Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում երեկ նշեցին անմահ հերոս Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանի ծննդյան 40-ամյակը։ Նշեցին առանց նրա ֆիզիկական ներկայության։ 3 զավակների, կնոջ, ծնողների, հարազատ-բարեկամների, ընկերների համար ծանր է…
Սակայն հպարտ են՝ հերոսի, իսկական հերոսի պես մարտիրոսվեց Անդրանիկը՝ իր ջոկատի 8 տղաների՝ Հարություն Գեորգիի Անդրիասյանի, Սարգիս Վահրամի Հարությունյանի, Արմեն Գուրգենի Մարտիրոսյանի, Սմբատ Միհրանի Ավետիսյանի, Ռոման Սուրիկի Մարգարյանի, Հարություն Սեյրանի Մկրտչյանի, Գեւորգ Սեյրանի Արշակյանի եւ Գարիկ Գրիգորի Բարսեղյանի հետ։ Արցախյան 44-օրյա պատերազմում Անդրանիկն ու իր մարտական ընկերները՝ Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից, անցան ծանր ճանապարհ ու տուն եկան։ Սակայն շուտով նրանք նորից մարտադաշտում էին՝ պաշտպանում էին Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի սահմանը, Դիզափայտի Կատարո վանքը։ 2020 թ. դեկտեմբերի 13-ին թշնամին խախտեց հրադադարը ու մեծ ուժերով հարձակում սկսեց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Այստեղ հսկում էին կամավորական ու պահեստազորային ջոկատներ Շիրակի, Արմավիրի մարզերից, այլ վայրերից։ Արմավիրցի տղաները փաստորեն դարձան մահապարտներ՝ ապահովելով մեր ջոկատների նահանջը։ Ցավալի է՝ եղան նաեւ գերեվարվածներ։ Հերոսաբար մարտնչեցին Անդրանիկն ու իր տղերքն իրենցից բազմապատիկ ավելի թուրք հատուկ ջոկատայինների դեմ, պատճառեցին մարդկային մեծ կորուստներ, թույլ չտվեցին առաջ անցնել։ Մի ամբողջ օր կռվեցին հերոսաբար ու մարտիրոսվեցին։ Ցուցաբերած արիության ու խիզախության համար տղաները հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի:
Հերոսների ծնողների, հարազատների պատմելով՝ թշնամին, չնայած ունեցած մեծ կորուստներին, որ պատճառել էին տղերքը, զարմացել է։ Թուրք հրամանատարն ասել է, որ իրենք կարծում էին, թե մեծ ուժեր են իրենց դիմակայում, պարզվել է՝ ընդամենը 9 հոգի էին։ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից 44-օրյա պատերազմում զոհվեցին նաեւ 43-ամյա Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ 28-ամյա կապիտան Աղասի Վրեժի Միքայելյանը, ով ավարտել էր Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը եւ ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ)՝ տանկային վաշտի հրամանատար։ Գյուղի Սբ Սահակ եկեղեցու հարեւանությամբ է Մարտիրոս Սահակի Շահնազարյանի տունը, որը կառուցվել է 1903 թ. Մարտիրոսի Հակոբ պապի կողմից: Նրանց պապերը եկել են Բայազետից։ Մարտիրոս Շահնազարյանն ամուսնացել է համագյուղացի Սիլվա Գառնիկի Մուրադյանի հետ, բնակվել պապի կառուցած տանը, ունեցել են 2 որդի՝ Անդրանիկը եւ Արմենը։ Սիլվայի հայրական պապը՝ Նահապետը, եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Տնից ոչ հեռու Մեծ հայրենականում նահատակված տանձուտցիների հուշահամալիրում բացվել է նաեւ Արցախյան պատերազմներում, նաեւ 44-օրյայում նահատակվածների հուշակոթող։ Անդրանիկի ծնողները մշտապես ծաղիկներ են խոնարհում հերոս որդու հուշաքարին։ Մարտիրոսի Հակոբ պապին, որպես կուլակի, 1937 թ. գնդակահարել են՝ երկհարկանի ու մեծ չափերով տուն ունենալու պատճառով։ Մարտիրոսի հորը՝ Սահակին, 1949 թ. աքսորել են Սիբիր, Ստալինի մահից հետո է տուն վերադարձել։ Պապերի տխուր պատմությունը, Արեւմտյան Հայաստանի կորուստը մշտապես են տանջել Անդրանիկին։ Մեծացել է հոր պապի կառուցած տանը, մշակել նրա տնկած խաղողի այգին։ Եվ այսօր նույն տան մի անկյունում արդեն հավերժի ճամփորդ, անմահ հերոսի մասին պատմող լուսանկարներ են, անձնական իրեր, փաստաթղթեր։ Ծնողներն անհուն կարոտով են բացում պահարանի փեղկերը, ցույց տալիս սիրելի՝ «քայլող հանրագիտարան» որդու մասին պատմող իրերը։
Ծնվել է 1983 թ. հունվարի 25-ին։ 1990-2000 թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Երբ այս կրթօջախում զրուցում էի տնօրեն Հովսեփ Այվազյանի հետ, ասաց. «10 տարվա ընթացքում սովորել է բացարձակ գերազանց, ակտիվ էր նաեւ հասարակական աշխատանքներում իր կազմակերպվածությամբ։ Դպրոցում էլ էր զգացվում նրա սերը ծնողների հանդեպ, որն էլ փոխանցվում էր առ հայրենիք»։ Ընդհանրապես մեծ ցավով պատմեց նահատակված իր սաների մասին, ովքեր ընկան արցախյան վերջին պատերազմում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ։ 2004 թ. ամուսնացել է Հայկավան գյուղից՝ մասնագիտությամբ կենսաբան Նինա Լեւոնի Հովհաննիսյանի հետ։ Ունեն 3 զավակ՝ Միլենան (ծնվ.՝ 2004 թ.), Լեւոնը (2009 թ.) եւ Նարեն (2018 թ.)։ Բուհն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ՝ ավագի կոչումով, դասակի հրամանատար։ 2007 թ. զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով։ 2008-ին աշխատանքի է անցել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Մյասնիկյանի մասնաճյուղում՝ վարկային մասնագետ։ 5 տարի այստեղ աշխատելուց հետո տեղափոխվել է Արմավիրի մասնաճյուղ եւ աշխատել որպես վիճահարույց հարցերի առաջին կարգի մասնագետ։
2016 թ. առաջիններից էր, որ մասնակից եղավ ապրիլյան պատերազմական գործողություններին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին արդեն առաջնագծում էր։ Հոկտեմբերի կեսերին մի քանի օրով տուն է եկել եւ շուտով նշանակվել Հուշակերտի զորամասի ջոկի հրամանատար, մեկնել առաջնագիծ. սկզբում՝ Ջրականի տարածք, իսկ նոյեմբերի 26-ին տեղափոխվել են Հին Թաղեր-Խծաբերդ հատված։ Այստեղ էլ հերոսաբար մարտիրոսվել է 8 զինակցի հետ։ Հուղարկավորված է հայրենի գյուղի գերեզմանատանը։ Հաճախ եմ զրուցում Անդրանիկի հոր՝ Մարտիրոսի հետ, ով մշտապես է զգում որդու բացակայությունը, ցավում մնացած հերոսների համար։ Ամեն օր գյուղի Սբ Սահակ եկեղեցում, որը կառուցվել է 1912 թ. Տանձուտ գյուղի բնակիչների ջանքերով, մոմ է վառում տղերքի հիշատակի համար, սակայն շատերի նման անհանգիստ է՝ հողը, որ պաշտպանում էին տղերքը, որի համար ընկան, գերության մեջ է…