Նախ լսենք իրեն՝ «Նեմեսիսին» պաշտոնապես չանդամագրված արժանապատիվ այս վրիժառուին. «Էնվերը բասմաչների շարքային հրամանատար չէր: Գերմանիայում ստացած ռազմական կրթությունը, իմպերիալիստական պատերազմի մարտական փորձը եւ վերջապես՝ իր զորքի քանակական գերազանցությունը նրան վտանգավոր հակառակորդ էին դարձնում: Նրա դրոշի տակ 17 հազար ընտիր հեծյալներ էին, իսկ ես ունեի 1500 հեծյալ եւ 800 հետեւակային: Հակառակորդի քանակական գերազանցության գործոնը չեզոքացնելու համար վճռեցի անակնկալ հարձակվել լուսաբացին: Մշուշի քողով ծածկված՝ մենք աննկատ ընդհուպ մոտեցանք հակառակորդին: Երբ սարերի գագաթին փայլատակեց արեւը, եւ մշուշը ցրվեց, հեռադիտակով Կոֆրուն ղշլաղի ծայրին երեւաց նրա վրանը՝ մեծ, կանաչ, ոսկեզօծ կիսալուսնով դրոշը վրան: Ես ուրախացա. դա նշանակում էր, որ Էնվերը ջոկատի հետ է: Սարիղամիշում ես նրան կորցրել էի, այստեղ չպիտի ճողոպրեր: Հենց այդ ժամանակ շտաբից ծրար հասցրին: Ճակատի հրամանատարը գրում էր. « Մոսկվան՝ ի դեմս Լենինի եւ Տրոցկու, պնդում է Էնվերին կենդանի բռնել: Պատասխանատվությունը դնում ենք հրամանատար Մելքումովի վրա»: Ծրարը վերադարձրի եւ զգուշացրի. «Դուք ինձ չեք գտել»: Տեղնուտեղը կանչեցի հետախուզության հրամանատար Սարուխանովին եւ հայերեն ասացի. «Էնվերն ինձ պետք է միայն մեռած»: Իմ հրամանով հրետանին կրակ բացեց: Կոտորածը դաժան էր: Թշնամին չդիմացավ: Էնվերն առանց խալաթի եւ ոտաբոբիկ փախավ լեռները: «Չ՛ես փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է»,- երդվեցի ես: Քսանհինգ վերստ մենք նրան հետապնդում էինք: Հասանք Չեգեն ղշլաղի փողոցները: Մենք սպանեցինք ոչ թե իսլամի բանակների գլխավոր հրամանատարին, այլ պարզապես դահիճ Էնվերին: Նրա անձնական կնիքը՝ «Իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա եւ Մուհամմեդի տեղապահ». այսպես էր ստորագրում Էնվերը, վերցրի ես, իսկ անձնական Ղուրանը եւ ոսկեզօծ խալաթը հանձնեցի իշխանություններին…»:
Հայակեր այս բորենին, որ իթթիհատական պարագլուխներից մեկն էր եւ իրեն բարձր էր դասում Թալեաթից ու Ջեմալից, չհաշտվելով իր կուսակցության ամոթալի պարտության հետ՝ փախել էր Եվրոպա, փորձել սիրաշահել գերմանացիներին, ծառայել անգլիական հետախուզությանը, Մոսկվայում մինչեւ անգամ կոմունիստ ձեւացել եւ ոչ մի տեղ իր մեծամոլությանը հագուրդ տալ չկարողանալով՝ հասել էր Միջին Ասիա: Վերին նպատակն էր գլխավորել բասմաչների՝ մահմեդական ծայրահեղականների խռովությունը, միացնել Պամիրից Ղրիմ ձգվող տարածքները՝ Իրանը, Աֆղանստանը, Բուխարան ու իրեն խալիֆ հռչակել: Նա չէր խոստովանում, որ Թուրքեստանում ապաստանելու բուն պատճառը հայ վրիժառուներից խույս տալն ու իր հետքերը կորցնելն էր, որպեսզի չարժանանար Թալեաթի, մյուս ոճրագործների ողորմելի ճակատագրին. դե թող հայ վրիժառուները հիմա գային ու իրեն գտնեին Զերավշանի լեռնաշղթայի քարակարկառներում ու Դեյնաույի մահվան կիրճերում: Բայց անգամ այս կորուսյալ տարածքներում՝ իրեն Թուրքիայի ամենահմայիչ տղամարդ ու մահմեդական տիրույթներում Մուհամմեդի տեղապահ համարող շնագայլը չէր խուսափելու հատուցումից…
Իսկ ո՞վ էր նրան պատուհասող հայորդին՝ Հակոբ Մելքումովը. ծնունդով Շուշիի գավառի Խերխան գյուղից էր, որմնադիր շինարարի զավակ: Նրանց ընտանիքը տեղափոխվել էր Աշխաբադ, որտեղ էլ սովորել է քաղաքային գիմնազիայում, ապա զորակոչվել բանակ, այնուհետեւ ավարտել Նիկոլաեւի հեծելազորային ուսումնարանը, ստացել շտաբս-ռոտմիստրի կոչում: Առաջին աշխարհամարտին մասնակցել է որպես գնդացրային անձնակազմի հրամանատար, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել բոլշեւիկների կողմը: 1918-ից եղել է Առաջին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, 1919-ից՝ Առաջին թուրքեստանյան դիվիզիայի առաջին բրիգադի հրամանատար, մասնակցել Բուխարայի գրավմանը: 1920-1923 թթ. ղեկավարել է բասմաչների ոչնչացման ռազմական գործողությունները: Նրա գլխավորությամբ կռվող հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու եւ Յուրչի քաղաքները՝ արժանանալով Կարմիր դրոշի շքանշանի: 1922-ի ամռանը Էնվեր փաշայի եւ նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար ստացել է նշյալ դրոշի երկրորդ շքանշանը: Կենաց-մահու մարտերում մշտապես հաղթանակած հայորդին 1924-ին արդեն Թուրքեստանյան հեծելազորային բրիգադի 8-րդ բաժնի հրամանատարն էր: Նրա ղեկավարած ստորաբաժանմանն էր վերապահված Տաջիկստանում եւ Թուրքմենստանում բասմաչության վերջին մնացուկներին չեզոքացնելու գործը: 1935-ին ստանալու էր կոմդիվի՝ դիվիզիայի հրամանատարի կոչում, ապա զբաղեցնելու Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը:
Սակայն դաժան մարտերի բովով անցած ռազմական փառահեղ գործչին նույնպես չէր շրջանցելու ստալինյան տեռորը. 1937-ի ամռանը նրան ձերբակալում են: 1940 թ. ապրիլին, այսպես կոչված՝ «ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտում են գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից: Բարեբախտաբար, մեղադրյալի բողոքարկելուց հետո ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ՝ մահապատիժը փոխարինվում է տասնհինգ տարվա ազատազրկմամբ եւ հինգ տարով քաղաքացիական իրավունքներից զրկմամբ: Քաջորդին ազատ է արձակվում ժողովուրդների հայր կոչված Ստալինի մահանալուց մեկ տարի անց՝ 1954-ին, իսկ 1955-ին՝ արդարացվում: Այդուհետ վրիժառու զինվորականը ապրելու էր եւս յոթ տարի եւ իր հավերժական հանգրվանն էր գտնելու Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանոցում: ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը խորհրդային գեներալ-լեյտենանտի շիրմին հառնեցնելու էր նրա հուշարձանը: Հուշարձան էր կանգնեցվելու նաեւ հերոսի ծննդավայր Խերխանում: