Հունվարի 19-ին դարձյալ Եռաբլուրում էինք։ Մեր մարտական ընկերոջ՝ Մանվել Խաչատրյանի՝ դեռեւս 90-ականներից տարիքով փոքր լինելու պատճառով Ճուտ անունն ստացած հերոս ազատամարտիկի ծննդյան օրն էր։ Հերոսի շիրմին ծաղիկներ խոնարհեցինք, խնկարկեցինք նրա եւ բոլոր անմահ հերոսների հոգիների համար։
Արցախյան բոլոր պատերազմներով անցած Մանվելը կդառնար 48 տարեկան, իր աջակցությունը կբերեր ազատամարտի մասնակիցներին, հայոց բանակին, մեր երկրին, սակայն անցած տարվա սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս մարտիրոսվեց նաեւ Մանվելը։ Այդ օրը՝ գիշերը, «Վարդանանք» ջոկատը, հրամանատար Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ, կամավոր բարձրացել է դիրքեր։ Եվ նույն գիշերը թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին նաեւ «Վարդանանք»-ի 7 մարտիկներ, նրանց թվում՝ հրամանատարը, եղան ծանր վիրավորներ։ Այժմ Եռաբլուրում են հանգչում նաեւ Մանվելի ջոկատի 5 մարտիկներ։ Մանվելը ծնվել է Երեւանում, 1975 թ., Միքայել Խաչատրյանի եւ Ռուզաննա Սողոմոնյանի ընտանիքում, ավագ զավակն էր, ունի երկու քույր՝ Գայանեն ու Նարգիզը։ Մանկուց աչքի էր ընկել իր ակտիվությամբ, առաջնորդելու ունակությամբ։ 1988 թ., երբ սկսվեց Արցախյան շարժումը, ու ոտքի ելավ ողջ հայությունը, Մանվելը ցուցարարների շարքերում էր, կազմակերպում էր դասադուլներ, երթեր։ 1989 թ. ավարտել է Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգի ութամյակը։ 14 տարեկան հասակում արդեն Արցախի ազատագրման համար կազմակերպվող ջոկատների կազմում էր։ Սկզբում, ինչպես շատերս, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) զինվոր էր։ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին ընթացող բազում մարտական գործողությունների մասնակցեց հերոսը, տուն եկավ։
1996-ի հոկտեմբերից, որպես պատրաստի հետախույզ, ծառայության է անցել ՀՀ ԶՈՒ N զորամասի հետախուզական վաշտում, սկզբում՝ ջոկի, այնուհետեւ՝ դասակի հրամանատար։ 1999 թ. դեկտեմբերի 11-ին ամուսնացել է Զարուհի Հարությունյանի հետ։ Ունեն երկու երեխա. դուստրը՝ Ռուզաննան, եւ որդին՝ Միքայելը։ Մանվելն իր ամբողջ կյանքի ընթացքում մնաց հայրենիքի զինվոր՝ նաեւ ղեկավարելով հասարակական կազմակերպություններ։ 2005-2012 թթ. ղեկավարել է «ՀԱԲ» ՀԿ Էրեբունու տարածքային բաժանմունքը՝ համատեղությամբ գլխավորել նույն ՀԿ-ի ռազմահայրենասիրական բաժինը՝ բազում միջոցառումներ կազմակերպելով հատկապես դպրոցականների համար ու նրանց մասնակցությամբ։ 2012-ին հիմնադրել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկներ-միավորում» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ Որոշ ժամանակ ընտանիքով բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն 2016 թ. ապրիլի առաջին օրերին արդեն հայրենիքում էր, առաջնագծում՝ Թալիշում։
Տուն եկավ՝ հայոց հազարավոր քաջերի հետ պաշտպանած Արցախ աշխարհի սահմանները։ Եկավ ու վերստին հպարտություն պարգեւեց հատկապես իր զավակներին։ 44-օրյա պատերազմի առաջին օրից դարձյալ մարտադաշտում էր։ Մասնակցել է բազում մարտերի, ջոկատով ընկել շրջափակման մեջ, փորձառության ու հերոսության շնորհիվ դուրս եկել։ 2021 թ. օգոստոսի 25-ից իր ջոկատի հետ Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի սահմանում մասնակցել է եռամսյա հավաքներին, տուն են եկել նոյեմբերի 25-ին։ Փորձառու ազատամարտիկը հասկանում էր՝ պատերազմը շարունակվելու է, ու իր ջոկատը մշտապես մարտունակ էր պահում։ 2022 թ. ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը մասնակցել են եռամսյա հավաքներին Ջերմուկում, իրականացրել մարտական հերթապահություն Սյունիքի Գորայք գյուղի դիրքերում։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազում պարգեւների, նաեւ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։
Եռաբլուրում, ինչպես միշտ, օդը ծանր է՝ հագեցած հազարավոր անմահ հերոսների ծանր կորստով։ Նրանց հոգիներն այժմ անհանգիստ են՝ ինչքան էլ խնկարկենք, ծաղիկներ խոնարհենք շիրիմներին, հիշենք… Լուռ ու անխոս կանգնած ենք Մանվելի շիրմի մոտ, որը «զարդարված» էր ծննդյան տորթով, ծաղիկներով, 48 թիվ-խորհրդանիշով։ Կինը՝ Զարուհին, կտրում է տորթը, որի վրա գրված է հայ զինվորի ճակատագիրը խորհրդանշող եռախոսքը՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ…»։ Տորթի կողքերը նույնպես զինվորական են զարդարված՝ նռնակ ու փամփուշտներ… Զրուցում ենք, հիշում մարտական տարբեր գործողություններ, հետաքրքիր ու զվարճալի դեպքեր։ Ծանր է հոր կորուստը դստեր՝ Ռուզաննայի համար: Խոսելով հոր մասին՝ ասում է. «Մարդ, ով իր կյանքի 33 տարիները նվիրեց Արցախի եւ Հայաստանի պաշտպանությանը… Ապրեց արժանապատիվ եւ իր կյանքը նվիրեց հայրենիքին։ Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես չեմ պատկերացրել հորս առանց հայրենիք, իսկ հայրենիքը՝ առանց հորս… Բայց դե, հասկացիր՝ մեզ քո երկրայինն է պետք, որովհետեւ երկնայիններին գրկել չի լինում…»։