Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Շնորհավոր ծնունդդ, հայոց դյուցազնասիրտ «ծերուկ»

Մարտի 24, 2023
Սոցիում
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
562
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կան անուններ, որոնց վերհիշելիս կամ հանդիպելիս, հոգուդ խորանում կրկին ու կրկին սկսում է բոցկլտալ ազգային արժանապատվության անթեղված կրակը, տեսիլվումխլված-կորսված աստվածաշնչյան էրգրիդ դրախտային պատկերը, կիզակետվում մահվան դատապարտված քարավանների անվերջանալի շարանն ու նրանց ողբերգական վախճանը: Սակավ են նման անհատները, որոնց ծնունդը, կյանքի ոդիսականն ու արարքները նման են առասպելի: Այդ կերպ է ինձ պատկերանում էրզրումցի «ծերուկ խենթը»՝ Գուրգեն Յանիկյան խնկելի անուն ազգանունով: Նա, որի եւ իր  մոր աչքերի առջեւ հայրական տան մեջ թուրքը մորթել էր հարազատ եղբորը՝ Հակոբին, իսկ իրենք փրկվել էին հրաշքով: Փրկվել էր վեցամյա Գուրգենը, որ, Աստծո կամոք ու Նեմեսիսի հրամայականով 1973 թ. հունվարի 27-ին լուծի յաթաղանված իր ժողովրդի, իր սիրասուն եղբոր անժամանցելի վրեժը՝ այդ կերպ քարսիրտ մարդկությանը վերհիշեցնելով թուրք պետության գործած հայոց սպանդը 1915-ին, լռության մատնված Հայկական հարցը եւ բորբոքելով վրիժառության ու վերարթնացումի կրակը նոր սերնդի հոգում: Եվ  վերհիշեցրեց, երբ արդեն 80-ի շեմին էր՝ 78 տարեկան: Իսկ թե ինչպես՝ այդ մասին իր «Բանտարկյալի ձայնը» մեծարժեք հուշագրությունում հանգամանորեն գրել է ինքը՝ ամերիկյան բանտերում ցմահ դատապարտության մատնվածության օրերին: Գիրք, որը լուսաշխարհ եկավ՝ շնորհիվ ազգային ջիղով տրոփուն սքանչելի գրքերի հեղինակ Կարո Վարդանյան բարձր մտավորականի:

Օրվա խորհրդին ընդառաջ՝ ընթերցողին ենք ներկայացնում «ԱՍԱԼԱ»-ի հոգեւոր հոր հուշագրության առանցքային գրառումներից մեկ-երկու հատված:

«…Տեսիլքն ինձ հասցրել էր Էրզրումի մեր տան ախոռը, որտեղ ես, մայրիկիս սեղմված, փայտե պատի ճեղքից հետեւում էի, թե ինչպես է եղբայրս ձեռքով փորում դռան հետեւի հողը: «Գտա, մայրիկ»,- ձայն տվեց նա՝ երկու ձեռքով դուրս քաշելով տուփը: «Փառք Աստծո»,- մայրիկիս շշնջալն ու ախոռի դուռը բացվելը մեկ եղան: Նույն պահին երկու թուրք գազան ներս մտան ու սկսեցին եղբորս մորթել… Մայրս ափով սեղմում էր բերանս, որ չգոռամ… որ չմատնեմ մեզ…»:

«…Պայմանավորված ժամին մի մեքենա երեւաց, որի վրա երեւացող փոքրիկ տաջկական դրոշից հասկացա, որ հյուրերս ժամանել են:

Ծանոթ էի միայն հյուպատոսի օգնականին, հյուպատոսի հետ չէի հանդիպել, բայց հեռախոսով մի քանի անգամ զրուցել էինք: Դիմավորեցի: Գլխավոր հյուպատոսը, ձեռքերը պարզած, «Աղաե Յանի Խան» կանչելով՝ համարյա փաթաթվեց ինձ:

-Ի՜նչ սքանչելի օր է, իզուր չցանկացաք, որ մեր տիկինների հետ գայինք, ու նրանք էլ վայելեին մեր այս հանդիպման հաճույքը:

Թոթովելով նրանց ձեռքերը, պատասխանեցի.

-Տիկինները թող ներեն ինձ, որ հին սովորույթների մարդ եմ եւ այլ անձանց չեմ խառնում իմ գործերին: Բայց խոսք եմ տալիս, որ մի երեկույթ եմ կազմակերպելու ու ձեր տիկիններին էլ հրավիրելով՝ կավալերություն եմ անելու նրանց, եթե, իհարկե, ծերունիս չի հարուցի ձեր խանդը:

-Ինչ խանդ, Աղաե Յանի Խան, մենք հիմա բարեկամներ ենք եւ գուցե միասին Անկարա գնանք: Իմ տան դուռը հիմա բաց է ձեզ պես բարեկամի առաջ:

Այսպես խոսելով ու իրար քաղցր խոսքեր շռայլելով՝ մտանք իմ վարձած բունգալոն: Նայելով չորս կողմը, գլխավոր հյուպատոսը ժպտալով ասաց.

-Տեսնում եմ, Աղաե Յանի Խան, կյանքի արժեքը լավ գիտեք ու գիտեք ինչի վրա ծախսել դրամը:

Պատասխանեցի նույնպիսի ժպիտով.

-Ճիշտ եք, եւ այդ սովորությունը հայրիկիցս եմ ժառանգել, որը, ի դեպ, դա Տաճկաստանում է յուրացրել:

-Է՜,- բացականչեց նա,- ուրեմն ձեր սերը դեպի մեր երկիրը դեռ ձեր հայրիկից է սկսվել:

-Այո, բարեկամս… անչափ մեծ սեր, որը նա հնարավորություն չուներ դրսեւորելու…

Նա խոսքս կտրեց.

-Եվ իր արժանի զավակն ուզում է հոր մեղքերը քավել:

Բոլորս ծիծաղեցինք:

Գլխավոր հյուպատոսին առաջարկեցի նստել լայն բազկաթոռին, օգնականին էլ՝ նրանից ոչ հեռու, որպեսզի երկուսին էլ դիմացս ունենամ: Հայտնեցի, որ այս սենյակում նախատեսել եմ միայն պաշտոնական ընդունելությունը՝ շամպայնով, իսկ հաճելի երաժշտությամբ նախաճաշը կտրվի հյուրանոցում:

Գլխավոր հյուպատոսը գրպանից մի կարմիր տուփ հանեց, բացեց ու ցույց տվեց մի գեղեցիկ շքանշան, որի մեջտեղում ճերմակ էմալով պատկերված էր կիսալուսինը:

-Սա է այն գնահատականը, որ մեր երկիրը որոշել է տալ ձեզ: Խնդրեմ, զարդարեք ձեր կուրծքը, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչպիսի պատվի եք արժանացել մեր կառավարության կողմից:

Շքանշանը հանձնեց ինձ ու շարունակեց.

-Իսկ սա հրամանն է, որտեղ գրված է, թե ինչի համար եք արժանացել նման պատվի:

Հանդիսվորապես կարդաց հրամանը, դա եւս տվեց ինձ ու հարցրեց.

-Իսկ ո՞ւր են ձեր խոստացած նկարն ու այն տաջկական դրամը:

Նրան հանձնեցի տաջկական թղթադրամը, որը թանգարանային մեծ արժեք ուներ, քանի որ 1930 թվականից ի վեր դրա վրա հավաքել էի տասնյակից ավելի հայտնի մարդկանց ստորագրություններ՝ սկսած Ռեզա շահից մինչեւ հետագայում գնդակահարված մի հայտնի թուրք հեղափոխական:

Երբ թղթադրամը գրասեղանի վրայից վերցնում էի, որ տամ հյուպատոսին, դրա հետ միասին վերցրեցի նաեւ «Հու իզ հու» տարեգիրքը, որի մեջ «Պարչաբելում» ատրճանակն էր: Իբր զբաղված էի հրամանը կարդալով, բայց ուշադրությունս նրանց կողմն էր: Երկար զննելով թղթադրամը, հյուպատոսն ասաց.

-Յանի Խան, հապա ո՞ւր է ձեր ստորագրությունը:

Գրպանից հանեց գրիչն ու առաջարկեց ստորագրել: Դրամը դրեցի տարեգրքի վրա, վրան անգլերենով գրեցի իսկական ազգանունս ու վերադարձրեցի: Ավանակներն ուշադրություն չդարձրեցին, քանի որ շատ էին ուզում տեսնել խոստացածս մյուս նվերը՝ ժամանակին սուլթան Համիդի սենյակը զարդարած կտավը: Ասացի, որ նախքան նկարը հանձնելը, ասելիք ունեմ «թանկագին» հյուրերիս:

…Ցույց տալով ձեռքիս տարեգիրքը՝ ասացի, որ հավանաբար իրենք գիտեն, թե սա ինչ գիրք է: Գլխավոր հյուպատոսն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ես լռեցրի նրան, ոտքի ելա ու գրքի միջից զենքը հանելով, ասացի, որ այսուհետ իրենք միայն լսելու իրավունք ունեն, եթե ուզում են, որ իրենց կյանքը մի քանի րոպեով էլ երկարի:

-Ես Յանի Խան չեմ, ես հայ եմ՝ Գուրգեն Յանիկյան անունով, որի մասին գրված է այս գրքում: Ես ունեմ նաեւ մեկ ուրիշ անուն՝ Նեգրուկ, որը երեւի ծանոթ է ձեզ:

Հյուպատոսը ձեռքից բաց թողեց թղթադրամն ու ապշած նայում էր ինձ: Երիտասարդ օգնականը մի շարժում արեց, եւ ես զենքն ուղղեցի դեպի նա.

-Դուք սպանել եք երկու միլիոն իմ ցեղակիցներին: Խեղդել եք, բռնաբարել, ձեր զինվորները սվիններով պատռել են հղի կանանց փորը, խողխողել դեռ չծնված մանուկներին: Դուք իմ հարազատների արյունն եք խմել: Մեղավորը ոչ միայն դուք եք, այլեւ մարդկությունը, որ հանդուրժել է տափաստաններից եկած ձեզ պես քոչվորների ներկայությունը ու չի կանխել տաճիկ կոչվող ձեր ցեղի ոճրագործությունները: Ահա՛ ձեր բերած շքանշանի համար իմ շնորհակալությունը…

Շքանշանը գցեցի գետնին ու ոտքով փշրեցի: Երիտասարդը դարձյալ ջղաձիգ շարժում արեց, բայց նորից զենքով սպառնացի.

-Մի՛ փորձիր էլ ավելի կարճացնել կյանքդ…

Երկուսն էլ սարսափած նայում էին զենքին: Գիտեի, որ դեմքիս արտահայտությունն էլ շատ բան էր ասում նրանց: Հրամայեցի նայել վերեւ: Հնազանդվեցին:

-Տեսնո՞ւմ եք, այնտեղ պարաններ չկան՝ ձեզ կախելու համար, ինչպես ձեր հայրերը վարվեցին իմ բյուրավոր ազգակիցների հետ: Հպարտ եղեք, որ ձեր ազգի ներկայացուցիչներից հենց ձեզ ընտրեցի: Դուք կմտնեք պատմության մեջ, որովհետեւ ձեզ ոչնչացնելով, ես խավարի մեջ վառելու եմ արդարության լույսը: Ձեզ մեկ րոպե եմ տալիս, որպեսզի մտածեք, թե ո՞ւր եք գնալու…

Չգիտեմ, ինչն էր պատճառը, որ նայեցի դռան կողմը: Երիտասարդը տեղից վեր թռավ ու տաճկերեն հայհոյանքներով կողքի աթոռով հարվածեց ձախ ուսիս: Հարվածից պաշտպանվելով` առաջին գնդակը արձակեցի նրա վրա ու զենքս ուղղեցի դեպի հյուպատոսը, որը նույնպես ոտքի էր ցատկել:

…Չեմ հիշում՝ ինը փամփուշտից որին քանիսը բաժին հասավ: Երկուսն էլ ընկած էին գետնին եւ կարմիր էին ներկում հատակի գորգը: «Պարաբելումը» դրի սեղանին, մոտեցա անկողնուս կողքի սեղանիկին ու վերցնելով փոքրիկ «Բրաունինգ» ատրճանակը՝ երկուական գնդակ էլ արձակեցի գանգերին.

-Սա իմ եղբոր համար… Սա ազգիս կողմից… Սա էլ մարդկության կողմից…

«Բրաունինգը» յոթ գնդակ ուներ, երեքը մնացին չկրակված: Այսինքն՝ տասներեք գնդակ էի արձակել:

Հեռաձայնեցի հյուրանոց՝ ասելով, որ ինձ իսկույն միացնեն ոստիկանության հետ, քանի որ սենյակումս երկու դիակ ունեմ…

«Ի՞նչ եք ասում, պարոն Յանիկյան».- չէին հավատում, որովհետեւ տարիներ շարունակ «Բալթիմոր» հյուրանոցի կազմում գործող «Կորալ Կազինո» ակումբի անդամ էի, եւ որ բոլորը ծանոթ էին իմ ուրախ եւ կենսախինդ բնավորությանը…

Կրկնեցի խնդրանքս եւ վերարկուս ուսերիս գցելով՝ դուրս եկա պատշգամբ ու նստեցի սեղանի առաջ: Մի բաժակ ջուր խնդրեցի: Տվեցին… Կում-կում խմելով՝ մտածում էի, որ ամեն ինչ արդեն վերջացած է. ես կատարեցի ոչ միայն իմ ազգային, այլեւ մարդկային պարտավորությունը: Ներսումս մի հաճելի ջերմություն էի զգում…»:

Շնորհավոր երկնային ծնունդդ, ԷՊՈՍԱԾԻՆ ՀԵՐՈՍ, հայոց դյուցազնասիրտ «ծերուկ»: Այդ դու էիր, որ գործածդ սխրանքով ազգային արժանապատվության արյամբ սնուցեցիր հայոց նորօրյա վրիժառու-ասպետների ոգին: Այդ դու ծնունդ տվեցիր քո «բալիկներին»՝ Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի բանակի մահապարտ-անմահներին, ովքեր, քո սխրանքով թեւավորված, այցելում էին քեզ՝ ճաղերի հետեւում բանտարկված ազատատենչ արծվիդ…

Թեգեր: ԱՍԱԼԱԳուրգեն Յանիկյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist