2016 թ. առավոտյան լսվեց պատերազմի լուրը։ Դուստրս՝ Գայանեն, դպրոցից տուն եկավ արտասվելով՝ պատերազմ է սկսվել։ Արդեն գիտեինք, շտապեցի շրջվարչակազմ, որտեղ արդեն ձեւավորվել էր ՔՊ շտաբը՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Առաջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում էր ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում էին հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր եւ հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվեց 200-ից ավելի կորուստ:
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանում նույնպես հանրակրթական եւ այլ դպրոցներում դադարեցվեցին դասերը, աշխատանքային հայտարարված շաբաթ օրը հիմնարկներում աշխատեցին միայն տղամարդիկ: Նախօրեին շրջանի Իշխանաձոր գյուղում կայացավ օպերատիվ խորհրդակցություն՝ շրջվարչակազմի ղեկավարի անցկացմամբ: Քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր, համայնքների ղեկավարներին տրվեցին ցուցումներ՝ իրականացնելու գյուղատնտեսությունը զարգացնող մի շարք միջոցառումներ: Ցավոք, թշնամին նորից ստիպեց, որ հայ շինականն օրվա ընթացքում բահը փոխի զենքով: Լսելով սահմանում իրավիճակի աննախադեպ իրադարձությունների մասին՝ շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ եկան շրջկենտրոն եւ դիմեցին զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու եւ սատար կանգնելու սահմանապահ զինվորներին: Այս օրերի ընթացքում ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատեցին արտակարգ ռեժիմով: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ մեկնեցին հարյուրավոր կամավորներ: Առավոտյան դարձյալ զինկոմիսարիատի մոտ շատ էին սահման մեկնել ցանկացողները: Ապրիլի 3-ին ժամը 14-ի դրությամբ կամավորների վերջին խումբը մեկնեց սահման: Սակայն դեռ շատ ցանկացողներ կային…
Մեր հերոս տղաների հետ առաջնագծում էի՝ Մատաղիսում: Տղաներ, ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են հայրենիքի փրկությանը, դարձել վահան, դարձել պատ ու պատվար եւ պահապանը հայ ժողովրդի: Արդեն խոսվում էր խաղաղապահ զորքերի մասին: Միակ խաղաղապահները մեր հերոսներ ծնած մայրերի 18-ամյա որդիներն էին, ովքեր չգիտեին՝ ինչ է վախը, չնայած ապրիլի սկզբից, դրանից առաջ մշտապես մարտի մեջ էին մտել, կոտրել թշնամու դունչը: Իհարկե, նաեւ մարտական ընկերներ էին կորցրել: Այս տղաներին մենակ չթողնելու եւ Արցախ աշխարհին տեր մնալու համար հազարավոր կամավորներ էին ձգտում հասնել առաջնագիծ: Շատերն էլ վաղուց այնտեղ էին՝ թեւութիկունք լինելու ժամկետային զինծառայողներին: Այնտեղ էին նաեւ Քաշաթաղի շրջանի կամավորականները՝ ազատամարտիկներ, վերջերս զորացրված տղաներ, նրանք, ովքեր նույնիսկ զինվորական ծառայություն չէին անցել: Կամավորականների մի մասն էլ աշխատանքներ էր տանում՝ վերացնելով թշնամու հրետակոծությունից հետո հասցրած վնասները, կատարում տնտեսական այլ աշխատանքներ: Բոլորիս նպատակը մեկն էր՝ տեր մնալ մեր երկրին, սատարել մեր բանակին, թշնամուն վերջնական հարված հասցնել: Յուրաքանչյուր հայի մտքում տրոփում էր այն միտքը, որ վերջապես մեր զինվորները պետք է դուրս գան խրամատից: Վերջապես մեր բնակիչները պետք է անահ դուրս գան տնից, գիշերը քնեն հանգիստ, ոչ տագնապած՝ ականջը պայթյունի ու կրակոցի:
