Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Շահումյանի ծրագրի ազգային բնույթը

Եթե այն իրականանար, «Ադրբեջան» պետությունը, որպես այդպիսին, այսօր չէր լինի

Ապրիլի 6, 2023
Սոցիում
Շահումյանի ծրագրի ազգային բնույթը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
259
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բոլշեւիկները Լենինի ապրիլյան թեզիսներից հետո շարժվում էին ժամանակավոր կառավարության տապալման եւ սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու ուղղությամբ։ 1917-ի հունիս-հուլիս ամիսներին Ստեփան Շահումյանը Պետրոգրադում հանդես է գալիս Խորհուրդների առաջին համագումարում եւ ներկայացնում ազգային հարցի լուծման իր ծրագիրը։ «Բոլշեւիկ-մարքսիստ Շահումյանը բարձրաձայնում է հայկական պատմական տարածքների միավորման հարցը։ Դրանք ոչ միայն մեր պատմական, այլեւ այն տարածքներն էին, որտեղ գերակշռում էր հայ բնակչությունը։ Հասկանալի է, որ Շահումյանն այդ տարածքների միավորումը տեսնում էր ռուսաստանյան խորհրդային պետության կազմում։ Այդ թվում էին՝ Լոռին (Բորչալուի գավառը), Ախալքալակի գավառի զգալի հատվածները, Ելիզավետպոլի նահանգի հատվածները՝ Գանձակի հատվածը, Ղարաբաղը (Արցախ), Զանգեզուրը, Երեւանի նահանգը եւ այլն, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանը, որը կովկասյան ռուսական բանակը գրավել էր Թուրքիայից։ Ահա այսպիսին էր բոշլեւիկ Շահումյանի ազգային հարցի լուծման տեսլականը, որը լիովին հակասում էր բոշլեւիկյան կուսակցության ազգային ծրագրերին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վահան Մելիքյանը։

Շահումյանի ծրագիրը հետեւյալն էր՝ գրավել Թիֆլիսը, տապալել Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանությունը, խորհրդայնացնել Կովկասը, որին նպաստելու էին դեռեւս Կովկասյան ռազմաճակատում եւ սահմանամերձ գոտում մնացած բոլշեւիկացած կովկասյան զորամասերը, այնուհետեւ շուրջ 50 հազարի հասնող հայկական զինուժն ուղղել Երեւանի նահանգ՝ թուրք-թաթարական խռովությունները ճնշելու նպատակով, ապա անցնել Արեւմտյան Հայաստան ու այդպես պաշտպանել ռազմաճակատն ու լուծել Հայկական հարցը։

Ավելի ուշ՝ 1920-ին համաշխարհային հեղափոխության իրականացման ցնորամիտ գաղափարի համատեքստում այլեւս չէին դրվում ազգային պետությունների, ժողովուրդների, էթնիկ խմբերի շահերի պաշտպանության սահմանների հստակ ուրվագծման խնդիրներ։ Դրա հետեւանքներից էին 1921 թ. Մոսկվայի պայմանագիրը եւ Արցախի ու Ջավախքի օտարումը Հայաստանից, այսինքն՝ կենտրոնի համար այլեւս էական չէր, թե այդ տարածքները որ հանրապետության կազմում կլինեն։ Առավել եւս, որ կարեւորագույն խնդիրը քեմալական Թուրքիայի հետ համագործակցության հարցն էր դարձել։

1917 թ. դեկտեմբերին Շահումյանի եւ Ղորղանյանի նախաձեռնությամբ Էրզրումում հրավիրվում է Կովկասյան բանակի երկրամասային երկրորդ համագումարը, որտեղ նրանք անցկացնում են բոլշեւիկյան բանաձեւեր։ «Շատ կարեւոր փաստ է, որ Շահումյանի շնորհիվ ընդունվեց Արեւմտյան Հայաստանի մասին բանաձեւը, որը, ի վերջո, ընկավ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի հիմքում։ Դա թույլ է տալիս մեզ հիմնավորելու, որ այդ դեկրետի գաղափարական հեղինակը Ստեփան Շահումյանն էր՝ համագործակցելով Ռոստոմի ու Վահան Տերյանի հետ։ Նույնիսկ Արեւմտյան Հայաստանի հարցի լուծումը Շահումյանը կապում էր իշխանության խնդրի, այսինքն՝ Անդրկովկասը խորհրդայնացնելու հետ»,- մեկնաբանեց պատմաբանը։ Ի դեպ, դրան էր միտված Լենինի եւ Ստալինի կողմից ընդունված հռչակագիրը։

