Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

…Ու մնացին հավերժ զինվորներ

Մարտի 22, 2023
Սոցիում
…Ու մնացին հավերժ զինվորներ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
264
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2015 թ. մարտի 19-ին հայկական շատ լրատվամիջոցներ տեղեկացրին, որ «Մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս՝ ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995 թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995 թ.): Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ՝ Էդգար Մարտիրոսյանը, Սարգիս Գաբրիելյանը, Գոռ Դարմանյանը եւ Սամվել Հակոբյանը, վիրավորվել են»: Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց եւ նույնպես դարձավ… հավերժի ճամփորդ: 

Արդեն 8 տարի է անցել, սակայն նահատակ տղաների ցավը չի մեղմացել, Հայոց բանակի «Եղնիկներ» լեգենդար զորամասի հետախուզական դասակի մարտիկների հերոսությունը չի մոռացվել։ Օրերս հանդիպեցի այս հերոսամարտի մասնակից եւ ծանր վիրավորում ստացած, փառք Աստծո, ապաքինված Գոռ Դարմանյանի հետ, ով հիշողություններ պատմեց իր մարտական ընկերների՝ նահատակ ու ողջ մնացած հերոսների մասին։ Գոռ Հրաչյայի Դարմանյանն այդ մարտից հետո երկար ժամանակ բուժվեց ու ծանր վիճակից դուրս եկավ։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Արիություն» մեդալի, իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Գոռին ճանաչում եմ Բերձորից. ծանր վիրավորում ստանալուց ու ապաքինվելուց հետո նա ԵՊՀ ուսանողների հետ մասնակցում էր ծառատունկի։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, ով Քաշաթաղի շրջանի կազմավորման սկզբից հիմնել էր «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, հաճախ նաեւ ծառատունկ էր կազմակերպում Արցախում, հատկապես՝ Բերձորում։ 2017 թ. հոկտեմբերի 29-ին հերթական ծառատունկին մասնակցում էր նաեւ Գոռը, ով մինչ Բերձոր հասնելը հասցրել էր բարձրանալ իր զորամաս։ Մասնակցում էին նաեւ ուսանողներ Շուլի Հակոբյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Գեւորգ Մանուկյանը, ովքեր Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիրներ են։ Գոռի պատմածները, թվում է, գեղարվեստական գրքից էին, սակայն իրողություն են, որ կատարել են այդ հերոսական օրն ինքն ու իր ընկերները։ Ցավով ու ինչպիսի կարոտով է հիշում մարտական ընկերներին՝ Հակոբին, Էդուարդին, Արշակին ու Սամվելին։

Այդ օրը տեղեկացվել է, որ թշնամու կողմից դիվերսիա է սպասվում։ Հետախուզական իրենց դասակը՝ 10-11 հոգի, պետք է դիրքավորվեր այն վայրում, որտեղից հնարավոր էր թշնամու թափանցումը։ Մինչ իրենք հասել են նշված վայրը, թշնամու 30-35 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատն արդեն տեղում է եղել, եւ 2 կողմից սկսել են կրակել իրենց դասակի ուղղությամբ։ Սկսվել է անհավասար մարտ, սակայն մեր տղաները ցուցաբերել են մեծ քաջություն ու մոտ 2 ժամ պայքարել։ Պատմում է իրենց դասակի հրամանատար, լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանի մասին։ Թշնամու զինվորները մոտ են եղել եւ նռնակ են շպրտել մեր տղաների ուղղությամբ։ Սարգիսը հասցրել է բռնել դրանք ու հետ շպրտել։ Այնուամենայնիվ, 1-ը պայթել է հերոսի ձեռքում, սակայն ծանր վիրավոր վիճակում էլ շարունակել է կռվել քաջորդին։ Այժմ Սարգիսը, ով այդ մարտում կորցրել է ձեռքը, ցուցաբերած արիության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ այլ պարգեւներով, ավագ լեյտենանտի կոչումով ծառայում է Հայոց բանակում։  Մարտի ընթացքում Հակոբ Խաչատրյանը, ով եղել է գնդացրորդ, այնքան էր կրակել, որ շիկացել էր գնդացրի փողն ու վառել հերոսի ձեռքը։ Շիկացած փողով գնդացիրը ձեռքին էլ նահատակվել է հերոսը։