Մինչ առաջնագիծ հասնելը զորամասում հանդիպեցի տանկիստների: Վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008-ից ծառայում է այս տարածքում, սակայն նման մասշտաբի մարտի դեռ չէր մասնակցել: Ասաց՝ մարտերի ընթացքում կորցրել է 3 զինվոր (Միշա Աղաջանյան՝ Ապարանից, Արտակ Պետրոսյան՝ Տաշիրից, եւ Դավիթ Հայրապետյան՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից): Տարբեր անձնախմբերից էին նահատակները: Վաշտը թշնամուն հասցրել էր մեծ կորուստներ՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարների դիեր: Այն հարցին՝ ի՞նչ էր զգում մարտի ընթացքում, ասաց՝ կատարել է խնդիրը, այդ պահին դարձյալ պատրաստ էին առաջ քշել իրենց երկաթե նժույգները: Ավագ լեյտենանտ Արմեն Մելքումյանը Ճարտարից է, 13 տարի ծառայում է զինուժում: Ասաց՝ մեծ վտանգ են ներկայացնում անօդաչու սարքերը: Կրտսեր-սերժանտ Արամ Համբարձումյանը Երեւանից է: Արդեն 15 ամիս է, ինչ իր տանկով պաշտպանում է հայրենի հողը: Ասկերանի շրջանի Աստղաշենից է սերժանտ Արտյոմ Մկրտչյանը. նշեց՝ մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝ թշնամու շատ զրահատեխնիկա խոցել, շատ ասկյարների սատկացնել: Վայքեցի Տիգրան Խուդավերդյանը նույնպես վճռականությամբ է լցված եւ պատրաստ է նորից ոչնչացնել մեր անդորրը խախտող թուրքին: Զորամասում տարբեր կամավորական ջոկատներ էին սպասում, որ զենք ստանան ու բարձրանան դիրքերը:
Այստեղ էր Քարինտակի խումբը՝ նախկին ազատամարտիկներ, նրանց զավակները՝ համայնքապետ Մխիթար Առուշանյանի գլխավորությամբ. 1992 թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարինտակի հերոսամարտը, որի ընթացում մարտիրոսվեցին 20-ից ավելի քաջորդիներ, այդ թվում նաեւ հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Արդեն Վաղարշակի որդին էր մարտական նոր ջոկատի հրամանատարը: Քարինտակցիները, որ Արցախյան գոյամարտի առաջին տարիներին հաստատեցին իրենց՝ հերոս ժողովուրդ լինելը, այս անգամ էլ հասել էին հայրենիքի հյուսիսային սահման: Ցավով նշեմ՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու տիրապետության տակ անցավ նաեւ Քարինտակը, որի զավակներից նույնպես նահատակվեցին, այդ թվում նաեւ՝ Մխիթարը։ Շուշիի ջոկատի կազմում եկել էին նաեւ Բերդաձորի ենթաշրջանի ազատամարտիկներ Անդրանիկ Մովսիսյանը, Դավիթ Ղեւոնդյանը: Ջոկատներից մեկում էր Լեյլա Եփրեմյանը, ով նաեւ ցանկանում էր վրեժ լուծել թշնամուց 1990-ականներին իր ընտանիքին պատուհասած չարագործության համար: «Ես ծնվել եմ պատերազմում»,-ասաց Լեյլան զրույցի ընթացքում: Ծնունդով Դաշտային Ղարաբաղի Միրբաշիրի Բեգամսարում գյուղից է: 1988 թ. ընտանիքով գաղթել են Մարաղա, որտեղ 1992 թ. ապրիլի 10-ին տեղի ունեցած սպանդի ժամանակ թուրքերը գլխատել են հորը: Ընտանիքի 5 երեխաները եւ մայրը պատահականությամբ են փրկվել եւ բնակություն հաստատել նոր ազատագրված Շուշիում:
Զորամասում հանդիպեցի նաեւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանին, ով ուղեկցում էր արտասահմանցի լրագրողների: Այն հարցին՝ ինչպե՞ս է ընդունում կամավորների ներկայությունն այստեղ, Զ. Բալայանն ասաց. «Սա միաբանության խորհուրդն է. իմանալով Արցախին հասած նոր պատուհասի մասին՝ ազգը ոտքի է կանգնել: Մարտական մեծ փորձ ունեցող ազատամարտիկների այստեղ լինելը մեծ բան է, եւ հավատում եմ՝ այս անգամ թշնամին կստանա արժանի հակահարված»: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարգարյանը արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում մեր բանակը տվել է զոհեր, բայց հերոսաբար դիմակայել է թշնամուն, հետ շպրտել Թալիշ գյուղից, որտեղ թուրքերը միայն ծերունիների են սպանել, իսկ քիչ անց ասկյարները ոչնչացվել են մեր քաջերի կողմից. «Մենք ցավում ենք մեր զոհերի համար, ձգտում հնարավորինս քիչ զոհերի գնով հասնել հաղթանակի, իսկ թշնամին նպատակին հասնելու համար իր զինվորներին չի խնայում, մանավանդ որ նրա զինվորները հիմնականում վարձու մարդասպաներ են»: Անդրադառնալով տեղի ունեցած մարտերին՝ նշեց, որ թշնամին հանկարծակի է սկսել հարձակումը՝ հրետակոծելով նաեւ զորամասի տարածքը: Բազում արկեր են ընկել զորամասի ու գյուղի վրա: Սակայն 2 ժամվա ընթացքում մեր տղաները հասել են մարտադաշտ, Թալիշից դուրս քշել թշնամուն, դիմակայել սահմանի ողջ երկայնքով: Ա. Մարգարյանը նշեց նաեւ, որ դիվերսիոն խմբերը գործել են 30-ական ասկյարներով, սակայն շուտով նահաջել են, շատերը ոչնչացվել մեր քաջերի ձեռքով: Իսկ այդ ծավալի հարձակման նպատակը մեկն էր՝ միանգամից հարձակվել ու մտնել հայոց տարածք: Երկար ժամանակ հայոց դիրքերը տարբեր զինատեսակներից հրետակոծելուց, արկակոծելուց հետո, թշնամու հետեւակն է անցել հարձակման, սակայն մեր 18-20-ամյա տղաները դիմակայել են հերոսաբար: Այնուամենայնիվ, որոշ հատված մնացել է թշնամու հսկողության տակ: Գերմանացի լրագրող Քիրստիան Էյշին հարցրեցի՝ ծանո՞թ է Արցախի պատմությանը, գիտի՝ ո՞րն է արցախցու նպատակը, պատասխանեց, որ գիտի եւ ցանկանում է իր գործընկերների հետ իրողությունը ներկայացնել եվրոպացիներին: «Հայոց հարցի» հոլովույթը մեծ տերությունների համար ընդամենը խաղաքարտ է, մենք, միայն մենք պետք է վերջնական լուծում տանք մեր հարցին, պետք է հաղթենք բարբարոս թշնամուն՝ անտեսելով միջազգային դիվանագիտության քարոզները, անսալով մեր սրտի ձայնին ու պատմական ճշմարտությանը:
Վերջապես եկավ ժամանակը, եւ քաշաթաղցի կամավորականների մի մասը բարձրացավ առաջնագիծ: Եղբայրներ Սիմոն եւ Արսեն Ամիրշատյանները ցանկանում էին միասին լինել, միասին հաղթել թշնամուն. հիշեցի մեր երգը՝ «Կռիվ ենք գնում ախպերս ու ես»: Մեր առաջին խումբը տեղ հասավ գիշերը, եւ բաժանվեցինք տարբեր մարտական հենակետերում:
Մեր դիրքում ծանոթացա ազգի լավագույն զավակների հետ, ովքեր եկել էին ՀՀ-ից եւ Արցախի մարզերից ու շրջաններից: Իրար հետ հսկում էին ժամկետային զինծառայողները, Վաղուհաս գյուղի, Քաշաթաղի շրջանի եւ Սիսիանի տարածքի ներկայացուցիչները: Հենակետի պատասխանատու, վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեղամ Պողոսյանն Արցախի սպիտակաշենցի է, ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը եւ 9 տարի էր, ինչ մարտական հենակետերում էր: Ապրիլի 1-ին իր վաշտով բարձրացել է առաջնագիծ՝ հերթափոխի: Եղել է 5 հենակետերի պատասխանատու հրամանատարը: Շուտով սկսվել է թշնամու հարձակումը: Ավագ լեյտենանտ Լեւոն Սուղյանի հրամանատարությամբ 9 քաջեր այդ օրը հսկել են տարածքում միշտ վտանգավոր համարվող հենակետում, որտեղով հաճախ էր թշնամին փորձում ներս սողոսկել: Ապրիլի 2-ի կեսօրին այս հենակետը նույնպես ենթարկվել է ականանետային արկակոծման: Դիրքերի վրա ընկել են մոտ 500 արկ ու ռումբ: Շնորհիվ հրամանատարի ճիշտ գործողության՝ զինվորները ողջ են մնացել: Այնուհետեւ թշնամու հետեւակն էր անցել գրոհի՝ համոզված, որ դիրքերում ողջ մնացածներ չեն լինի: Ապաստարանում պատսպարված մեր քաջերը դուրս են նետվել ու դիմակայել քանակով մի քանի անգամ գերազանցող ասկյարներին, ոչնչացրել 40-ին. փառք Աստծո, տղաներից ոչ ոք չի տուժել, թեթեւ վիրավորվել է մի զինվոր, թեեւ թշնամին նռնակներ է նետել խրամատ: Ավագ լեյտենանտը հրճվանքով էր պատմում, թե ինչպես են տղաները թշնամու նետած նռնակը հետ շպրտել ու սատկացրել թուրքին: Գ. Պողոսյանը նշեց նաեւ, որ թշնամին օգտագործել է հատուկ նռնակներ, որոնց պայթյունից հետո խրամատներում անսովոր գազ էր լցվում: Այսքանից հետո մեր քաջերը հետ են շպրտել թշնամուն, նաեւ հարձակվել եւ հարյուրավոր ասկյարների ալլահի մոտ ուղարկել:
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից հենց առաջին օրը 42 կամավոր էին օգնության հասել զինվորներին՝ համայնքի ղեկավար Լորիկ Աբրահամյանի գլխավորությամբ: 4 երեխաների հայրը նախկին ազատամարտիկ էր եւ իր համագյուղացիներով եկել էր որ կանխի թշնամու մուտքը Արցախի տարածք: Ասաց՝ իր տղաներն այժմ տարբեր հենակետերում են, եւ քաջ գիտենալով նրանց՝ հույս ունի, որ մեր դիրքերն անառիկ են մնալու: Վստահ էր նաեւ զինվոր Հարութ որդու վրա, ով ծառայում է Հադրութում: Վաղուհասցի Հովհաննես Պետրոսյանը 33 տարեկան էր: Երկու երեխայի հայրը եկել էր՝ պաշտպանելու մեր երեխաներին եւ լուծելու ազատամարտիկ հոր՝ Սլավիկի վրեժը, ով մարտիրոսվել է 93-ին: Չորս երեխայի հայր 35-ամյա Նորիկ Միքայելյանի հայրը՝ Սերժիկը, նահատակվել էր Գոյամարտի տարիներին: Սեյրան Աղաջանյանը (35 տարեկան) վճռական էր՝ մինչեւ թշնամուն հետ չշպրտեն, տուն չեն վերադառնա: Նույն մտքին էին բոլոր տղաները՝ Զորիկ Հակոբյանը (33 տարեկան, ուներ 2 երեխա), Արման Հարությունյանը (35 տարեկան, ուներ 2 երեխա), Սիրեկան Գեւորգյանը: Ավագ ընկերների հետ էին նաեւ 25-ամյա Ռոբերտ Խաչատրյանը եւ Տիգրան Սայանը: Սիսիանից ժամանած կամավորական Գագիկ Ստեփանյանը տեսել էր մարտական ընկերների նահատակությունը, փորձել փրկել անօդաչու սարքից արձակած ռումբից վառվող ընկերոջ կյանքը, չէր հաջողվել: Մնացել էր վրեժ լուծելու եւ հայոց հողին տեր լինելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, ազգությամբ ասորի Իվան Աբրամովը Դվինից էր, 1.2 տարի ծառայում էր Հայոց բանակում, գիտակցում էր իր առաքելությունը եւ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը: Շարքային Աշոտ Գրիգորյանը՝ Գյումրիից , արդեն 9 ամիս էր, ինչ դիրքերում էր, մասնակցել էր մարտերին, աչքի ընկել համարձակությամբ: Հակոբ Թադեւոսյանը՝ Հոկտեմբերյանի տարածքի Դալարիկ գյուղից, մի նպատակ ուներ՝ տեր կանգնել հայոց հողին:
Առավոտյան այս հենակետում ծանոթացա վաշտի շտաբի պետ, կապիտան Ռուդիկ Հակոբյանի հետ: Արարատի մարզի Հովտաշեն գյուղից է քաջորդին: 11 տարի է, ինչ ծառայում է Հայոց բանակում՝ ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը: «Թուրքերը եկան հանկարծակի, տասնյակ անգամ ավելի թվով, մինչ այդ ռմբակոծելով մեր դիրքերը, որ մխրճվեն: Մի բան հաշվի չէին առել՝ չեն ճանաչում մեր զինվորին, չգիտեն, որ յուրաքանչյուր հայ դիրքապահ զինվոր մետաղյա վահան է իր հայրենիքի համար, իսկ վահանը խոցել թշնամին ի զորու չէ: Թշնամին մտածում է՝ իր վարձկան մարդասպանն ավելի ուժեղ է, բայց չի ցանկանում հասկանալ՝ մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր երեխաներին, մայրերին, իսկ իրենք եկել են փող վաստակեն, թալանեն ու սպանեն,-ասաց Հայոց բանակի կապիտանը՝ շարունակելով,-այս պահին մեր բանակը շատ ուժեղ է, զինվորները կռվում են՝ մեկը մյուսին թիկունք»: Այն հարցին՝ ինչպե՞ս են ընդունում կամավորականների ներկայությունը, Ռ. Հակոբյանն ասաց. «Հայը միակ ազգն է, որ խաղաղ ժամանակ արտագաղթում է, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում: Կամավորականների ներկայությունը զինվորին ուժ ու ոգի է տալիս, հավատ, որ ինքը մենակ չէ այս արհավիրքի օրերին»: Երբ զրուցում էի տղաների հետ, լուր հասավ, որ մոտակայքում զինվորները թշնամուց «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա են առգրավել:
Հաջորդ գիշերը քաշաթաղցիներով ու հենակետի պատասխանատու, ենթասպա Դավիթ Բաբայանի (Ստեփանակերտից) եւ սերժանտ Ալեքսանդր Օհանջանյանի (Երեւանից) հրամանատարությամբ գործող ջոկի հետ հարեւան հենակետից մեկում էինք: Այս հենակետի վրա նույնպես շատ արկ ու ռումբ էր ընկել, եւ դարձյալ պատասխանատու հրամանատարի ճիշտ գործելու շնորհիվ ոչ մի զինվոր չէր տուժել: Այստեղ տղաները փոքր մատուռ էին կառուցել եւ առավոտյան ու երեկոյան մոմ էին վառում՝ հավատով, որ Տերն ու Աստվածածինը զորավիգ են իրենց: Մատուռի մոտ էինք գիշերը հերթապահում, այստեղ թշնամու դիրքերը շատ մոտ էին, ուստի միշտ պետք է աչալուրջ ու զգոն լինենք: Դավիթը ցույց տվեց ապաստարանը, որտեղ առաջին օրերին պատսպարվել են զինվորները, երբ թշնամին ռումբեր էր նետում: Նկարագրեց՝ ինչպես է հասցրել զինվորներին համախմբել ու հասցնել ապաստարան: Մի քանի տասնյակ ռումբեր ընկել էին ապաստարանի վրա, բարեբախտաբար, այն ամուր է, եւ ներսում տղաները չէին վնասվել: Պայթած արկերից մեկն ընկել էր խրամատի խաչուղում, որտեղ մատուռն է: Հարվածային ալիքը ջարդել էր բետոնյա հեծանները, հողը լցրել մատուռ, ցած էին ընկել Նոր Կտակարանը, Տիրամոր նկարը, որը շրջանակի մեջ էր, եւ ճաք էր տվել ապակին: Տղաները մաքրել էին իրենց սրբատեղին, դասավորել: Երեւանցի սերժանտ Ալեքսեյ Օհանջանյանը՝ հենակետի պատասխանատուներից մեկը, մասնագիտությամբ՝ օպերատորր, կարոտել էր իր գործին, եւ ձեռքիցս վերցնելով լուսանկարչական խցիկը՝ գեղարվեստական լուսանկարներ արեց. մայրամուտ՝ կարմիր արեւ, խրամատի թմբին կանգնած շուն: Հիացած էր իր ջոկի տղաների մարտունակությամբ: Քիչ էր մնացել, որ զորացրվի, մասնագիտությամբ աշխատի, իսկ այժմ հայրենիքի պաշտպան է Ալեքսեյը, ում մասին հրամանատարները խոսում էին գովեստով:
«Այս մատուռում ընկերոջս՝ Արմեն Խանամիրյանի հետ միշտ մոմ ենք վառում, եւ թեկուզ կոտրվել է Տիրամոր նկարի շրջանակի ապակին, նա զորավիգ է մեզ,-ասաց Ալեքսեյը:-Ես հավատացյալ եմ եւ գիտեմ՝ մարդու մահը նույնպես Աստծո ձեռքում է. Նա է տնօրինում ճակատագիրը. այնպես որ, մահից չպետք է վախենանք, այլ պաշտպանենք մեր տունը: Իսկ հայ ազգն ամենաուժեղն է աշխարհում»: Քաշաթաղցի կամավորական Անդրանիկ Չավուշյանը, ով ծնունդով Սիրիայից է, ասաց. «Ոչ ոք չի կարող հայի կամքին դեմ կանգնել: Կարեւորը միասնությունն է, որն այսօր մենք տեսնում ենք: Զինվոր ես, թե կամավոր, պետք է կռվես, պաշտպանես հայրենիքդ եւ քո կամքը թելադրես թշնամուն»:
Գիշերը դիտարկման կետի մոտ էինք հսկում: Զինվորներից գյումրեցի Հայկազ Գեւորգյանը 9 ամիս էր, ինչ ծառայում էր հայրենիքին, արդեն սովորել էր դիրքերի կյանքին: Ասաց՝ մարտերի օրերին նույնպես այս հենակետում էր: Կարեն Եղիազարյանը՝ Հացավանից, հունվարին պետք է զորացրվեր, դեռ անելիք ուներ եւ զորացրման մասին չէր էլ մտածում. Հայրենիքը վտանգի մեջ էր: Գիշերը հսկում էինք նաեւ կացարանի մոտ. թշնամին դավադիր է գործում: Աբովյան քաղաքից Ռուբեն Անտոնյանը, ով նույնպես դեռ 10 ամիս պետք է հսկեր այդ հատվածում, շատ էր կարոտում չորս տարեկան եղբորը: Փոքրիկ Ռաֆայելը եղբորը հրամայել է, որ սատկացնի թուրքերին: «Շուշի» էին կոչում զինվոր Արմեն Սարգսյանին, ով Շուշի քաղաքի բնակիչ էր, բարի ու քաջ տղա: 3 ամիս անց զորացրվելու էր, իսկ այդ պահին ընկերների հետ էր, կռվում էր, որ հարազատ Շուշին նորից թուրքին չանցնի: Հենակետում մեր այդ օրվա խոհարարը երեւանցի Արման Մարկոսյանն էր, մասնագիտությամբ՝ ծրագրավորող: 2 ամիս էր մնացել Արմանին, որ ավարտի ծառայությունը, աշխատի սիրած մասնագիտությամբ…
Գիշերային անսովոր լռությունն ավելի էր լարում դիրքապահներին. տեսնես թշնամին այս անգամ ի՞նչ է ձեռնարկել, արդյոք դիվերսիա չի՞ նախատեսել… Առավոտյան հրաժեշտ տվեցի դիրքապահներին, որոնց շարքերում էին նաեւ քաշաթաղցի կամավորականներ: Աղանուս գյուղի բնակիչներ՝ մորեղբոր որդիներ Մանվել Դալլաքյանը եւ Վոլոդյա Ծատուրյանը եկել էին, որ միանան ժամկետային զինծառայող իրենց եղբորը՝ Նարեկ Ծատուրյանին, ով հենակետերից մեկում էր: Նարեկին չհանդիպեցի, սակայն հրամանատարը, մարտական ընկերները սիրով ու գովեստով խոսեցին նրա մասին, որպես քաջարի զինվորի եւ լավ մարդու: Քարեգահից 58-ամյա Յուրան ու 23-ամյա Ռոբերտ Բաբայանը մշտապես պահպանության տեղամասում էին: Բերձորցիներ Արմեն Պետրոսյանը, Անդրանիկ Չավուշյանը, Մուրադ Փալանջյանը զինվորների հետ միասին էին հսկում, իսկ Արամն ու Գեւորգը՝ այլ խմբի հետ: Հենակետի պատասխանատու, ենթասպա Դավիթ Բաբայանի հետ որոշ ճանապարհ անցանք ոտքով՝ զորամաս իջնելու համար: Տարածքը լավ ճանաչող զինվորը ցույց տվեց այն հատվածը, որը դեռ թշնամու ձեռքում էր: Զինվոր Դավիթը վստահ էր՝ կազատագրեն անպայման: Կարոտում էր Ստեփանակերտում գտնվող որդուն, ում երկար ժամանակ չէր տեսել:
«Իմ եւ մեր բոլորի խնդիրն է՝ թույլ չտալ թշնամուն անցնել սահմանը,-ասաց հայրենիքի զինվորը՝ հավելելով,- մենք խաղաղություն կպարտադրենք միայն հզոր կամքի գնով»:
Քայլում ենք գարնանային ծաղիկներով պատված դաշտամիջյան ճանապարհով: Կարմիր կակաչները նորից էին հուշում՝ այս հողն արդեն որերորդ անգամ է սրբանում մեր հերոսների արյամբ, եւ ազգովի պետք է միշտ պաշտպան կանգնենք նրանց ու տեր մնանք: Վերջապես եկավ զինվորներին սնունդ բերող բեռնատարը, որի վարորդ Գոռը պարզապես մոռացել էր իր կյանքի անվտանգության մասին. ճանապարհի մի հատվածը թշնամու դիտակետում էր: Այս մասում Գոռն արագ էր վարում մեքենան, գիշերները՝ լույսերը մարած:
Մեզ հետ զորամաս է իջնում նաեւ երեւանցի կամավորական Գարեգին Զոհրաբյանը, ով 2 օր է, ինչ որդու՝ ժամկետային զինծառայող Հակոբ Զոհրաբյանի հետ էր հսկում հայրենի սահմանը: Զրուցում եմ Գարեգինի հետ: 70 օր է մնացել, որ որդին զորացրվի, իսկ այժմ իր՝ հայրենիքի պաշտպանության գործին է: Հայրը եկել էր երկրապահ կամավորականների ջոկատի հետ, ովքեր այլ դիրքերում էին, եւ կամավորականը գնում էր հասնելու իր մարտական ընկերներին՝ հավատով՝ որդին ամուր է կանգնելու իր հենակետում: Ճանապարհի եզրին ընկած էին ապրիլի 2-ին թշնամու կողմից ռմբակոծված մեր 2 մեքենաները: Դավիթը ցավով նշում է, որ վառված մեքենաներից մեկի վարորդի անունը նույնպես Գոռ էր ու շուտով պետք է զորացրվեր, սակայն տուն գնաց… վահանի վրա:
Զորամասում հրաժեշտ տվեցի Դավիթին, ով շտապում էր ավարտել գործերը եւ հասնել իր զինվորներին: Հավատացրեց՝ մեր տունն անառիկ է մնալու: Հանդիպեցի քաշաթաղցիների նոր ջոկատին: Տղաները զենք էին ստանում, որ բարձրանան դիրքեր: Նույն օրը զորամաս այցելեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ծանոթացավ իրավիճակին. որոշեց՝ բնակչության կողմից կազմակերպել նոր համալրում մեր պահապանների շարքերում: