«Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենիք, որ քեզ հաղթություն պիտ բերի»,- Գարեգին Նժդեհի այս խոսքն էր գրված Երեւանի թիվ 196 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում ներկայացված Հայոց աշխարհի քարտեզի վերեւում։
Արցախյան համազգային շարժումը ոտքի հանեց ողջ հայությանը, եւ եղավ հաղթական ավարտ՝ չնայած 6 տարիների մաքառումներին, հազարավոր քաջորդիների նահատակություն-մարտիրոսին։ Նույն Արցախյան գոյամարտում հաղթանակը ողջ աշխարհում ճանաչել տվեց նաեւ հային՝ որպես հայրենասեր, քաջ, իր խոսքի տեր, իր երկրի ազատագրման համար կյանքը չխնայողի։ Այսօր այլ է, եւ պետք է հետ բերենք մեր հերոսական ոգին, փրկենք եւ՛ Արցախը, եւ՛ Հայաստան աշխարհն առհասարակ։ Այս առումով շատ է կարեւորվում հատկապես հանրակրթական դպրոցների դերը, որ սեր դեպի հայրենիք սերմանեն մատաղ սերնդի, երիտասարդների մեջ։ Այս նպատակով էր կազմակերպվել ոգեշնչման արարողություն Երեւանի Դավիթաշենի վարչական շրջանում գտնվող թիվ 196 դպրոցում, որը կոչվում է հայ քաղաքական, պետական ու ռազմական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի անունով։
Դպրոցի շենքի առաջին հարկում, մինչ Փառքի սրահի դուռ հասնելը, Արցախ աշխարհի, հատկապես Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձանների մասին պատմող լուսանկարների ցուցահանդես էր։ Ավելի քան 20 ցուցապաստառներում ներկայացված են երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի կամուրջները» շարքը, Քաշաթաղի շրջանի՝ Ողջի գետի ավազանում գտնվող Կերեն գյուղի մոտակա դամբարանադաշտի պեղումներից (հնագետ՝ Արտակ Գնունի) հայտնաբերված նյութերի լուսանկարները։ Իսկ 10-ից ավելի պաստառներ ներկայացնում են Քաշաթաղի պատմական ավելի քան 50 հուշարձաններ, որոնց լուսանկարների հեղինակը ես եմ։ Յուրաքանչյուր պաստառի մոտ կանգնած 2 աշակերտներն այցելուներին ներկայացնում էին ցուցադրությունը։ Դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Փառքի սրահի կայացման նպատակին՝ նշելով. «Դպրոցի նախասրահներից մեկում մի գողտրիկ անկյուն կար. 2015-ից հստակ որոշել էի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված փառքի սրահ պետք է լիներ։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ ամբողջը կահավորել էինք, մնում էր միայն բովանդակությունը՝ պաստառները եւ ձեւավորումն ապահովեինք։ Առնվազն 5-6 անգամ գրել-ջնջել էինք, բայց ոչ մի կերպ չէի կարողանում տրամադրվել՝ գործն ավարտին հասցնելու համար։ 2020-ից հետո հոգիս ճնշող բոլոր զգացումներին գումարվեց նաեւ մեղքի զգացումը…»։
Ու եղավ նոր պատերազմ, եղավ պարտություն, իսկ իր ղեկավարած դպրոցի 3 շրջանավարտ՝ Վլադ Արայիկի Ավետիսյանը, Ալբերտ Հովաննեսի Դադոյանը եւ Կարեն Արմենի Ապրեսյանը նահատակվեցին։ Նույն պատերազմի մասնակից հրամանատարներից՝ անմահ հերոս, փոխգնդապետ Արմեն Բեժանյանի 2, ինչպես նաեւ կամավորական նահատակ Աշոտ Կոլյայի Մաթեւոսյանի 3 զավակները սովորում են այս կրթօջախում։ «Ես կամ…» այսպես է կոչվում Փառքի սրահը՝ նվիրված նշված հերոսներին եւ Արցախյան գոյամարտի նահատակներին։ Սրահի մուտքի ժապավենը կտրեցին անմահ հերոսների հարազատները եւ դպրոցի տնօրենը։ Սրահի դիմացի պատին մեծ չափերով լուսանկարում Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին է։ Մեջտեղում թափանցիկ 5 ապակե սյուներին հերոսների լուսանկարներն են ու նրանց կենսագրականները։ Այստեղ ներկայացված են նաեւ Արցախի պատմական, մշակութային, հոգեւոր արժեքներ՝ սկսած վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը։ Ներկայացված են նաեւ դրվագներ Արցախյան շարժման, գոյամարտին մասնակցած ջոկատների, հերոսամարտերի մասին՝ 1988-ից մինչեւ 2020 թ։ Դավիթաշենի «Սասնա ծռեր» ջոկատի երջանկահիշատակ հրամանատար Աշոտ Մանուկյանի որդին՝ Արսեն Մանուկյանը, դպրոցի տնօրենին նվիրեց նրա փառապանծ հոր՝ Աշոտ Նավասարդյանի եզակի արխիվային լուսանկար։ Արցախի պատմական անցյալին անդրադարձավ դպրոցի պատմության ուսուցչուհին։ Արարողությանը ներկա էին անմահ հերոսների ծնողներ, հարազատներ, մարտական ընկերներ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, այլ պաշտոնյաներ, Արցախյան գոյամարտի մասնակիցներ, հյուրեր։ Հյուրերի թվում էին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ՝ ղեկավար Մուշեղ Ալավերդյանի գլխավորությամբ։ Ոգեկոչման արարողության երկրորդ մասը կայացավ արդեն կրթօջախի հանդիսությունների սրահում։ Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Հ. Ղազարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ երգչախումբն ու թատերախումբը հանդես եկան գեղեցիկ կատարումներով: Հնչեցին ռազմահայրնասիրական երգեր, աշակերտները դրվագներ ներկայացրեցին պատերազմի թեմաներով։ Սպիտակազգեստ աղջիկները մեծ հուզմունքով էին հանդես գալիս՝ ներկայացնելով իրենց նահատակ ավագ ընկերներին։ Նրանց եւ ներկաների երազանքն է՝ տեսնել ազատ հայրենիք, խաղաղություն, որ բացվեն Արցախի ճանապարհները։ Ընթացքում էկրանին ցուցադրվում էր ֆիլմ, որը պատմում էր 5 հերոսների մասին…
Արցախյան բանակի փոխգնդապետ Արմեն Բեժանյանը ծնվել է Լոռու Շամլուղ գյուղում 1985 թ. հունիսի 17-ին։ 2002-2006 թթ. սովորել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ ստանալով լեյտենանտի կոչում։ 2006-ից մինչեւ 2018 թ. ծառայել է ՊԲ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գումարտակի հրամանատարի։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրվանից եղել է մարտադաշտում։ «Հոկտեմբերի 12-ի գիշերը, իր զոհվելուց մի քանի ժամ առաջ, զանգեց ու երկար խոսեց: «Բալիկներիս լավ նայիր, վիրուսային շրջան է, դպրոցից Լինան հանկարծ չբացակայի, Հայկին տեղավորիր, ամեն ինչ լավ է լինելու, շուտով կհանդիպենք»,- պատմել է հերոսի կինը՝ Նորա Անտոնյանը, ով այժմ աշխատում է թիվ 196 դպրոցում դասվար: Հանդիպումը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, փոխգնդապետ Արմեն Բեժանյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ հատուկ առաջադրանք կատարելիս, կարեւոր բարձունքի պաշտպանության ժամանակ… Ա. Բեժանյանը հուղարկավորված է Եռաբլուրում, հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Արմատներով տավուշցի Աշոտ Մաթեւոսյանը ծնվել է 1978 թ. մայիսի 7֊ին Երեւանում։ 1984-94 թթ. սովորել է Երեւանի թիվ 173 ֆիզմաթ դպրոցում եւ ավարտել գերազանցությամբ։ 1994 թ. ընդունվել եւ 1999 թ. ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1999-2001 թթ. ծառայել է ՀՀ բանակում եւ զորացրվել լեյտենանտի կոչումով։ 2020 թ. հուլիսին մասնակցել է տավուշյան մարտերին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, շուրջ մեկ ամիս լինելով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, մարտնչել ու փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր: Նույնիսկ բեկորային վնասվածքներ ստանալուց հետո էլ շարունակել է կռիվը: Հոկտեմբերի 28-ի երեկոյան Արցախի Կարմիր շուկա գյուղի տարածքում անմահացել է։ Միշտ առաջնորդվել է Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» խոսքով։ Երեխաները՝ Հենրին, Րաֆֆին եւ Մերին, սովորում են այս դպրոցում։
Դպրոցի սաներից Կարեն Ապրեսյանը ծնվել է 2001 թ. ապրիլի 30-ին Երեւանում։ Բազմանդամ ընտանիքի երկրորդ արու զավակն է։ Ծննդյան ուրախ լուրի կապակցությամբ հավաքված խնջույքի ժամանակ էլ ավագների որոշմամբ նա անվանակոչվեց Կարեն՝ ի պատիվ Կարեն Սերոբի Դեմիրճյանի։ Ա. Նավասարդյանի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսք։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի ճարտարագիտական համալսարան եւ զորակոչվել Հայոց բանակ 2019 թ. հուլիսի 16-ին։ Ծառայել է Մարտակերտի 5-րդ պաշտպանականի 4-րդ գումարտակի ականանետային դասակում։ Պատերազմի առաջին օրվանից մարտական ընկերների հետ մարտնչել է եւ հերոսաբար պաշտպանել հայրենի երկիրը։ Հոկտեմբերի 26-ի առավոտյան դասակը ամբողջ կազմով տեղափոխել են Ճարտար, որտեղ երեկոյան ընկել են թշնամու գնդակոծության տակ։ Կարենը եւ ընկերները վիրավորվում են, այնուհետեւ վիրավորներին տեղափոխող շտապ օգնության մեքենայի մեջ էլ անմահանում են թշնամու անօդաչու կամիկաձեի հարվածից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն», «Արծիվ 30 Արարատ» մեդալներով։ Արարողությունից հետո Կարենի մայրը՝ Դիանա Գասպարյանը, մեծ կարոտով էր պատմում հերոս որդու մասին եւ ընդգծեց. «Արցախ աշխարհը ողջ հայության համար սրբավայր է»։ Ի հիշատակ Կարենի՝ Դավիթաշենում կանգնեցվել է հուշաղբյուր։
Վլադ Ավետիսյանը ծնվել է 1997 թ. փետրվարի 27-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է Երեւան։ 2004-2012 թթ. սովորել է Ա. Նավասարդյանի անվ. հիմնական, 2012-2015 թթ.՝ Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցներում։ Հաճախել է բռնցքամարտի, կարատեի մարզումների։ 2015 թ. ընդունվել է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ։ 2015-2017 թթ. ծառայել է Ջրականի զորամասում։ 2016 թ. ապրիլին մասնակցել է մարտական գործողությունների։ Մայրը՝ Մարան, ասաց, որ 2020 թ. առաջին օրերից կամավորագրվել է 44-օրյա պատերազմին, եղել է արդեն ծանոթ Ջրականում, մասնակցել է Լելե Թեփե բարձունքի ազատագրման մարտերին, վիրավորվել։ Այնուհետեւ տեղափոխվել է Տիգրանակերտի մոտակա հրետանային մարտական դիրք եւ իր հրետանուց մեծաքանակ կորուստներ է պատճառել թշնամուն։ Զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուրում։ Հետմահու պարգեւատրվել է «Արիություն» եւ «Նեմեսիս» մահապարտների ջոկատի մեդալներով։ Նրա հիշատակին Ձորաղբյուր գյուղում կանգնեցվել է խաչքար եւ հուշաղբյուր։ ԵՊՀ-ում սահմանվել է Վլադ Ավետիսյանի անվան կրթաթոշակ։
Ալբերտ Դադոյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 28-ին Երեւանում։ 2006-2015 թթ. սովորել է Ա. Նավասարդյանի անվան դպրոցում։ Իննամյա կրթությունն ավարտելուց հետո ընդունվում է ՀԱՊՀ ավագ դպրոց, ապա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքերի անվտանգության բաժին։ 2018 թ. հունվարի 14-ին անցնում է պարտադիր զինվորական ծառայության։ Մայրը՝ Կարինեն, հիշում է, որ ծառայության առաջին վեց ամիսներն անցկացրել է Մուղնիում՝ մասնակցելով հակաօդային պաշտպանության սերժանտական դասընթացներին, ապա տեղափոխվել Արցախ՝ Մարտակերտ։ Տուն վերադարձին մնացել էր ընդամենը 3 ամիս, սակայն սկսվեց պատերազմը։ Նա երազում էր զարգացնել կիբեռսպորտը Հայաստանում։ Պատերազմի ժամանակ հասցնում է ոչնչացնել 2 անօդաչու սարք։ Զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ անօդաչու սարքի հարվածից։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։
Արարողությանը ներկա զինվորականներից՝ Աջափնյակի վարչական շրջանի ավագ զինղեկ, պահեստազորի գնդապետ Նիկոլայ Ավանեսյանն ու ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Հայրիկ Սարգսյանը տպավորված էին եւ կարեւորեցին նման միջոցառումները թե՛ հանրակրթական դպրոցներում եւ թե՛ այլ կրթօջախներում։