«Փորձության ժամին մի զլանաք՝ կանչեք Վլադիմիր, նա կօգնի ձեզ»։
Լեոնիդ Ազգալդյան
Վլադիմիր Բալայանի շիրիմի վրա ու նրա հիշատակի հետ անմահացած խոսքեր ու նաեւ խոնարհումի կոչ՝ «Անցորդ, խոնարհվիր այս շիրիմի առաջ»… Հեշտ չէ վաստակել այդպիսի պատիվ. հենց այնպես ոչինչ չի լինում…
Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թ. փետրվարի 14-ին՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում, մտավորականների ընտանիքում։ Խորհրդային ժամանակներում ամենաթանկն ու պահանջվածը գիրքն էր, տնային գրադարանն ու ընթերցանությունը, ինչից սկիզբ էր առնում ինքնակրթությունը՝ մարդու մեջ սերմանելով ռոմանտիկա, հույզերի տիրապետում, հավատ սեփական ուժերի հանդեպ, նպատակայնություն, մարդասիրություն, հայրենասիրություն, ճկուն մտածելակերպ, պատասխանատվություն, արիություն, սկզբունքայնություն, իրադրությունը գնահատելու, վերլուծելու ունակություն… Վլադիմիր Բալայանը լավագույնս էր յուրացրել թե՛ ընտանեկան, թե՛ ընթերցողական դաստիարակությունը, կրթվել ու ինքնակրթվել, տիրապետել ձեռք բերած գիտելիքներն ու փորձը հաղորդելու հմտության։ Ծառայել էր խորհրդային բանակում, սովորել Ստեփանակերտի գյուղտեխնիկումում, աշխատել տպագրիչ, գյուղատնտես, իսկ երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Մարտակերտի անտառտնտեսությունում էր, մասնակցում էր խաղաղ ցույցերին, բայց եւ շուտ հասկացավ, որ խնդիրը խաղաղությամբ չի լուծվելու, մինչդեռ ոգեւորված հասարակության մտքով անգամ չէր անցնում, թե ազատության ու անկախության, ինքնորոշման օրինական պահանջն այդքան ողբերգական ընթացք կունենա, մանավանդ աշխատավայրերում ազատորեն ստորագրահավաքներ էին կազմակերպվում Ղարաբաղի ինքնորոշման օգտին, ինչը չլսված բան էր ժամանակի կուսակցական խիստ հսկողության պայմաններում… Ուրեմն, ինչ-որ տեղ ինչ-որ բան թույլատրվում էր արդեն, ու թվում էր՝ բաղձալի հաղթանակը մոտ է. բավական է շարքերը է՛լ ավելի ստվարանան, «Միացում», «Ղարաբաղ» վանկարկումները բռնեն ողջ օդը, հնչեն է՛լ ավելի համոզիչ, բռունցքների անտառը տեսանելի լինի առավել հեռվից ու… Չէ՛, չեղավ տրամաբանականը, օրինականը, մարդկայինը… Եղավ դարերով փորձվածը… Թուրքը նույն թուրքն էր՝ կոմունիստ թե՛ կրոնամոլ…
Վլադիմիր Բալայանն առաջիններից էր, որ սկսեց պարտիզանական կամավոր ջոկատ հավաքել. սկզբում 6-7 հոգի էին, նրանց թվում էին եղբայրները՝ Արթուրն ու Ռոբերտը։ Անտառում հիմնեցին ռազմական պատրաստության բազա, հարկավոր էր զինվել, զենք հայթայթել, միջոցներ չկային, չկար ժամանակ. պետք էր պատրաստվել անհապաղ… Վլադիմիրը վաճառեց ավտոմեքենան, ու ստացված գումարով զենք ձեռք բերեցին, նաեւ սկսեցին զենքեր ստեղծել, որոնցից հայտնի է Վլադիմիրի ստեղծած թնդանոթը, բայց դա բավարար չէր. անհրաժեշտ էր պատրաստել մարտիկներին։ «Մեզ պարտադրված նահատակներ պետք չեն»,- ասում էր հրամանատարը, վստահում կամավորների ինքնագիտակցությանը, գրագիտությանը, հավատին, կամքին… Առաջնահերթը կարգապահությունն էր ու ամենօրյա հետեւողական մարզումները. ծխելն ու խմելը բացառված էին, պարապում էին նաեւ մարտարվեստներ՝ կարեւորելով զինվորի բարոյական կերպարը. երբեք թույլ չտվեց զենք գործածել անզենի վրա, ծաղրել ու անհարգալից վերաբերվել գերուն. ով չէր հնազանդվում սահմանված կարգին, իսկույն հեռացվում էր ջոկատից, ինչը հավասար էր պատվազրկության, իսկ Վլադիմիր Բալայանի զինակից լինելը ոչ միայն պատիվ, այլեւ քննության առարկա էր, անիմաստ թվաքանակը՝ խանգարիչ հանգամանք…
Սակայն շուտով ընտրյալների շարքերն ստվարացան. 1991 թ. ձմռանը Շահումյանում Բալայանը հանդիպեց Լեոնիդ Ազգալդյանին, եւ պայքարը միասնական դարձավ. նրանց ստեղծած «Ազատագրական բանակը» նմանը չունեցավ թե՛ իր կարգապահության մակարդակով, թե՛ մարտունակությամբ ու գրագիտությամբ։ Ոչ մի անգամ անփորձ զինվորը չնետվեց մարտի՝ անգամ ամենանեղ պահին. նա անպայման պիտի անցներ հրամանատարների դպրոցը, մասնակցեր պարապմունքների, թեկուզ եւ ամենաթեժ կռվի ընդմիջումներին. հանգիստը բացառված էր, հաշվարկը՝ ոչ թե զոհվելու, այլ կռվելու, հաղթելու, կյանքի՛ վրա, եւ պայքարի ողջ ընթացքում «Ազատագրական բանակը» ընդամենը չորս զոհ տվեց, 5-6-րդ զոհերը եղան հրամանատարներ Բալայանն ու Ազգալդյանը, ովքեր երբեք չլքեցին մարտադաշտը եւ միշտ եղան առաջապահ դիրքերում՝ պաշտպանելով ու ազատագրելով բազում բնակավայրեր՝ հավատալով, որ հերթը հասնելու է Արեւմտյան Հայաստանին…
Այո, որքան էլ իրավիճակը սթափ գնահատող ու գործնական, նրանց, այնուամենայնիվ, առաջ էր մղում նորին մեծություն ռոմանտիկան, քանզի հավատում էին նաեւ, որ իրենք միակը չեն, որ փայփայում են կորցրած երկիրը վերադարձնելու երազանքն ու հույսը… Վլադիմիր Բալայանը զոհվեց 1992 թ. հունիսի 9-ին՝ Չայլու գյուղի խրամատներում, երկու շաբաթ անց զոհվեց եւ Լեոնիդ Ազգալդյանը։ Վլադիմիրի գործն այսօր շարունակում է որդին՝ Ալեքսեյ Բալայանը, ով «Վլադիմիր Բալայան» կամավորական ջոկատի կամավոր է, ով երբեմն «չի ենթարկվում» վերեւից իջած հրահանգների եւ մարտական ընկերների հետ իրադրությունից բխող անհրաժեշտ քայլերի է դիմում՝ անտեսելով սեփական կյանքի անվտանգությունը, ինչպես որ 2020 թ. նոյեմբերի 1-ին մարտական ընկերների հետ գերեվարեց սիրիացի ահաբեկչի, ինչի համար բարեկամական նկատողության հետ արժանացավ եւ… «Մարտական խաչի» 1-ին աստիճանի։
Մեր լեգենդար հրամանատարների ստեղծած՝ «Ազատագրական բանակի» տիպարը համընդհանուր ռազմական ասպարեզ մտցնելը մեր սերունդների ուսերին է… Նրանց հոգատարությունն ու պահանջկոտությունը զինվորների հանդեպ, նրանց կրթելու, դաստիարակության գործի հիմքն ու սկիզբը՝ դպրոցական նստարանը…