Պատմում է Գոռն իր ընկերների մասին. տարբեր զորակոչից են եղել, սակայն իրենց դասակի բոլոր անդամները դարձել էին հարազատ, ճանաչում ու վստահում էին միմյանց։ Եվ այդ վստահության շնորհիվ հաճախ էին կարեւոր հանձնարարություններ կատարել ու անվնաս վերադարձել։ Մարտական ընկերներից Գեւորգ Արշակյանի հետ ուսանել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում եւ միասին էին բանակ գնացել։  Իսկ այդ օրը թշնամու հարձակման նպատակն էր գրավել մեր մի քանի դիրք եւ մնացած հենակետերն անջատել իրարից, խափանել կապը միմյանց միջեւ։ Այս նպատակով էր թշնամու հրամանատարությունը գործողության ուղարկել, ըստ լուրերի, Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների, ովքեր այդպես էլ չկարողացան հաղթել իրենցից եւ՛ թվով պակաս, եւ՛ ավելի անփորձ մեր հերոսներին։ Թշնամու մոտ 20 ասկյար սատկել էին նույն մարտի ընթացքում, մնացածին վերացրել էին օգնության հասած մեր մարտիկները։ «Էդոն մեր ջոկի հրամանատարն էր ու դիպուկահարը,-հիշում է Գոռը ու լռում մի պահ,-հերոսաբար մարտնչեց ու ընկավ՝ մի քանի տեղից խոցված»։

Հիշում է՝ վիրավորվել էին նաեւ Ռաֆոն, Օնիկը, Ժիրոն… Ծանր վիրավորում էր ստացել նաեւ ինքը, ու երկար ժամանակ պահանջվեց, որ ապաքինվի։ Նահատակ տղաներից Հակոբ Խաչատրյանին ճանաչել եմ 2000-ից, երբ Գագիկ Խաչատրյանը կնոջ, 2 դուստրերի եւ Հակոբ որդու հետ գալով ՀՀ Արարատի մարզի Դվին գյուղից՝ բնակություն հաստատեց Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում, որը փռված է շրջանի մայր գետ Հակարիի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ: Այստեղ հասակ առավ Հակոբը, սկզբում սովորում էր հարեւան Վարդանանց գյուղի դպրոցում, այնուհետեւ՝ Աղաձորի։ Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում, հաճախ էի այցելում դպրոցներ, նաեւ Վարդանանցի ու Աղաձորի։ Հակոբն աչքի էր ընկնում ուսման մեջ, արտասանում էր… Շրջանում, Ստեփանակերտում հաճախ էին կազմակերպվում ինտելեկտուալ խաղեր, մարզամշակութային այլ միջոցառումներ, եւ Աղաձորի թիմը մշտական մասնակիցների եւ հիմնականում հաղթողների թվում էր։ Իսկ թիմի հիմնական առաջատարը Հակոբն էր։ Բարձր առաջադիմությամբ ավարտեց գյուղի միջնակարգը եւ ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ: Նպատակն էր ավելի բարեկարգ դպրոց հիմնել իր գյուղում։ Հայրենի պատմությունը լավ իմացող Հակոբը դարձավ զինվոր ու մարտիրոսվեց հերոսաբար։ Նրան հուղարկավորեցինք հարազատ Աղաձորում, չնայած հոր հարազատները դեմ էին, ցանկանում էին տեղափոխել Դվին։ Հայրը չհամաձայնեց. թեկուզ նահատակ, որդին պետք է շարունակեր սահմանապահի իր պարտականությունը։ Եվ Խուստուփի դիմացի գրեթե միշտ կանաչ ցածր սարալանջին՝ հարազատ դպրոցի մոտ, հիմք դրվեց Աղաձորի հանգստարանին։ Սրբավայր էր Հակոբի շիրիմը, որի մոտ հայրը որոշել էր մատուռ կառուցել։ Սակայն եղավ 2020-ի 44-օրյա պատերազմը, եւ կրկին գերության մեջ մնաց Քաշաթաղի ողջ շրջանը՝ Աղաձորով հանդերձ։ Գերության մեջ մնաց նաեւ Հակոբի շիրիմը։

Էդուարդ Հայրապետյանը ծնվել եւ հասակ է առել Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում։ 2012 թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկ տարի անց զորակոչվել Հայոց բանակ՝ ծառայելով որպես հետախույզ-գնդացրորդ: Պատմում են՝ սիրով ու հպարտությամբ էր ծառայում, գնդացիրն իր հետ էր մշտապես։ Արշակ Հարությունյանը ծնվել է ՌԴ Ռոստովի մարզի Վոլգադոնսկ քաղաքում, կես տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց հայրենիք։ Երեւանի թիվ 64 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի թիվ 9 արհեստագործական ուսումնարանի խոհարարության բաժին: Փոքր տարիքից սպորտով է զբաղվել: Ընկերասեր, նվիրված, միշտ պատրաստ օգնել նրանց, ով կունենար իր կարիքը, նպատակասլաց ու ուժեղ կամքի տեր էր: 2013 թ. զորակոչվել է պարտադիր զինծառայության, 2 ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Ծառայության ժամանակ դիվերսիաներ հետ մղելու, լավ ու նվիրված ծառայելու համար մի շարք պատվոգրեր ու խրախուսական արձակուրդ է ստացել: Մայրը՝ Ջավահիրը, ով կրտսեր որդու՝ 28-ամյա Երվանդի հետ այժմ բնակվում է Երեւանում, աշխատում հոսպիտալում որպես բուժքույր, ասաց՝ որդին ծնվել է մարտի 15-ին։ Այդ օրը զորամասում նշել էին նրա 20-ամյա տարեդարձը, եւ բարձր տրամադրությամբ հաջորդ օրը բարձրացել էր դիրքեր։ Որպես զինվոր՝ լավ է ծառայել եւ մինչ նահատակվելը զորամասի հրամանատարության կողմից արժանացել պարգեւների՝ կրծքանշաններ, պատվոգրեր, շնորհակալագրեր։ Որդուն հուղարկավորել են Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Պատմեց՝ վերջերս որդու զինակից ու միասին նահատակված Հակոբի հարազատներն այցելել են որդու շիրիմին եւ ծաղիկներ խոնարհել նաեւ ի հիշատակ Հակոբի, քանի որ նրա շիրիմը մնաց գերության մեջ։

Սամվել Հակոբյանը ծնվել է Արարատի մարզի Արեւաբույր գյուղում: 2013 թ. զորակոչվել է Հայոց բանակ։ Սիրում էր սպորտով զբաղվել, մի շարք մեդալների է արժանացել այդ ոլորտում, նկարում էր, նաեւ ստեղծագործում: Հումորով, անչափ բարի, նվիրված, ընկերասեր ու հարգանքով յուրաքանչյուրի նկատմամբ, բայց այս ամենի հետ մեկտեղ նա օժտված էր մեծ հայրենասիրությամբ: Ծանր վիրավորում ստացած քաջորդին, ցավոք, չապաքինվեց ու մեկ շաբաթ անց «միացավ» իր 3 ընկերներին, եւ միասին այժմ հոգով մեզ հետ են՝ հավերժ հայրենիքի պաշտպան ու զինվոր։ Արշակը, Սամվելը, Հակոբը, Էդուարդը ծառայության ժամանակ հաճախ են կասեցրել թշնամու՝ հայոց սահման ներթափանցելու փորձերը, իսկ 8 տարի առաջ՝ 2015 թ. մարտի 19-ի մարտը ճակատագրական էր ու վերջինը նրանց երիտասարդ ու երազանք-իղձերով լեցուն կյանքում:

Այդ օրը հերոսաբար մարտնչած նահատակ ու ողջ մնացած մեր քաջորդիները պարգեւատրվել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահների «Արիության համար» մեդալներով, այլ պարգեւներով:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist