Մեր պատմության ամենացավոտ էջերից է Արեւմտյան Հայաստանում օսմանյան թուրքերի կազմակերպած ցեղասպանությունը, որը, չնայած իրականացվել է 108 տարի առաջ, այսօր էլ չի մոռացվել: Այսօր էլ մեր ժողովրդին սպառնում է նույն վտանգը՝ նույն թուրքի կողմից։ Իհարկե, ցեղասպանությունն ավելի վաղուց է թուրքական իշխանությունների կողմից մտածվել, իրականացվել, սակայն առավել մեծ չափ ընդունեց եւ միլիոն ու կես հայի կյանք խլեց 1915 թ. գարնանը։ Մեր ժողովուրդը չի կարող մոռանալ այդ արհավիրքը, եւ մշտապես մեր երեխաներին պետք է հիշեցնենք՝ ով է թուրքը։
ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաներն ապրիլի 25-ին հանդես եկան Հայոց մեծ եղեռնի 108-ամյա տարելիցին նվիրված ու դատապարտող ցերեկույթով։ Մասնակցում էին նաեւ Երեւանի թիվ 160 հիմնական դպրոցի 5-րդ Ա եւ Բ դասարանների աշակերտները՝ դասղեկներ Հեղինե Մնացականյանի եւ Լիլի Արզումանյանի ղեկավարությամբ։ Նշեմ՝ պատանի երկրապահների մեծ մասը նույն դպրոցի աշակերտներ են։ Ներկա էին նաեւ ազատամարտիկներ, այդ թվում՝ վերջերս առաջնագծից եկած Արմեն Քալանթարյանը, ով ՀՀ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կողմից պարգեւատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ Ցերեկույթի կազմակերպիչ, Էրեբունու «Պատանի երկրապահ» ակումբի երկարամյա հրամանատար, ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանի հրամանով պատանի երկրապահները շարվեցին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ, որը կառուցվել է 8 տարի առաջ՝ պատանի երկրապահների առաջարկով ու իրենց հրամանատար Ս. Խաչատրյանի նախաձեռնությամբ: ԵԿՄ բաժանմունքի շենքի բակում՝ խաչքարի մոտ պատվո պահակ էին կանգնել Գոռ եւ Էդուարդ Ճաղարյան եղբայրները, ովքեր 6-7 տարի է՝ «Պատանի երկրապահ ակումբի» սաներ են։ Գոռն ուսանում է բժշկական բուհում, իսկ 16-ամյա Էդուարդը հայ-հունական քոլեջի 1-ին կուրսի սովորող է։ Շարքում էր նաեւ 3-րդ դասարանի աշակերտուհի Ամալյան, ով արդեն 2 տարի է՝ պատանի երկրապահ է։ Հուշակոթողի մոտ ծածանվում էին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության Եռագույնները եւ ԵԿՄ դրոշը։ Հնչեցին ՀՀ եւ ԵԿՄ օրհներգերը:
Ներկայացվեց «Նեմեսիս» գործողությանը մասնակից հայ նշանավոր վրիժառուների մասին։ Պատանիները լսեցին մեր ժողովրդի արժանի ու պատվասեր որդիներ Շահան Նաթալիի, Արմեն Գարոյի, Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Պետրոս Տեր- Պողոսյանի մասին, ովքեր վրիժառու եղան ու սատկացրին Հայոց ցեղասպանություն իրականացրած որոշ մարդակերպ գազանների։ Շահան Նաթալին՝ Հակոբ Տեր-Հակոբյանը (կեղծանունը՝ Նեմեսիս), Գրիգոր Մերջանովի հետ որոշել եւ իրականացրել է 1915 թ. արեւմտահայության ցեղասպանությունը կազմակերպող ու իրականացնող երիտթուրք պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողությունը։ Դեռեւս 1918 թ. դեկտեմբերին ՀՅԴ անդամ, իրավաբան Մանուկ Համբարձումյանի կողմից կազմվում է հայերի կոտորածներն ու տեղահանությունը կազմակերպած եւ իրականացրած 100 ոճրագործների անվանացանկ։ «Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանին,- ասում է Շահան Նաթալին Սողոմոնին,- եւ չես փորձել փախչիլ, կկանգնիս տեղդ ոտքդ սատակին վրա ու կհանձնվիս ոստիկաններուն, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»: Այդպես էլ անում է Սողոմոնը, որպեսզի իր դատավարությունը Բեռլինում դառնա նաեւ ոճրագործների դատավարություն, որ աշխարհն իմանա Հայոց ցեղասպանության մասին։ Ս. Թեհլերյանի դատավարությունից շուրջ մեկուկես ամիս անց՝ 1921 թ. հուլիսի 18-ին, Միսաք Թորլաքյանը Կ. Պոլսում ի կատար ածեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրի մահապատիժը: Վերջինս պատասխանատու էր 1918 թ. սեպտեմբերին Բաքվի հայության եւ այնտեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականների սպանության համար: Այնուհետեւ ասմունքով հանդես եկան պատանի երկրապահները:
Օրվա խորհրդի մասին ներկայացրեց Ս. Խաչատրյանը՝ անդրադառնալով նաեւ այսօրվա իրավիճակին, որ դարձյալ թուրքերը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, սպառնում են մեր պետականությանը։ Դիմեց ներկաներին՝ պատանիներին, ծնողներին, ուսուցիչներին՝ կոչ անելով, որ բոլորը տիրապետեն զենքին, հարկ եղած դեպքում պատրաստ լինեն դիմակայելու ու հաղթելու թշնամուն։ Տեղեկացրեց նաեւ, որ միջոցառումը կայացել է ՀՀ ԵԿՄ նախագահի աջակցությամբ։ Պատանիներին ողջունեց ու բարին մաղթեց ազատամարտիկ Ա. Քալանթարյանը՝ հավաստիացնելով, որ երկրապահը մշտապես լինելու է հայրենիքի պաշտպան։ Ելույթներից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, խնկարկեցին անմեղ զոհերի հիշատակը։ Ցերեկույթն ավարտվեց պատանի երկրապահների վարժանքով՝ հակագազի հետ աշխատանք, կրակային պարապմունք, նռնակի նետում։ Հակագազի հետ աշխատանքին ծանոթացան նաեւ դպրոցականները։ Վերջում պատանի երկրապահները ցուցադրեցին թմբուկներով վալս։ Թիվ 160 դպրոցի հոգեբան, 5-րդ Ա դասարանի դասղեկ Հ. Մնացականյանը կարեւորեց նման միջոցառումները, որ մեր երեխաները վաղ հասակից պետք է ծանոթանան զինվորական կյանքին՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց թիվ 160 դպրոցի տնօրինությանը (տնօրեն՝ Հասմիկ Մարտիրոսյան), ուսուցիչներին, ներկա դասղեկներին, աշակերտների ծնողներին, որ համագործակցում են իր հետ, մասնակցում նման հանդեսների։ Միջոցառման վերջում ԵԿՄ բաժանմունք եկավ թիվ 160 դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը, եւ Ս. Խաչատրյանի հետ որոշեցին հետագա համագործակցությունն ու անելիքները։
Զուգադիպությամբ ապրիլի 25-ին, նույն ժամին Երեւանում՝ Օղակաձեւ այգում, ԵՊՀ հարեւանությամբ, բացվեց Ազգային արժանապատվության ասպետների հուշակոթողը։