«Մենք իրավունք չունենք Արցախին նայելու այնպես, ինչպես Մասիս սարին ենք նայում».
Հեղինե (Ջեմմա) Հովհաննիսյան, ազատամարտիկ
Նա հայրենիքը սիրում է բանաստեղծորեն, բայց դա չի խանգարում այն պաշտպանելու համար զենք վերցնել, իսկ զենք վերցնելը հենց այնպես չի լինում. անհրաժեշտ է տիրապետել ու կռվել հաղթելու վճռականությամբ՝ հայրենիքի մեծ սերը սրտում, իսկ հայրենիքը ինը քույրերն են, եղբայրը, ծնողները, հարազատներն ու մտերիմները, կորցրած ու չկորցրած հողն ու ջուրը։ Մեծ եղեռնից մի կերպ փրկված, վանեցի հոր կարոտը ժառանգած դուստրը մանկուց էր կրթվել արիությամբ։ Երազում էր կորուսյալ հայրենիքի մասին, երբ 1988-ին մահաբեր ամպերը կախվեցին Արցախի վրա. կամավորագրվեց առանց վարանելու… Սկիզբը դժվար էր. չկար զենք-զինամթերք, կռվելու հմտություն… Որսորդական հրացաններ էին, բայց վախ էլ չկար թշնամուց ու պատերազմից…
Շատ դեպքերում մենակ էր դուրս գալիս թշնամու դեմ. իրադրությունն ստիպում էր ակնթարթային վճիռներ կայացնել ու իրագործել առանց հրամանի սպասելու. մի հայրենիք կորցրել էր արդեն, մյուսին պետք էր ատամներով պահել… Կռվում էր՝ շրթներկը գրպանում, երգը՝ շուրթերին. զենքն ու ուժը իրենց տեղն ունեն, հնարամտությունն ու ճարպկությունը՝ իրենցը։ Ամենաթանկ՝ Արցախի կոմիտեի շնորհած՝ «Արիության համար» մեդալը վաստակեց, երբ զորքը հանեց շրջափակումից. կարեւորը մեդալը չէր, այլ զորքի փրկությունը. հենց դրանով էր մեդալը թանկ Հեղինեի համար. լավագույն հիշողություններից մեկը, որով անկեղծորն կիսվում է «Հայերն այսօր» պարբերականին տարիներ առաջ տրված հարցազրույցում։ Թուրքի տիրապետությունից ու յաթաղանից հրաշքով խույս տված, Մոսուլով, Բաղդադով, Դեր Զորի անապատներով մի կերպ Հայաստան հասած հարազատները մայրենիի հետ նաեւ թշնամու լեզուն էին բերել ակամա, ու Հեղինեն հենց այդ լեզվով էլ խաբեց թշնամուն՝ թուրքերեն երգելով. «Ինձ չկրակեք, ես թուրքի աղջիկ եմ». ու թշնամին խաբվեց, իսկ զորքը կարողացավ դուրս գալ շրջափակումից։ Երբեք չհուսահատվել ու չզիջել թշնամուն, ու Հեղինեն մեկ անգամ չէ, որ ռիսկայնությամբ «վա բանկ» է գնացել՝ դեմ առ դեմ, առանց զենքի` միայնակ դուրս գալով թշնամու զորքի դեմ՝ սեփական կյանքի խաղադրույքով։ Այդպես եղավ եւ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ։ Զինամթերքը սպառվել էր, օգնություն ստանալու համար ժամանակը չէր ներում. անհրաժեշտ էր թշնամուն ինչ-որ կերպ զսպել, շեղել ուշադրությունը, եւ Հեղինեն՝ ոչ այս, ոչ այն, դուրս թռավ խրամատից, սկսեց երգել ու պարել. անակնկալը մոռացրեց թշնամուն իր ով եւ ուր լինելը… «Զանգեզուր» ֆիլմը տեսածները լավ կհիշեն ժայռի վրա Արմենի պարելու տեսարանը, երբ հակառակորդը՝ զենքը վայր դնելով, հիացմունքով ծափահարում էր նրան… Կինո էր, բայց մեր կյանքն էլ կինո է, մանավանդ երբ բանը հասնում է լինել-չլինելուն… Շուտով մոտակա դիրքերից ջոկատը զինամթերք ստացավ։
Տպավորություն չստացվի, թե Հեղինեն անխոցելի էր կամ մի Խոտաբիչ մոտակայքում կախարդություն էր անում նրա համար։ «Արծիվ-30» գումարտակի հրամանատարը մարտադաշտում վիրավորվել է առնվազն երեք անգամ ու ամեն անգամ հոսպիտալից դուրս գրվելուց հետո կրկին նետվել մարտի։ Մինչեւ հիմա էլ ողնաշարի բեկորներն իրենց զգացնել են տալիս, 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց՝ անկախ ամեն ինչից ու առաջացած տարիքից, պատրաստ է կռվել ցանկացած մարտում եւ վստահեցնում է. «Ես եթե հարյուր տարեկան էլ դառնամ, իմ ձեռքերը չեն դողա թշնամու վրա կրակելուց»։ Հայրենիքն ու բանակը սրբություն են Հեղինեի համար։ «Եթե անհրաժեշտություն լինի, ես իմ կիսակառույց տունն էլ բանակի համար կվաճառեմ»,- ասել է վերոհիշյալ հարցազրույցում։ Ու թեեւ Հեղինե Հովհաննիսյանը տղամարդկանց հետ հավասար 1988-1994 թթ. առանձին կամ 5-րդ կամավորական բրիգադի (վաշտի հրամանատար) կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Արարատի (Տիգրանաշեն, Երասխ) եւ Արցախի Հանրապետության Մարտակերտի (Գետավան, Վաղուհաս. Մաղավուզ, Հակոբ Կամարի եւ այլն), Վարանդա (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, այնքան էլ կողմ չէ պատերազմի դաշտում, հատկապես առաջնագծում, կանանց ու աղջիկների մասնակցությանը, քանի որ զոհվելու հետ կա նաեւ գերի ընկնելու վտանգը, իսկ դա զոհվելուց վատ է, ու ինքն էլ շատերի նման մի ազատ պարկուճ է պահել իր համար՝ բացառելու գերության հանձնվելու ստիպողականությունը։ Ու թեեւ, ինչպես ինքն է ասում՝ թիկունքում էլ կանանց համար շատ գործ կա անելու, դեմ չէ նրանց մարտական պատրաստվածությանը. թշնամին ուր ասես՝ կարող է հայտնվել…
Մարտի 10-ին ազատամարտիկ, ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993) Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյանի ծննդյան օրն է. մաղթենք, որ կատարվի նրա երազանքը եւ, ինչպես ինքն է արտահայտվել չափածոյով, գնա-հասնի մինչեւ Վան, հոր եկած գաղթի ճամփով, Անին զարթնի խոր քնից…
Եվ խոսեի ես հայերեն
Եվ պատմեի քարերին՝
Ախր, ես իմ վրեժն առա
Էս ոխերիմ թուրքերից: