Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նվիրված հերոսի հիշատակին

Փետրվարի 22, 2023
Սոցիում
Նվիրված հերոսի հիշատակին
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
656
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սերնդի ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր առողջությունը պետության ապագան կանխորոշող գործոններից կարեւորագույնն է»:

Սեւակ Խոյեցի

Երեւանում՝ «Աշխատանք» մարզադպրոցում («ՀԱՅԱՍՏԱՆ» մարզական միություն), տեղի ունեցավ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի կազմակերպած ազգային մարտարվեստի մրցաշարը՝ նվիրված նույն ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, մանկավարժ, մերօրյա անմահ հերոս Սեւակ Խոյեցու(Մնացականյան) հիշատակին։ Մինչ «Շվաքի» սաների ելույթները՝ հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ արցախյան բոլոր գոյամարտերում եւ ՀՀ սահմաններին նահատակված հայոց քաջորդիների։ Այնուհետեւ մշակութային մասով հանդես եկավ Ռուդիկ Հարոյանի անվան «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթը՝ Հայարփի Անանյանի եւ Լուսինե Մկրտչյանի գլխավորությամբ։ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Սեւակ Խոյեցու եղբայր եւ գործի շարունակող Մասիս Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ու շնորհակալագիր շնորհեց «Մասունք» խմբին, որի կազմում ժամանակին հանդես էր եկել նաեւ անմահության ճամփորդ Սեւակ եղբայրը։ Իրենց ելույթով ներկաներին ողջունեցին նաեւ «Շվաքի» մարմնամարզության խմբակի աղջիկ-սաները (գեղարվեստական ղեկավար՝ Ռիմա Մաթեւոսյան): Խմբակը ֆեդերացիայի նախագահի կողմից արժանացավ պատվոգրի՝ «Լավագույն ցուցադրական ներկայացմամբ հանդես գալու համար»։ Ցուցադրական ելույթ ունեցան նաեւ ֆեդերացիայի ազգային մարտարվեստի ավագ խմբի մարզիկները՝ արժանանալով ներկաների ծափողջույններին ու հիացական խոսքերին։ Ընթացքում Մ. Մնացականյանի կողմից պատվոգրով ու համապատասխան տեղերի մեդալներով պարգեւատրվեցին փոքր տարիքային խմբի՝ նախօրոք կայացած մրցույթում հաղթող տղաները եւ նրանց մարզիչ Արմեն Աբրահամյանը։ «Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Մեծ աշխատանք եք կատարել, եւ հավատում եմ՝ կլինի շարունակական ու առավել արդյունավետ»,- խմբակի մարզչին ու սաներին դիմեց Մ. Մնացականյանը։ Մարզիչ Արմենը նույնպես շնորհակալություն հայտնեց իր սաներին՝ լավ ներկայանալու համար, նրանց ծնողներին, որ վստահում են իրենց։ Հիշեց «Շվաքի» հիմնադիր Սեւակի խոսքերը. «Օտար մարտարվեստի ճյուղերը չեն կարող դաստիարակել եւ արդյունավետ փոխանցել իրենց դավանած աշխարհընկալումը: Մարտարվեստի գաղափարներն ու դավանած արժեքներն ընդունելու համար անհրաժեշտ է այդ ամենին հոգեհարազատ լինել: Հակառակ դեպքում բոլոր մարտարվեստները կդառնան «կռվելու արհեստ» եւ ոչ միայն չեն կատարի դաստիարակչական գործ, այլ նաեւ կվտանգեն մարդկային առողջ ու քաղաքակիրթ փոխհարաբերությունները»: Այնուհետեւ նա խմբի պատրաստած արձանիկ- հուշանվերը հանձնեց Մասիս Մնացականյանին՝ ի երախտագիտություն Սեւակի գործը շարունակելու եւ հարյուրավոր մեր երեխաներին մարզվելու հնարավորություն ընձեռելու համար։ Մասիսը հուշանվերը բարձր գնահատեց՝ համարելով այն բոլորի միասնական աշխատանքի արդյունք։

Հանդիսավոր մասից, ցուցադրական ելույթներից հետո սկսվեց բուն մրցույթը, որը տեւեց մի քանի ժամ։ Սկզբում հանդես եկան ցածր տարիքային խմբերի սաները՝ կարմիր եւ կապույտ սաղավարտներով ու ձեռնոցներով (մրցավար՝ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի մարզիչ Ալբերտ Գասպարյան)։ Մրցաշարի ավարտին ֆեդերացիայի կողմից պատվոգրեր հանձնվեցին աջակիցներին։ Մրցումները վարեցին նաեւ «Շվաքի» այլ մարզիչներ, նշված մարզաձեւի գիտակներ։

Սեւակ Խոյեցին ծնվել է 1988 թ. փետրվարի 6-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Հարազատների, ընկերների, ծանոթների շրջանում հայտնի էր իր մարզական ու ազգային մշակութային հաջողություններով, հայրենանվեր գործունեությամբ։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Հարություն Ստեփանյանը, Սեւակ Մնացականյանը (Սեւակ Խոյեցի) եւ Տիգրան Ավագյանը, ով մինչ պատերազմը բնակվում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում եւ ուսուցչուհի մոր միակ զավակն էր: Մեր ժամանակների՝ ազգային ու պետական մտածողության երիտասարդներից էր Սեւակ Բախշիի Մնացականյանը, ով կամավոր մեկնել էր առաջնագիծ եւ նահատակվելուց օրեր առաջ տեսաուղերձ էր հղել մեր ժողովրդին՝ նախազգուշացնելով՝ այսօրվան կհասնենք, եթե չլինի կազմակերպված ու համախմբված պայքար ընդդեմ թշնամու։

Մրցաշարին ներկա էին բազմաթիվ հյուրեր տարբեր բնագավառներից։ «Եղբորս՝ Սեւակ Մնացականյանի գերակա նպատակն էր բացահայտել եւ համախմբել ուժեղագույն մարզիկների ազգային ոգու, մտքի, գաղափարի եւ մշակույթի շուրջ,- զրույցի ընթացքում ասաց Մ. Մնացականյանը,- եւ մեր պարտքն է՝ իրագործել հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսի երազանք-նպատակ-ծրագիրը»: Դահլիճում հանդիպեցի քաշաթաղցի Նարեկ Աղախանյանին, որը մինչեւ վերջերս ընտանիքով բնակվում էր Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում եւ ստիպված տեղափոխվել է Երեւան։ Որդին՝ այժմ Երեւանի թիվ 11 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Հրայրը, նույնպես մասնակցեց մրցաշարին եւ 45 կգ քաշային կարգում գրավեց երրորդ տեղը։ Հայրն ասաց՝ Հրայրն ընդամենը 3 ամիս է, ինչ մասնակցում է պարապմունքներին եւ արդեն ունի հաջողություն։ Շնորհակալություն հայտնեց «Շվաք» ֆեդերացիայի նախագահին, մարզիչներին։ Մրցույթին ներկա Վլադիմիր Նիկողոսյանը, որը մշտապես հետեւում է «Շվաքի» գործունեությանը, նշեց. «Ոգեպնդիչ ու կատարյալ աշխատանք է կատարվում»: «Շվաքը»  համագործակցում է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի եւ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի (նախագահ՝ արցախյան պատերազմի հերոս Ոսկան Մարգարյան) հետ: Հիրավի, մեծ աշխատանք է կատարվում։ «Շվաքի» սաները հաճախ են նաեւ մասնակցում հայրենագիտական արշավների։ Ամենակարեւորը՝ հասակ են առնում, սնվում մերօրյա հերոսների ոգով։

Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Երկրորդ վայն անցաւ, եւ երրորդ վայը գալիս է շուտով»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist