Խաղաղություն ամենքի՛ն եւ ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Պ. Սեւակ
Հայոց նորօրյա բանակն արդեն 31 տարեկան է: 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ նորանկախ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, եւ փաստացի ձեւավորվեց մեր բանակը: Իհարկե, այն ձեւավորվեց արդեն գործող մարտական տարբեր ջոկատների, բանակների միացումով: Այս կարեւոր օրվան նվիրված՝ արիության դաս անցկացվեց Երեւանի Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցի երկրորդ Գ դասարանում: Հայոց բանակի փոխգնդապետի մայր Սիրվարդ Թամազյանը երկար տարիներ աշխատել է Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության համակարգում, իսկ արդեն երկրորդ տարին է՝ դասավանդում է այս դպրոցում՝ որպես դասվար: Վ. Զատիկյանի անվան միջնակարգ դպրոց 1996-ից մինչեւ Արցախյան 44-օրյա պատերազմը գործում էր նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Դպրոցին մերձ բացվել էր նաեւ Հայոց բանակի կազմավորման գործում մեծ ներդրում ունեցած Վահան Զատիկյանի անվան պուրակը, որտեղ կանգուն էր նրա կիսանդրին: Այս պուրակում բազում տոնական ու հիշատակի արարողություններ էին կազմակերպվում: Թիվ 90 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտները զինվորական համազգեստով էին՝ պատրաստ դառնալու Հայոց բանակի զինվորներ: Դասասենյակում ՀՀ եւ Արցախի Եռագույններն էին, ՀՀ ԵԿՄ դրոշը:
Աշակերտները դասասենյակ մտան զինվորական շարքով՝ յուրաքանչյուրի ձեռքին մեկական մոմ: Եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում մարտիրոսված քաջորդիների, այլ պատճառներով նահատակված մեր զինվորների: Սկզբում զինվոր-սաներն անդրադարձան Հայոց բանակի վերակազմավորման պատմությանը՝ երբ եւ ինչպես ձեւավորվեց, ում հրամանատարությամբ: Այնուհետեւ փոքրիկ զինվորները հանդես եկան Հայոց բանակին նվիրված երգերով, ասմունքով, պարով: Դավիթն ընթերցեց հայ զինվորի երդման արարողության տեքստը: Էկրանին ցուցադրվում էին բանակային կյանքին նվիրված պահեր, հնչում էր «Մարտիկի երգը»: Արդեն իրենց զինվոր համարող փոքրիկներն ընթերցեցին գրած նամակները՝ ուղղված մայրերին: Այնուամենայնիվ, մեր երեխաների հիմնական երազանքն այն է, որ խաղաղություն տիրի ողջ աշխարհին, որ ոչ մի տեղ պատերազմ չլինի: Պարույր Սեւակի «Խաղաղություն» բանաստեղծությունը հնչեց նրանց շուրթերից: Առայժմ խաղալիք զենքերով էին զինված փոքրիկ զինվոր-զինվորուհիները, ովքեր դեռ շատ անելիք ունեն, մինչ իսկական զենք կվերցնեն: Այսօր մեծ ցավ է՝ ստիպված ենք մեր երեխաներին մեծացնել որպես ապագա զինվորներ, բայց ստիպված ու պարտավոր ենք. շրջապատված ենք թշնամիներով, գտնվում ենք պատերազմի մեջ:
Արիության դասին ներկա էին դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Լիլիթ Բարսեղյանը, զինղեկ, պահեստազորի կապիտան Գագիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ՝ ծնողներ, ուսուցիչներ: Դպրոցում հյուր էր «Միասնություն հանուն հայության» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Իսահակյանը, ով իր ղեկավարած կառույցի կողմից պատվոգրեր հանձնեց դպրոցի տնօրենին, փոխտնօրենին, զինղեկին, 2-րդ Գ դասարանին: Դպրոցի տնօրեն Ս. Խոցանյանը շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ, կարեւորեց նման արիության դասերը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, աշակերտներին, նրանց ուսուցչուհուն: Ս. Խոցանյանը մանուկներին մաղթեց՝ մեծանան խաղաղ երկնքի տակ: Զինղեկ Գ. Աբրահամյանը նույնպես շնորհակալություն հայտնեց կայացած արիության դասի համար՝ հավատով, որ մեր երեխաները լավ զինվորներ կդառնան ու տեր կկանգնեն Հայոց երկրին: Արիության դասն ավարտվեց խաղաղության աղավնու՝ թղթե խորհրդանիշը թափահարելով: Մեզ խաղաղություն է պետք… ցանկությամբ: Նույն դասարանում են սովորում Գասպարյան ընտանիքի եռյակ երեխաները՝ Անահիտը եւ նրա եղբայրներ Գագիկն ու Վաղարշակը: Տղաները հավաստեցին, որ պաշտպանելու են իրենց քրոջ եւ ողջ հայ մայրերի, քույրերի անդորրը՝ դառնալով զինվորներ: