158 տարի առաջ՝ փետրվարի 25-ին է ծնվել հայոց պատմության մեջ իր հավերժ տեղը բռնած ռազմական գործիչը՝ Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը, Անդրանիկ Փաշան։ Արեւմտյան Հայաստանը նրա օրոք դեռ հայաշատ էր, սակայն օսմանյան թուրքն անում էր ամեն ինչ՝ կամ ստրկացնելու հային, ինչը չէր ստացվում, կամ բնաջնջելու իր օրրանում։ Եվ այս չարիքի դեմ առնելու համար էլ նույն Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերում ստեղծվում էին ֆիդայական խմբեր։ Այդ ֆիդայիներից էր նաեւ Շապին Գարահիսարում ծնված Անդրանիկը, որի նախնիները դեռեւս 18-րդ դարում հարեւան Օզան գյուղից էին այստեղ բնակություն հաստատել։ Օզանյան ազգանունն ստացել է նախնիների ծննդավայրի անունով։
Ապագա զորավարն ընդամենը 1 տարեկան էր, երբ մահացել է մայրը, եւ եղբորը խնամել է ավագ քույրը՝ Նազելին։ 7 տարի՝ 1875-1882 թթ., սովորել եւ ավարտել է ծննդավայրի Մուշեղյան դպրոցը, աշխատել արհեստագործական խանութում։ Ամուսնացել է 17 տարեկանում, սակայն այս անգամ էլ դառը ճակատագիրը մեծ հետք է թողել ապագա հայդուկապետի վրա։ Ծննդաբերելիս մահացել է կինը, հաջորդ օրը՝ նորածին որդին։ Հետագայում, երբ Անդրանիկին հարցրել են, թե որոնք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գեւորգ Չաուշի։ 17 տարեկանում Անդրանիկը ձերբակալվում է թուրք ոստիկանին ծեծի ենթարկելու համար։ 1884 թ․, 2 տարի բանտում մնալուց հետո, ընկերների օգնությամբ փախել է եւ 2 տարի հաստատվել Կոստանդնուպոլիս քաղաքում՝ Թուրքիայի այն ժամանակվա մայրաքաղաքում, աշխատել ատաղձագործ։ Այնուհետեւ սկսվել է Անդրանիկի հեղափոխական, հայդուկային, զորավարական կյանքը։ Բազում հերոսական դրվագներ են հայտնի Անդրանիկի մասին։ Դեռեւս 19-րդ դարավերջին Անդրանիկն արդեն հայտնի էր իր հերոսությամբ։ Այդ ժամանակ անվանի հայդուկապետ Աղբյուր Սերոբին վերացնելու համար թուրք իշխանությունները, կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր, իմանալով նրա տեղը՝ չեն համարձակվել առճակատ փորձ անել` նրան գերեվարելու, այլ նրան վերացնելու համար դիմել են թունավորման զազրելի միջոցին։ Թուրք Խալիլի ոսկիների փայլից շլացած գեղաշենցի ռես Ավեն, հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ, մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան եւ հանդիպում գյուղի քահանա տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց «սեւ գործը»։ Սերոբը, չկասկածելով Ավեին, բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ 1899 թ․ նոյեմբերին արդեն թունավորված Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզանում: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը եւ գլխատվել: Կռվում զոհվել են նաեւ Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Վիրավորվել է կինը՝ Սոսե մայրիկը, եւ գերեվարվել։
Անդրանիկն ու Գեւորգ Չավուշը տեղեկացել են թունավորման մասին։ 1900 թ. ապրիլին Գեւորգ Չաուշը շենիկցի Մանուկի եւ Ղազարի հետ մտնում է Ավեի տուն եւ նրանից իմանում բոլոր դավաճանների անունները։ Սպանում են նրան ու ողջ ընտանիքին։ Հետո նրանք իրար հետեւից ոչնչացնում են մյուս դավաճաններին։ 1900 թ. նոյեմբերին Անդրանիկի, Գեւորգ Չաուշի, Մակարի եւ Գալեի հետ 25 հայդուկներ դարան են մտնում Մառիկի կիրճում, որտեղով պետք է անցներ Խալիլը։ Նա իր 40 զինված հեծյալների հետ էր։ Երբ հեծյալները բավականին մոտեցան, հայդուկները կրակ բացեցին։ Սատկեց Խալիլի ձին։ Ողջ մնացած Խալիլին խուզարկեցին եւ գտան 13 հայ դավաճանների անուններ։ Դրանից հետո Խալիլի գլուխը կտրեցին.
Անարգ թշնամուց վրեժ լուծեցին,
Խալիլ Փաշայի գլուխ կտրեցին,
Մատնիչ Ավեի ցեղը ջնջեցին:
1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկների խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք եւ նոյեմբերի 6-ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000-անոց զորքերը հարձակման են անցել, ինչը տեւել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի եւ Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջեւ։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից եւ սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը` պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը եւ բարձրացել լեռները։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական հրամանատարության կողմից Անդրանիկին հանձնարարվեց ձեւավորել եւ գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը, որն էլ նրա հրամանատարությամբ անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովն Անդրանիկի այդ ժամանակվա գործունեության համար ասել է․ «Ես միշտ հանձին Անդրանիկի՝ տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրեւ ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Իսկ ռուս հայտնի զորավար Յուդենիչն Անդրանիկի մասին ասել է` «խենթի պես քաջ է»։ 1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության եւ հայկական գնդի հաջողությունների համար Անդրանիկը պարգեւատրվել է Գեորգիեւյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիեւյան 4-րդ եւ 3-րդ աստիճանի խաչերով, Սբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի եւ Սբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ՝ 1915 թ. ապրիլի 15-18-ը, քաջաբար մասնակցել է Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին, ինչի շնորհիվ Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ 1918 թ. աշնանն Արցախում հարաբերական անդորրությունը խախտվում է։ Ջեմիլ Ջահիդ բեյի հրամանատարությամբ թուրքական մեկ բրիգադ եւ նրան կից այլ զորքեր Եվլախից շարժվում են դեպի Շուշի։ Արդեն իսկ սեպտեմբերի 26-ին թուրքական զորքերը մտան Շուշի։
Այս մասին Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում (Երեւան, 1993 թ., էջ 329) գրում է․ «Հոկտեմբերի 18-ին թուրքական մի զորամաս, տեղական թուրքերի եւ մի քանի հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը, բայց հանդիպեց հայ մարտիկների ուժեղ դիմադրության, ջարդվեց եւ ամոթահար փախավ հետ` հայերին թողնելով 2 թնդանոթ ու մեծ քանակությամբ պատերազմական ավար… Անդրանիկը, տեղեկանալով ղարաբաղցիների խնդրի մասին, շտապով պատրաստվեց եւ նոյեմբերի 16-ին շարժվեց դեպի Շուշի ու հասավ Ավդալլար գյուղ (ներկայիս Բերձոր.- Զ. Ը.)` Շուշիից 40 վերստի վրա։ Անդրանիկի հրամանի համաձայն` Դիզակի զինված ուժերի հրամանատար Սոկրատ բեգ Մելիք-Շահնազարյանը պետք է գրավեր Քիրսի ու Սաղսաղանի գագաթներն ու Թթու ջուրը, բայց փոխանակ այդ հրամանը կատարելու` նա անցավ քաղաքի մոտի Քարին տակ գյուղը եւ հարաբերության մեջ մտավ քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ, որը հակառակ էր Անդրանիկի արշավանքին։ Մելիք-Շահնազարյանը իր եւ Սոկրատ բեգի կողմից նամակ ուղարկեց Անդրանիկին եւ կանգնեցրեց նրա առաջխաղացումը։ Նույն ժամանակ հեռագիր հասավ զորավար Թոմսոնից, որը հրահանգում էր Անդրանիկին դադարեցնել կռիվները։ Դրա վրա Անդրանիկն առավ իր ուժերն ու քաշվեց Զանգեզուր։ Նրա հեռանալուց հետո, թուրքերը ոչնչացրին Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջեւ ընկած Հարար, Սպիտակաշեն եւ Պետրոսաշեն հայկական գյուղերը` ավելի եւս դժվարացնելով Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարաբերությունները»։
Անդրանիկը հայրենիքից հեռացավ դառնացած եւ հասնելով Թիֆլիս՝ ասաց․ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»: Սա էր հերոսի կյանքի ողջ նպատակը։ 1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։ 1921 թ. Զորավար Անդրանիկը ցանկացել է մտնել Կիլիկիա՝ այնտեղի հայերի ինքնապաշտպանությունն իր վրա վերցնելու եւ քեմալական Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Սակայն Ֆրանսիայի կառավարությունն արգելեց Զորավարի մուտքը Կիլիկիա։
Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թ. Փարիզում` Նվարդ Քյուրքչյանի հետ։ Նրանց «քավորը» եղել է Պողոս Նուբար Փաշան։ Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։ Անդրանիկը վախճանվել է 1927 թ. օգոստոսի 30-31-ին` ԱՄՆ Չիքո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից, եւ սեպտեմբերին թաղվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ եւ վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 թ․՝ Հայրենիք, Երեւանի Եռաբլուր պանթեոն։ «Եթե իմ ժողովուրդը կուզե մահես ետք պատիվ ընել ինձի, արձան չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր։ Թող կանգնեցնեն ավերակ դարձած Առաքելոց վանքը եւ այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինեն հայ մանուկներու համար։ Այս է իմ ամբողջ բաղձանքս եւ բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»,- ահա Զորավարի պատգամ-երազանքը, որը, ցավոք այսօր անհնար է, եւ պատգամն ուժի մեջ է: Այս առումով տեղին է Անդրանիկի մեծ հետեւորդ Հովհաննես Շիրազի խոսքը․
«Անդրանիկը հայոց թուրն էր՝
յաթաղանի սիրտը խրված,
Անդրանիկը՝ թուր-կայծակ էր՝
թուրք դաժանի սիրտը խրված:
Անդրանիկը՝ հույսի գարուն՝
Հայաստանի սիրտը խրված»:
Անդրանիկն ասում էր․ «Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն, մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը։ Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնվի։ Զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կտա եւ դիմադրության ոգի կստեղծի նրա մեջ…։ …Ես չհասցրեցի ավարտին հասցնել բոլոր իմ գործերը»: Հային ուղղված նամակում պատվիրում է․ «Վտանգն արդեն կամաց-կամաց ահավոր կդառնա։ Բնաջնջվելու ուրվականը մեր դռներուն առջեւ է չոքած եւ մղձավանջի նման կհալածե մեզ բոլորիս։ Վերջնական մահը սուրի նման կախված է գլուխնուս վրա, եւ մենք այս ահավոր ժամերուն դեռ թմրած ենք, դեռ անտարբեր կքնանանք։ Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկանաս, եթե քու Ավերակ հայրենիքի սեւ սուգը ունիս ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբաղդ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե եւ դիմե դեպի Հայրենիք։ Կռվելու ընդունակ հայ զինվորներ, անմիջապես վազեցեք, մտեք Ազատության եւ ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն։ Ես սոսկալով կտեսնեմ այդ սարսափելի վտանգը, որ կհրամայե ամբողջ հայ ժողովրդին սթափիլ եւ ազատել ինքզինքը ստույգ մահվանե։ Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը։ Ով չտեսներ մեր պաշտելի նահատակներու ստվերը» (1918 թ․ հունվարի 9)։ 100 եւ ավելի տարի առաջ զորավարի գրած նամակն այսօր էլ արդիական է։
Անդրանիկը մտերիմ է եղել Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի հետ։ 1916 թ․ նրանք հանդիպել են Թիֆլիսում, ժամանակ անցկացրել։ Թումանյանի դուստր Նվարդի ասելով՝ հայրն ուներ 2 հարազատ ընկեր՝ Ղազարոս Աղայանն ու Անդրանիկը։ Իսկ հայ նշանավոր արձակագիր, ստալինյան բռնության զոհ Վահան Թոթովենցը, ով զորավար Անդրանիկի մտերիմներից էր, նրա թիկնապահ-թարգմանիչը, իսկ 1917-1918 թթ. Թիֆլիսում խմբագրել էր զորավարի հրատարակած «Հայաստան» թերթը, նույնպես իր հուշերում գրել է մեր ժողովրդի մեծ զավակների մասին։ Հրաչիկ Սիմոնյանն իր «Անդրանիկի ժամանակը» գրքում ներկայացրել է Վ․ Թոթովենցի հուշերից եւս․ «Երկար խոսում էին այս երկուսը իրար հետ, բազմաթիվ անեկդոտներ, բարքեր, սովորություններ, ասացվածքներ, առակներ, հեքիաթներ էին իրար հաղորդում, մեկը` Լոռուց, մյուսը` Սասունից: Ի վերջո նրանք եկան այն եզրակացության, որ լոռեցիները սասունցիներ են եղել…»:
Մեկ այլ դրվագ. «Մի օր մենք ներս մտանք այն պահին, երբ Անդրանիկը պատմում էր ինչ-որ կռվի պատմություն: Թումանյանը կանգնած էր, մի ոտը դրած թախտի վրա, թեւերը բարձրացրած վեր, փայլուն, արծարծուն աչքերով լսում էր:
-Թուրս քաշեցի՜…,- ասաց Անդրանիկը եւ կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն՝ Ժամանակ էր տալիս, որ լսողն ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց եւ սկսեց գոռալ.
-Խփի՜ր, խփի՜ր…»:
…«Մի օր էլ էլի սեղանի շուրջը Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը եւ ինքը վերցրեց առաջին խոսքը:
-Սրանից քսան տարի առաջ,- ասաց Թումանյանը,- կար երկու նշանավոր բան` Խրիմյան Հայրիկը եւ իմ «Շունն ու կատուն»: Քսան տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա. իմ «Շունն ու կատուն» եւ Անդրանիկը։ Խմում եմ երկու նշանավորներից մեկի` Անդրանիկի կենացը: Բոլորն էլ սկսեցին ծիծաղել:
Անդրանիկն էլ ծիծաղեց: Անդրանիկը Թումանյանին պատասխանեց.
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանվոր բան՝ «Շունն ու կատուն». խմենք նրա կենացը»:
Սա ընդամենը փոքր տեղեկություն է Հայոց Մեծ Զորավարի մասին։
Պատահական չէ, որ Մեծ զորավարի մասին դեռ իր կենդանության օրոք, դրանից հետո բազում երգեր են գրվել։ Շատ գրողներ են անդրադարձել Անդրանիկի կերպարին։ Իհարկե՝ տարբեր ուժերի կողմից նաեւ նսեմացվել է զորավարի կերպարը, դերը, հատկապես 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի ժամանակ։ Սակայն Զորավարը մնում է ժողովրդի հիշողության մեջ։ Երբ փոքր էի, մորական պապս՝ Գեորգի Ալվանդյանը, պատմում էր՝ երբ Անդրանիկն իր զորքով ու գաղթականների խմբերով անցել է մեր գյուղով՝ Գեղարքունիքի Գեղհովիտով՝ Վարդենյաց լեռնացք ու Եղեգնաձոր հասնելու համար, անցել են ցանված արտերի միջով։ Պապիս մայրը, այլ գյուղացիներ մոտեցել են զորավարին եւ խնդրել, որ արտերը չտրորեն, եւ զորավարի հրամանով զորքն ու գաղթականները դուրս են եկել արտերից։ Նույն ժամանակ Անդրանիկի զորքին են միացել նաեւ գյուղացի երիտասարդներ։ Նրանցից Արշակը, որ հետագայում Անդրանիկի կողմից կոչվել է Գավուշա, ծառայել էր թիկնազորում։ Արդեն ծեր ու սպիտակահեր Գավուշան նույնպես պատմում էր զորավարի ու իր մտերմության մասին, ինչպես էր կտրել փախչող թուրքի գլուխը, որը կռվի պահին մոտեցել էր Զորավարին։
Եվ պատահական չէր նաեւ, որ Արցախյան գոյամարտի տարիներին ձեւավորված զորական ջոկատներից մի քանիսը կրում էին հերոսի անունը։ ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի կանոնադրությունը գործում է 2001 թ. հուլիսի 20-ից: Հայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջան գյուղում կառուցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրին է Հայաստանում։ Հուշարձանը տեղադրվել է 1967 թ. հունիսի 3-ի գիշերը՝ գաղտնի, քանի դեռ այդ օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայում էր։ Զորավար Անդրանիկի նույնիսկ անունը չէր հիշատակվում Հայոց պատմության դասագրքերում, որովհետեւ ազգային ազատագրման պայքարը սովետական տարիներին համարվում էր ազգայնամոլության դրսեւորում։ Բացման արարողությանը ներկա էին նաեւ Անդրանիկի զինակիցները։ 1969 թ․ երկրորդ հուշարձանի բացումը կայացել է Շիրակի մարզի սահմանամերձ Ոսկեհասկ գյուղում։ Հետագա տարիներին Անդրանիկին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում, Երեւանում եւ այլուր, ինչպես նաեւ արտերկրի տարբեր վայրերում։ 2022-ին Դավիթ Ստեփանյանը նկարահանել է «Անդրանիկը եւ Հայաստանի Հանրապետության ծնունդը» ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը կայացավ 2022 թ․ դեկտեմբերի 27-ին Երեւանում՝ Հայաստանի ճարտարապետների միության (Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տուն) դահլիճում։