Արցախյան շարժումը, որ բուռն թափ ստացավ 1988 թ. փետրվարին, մեր պատմության լավագույն դրվագներից է, մեր ժողովրդի զարթոնքի պահը։ Այս օրերին տարբեր հարթակներում, տարբեր կառույցների նախաձեռնությամբ տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված այս հերոսական պատմությանը։
Այդ շարժման արդյունքում, չնայած ծանր պատերազմից հետո, ազատագրվեցին ԼՂԻՄ-ը, պատմական Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների մի շարք գավառներ, որ 1920 թ. ԽՍՀՄ իշխանությունների անօրինական որոշմամբ հանձնվել էին նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությանը։ Ամենակարեւոր երեւույթներից էր նաեւ այն, որ թուրքական ցեղից մաքրվեց մեր երկիրը։ 1993 թ. դեկտեմբերի սկզբին, պատերազմը դեռ չավարտված, ազատագրված Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ նահանգների Քաշաթաղի, Կովսականի, Քաշունիքի, Վայկունիքի, Բերդաձորի եւ այլ գավառ-գավառակների տեղում ստեղծվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը, որը դարձավ Արցախ-Մայր հայրենիք կապող կամուրջը՝ մերանը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին, հետո էլ շրջկենտրոն Բերձորն ու Աղավնո գյուղն այդ կամրջի դերում էին, մինչեւ 2022 թ. վերջը։ Շրջանի վարչական կենտրոն Բերձորում 1997 թ. մայիսի 18-ին սկսեց գործել Քաշաթաղի երկրագիտական թանգարանը, որն ուներ 3 հիմնական ցուցասրահ՝ հնագիտական, պատկերասրահ եւ Փառքի սրահ։ Պատերազմի ժամանակ թանգարանի կարեւոր ցուցանմուշները տեղահանվեցին, եւ մի մասն այժմ հանգրվանել է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի Էրեբունու տարածքում։
Քաշաթաղի երկրագիտական թանգարանի 4 աշխատակիցներ, 2022 թ. հոկտեմբերին տնօրեն նշանակված, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ Մանե Թավադյանի հետ նույնպես այստեղ են աշխատում։ Օրերս Մանե Թավադյանի նախաձեռնությամբ, «Էրեբունի» թանգարանի եւ ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի աջակցությամբ, «Էրեբունի» թանգարանի Էրեբունի տարածքում կայացավ քննարկում՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։ Բանախոսությամբ հանդես եկան «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Քաշաթաղի շրջվարչակազմի հիմնադիր ղեկավար Ալեքսան Հակոբյանը, Հադրութի շրջանից շարժման առաջամարտիկ, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Հայրիյանը։ Ներկա էին Հադրութի ու Քաշաթաղի շրջաններից տեղահանված բնակիչներ, կրթության ու մշակույթի բնագավառների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Դիզակ ԱՐՏ» ՀԿ համահիմնադիրներ Երազիկ Ավանեսյանը, Գայանե Բուդաղյանը, հյուրեր։ Շարժման ակունքներում կանգնած պատմաբան Ալեքսան Հակոբյանը եւ Լ. Հայրիյանը տեղեկություններ տվեցին՝ ինչպես է ձեւավորվել «Ղարաբաղ» կոմիտեն, ինչ աշխատանքներ են իրականացրել, որ հասնեն հաջողությունների, եւ այլ հանգամանքներ։ Ճիշտ է՝ շարժման հիմնական տարին ու օրը համարում ենք 1988 թ. փետրվարի 20-ը (այդ օրն Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ու Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Հենց այդ օրը Երեւանում սկսվեց ցույց` ի աջակցություն արցախահայության), սակայն Արցախյան շարժումն ավելի հին պատմություն ունի՝ սկսած 1920-ից։ Դեռեւս 1987 թ. Լեռնային Արցախում եւ Հայաստանում ստորագրությունների զանգվածային հավաք էր սկսվել Լեռնային Արցախը ՀԽՍՀ տեղափոխելու պահանջով, որը նրա կազմակերպիչներն անվանեցին «հանրաքվե»։ Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը ստորագրություններ, նամակներ եւ պահանջներ հանձնեց Մոսկվա՝ ԽՍՀՄ Կենտկոմ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ խորհրդային իշխանություններին ուղղված կոչով հավաքվել էր 75-80 հազար ստորագրություն։ Այդ պատվիրակությունները գլխավորում էր Իգոր Մուրադյանը, որը չնայած հայախոս չէր, սակայն աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ, գիտական մտքով, կազմակերպմամբ։ Տեղեկացվեց, որ նամակներում մեր հայրենակիցները նաեւ Նախիջեւանի հարցն էին բարձրացնում։ Լ. Հայրիյանը տեղեկացրեց, որ դեռեւս 1940 թ. Արցախում եղել է ըմբոստացում, սակայն ինչպես ընդունված էր՝ խորհրդային ղեկավարությունը, այն էլ Ստալինի օրոք, թուրքերի կողմում էր։ 1965 թ. դպրոցի թուրք տնօրենը դաժանաբար սպանել էր հայ դպրոցականին։ Դատարանը, որ եկել էր կենտրոնից, դարձյալ կողմնապահություն էր արել։ Դրանից հետո Ստեփանակերտում ժողովուրդը փակել էր հանցագործին տեղափոխող մեքենան, շուռ տվել եւ այրել՝ սատկացնելով թուրքին։ Այս անգամ էլ կենտրոնը թուրքերի շահը պահեց, եղան ձերբակալություններ, վրիժառուներից գնդակահարվեցին։ Պատմեց 1988 թ. Հադրութի շրջանում կազմակերպված առաջին ցույցերի ու հանրահավաքների մասին։ Հայրիյանը կարեւորեց Իգոր Մուրադյանի դերը, ով դեռ 1986-ին Երեւանից ժամանած Վազգեն Մանուկյանի («Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԵՊՀ դասախոս) հետ Արցախի տարբեր վայրերում հանդիպել էր բնակչության հետ, ներկայացրել հետագա անելիքները, թռուցիկներ տարածել։
Ելույթներից հետո ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, եղան քննարկումներ։ Շարժումը կարեւորեցին «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ԿԳՄՍ բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը։ Տողերիս հեղինակն անդրադարձավ 88-ին մեր ժողովրդի միավորմանը, զարթոնքին, մայիսի 25-ին ուսանողների կազմակերպած նստացույցին։ Մ. Բադալյանն անդրադարձավ նաեւ վերջին պատերազմի պատճառով Շուշիի գորգերի ու Քաշաթաղի երկրագիտական թանգարաններից տեղահանված ու Երեւան տեղափոխված նմուշների խնդրին։ Տեղեկացրեց, որ «Էրեբունի» թանգարանում կազմակերպել են Շուշիի թանգարանի գորգերի ցուցադրություն, որն ունեցել է շուրջ 15 000 այցելու։ Ինչ վերաբերում է Քաշաթաղի երկրագիտական թանգարանի ցուցանմուշներին, դրանցից 30-ը վերականգնվել են իրենց լաբորատորիայում, կազմակերպվել է ցուցադրություն։ Կա ծրագիր, որ առանձին անկյուն հատկացվի Քաշաթաղի երկրագիտական թանգարանին։ Քննարկումն ավարտվեց հույսով՝ կրկին ոտքի կելնի հայ ժողովուրդը, եւ հետ կբերենք գերված հայրենիքը:
Վ. Ը.