Շահումյանի ծրագիրն իրականացնելուց հետո Բաքուն եւ Թիֆլիսը հռչակվելու էին բաց քաղաքներ, այսինքն՝ չէին դառնալու վրացական եւ թաթար-ադրբեջանական ապագա ազգային պետությունների կենտրոններ։ Այդպես էր ամրանում վրացիների եւ թաթարների համագործակցությունը, հետեւողական դաշինքը ոչ միայն բոլշեւիզմի, այլեւ Դաշնակցության դեմ, որն այդ փուլում փորձում էր համագործակցել Շահումյանի հետ։

Երբ խոսում ենք 20-րդ դարասկզբի Բաքվի մասին, շատ կարեւոր է ընդգծել, որ այդ շրջանում քաղաքի ազգաբնակչության մեծամասնությունը, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կշիռ ունեցող ծանրակշիռ հատվածը ոչ թե թաթարական, այլ ռուսական, հայկական, եվրոպական զանգվածն էր։ Շատ չխորանալով պատմական անցյալի՝ «Աշխարհացույց»-ից եկող փաստերի մեջ, միայն նշենք, որ այսօրվա Բաքվի նահանգը մտնում էր 15 աշխարհներից Փայտակարանի կազմում։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բաքուն դարձել էր նավթարդյունաբերական հայ բուրժուազիայի գլխավոր կենտրոնը, եւ այդ գումարներով ու հայերի նախաձեռնությամբ իրականացվեց ոչ միայն ժամանակակից Բաքվի, այլեւ Թիֆլիսի կառուցապատումը։ Գաղտնիք չէ, որ մեծահարուստ հայ ձեռներեցների կապիտալի շնորհիվ, որը ձեռք էր բերվում Բաքվում, կառուցվեցին այդ երկու քաղաքների ամենանշանավոր ճարտարապետական հուշարձաններն ու շենքերը, որոնք կանգուն են մինչեւ այսօր։ Զրուցակիցս նկատեց, որ միայն հայերը չէին, որ մեծ դեր ունեցան Բաքվի եւ Թիֆլիսի զարգացման գործում, շատ ակտիվ էին նաեւ հրեաները, ռուսները, գերմանացիներն ու ֆրանսիացիները։ «Թաթարական բուրժուազիան չորրորդական դերում էր, եւ առաջին անգամ այդ հակասությունը դրսեւորվեց 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։ Երբ 1905 թ. հունվարին սկսվեց ռուսաստանյան առաջին հեղափոխությունը, առաջնային խնդիրները ցարիզմի տապալումն էր ու կենսական երեք հարցերի՝ բանվորական, գյուղացիական-ագրարային եւ ազգային հարցերի լուծումը։ Այդ կարեւորագույն խնդիրներից հանրությանը շեղելու նպատակով ցարական վարչակարգը կազմակերպեց ազգամիջյան բախումներ։ Առաջինը հրեական «պոգրոմներն» էին Մոսկվա, Պետերբուրգ, Քիշնեւ, Լվով, Կիեւ, Օդեսա, Խարկով, Ռիգա եւ այլ քաղաքներում, սակայն շուտով ցարիզմը համոզվում է, որ դա քիչ է, եւ թիրախ է դարձնում Կովկասը՝ օգտագործելով հայ-թուրքական դարավոր վեճը»,- մանրամասնեց Վ. Մելիքյանը։

Թաթարական բուժուազիան այն ժամանակ չէր կարող մրցակցել հայ բուրժուազիայի հետ եւ նպատակահարմար գտավ ընդունել ցարիզմի այդ առաջարկը, մանավանդ որ 1903-1904 թթ. ընթացքում Անդրկովկասի հայ հասարակությունն ու կուսակցությունները հանդես էին եկել ակտիվ հակացարական ելույթներով եւ ցարական վարչակարգի կողմից ընկալվում էին որպես Կովկասի ամենահեղափոխական տարրը. որոշակի դեր խաղաց նաեւ 1904 թ. Սասունի ապստամբությունը։ Ցարական վարչակարգը Բաքվի նահանգապետ Նակաշիձեի միջոցով զենք էր բաժանում ե՛ւ հայերին, ե՛ւ թաթարներին։ Գլխավոր խնդիրը կայսրության սոցիալ-տնտեսական խնդիրներից ազգաբնակչության ուշադրության շեղումն էր, ինչպես նաեւ հայկական գործոնի դերի փոքրացումը Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում։ Այդ ընդհարումներից, կոտորածներից սկսվում է հայկական գործոնի թուլացման եւ վերոնշյալ երկու նահանգներից հայկական տարրի վտարման գործընթացի առաջին փուլը։ Երկրորդ փուլը 1919-20 թթ. են՝ հանրապետությունների շրջանները, ինչպես նաեւ խորհրդային շրջանը։ Երրորդը՝ 1988-91 թթ., իսկ մեր օրերում էլ ականատեսն ենք լինում չորրորդ փուլին, երբ հայերը վտարվում են ոչ միայն արհեստածին Ադրբեջան պետության տարածքից, այլեւ բուն պատմական Արցախ աշխարհից։

Վերադառնալով հայկական գործոնին՝ Վ. Մելիքյանը նշեց, որ 20-րդ դարի սկզբին եւ, մասնավորապես, 1917-18-ին հայկական գործոնն իր բոլոր հատվածներով գերակշռում էր Անդրկովկասում՝ ֆինանսական, տնտեսական, մշակութային, անգամ բանակի հարցով։ Բաքվում էին կենտրոնացել արեւմտյան եւ կովկասյան ռազմաճակատից դասալքող շուրջ 25 հազար հայ զինյալներ, ինչը սարսափ էր առաջացնում տեղի թաթարական վերնախավի՝ կուսակցությունների եւ բնակչության շրջանում։ Նրանք անհանգիստ էին, որ ռազմաճակատից հայ զինյալների վերադարձը կարող է պայթյունի վերածվել, արդյունքում արագացավ պանթուրքական ծրագրի կենսագործումը, այն է՝ թուլացնել հայկական ներուժը, Թուրքիայի աջակցությամբ գրավել Բաքուն, հիմնականում հայերին վտարելով՝ ստեղծել «Ադրբեջան» պետությունը։ Զրուցակիցս ընդգծեց, որ անգամ ադրբեջանցի շատ հեղինակներ չգիտեն, որ քաղաքական առումով «Ադրբեջան» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է ոչ թե 1918 թ. մայիսի 28-ից հետո, այլ 1917-ի հունիս-հուլիս ամիսներին, երբ փետրվարյան հեղափոխության ժողովրդավարության պայմաններում մուսուլմանները Կազանում եւ Մոսկվայում հրավիրեցին իրենց առաջին համագումարները։ «Այդ ժամանակ առաջին անգամ հնչեց «Ադրբեջան» եզրույթը եւ գաղափարը, այսինքն՝ պանթուրքիզմի ծրագրի համատեքստում Կովկասում ստեղծել արեւելյան երկրորդ մուսուլմանական պետությունը։ Շահումյանի ծրագրի իրականացումը նաեւ դրա դեմ էր։ Պատմագիտությունը թեեւ չի սիրում «եթե» բառը, սակայն եթե Շահումյանի ծրագիրն իրականանար, ապա «Ադրբեջան» պետությունը որպես այդպիսին չէր լինի, չեմ բացառում՝ նաեւ Վրաստանը»,- ասաց պատմագիտության դոկտորը։

Շահումյանը ծրագրում էր Բաքվի զինյալ ուժերն ուղղել նախ Ելիզավետպոլի նահանգի խռովությունները ճնշելու համար, ապա նաեւ Երեւանի նահանգ, որտեղ արդեն սկսվել էին թուրք-թաթարական, քրդական խռովություններ։ Դրանց նպատակն էր նախապատրաստել թուրքական արշավանքը եւ թուլացնել հայության թիկունքը։ Ի վերջո, բոլշեւիկ Շահումյանը նախատեսում էր հաղթանակից հետո այդ զինյալ ուժն ուղղել Արեւմտյան Հայաստան եւ կովկասյան բանակի մնացած բոլշեւիկյան զորամասերի հետ միասին Խորհրդային Ռուսաստանի կազմում պահել մինչեւ Երզնկա ռազմաճակատի գիծը։ «Պարզ էր, որ բոլշեւիկ Շահումյանն անկախության հարց չէր դնում։ Այդ պահին նրա հետ համագործակցող Ռոստոմն ու Արամ Մանուկյանը նույնպես այդպիսի խնդիր չէին դնում»,- շեշտեց Վ. Մելիքյանը։

Պատմաբանի խոսքով՝ 1916-ից սկսած՝ վստահաբար կարող ենք փաստել, որ Ելիզավետպոլը՝ այսօրվա Գյանջան, դարձել էր պանթուրքիզմի գլխավոր օջախն Անդրկովկասում։ Թուրքական եւ գերմանական ռազմական էմիսարները, գործակալները Ելիզավետպոլում աշխատում էին իրենց հեռահար ծրագրերն իրականացնելու համար։ Դա առավել կոնկրետացավ եւ սրվեց բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, եւ մուսաֆաթական կուսակցությունը որոշեց իրականացնել այդ ծրագիրն արդեն թուրքական արշավանքի պայմաններում՝ 1918 թ. փետրվարի վերջին եւ մարտին։ Մարտի վերջերին Բաքու ժամանեց տխրահռչակ թաթարական «Վայրի դիվիզիան», Բաքվին սկսեցին մոտենալ Հյուսիսային Կովկասից հակաբոլշեւիկյան ուժերը, Իմամ Գոցինսկու՝ Դաղստանից շարժվող մահմեդական գնդերը, որոնք խորքային առումով հակահայկական եւ հակաքրիստոնեական հստակ ծրագրեր ունեին։

Այդ շրջանում Թիֆլիսում բոլշեւիկ Դանուշ Շահվերդյանի բնակարանում սկսվեցին գաղտնի բանակցություններ Ստեփան Շահումյանի, Գ. Ղորղանյանի, Հակոբ Բագրատունու, Ռոստոմի միջեւ, որոնց հետ Երեւանից հեռագրային-հեռախոսային կապի միջոցով անընդհատ կապի մեջ էր Արամ Մանուկյանը. նպատակն էր ճնշել թուրք-թաթարական խռովությունը, որը հաջողությամբ ավարտվեց։ Մարտի 31-ից ապրիլի 2-ի ընթացքում Բաքվի խորհրդային ուժերը՝ Բաքվի խորհրդի Կարմիր գվարդիան, Հայ հեղափոխական դաշնակցության ազգային զորամասերը՝ Համազասպի, Եղիշե Պահլավունու եւ այլոց մասնակցությամբ ու գեներալ Հ. Բագրատունու հրամանատարությամբ կարողացան վերջնական հաղթանակի հասնել եւ գլխովին ջախջախել մուսաֆաթական խռովությունը։

«Ադրբեջանական քաղաքական վերնախավը, Ալիեւը եւ նրանց պատմաբանները հետեւողականորեն այս խնդիրը փորձում են ներկայացնել այնպես, իբր, հայերն այդ շրջանում Շահումյանի գլխավորությամբ իրականացրել են թաթարական «խաղաղ» բնակչության կոտորածներ։ Վերջին տասը տարվա ընթացքում Ադրբեջանում պաշտոնապես հիշատակվում է մարտի 31-ը որպես այսպես ասած «ադրբեջանական բնակչության ցեղասպանության օր»։ «Պայքար Բաքվի համար» իմ մենագրության գլխավոր նպատակն այդ կեղծարարության դեմ պայքարն է, քանի որ խնդիրը կարեւորվում է ինչպես պատմագիտական, այնպես էլ՝ քաղաքական առումով»,- ասաց Վ. Մելիքյանը։

Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Իսկ ով հակադրվում է, անմիջապես առնվազն հեռացվում է ցանկացած զբաղեցրած դիրքից…

Մայր Աթոռի հանրակրթական դպրոցին

Մայր Աթոռի հանրակրթական դպրոցին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist