Մոտենում է Մայրենիի օրը (փետրվարի 21), եւ այդ համատեքստում հաճելի է տեղեկանալը, որ ՀՀ նախագահի հրամանագրով «Մայրենի լեզվի պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Աշոտի ՄԻՐԶՈՅԱՆԸ պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով»: Այո՛, բարձր ու արժանի պարգեւ՝ խորհրդանշական օրվա նախօրեին:
Անվանի գիտնական-մանկավարժ Լավրենտի Միրզոյանը մեծ ներդրում ունի մեր երկրում մայրենիի անաղարտության ու պահպանության, լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակման ու իրականացման, տերմինաշինության, մատաղ սերնդի եւ երիտասարդության կրթության, դաստիարակության, գրահրատարակչության, հայ մամուլի զարգացման գործում: Մեծ է նրա վաստակը հայոց լեզվի մեթոդիկայի, հայ մանկավարժության պատմության հետազոտման գործընթացում: Առանձնահատուկ են լեզվաբանի ուսումնասիրությունները՝ նվիրված Մխիթարյան միաբանության երեւելի այրերին, մեր հայրենի ոստանին՝ Երեւանին, Տավուշի տարածաշրջանին, հայագիտության տարբեր շրջաններին:
Լավրենտի Միրզոյանը բազմաթիվ գրքերի, շուրջ 3000 հոդվածների, հարցազրույցների, մեկնաբանությունների հեղինակ է, խմբագրել է մոտ 4000 մամուլ, մշակել մի շարք տերմինների հայերեն համարժեքները: Թարգմանվել է՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, էստոներեն, ուզբեկերեն, քրդերեն, իսպաներեն: Վաստակաշատ մտավորականի ազգանվեր գործունեությունը գնահատվել է, եւ նա արժանացել է բազմաթիվ պարգեւների:
Նվիրյալ հայորդին այսօր էլ չմարող եռանդով ու ջանասիրությամբ շարունակում է իր շնորհակալ ու հայրենանվեր գործը, նախանձելի ջանասիրությամբ լավ գործեր ու նախաձեռնություններ կյանքի կոչում, ակտիվորեն մասնակցում հայրենասիրական ձեռնարկումների ու միջոցառումների: Պրպտուն ու ջանադիր աշխատանքը նրան միշտ կենսունակ, լավատես ու նախաձեռնող է պահում:
Խմբագրության կողմից.- «ՀՀ» օրաթերթի աշխատակազմը սրտանց միանում է Լավրենտի Միրզոյանին պետական բարձր պարգեւի արժանանալու առթիվ հղված բոլոր շնորհավորանքներին եւ անվանի լեզվաբան-մանկավարժին ցանկանում ամենայն բարիք, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: