«Ազգային ոգի-ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմութեան անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը»։
Գարեգին Նժդեհ
Նժդեհի այս խոսքն ամենաարդիականն է այսօր։ Հայոց մեծ եղեռնի միլիոն ու ավելի զոհերի հիշատակը հարգելուն է միտված արդեն ավանդույթ դարձած Նժդեհյան ուխտը՝ Վայոց ձորի Վերնաշեն գյուղի մոտակա բարձունքում՝ Պռոշաբերդի մոտ գտնվող Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք ( Ծաղկավանք)։
Այս տարի եւս բազմամարդ էր Նժդեհի շիրմաքարի մոտ։ ՀՀ տարբեր մարզերից, Երեւանից բազում խմբեր ու ընտանիքներ էին եկել այստեղ՝ Նժդեհյան ոգով հարգելու ցեղասպան դարձած մեր հայրենակիցների հիշատակը։ Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի սաներն ու ուսուցիչները՝ տնօրեն Անուշ Նավասարդյանի գլխավորությամբ, եւ «Միհր» ռազմամարզական ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանն ու սաները նույնպես այցելեցին Սպիտակավոր։ Եղեգնաձոր քաղաքի մոտակա Վերնաշեն գյուղից դեպի Սպիտակավոր բարձրացող ավտոճանապարհը դժվարանցանելի է, բացի այդ, ուխտավորների հիմնական մասը գերադասում է վանական համալիր (այն նաեւ արդեն հայտնի է «Նժդեհյան ուխտատեղի» անունով) հասնել ոտքով՝ անցնելով մոտ 5 կմ ճանապարհ լեռնային արահետներով։ Վերնաշենի 13-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցում այժմ Գլաձոր համալսարանի պատմությանը նվիրված թանգարանն է։ Այս սրբավայրի բակում Ա. Նավասարդյանի դպրոցի աշակերտները բաժանվեցին ջոկերի եւ «Միհրի» փորձառու սաների ուղեկցությամբ սկսեցին արշավը դեպի Սպիտակավոր։ Մինչ արշավն սկսելը՝ «Միհրի» ղեկավար Գ. Մանուկյանը ողջունեց նավասարդյանական աշակերտներին, ուսուցիչներին եւ ասաց՝ իրենց նպատակն է, որ մեր երեխաները, պատանիները, երիտասարդները մեծանան ու կյանք մտնեն հայի արժեհամակարգով: «Իմ կողքինը ես եմ»՝ այս կարգախոսով են մարզվում իր սաները, եւ նրանց համար ընկերը հենց ինքն է։ «Միշտ հայ». այսպես են ողջունում միմյանց։ Նույն ճանապարհով անցան նաեւ դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը, աշակերտների ծնողները։ Նրանց հետ անցանք Վերնաշեն-Սպիտակավոր մոտ 5 կմ ճանապարհը, որն Արփայի աջակողմյան Սրկղոնք-Սրկցույաղց 11.5 կմ երկարությամբ վտակի կիրճով է բարձրանում վեր՝ դեպի վանական համալիր։ Գայլաձոր լեռան հարավային լանջերից սկիզբ առնող ու Եղեգնաձոր քաղաքից 1.5 կմ հարավ-արեւմուտքում մայր գետին միախառնվող այս գետակն ունի գեղատեսիլ հովիտ՝ ջրվեժներ ու ժայռակերտ տեսարաններ։ Այս կիրճով անցնողը երբեւէ հոգնածություն չի զգա, չնայած քարքարոտ արահետներին, տեղ-տեղ գետանցումներին, ժայռ մագլցելուն։ Ընթացքում դպրոցականները հանդես եկան ռազմավարժանքով, մասնակցեցին օդամղիչով հրաձգության։
Սպիտակավոր վանական համալիրի բակում՝ Նժդեհի շիրմաքարի մոտ ծաղիկներ էին խոնարհված, կատարվում էր խնկարկում՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի հոգիների։ Այստեղ էին նաեւ «Իրական դպրոց», «Պետականությունը որպես գերագույն արժեք» (ՊՈԳԱ), «Մարտական եղբայրություն», ՈՄԱ, «Լեռնամանիա» արշավական ակումբ, «Թոնդրակ» ակումբ եւ նման այլ կառույցների ներկայացուցիչներ։ «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան՝ բոլորը»,- ասում էր Նժդեհը։ Վանքի տարածքում կայացել էր նաեւ հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես նահատակների հոգիների։ Եկեղեցու բակում «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները, որ արդեն հետ էին վերադառնում, լուսանկարվեցին Նժդեհի շիրիմի խաչքարի մոտ, որի վրա գրված է հայոց մեծ մտածող-զինվոր-զորականի խոսքը. «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»։ Խաչի տակ «Այստեղ հանգչում է նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր» խոսքն է քանդակված։ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները նույնպես քայլարշավով էին բարձրացել ուխտավայր, ճանապարհն անցել էին ռազմական պարապմունքի որոշ տարրեր օգտագործելով:
«Ապրիլի 24-ին Նժդեհի ուխտավայր բարձրանալու նպատակը ոչ թե միայն արշավային է, այլեւ՝ խորհրդանշական: Ոչ թե թուլություն, օտարամոլություն, ապավինում «բարի աշխարհին», այլ հավատք եւ հենք սեփական ուժերին: Երեւանից դուրս, լեռան գագաթին գտնվող Նժդեհի շիրմաքարը ցույց է տալիս ելք դեպի այլ ուղղություններ եւ զորություններ, որոնք թվում են անհնարին քաղքենի միջավայրում»,- ասված է «Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջում։ «Լեռնամանիա» արշավական ակումբի նախագահ Հրայր Սուրմալեցին ասաց, որ իրականացնում են «Արշավները դպրոցում» ծրագիրը, եւ իրենց խմբում «Սուրմալու» ազգագրական երգի-պարի համույթի ու Յուրա Հովհաննիսյանի (26-ի Յուրա) անվան ռազմամարզական կենտրոնի սաներն են։ «Թոնդրակ» արշավական ակումբի ղեկավար, պատմաբան Գոռ Ղազարյանը ողջունեց ներկաներին։ Կարեւորեց նման արշավները։ Ապրիլի 24-ին նաեւ «Միհր» ռազմամարզական ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի ծննդյան օրն է։ Իր անվանակցին Գոռ Ղազարյանը նվիրեց Նժդեհի «Իմ պատասխանը» գիրքը։ ՊՈԳԱ-ի նախագահ Օնիկ Պապոյանն ասաց, որ եկել է իր սաների հետ։ Վերնաշեն-Սպիտակավոր ճանապարհը պատանիներն անցել են մարզական վարժանքներով։ Վանքի բակում հանդիպեցինք նաեւ Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի ուխտավորներին՝ միջնակարգ դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ՝ տնօրեն Նարինե Ալեքսանյանի գլխավորությամբ։ Նշեմ՝ Բարձրունու եւ Երեւանի Ա. Նավասարդյանի անվ. թիվ 196 հիմնական դպրոցները «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի շրջանակներում վերջերս կատարել էին փոխադարձ այցեր։ Նժդեհի շիրմաքարի մոտ ասմունքով հանդես եկավ նաեւ սիրիահայ Ալեքսը։ Երեկոյան վերադարձանք Սպիտակավորից՝ արդեն ավտոճանապարհով, որն անցնում է սարի լանջերով։ Վերեւից բացվում է հրաշալի տեսարան՝ Եղեգնաձոր եւ մոտակա բնակավայրերն են փռված Արփայի հովտում։ Ներքեւում է մնում Սպիտակավոր վանքը, իսկ ավելի վեր՝ սրագագաթ լեռն է, որն իր վրա պահում է Պռոշաբերդը՝ կառուցված Պռոշ իշխանի կողմից 13-րդ դարում։
Ճանապարհին զրուցեցի Ա. Նավասարդյանի անվ. դպրոցի սաների, ուսուցիչների հետ։ Շատերն առաջին անգամ էին մասնակցում այս արշավին։ Գոհ էին, շնորհակալ դպրոցի տնօրենին՝ նման հնարավորության համար, «Միհրի» ղեկավարին ու պատանիներին, որ ողջ ընթացքում ուղեկցեցին իրենց։ Դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին այցելում են Նժդեհյան ուխտավայր. «Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Նժդեհյան ուխտատեղի այցելելը պայմանավորված է այն իրողությամբ, որ 1948 թ. ապրիլի 24-ին Գարեգին Նժդեհը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, իսկ 1915 թ. ապրիլի 24-ին էլ հայ ազգը զրկվել է իր ղեկավար ուժերից եւ մտավորականներից։ Եվ այդ օրը Սպիտակավորում՝ Նժդեհի շիրիմի մոտ, հայորդիներն ուխտում են հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, հայոց պետականությանը եւ Նժդեհի պատգամներին»։ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում 1955 թ. դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երեւանից շտապ մեկնել է Վլադիմիր։ Նրան են հանձնել եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվել նաեւ մարմինը տեղափոխել հայրենիք։ Լեւոնը կատարել է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տվել ու տախտակի վրա պատվիրել է ռուսերենով գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։
Տեղեկացնեմ՝ 1983 թ. Գարեգին Նժդեհի աճյունը գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի եղբոր միջոցով Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից նրա թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, գաղտնի տեղափոխում է Երեւան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987 թ. հուղարկավորվում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ: 1987-ից սկսած՝ ամեն տարի, հունիսի 16-17-ը նժդեհականները տարբեր տեղերից ուխտագնացության են գալիս Սպիտակավոր։ Տարիներ առաջ, երբ բնակվում էինք Բերձորում, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր գլխավոր բժիշկ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանի, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետի հետ հունիսին ուխտի եկանք Սպիտակավոր։ Ա. Բունիաթյանն ու Աթանաս վարդապետը Նժդեհի աճյունը տեղափոխելու եւ հուղարկավորելու կազմակերպիչներից են։ Պատմեցին, թե ինչպես են իրականացրել այդ դժվար աշխատանքը խորհրդային ՊԱԿ-ի հսկողության տակ։ Նույն կազմակերպիչները նաեւ երդվել էին, որ յուրաքանչյուր տարի այդ օրերին՝ հունիսին կայցելեն Սպիտակավոր, հոկտեմբերին՝ Խուստուփ։ Նաեւ երդվել էին. «Եթե չգանք, ուրեմն՝ չկանք»։