Ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը ոգեկոչեց մարդկային պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն ոճրագործության՝ 1915-ին մեր բուն պատմական հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում պետական մակարդակով բծախնդրորեն կազմակերպված եւ թուրքին բնորոշ դաժանությամբ իրագործված Հայոց ցեղասպանության օրը, հայոց հավաքական սրտում վրիժառության կրակները նորից բոցկլտացին, վրիժառություն, որի սերմնացանները նրանք էին՝ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներն ու այն իրագործած ոսկեսիրտ տղաները: Եվ ահա մեր սգո օրվան հաջորդեց այդ ասպետների անուններն ու խնկելի հիշատակը հավերժացնող կարեւորագույն իրադարձություն՝ մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգու կենտրոնական հատվածում վեր խոյացավ ինքնատիպ մի կոթող՝ «Նեմեսիս» աղբյուր-հուշարձանը՝ եղեռնագործության գլխավոր հրեշներին շանսատակ արած դյուցազունների անունների քարակերտ դաջվածքով: Նման շքեղ ու ոգեշնչող միջոցառում մայրաքաղաք Երեւանը վաղուց ի վեր չէր ունեցել… Հրաշալի էր կազմակերպված հետայսու մեր արժանապատվության խորհրդանիշ դարձած կոթողի բացման արարողությունը. ծանրակշիռ, ազդու, ճշմարտախոս հայաշունչ ելույթներ, որոնց չանդրադառնալն անհնարին է պարզապես:
Դիմելով հոծ բազմությանը՝ միջոցառման հանդիսավար Արսեն Ղազարյանն ընդգծեց. «Սիրելի հայրենակիցներ, այստեղ համախումբ ենք կարեւորագույն մի իրադարձության, որի ականատեսն ու մասնակիցը լինելուց զատ, արժանապատվության զգացումով պիտի փաստենք ու վավերացնենք հայ իրականության մեջ նշանակալի գործողությունը, ձեռնարկ՝ իրականացված հայ ժողովրդի նվիրյալ զավակների կողմից: Երեկ ապրիլի 24-ն էր, մենք հարգանքի խոնարհումը բերեցինք ցեղասպանության միլիոնուկես՝ այլեւս սրբադասված նահատակներին: Այսօր՝ հաջորդ օրը, ցեղասպանությանը հաջորդած ձեռնարկում իրականացրած հայորդիների սխրանքի գնահատանքով, երախտիքով ու մեծարանքով վերարժեւորում ենք մեր նվիրյալներին, ովքեր մի բռունցք դարձած՝ ժողովրդի կամքն արտացոլեցին: Վրեժն էր, որ միավորեց նրանց՝ միասնական ու նպատակասլաց հայերին, «Նեմեսիս» գործողությունն իրականություն դարձնողներին: Այդ որոշումը կայացվեց 1919-ին, Երեւանում, խիստ գաղտնի պայմաններում: ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը մեզ հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով: Երեք տարվա ընթացքում, գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչեւ Թուրքիա, նրանք ոչնչացրին շուրջ երկու տասնյակ հանցագործների, ցեղասպանությունն իրագործած պարագլուխների: Այն հստակ մշակված գործողություն էր, որն սկիզբ էր առնում հետախուզական աշխատանքից եւ ավարտվում դատավճռի իրականացմամբ: Հարկ է նշել, որ այդ դատավճիռների իրականացման ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել: Քանի որ «Գաղտնի գործը» խիստ գաղտնի էր, ուստի տարիներ շարունակ գաղտնազերծված չէին նրա կազմակերպիչներն ու անդամները: Այսօր նրանց մեզ հայտնի պայծառ անուններն են դաջված այս սլացիկ ու վսեմ հուշաղբյուր-կոթողին: Նրանք՝ արժանապատվության ասպետներ՝ Սողոմոն Թեհլերյան, Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գեւորգյան, Միսաք Թոռլաքյան, Ստեփան Ծաղիկյան, Հակոբ Մելքումով… Աշխարհի անտարբերությունն ու թողտվությունը, կանխման ու հետագա քայլերի բացակայությունը, մի քանի հպանցիկ անհանգստություն արտահայտող ելույթները այլընտրանք չէին թողնում, քան… «Ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքեմ քու ճակատիդ…»: Շահան Նաթալին ասում էր. «Մեկ գնդակ հազար թերթի ու ճառի ուժ ունի…»:
Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր ելույթում վերհիշեց. «Երբ 1965-ին նշվեց Մեծ եղեռնի տարեդարձը, հայ ժողովուրդը աշխարհով մեկ խռովվեց: Հիսուն տարի շարունակ մոռացումի, ուրացումի ժամանակներ էին, աշխարհը լուռ էր, մենք էլ չէինք կարողանում մեր խնդիրը հասցնել աշխարհին, բայց մեր ժողովուրդը ոտքի կանգնեց եւ լսելի դարձրեց մեր ցավը: Մեկ տարի հետո ունեցանք սրբավայր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որտեղ խոնարհվում ենք մեր եղեռնազարկ զոհերի հիշատակի առջեւ: Դա պատմական իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում, որովհետեւ դա ոչ միայն հուշահամալիրի բացում էր, այլ նաեւ նոր փուլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ դատի միջազգայնացման եւ հատուցման համար պայքարի: Ես, որպես պատմաբան, հավատացնում եմ, որ Եղեռնի հուշարձանի բացումից հետո այս կոթողի բացումը պատմական երկրորդ խոշոր իրադարձությունն է մեր ժողովրդի կյանքում: Որովհետեւ տեղի էր ունեցել մեկ այլ անարդարություն՝ այն տղաները, որոնք ոտքի էին ելել՝ կամավորականներ, Առաջին աշխարհամարտի մասնակիցներ, ատամները սեղմած՝ սպասում էին, թե երբ պետք է կարողանան վերադարձնել մեր ժողովրդի արժանապատվությունը: Եվ դա տեղի ունեցավ: Տեղի ունեցավ շատ զարմանալի պայմաններում, երբ զուգահեռաբար Հայոց պետականությունն էր կերտվում, եւ եկել էր վրեժխնդրության պահը: Եվ եկավ. ՀՅԴ ընդհանուր ժողովը որոշում կայացրեց պատժել 650 հոգանոց ցուցակում գտնվող ոճրագործների, առանձնացրեց դրանցից 41-ին եւ 20-ի նկատմամբ իրականացրեց հայ ժողովրդի վճիռը: Դա միայն զուտ կուսակցական որոշում չէր, այլ՝ համահայկական ազգային խնդիր… Անցան տարիներ: Այդ հերոս տղաները զարմանալիորեն անարդար կերպով իրենց հայրենիքում հուշարձան ունենալու պատվից զրկված էին: Տեղ-տեղ՝ Մարալիկում, Մաստարայում կարելի էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեսնել, բայց դա քիչ էր նրանց սխրանքների համեմատ: Եվ այսօր նրանց արժանի հուշարձանն հառնեցնելու հնարավորությունն ունեցանք Երեւանի սրտում: Ես այսօր մեծագույն ուրախություն եմ ապրում. այսօր մեզ ավելի քան պետք է արժանապատվություն: Այս հուշակոթողը հենց այդ խորհուրդն ունի…»:
Այնուհետեւ խոսք ասաց խնկելի այս հուշարձանի ստեղծման ակունքներում կանգնած Կամո Արեյանը: Նրա ելույթն ընդգրկուն էր ու տարողունակ. «Ծիծեռնակաբերդի բլուրից մինչեւ այստեղ ուղիղ գծով ընդամենը երեք կիլոմետր է հաշվվում, բայց չկա չափի միավոր, որ հաշվեր այն ծանր չափը, որ ձգվում է Սասունից, Մուշից, Վանից, Էրզրումից ու Կարսից մինչեւ այստեղ: Այդ չափի միավորը չկա. այնտեղ մեկուկես միլիոն սրբադասված նահատակության գինն է: Առաքելոց վանքի դպրանոցից մինչեւ Լեւոն Շանթի դպրոց կա մանկան բերանում ընդհատված-կտրված մեսրոպյան այբուբենը: Կա 108 տարվա գեհենի թողած ծանր վերքը, բորբոք հիշողությունը եւ, ինչու չէ, առնական կարոտ եւ վրեժի անմար քուրա: 108 տարի առաջ այսօրը արյան մեջ էր մի ողջ երկիր: Երեք տարի հետո այն պետական ծրագրին, որն ուզում էր աշխարհի երեսից ջնջել մեզ ֆիզիկապես, Հայաստանը թողնել անքարտեզ, երկիրը թողնել առանց հայ, այդ նույնը շարունակվում է նաեւ այսօր՝ պետականորեն: Նույն հանցավորն է այսօր՝ Աբդուլ Համիդից մինչեւ Թալեաթ, նախկին հանցավորի պատասխանատուն է, որովհետեւ օսմանյան նպատակը չի ընդհատվել եւ շարունակվում է այսօր: Բայց ի հեճուկս եղեռնագործների, մենք երեք տարի հետո, պետականորեն պատասխանեցինք 1918-ի Սարդարապատով՝ կերտելով հայոց հանրապետությունը: Այդուհետ կայացվեց հատուցման վճիռը 1919-ին: Դա տեռոր չէր, դա համաժողովրդական վրիժառություն էր: Հարյուր տարի մեր վրեժի, ցասման, մեր համազգային արժանապատվության, մեր ողնաշարի արժանապատվության կարիքը զգացվում էր մթնոլորտում: Հարյուր տարի հետո՝ 2022 թվականին արդեն պատրաստ էր այս քարեղեն հուշասյունը, այս բոցեղեն հուշաղբյուրը՝ ի հիշատակ մեր ոսկեոսկոր, ձգանին երկվորյակ մատ ունեցող տղերքի: Ես այս առիթով ուզում եմ խորին հարգանք ու խոնարհումս բերել 1919-ին որոշումը կայացնող այն անձանց, որոնց միտքը հղացավ կայացնելու այդ որոշումը՝ եւ այն էլ պետականորեն: Ուզում եմ գլուխ խոնարհել «Նեմեսիս» գործողության բոլոր կազմակերպիչների եւ ձգանը սեղմած մեր ասպետների հիշատակի առջեւ: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին, ավագանուն՝ կայացրած որոշման համար: Բոլոր շինարարներին ու ճարտարապետին՝ Տիգրան Բարսեղյանին, Արթուր Մեսչյանին, բոլոր նրանց, ովքեր խոնարհաբար բերեցին իրենց աջակցությունը ազգանվեր այս գործին: Մենք արձաններ շատ ենք կառուցել, եւ կառուցողը միշտ գնացել ու բարերար է փնտրել, մի քանի դռներ է ծեծել. եզակի երեւույթ՝ ավագանու որոշումից տասը օր հետո ինձ զանգում են իմ եղբայրները՝ Վահե Պետրոսյան, Արտավազդ Սարգսյան, եւ հայտնում՝ ոչ մեկի դուռը չբախեք, ամբողջ ծախսը մենք ենք հոգալու, մեր հոգու պարտքն է, մենք ենք անելու ամեն ինչ… Խորին խոնարհում ձեզ, տղերք, կեցցեք … Ոչ ճարտարապետը, ոչ բարերարը համեստորեն խնդրել են, որ թույլ տանք իրենց անունները չգրելու այստեղ:
…Եթե մի պահ հապաղեր այդ ձեռքը, վստահեցնում եմ ձեզ, մենք կմնայինք տխուր, ոչ մի վայրկյան մխիթարանքի՝ 1915-ից հետո: Բայց գործեցին հայի առնական ոգին եւ միտքը: Եվ այսօր այս կոթողը թելադրում է մեկ բան՝ ձերբազատվեք, ի սեր Աստծո, այն հոգնած, հորանջող, տրորված, գինետնային հայրենասիրություն կոչվածից, որն իր մեջ չունի մեկ մատնաչափ անգամ պատասխանատվություն… Ես գլուխ եմ խոնարհում մեր վրիժառության քուրմերի՝ Շահան Նաթալիի, Գուրգեն Յանիկյանի, «Նեմեսիսի» եւ ԱՍԱԼԱ-ի բոլոր դյուցազունների առջեւ: Եվ այս պահին՝ մեղա քեզ, իմ բնօրրան Սասուն, մեղա քեզ, Վան, Աղթամար, մեղա քեզ, Արարատ, մեղա ձեզ՝ Շուշի եւ Հադրութ… Մեղա, իմ անթաղ մեծ հայր՝ Դավո անունով՝ քարանձավ-քարայրում առ այսօր ոսկրացած… Մեղա ձեզ, սեբաստացի Դանիել Չպուքքարյան՝ նույն ինքդ Ցեղին սիրտը՝ Վարուժան. 108 տարի առաջ հենց այս օրը քաղաքակիրթ հագուստիդ մեջ արնոտված մարմինդ եմ գրկում եւ համբուրում: Եվ երիցս.
Ու պայքա՛ր, պայքա՛ր, պայքա՛ր երգեցի,
Ձեզի ընծա, հայ մարտիկներ,
Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի,
Ձեզի ընծա, քաջ մարտիկներ,
Եղեգնյա գրչով երգեցի վրեժ-
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ…»:
Հավելենք, որ մայրաքաղաքային մեծաշուք այս արարողությանը մասնակցում էին վրիժառուների թոռներից եւ ծոռներից՝ Արամ Երկանյանի շառավիղ Արտյոմ Երկանյանը, Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմեն Գեւորգյանը, Սողոմոն Թեհլերյանի ծոռնուհին՝ Լիլիթ Օհանյանը: Նրանք իրենց խոնարհումը բերեցին իրենց անմահ նախորդներին, վերստին արժեւորեցին քաջազունների սխրանքը, երախտիքի խոսքով շնորհակալություն հայտնեցին բոլոր աջակիցներին, ովքեր իրենց մասնաբաժինն ունեն Հայոց Արժանապատվության ու Վրիժառության՝ «Նեմեսիս» կոթողի հառնեցման գործում: Նոր ուխտատեղի՝ հայոց մայրաքաղաքի սրտում…