենք խաղաղության արժեքով եւ այլն: Աշխարհն այսօր վերածվել է խաղաղության մի հսկա սակարանի (բորսայի), որտեղ խաղաղությունն է աճուրդի դրված: Ընդ որում` աճուրդն ընթանում է հակառակ ուղղությամբ՝ հաղթում կամ գնորդ է դառնում ոչ թե ամենաբարձր գին առաջարկողը, այլ՝ ամենացածր: Իսկ վերջում հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմի իրավիճակն է ստեղծվում, որը մոտավորապես հնչում է այսպես՝ «Սա՝ ինձ, սա՝ քեզ: Բա Կոզլեւիչի՞ն»…
Մինչդեռ խաղաղությունն է եղել ու մնում մարդու գոյության կարեւորագույն նախապայմանը: Սա ո՛չ ապացուցման կարիք ունեցող թեորեմ է, ո՛չ էլ ապացուցման կարիք չունեցող աքսիոմա: Սա այն է, ինչ բոլորս ուզում ենք կամ, առողջ բանականությունից ելնելով, պիտի ուզենանք՝ անկախ ազգությունից, կրոնից, սեռից, մաշկի գույնից, սոցիալական վիճակից, աշխարհագրական դիրքից եւ տարբեր այլ չափանիշներից: Սա այն է, ինչ բոլորս մաղթում ենք միմյանց:
Ուրեմն՝ թող 2023 թվականն իսկապես լինի իսկական խաղաղության տարի:
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