Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առանցքում՝ հայրենաճանաչությունը

Տեղանքի, մշակույթի, պատմության եւ ավանդույթների ուսումնասիրությունը

Մայիսի 4, 2023
Սոցիում
Առանցքում՝ հայրենաճանաչությունը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
641
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ԿԶՆԱԿ» հիմնադրամն ապրիլի 1-21-ը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարել էր «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է՝ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։

Այս ծրագրի շրջանակներում աշակերտների փոխանակում կատարեցին Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական եւ Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի կազմում գտնվող Բարձրունի գյուղի միջնակարգ դպրոցները։ Ապրիլի 17-ին Բարձրունու 4 աշակերտ՝ Մանե Մովսիսյան (9-րդ դաս.), Կարեն Սարգսյան (8-րդ դաս.), Ալեն Ավագյան եւ Միլենա Ալեքսանյան (7-րդ դաս.), դպրոցի տնօրեն  Նարինե Ալեքսանյանի ուղեկցությամբ եկան Երեւան եւ ուսումը շարունակեցին թիվ 196 հիմնական դպրոցում,  հյուրընկալվեցին համադասարանցիների տներում։ Թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ընդունեց հյուրերին, ներկայացրեց իր ղեկավարած կրթօջախը, որտեղ գործում են Աշոտ Նավասարդյանի թանգարանը, Փառքի սրահ։ Բարձրունու դպրոցի տնօրենը Ա. Նավասարդյանի անվ. դպրոցին, որպես խորհրդանիշ, նվիրեց Նորավանքի մանրակերտը։  Ապրիլի 20-ին, դասերի ավարտից հետո Բարձրունի գյուղի դպրոցականները հյուրընկալ դպրոցի աշակերտական խորհրդի անդամների, ուսուցիչներ Արեւ Բարսեղյանի եւ Լիլիթ Շաղոյանի ուղեկցությամբ այցելեցին Հովհաննես Թումանյանի թանգարան, ծանոթացան Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի եւ գործունեության առանձնահատուկ դրվագներին։ Այնուհետեւ նրանց ջերմորեն հյուրընկալեցին Դավթաշեն վարչական շրջանի համայնքապետարանում, հետաքրքրվեցին երեխաների առօրյայով ու կեցության պայմաններով։ Հանդիպման ավարտին վարչական շրջանի ներկայացուցիչները նվերների փաթեթներ հանձնեցին երեխաներին։ Օրը եզրափակվեց Ա. Նավասարդյանի անվան դպրոցի բակում կազմակերպված հրաժեշտի երեկոյով։ Համագործակցության սկիզբ դրած երկու դպրոցների մանկավարժները, աշակերտները նախ շուրջպար բռնեցին, ապա խարույկի շուրջ հայրենասիրական երգեր կատարեցին։

Ապրիլի 21-ին արդեն կայացավ այց դեպի Բարձրունի գյուղ։ Թիվ 196 դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանի գլխավորությամբ ուսուցիչներ Արեւ Բարսեղյանը, Իրինա Բեժանյանը, Թամարա Հայրապետյանը եւ դպրոցականներ Արտյոմ Աթանեսյանը, Գոռ Դեմիրճյանը, Սամվել Կոնինյանը, Հարություն Մաթեւոսյանը մեկնեցին Բարձրունի։ Տուն վերադարձան նաեւ բարձրունցի աշակերտները։ Սիրով միացա խմբին։  Ճանապարհին զրուցեցի բարձրունցի դպրոցականների հետ։ Գոհ էին այդ 4 օրը Երեւանում անցկացնելուց։ Շնորհակալություն հայտնեցին հնարավորության համար։ Հատկապես կարեւորեցին, որ նոր ընկերներ ունեցան։ Միլենան ասաց, որ որոշել է բժշկուհի դառնալ։ Իհարկե՝ դեռ ժամանակ կա, բայց առաջնայինը բժշկությունն է։ Կարենը նույնպես որոշել է բժիշկ՝ ատամնաբույժ դառնալ։ Բոլորն էլ ցանկանում են նորից ունենալ նման հնարավորություն, լինել որեւէ բնակավայրում, մի քանի օրով սովորել տեղի դպրոցում, ունենալ նոր ընկերներ։ Ծովի մակարդակից 1950-2050 մ բարձրությամբ, Երեւանից 220 կմ հեռավորությամբ ու Նախիջեւանին սահմանամերձ Բարձրունի գյուղը Վայքի տարածաշրջանում է, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արեւելք, Վայոց ձորի լեռների հարավահայաց լանջին։ Այժմ Վայքի  քաղաքային խոշորացված համայնքի կազմում է։ Վայքից հեռավորությունը 28 կմ է։ Պատմական այս գյուղը, ինչպես Հայոց շատ բնակավայրեր, 17-րդ դարասկզբին ենթարկվել է շահ Աբասի տեղահանման իրողությանը։ 1828 թ. Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից ներգաղթած հայերը վերստին շենացրել են Բարձրունին։

Վայք-Սիսիան գլխավոր ճանապարհահատվածից դեպի աջ թեքվող Զառիթափ համայնք տանող միջհամայնքային ճանապարհը գնալով բարձրանում է վեր։ Անցնում ենք Զառիթափ համեմատաբար մեծ բնակավայրով, այնուհետեւ՝ Մարտիրոս ու Սերս գյուղերը, եւ վերջապես՝ Բարձրունին՝ ընկած, ինչպես ասում ենք. «Յոթ սարի ետեւում»։ Սահմանին շատ մոտ գտնվող գյուղի դպրոցի մուտքի մոտ զինվորական համազգեստով աշակերտները տնօրենի ու ուսուցիչների հետ մեծ ոգեւորությամբ դիմավորեցին հյուրերին։ Միջին դասարանների աշակերտների կողմից եղավ ողջույնի խոսք։ Փոքրիկ դպրոցականները հավաստիացրեցին, որ տեր են մնալու իրենց հայրենիքին ու պատրաստ են դառնալ զինվոր, պաշտպանել մեր երկիրը։ Երեւանի թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Ա. Նավասարդյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարեւորեց սահմանամերձ բնակավայրերի դերը մեր երկրի կյանքում։ Երախտագիտություն հայտնեց, որ նման բնակավայրերի բնակիչները դարձել են սահմանապահ եւ պաշտպանում են երկրի թիկունքը։ Դպրոցի մուտքի մոտ հանդիպեցի բերձորցի Մարինե Նիկողոսյանին, ով ծնունդով Բարձրունի գյուղից է։ Տարիներ առաջ ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի եւ 2 զավակների հետ վերաբնակվեցին Բերձորում։ Որդին՝ Նարեկ Ալեքսանյանը, Բերձորի վերջին քաղաքապետն է։ 2022 թ., երբ թշնամուն հանձնվեց նաեւ Բերձորը, նրանց ընտանիքը վերադարձավ ծննդավայր։ Մարինեն այժմ աշխատում է դպրոցում՝ գրադարանավար։ Ընթացքում հյուրերը դպրոցի տնօրենի եւ գյուղի վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանի, ուսուցիչների ուղեկցությամբ շրջեցին դպրոցում ծանոթացան պայմաններին, որ կարելի է բավարար համարել։ Դպրոցի երկհարկանի շենքը հիմնանորոգվել է 2004 թ., միջազգային Կարմիր խաչի կողմից բարեկարգվել է նկուղային հարկը։ Ներկայիս պայմանները բավարար են առայժմ ընդամենը 29 աշակերտ ունեցող կրթօջախի համար։ Դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար դպրոցում նաեւ բուֆետ է գործում։ Դպրոց մուտք գործողն առաջինը տեսնելու է Փառքի անկյունը։ 1990-ականներին, դրանից հետո, մինչեւ 2020 թ. 44-օրյա պատերազմը Բարձրունի գյուղից հայրենիքի պաշտպանության, ազատագրության համար մարտերում նահատակվել են 11 քաջորդի։ Նրանց շարքում է նաեւ գյուղի վարչական ներկայիս ղեկավար Ա. Ալեքսանյանի հայրը՝ Խաչատուր Ավետիսյանը (1961-1993 թթ.)։ Իսկ 44-օրյա պատերազմում Բարձրունի գյուղից նահատակվեցին դարձյալ 11 քաջորդի։ Նշեմ՝ Սուրիկ Միքայելյանի որդիներ Սամվել եւ Սեյրան Միքայելյանները ծնողների հետ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման սկզբներին բնակություն էին հաստատել Ուռեկան գյուղում։ Միասին մասնակցեցին  44-օրյային եւ միասին մարտիրոսվեցին։ Քաշաթաղի Իշխանաձորում էին բնակվում նաեւ Ժորա Հովակիմյանի որդիները՝ Արմեն եւ Արա Հովակիմյանները, ովքեր նույնպես նահատակվեցին կործանարար պատերազմում։ Տարիների ընթացքում, աշխատելով Քաշաթաղի շրջանում, շատերին էի ճանաչում, հիշում են նաեւ նահատակ տղաներին, ովքեր իրենց նվիրումով շենացնում էին Քաշաթաղը, հարկ եղած դեպքում զինվոր էին՝ հայրենիքի պաշտպան։ Անմահ հերոսների շարքում է նաեւ բարձրունցի Արա Խաչատուրի Շահբազյանը, ում ճանաչում էի Ջրականի զորամասից։ Հայոց բանակի փոխգնդապետը հերոսաբար մարտիրոսվեց Ջրականը պաշտպանելիս։ Փառքի անկյունում մեծ «Մեզ բացակա չդնեք» վերնագրով պաստառին 11 քաջերի լուսանկարներն են, ներքեւում՝ ձախ կողմում, այն օրերին լեգենդար հրետանավոր Ալբերտի լուսանկարն է, աջ կողմում գրված է. «Ննջիր խաղաղությամբ, հայրենյաց պաշտպան, աղոթք ու խնկարկում հիշատակիդ առաջ։ Քո անունը ոսկե տառերով կգրվի մեր սրտերում եւ Արցախյան պատերազմի տարեգրության մեջ։ Լույս հոգուդ…»։ Նահատակ հերոսների շարքում են նաեւ Գեւորգ Վազգենի Աբգարյանը, Գոռ Հայկազի Կարապետյանը, Գարիկ Սերոժի Սայադյանը, Սեւադա Վարազդատի Սարգսյանը, Անդրանիկ Արմենի Գեւորգյանը եւ Հարութ Արտակի Հովհաննիսյանը։ Նույն պաստառի դիմաց արդեն Արցախյան գոյամարտի առաջին պատերազմում անմահության ճամփան բռնած բարձրունցիների մասին է ներկայացված։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակը կոչվում է անմահ հերոս, 1988-ին նահատակված Նորայր Մելքոնյանի անունով։ Դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ, 20 տարի Հայոց բանակում ծառայություն անցկացրած Գարիկ Հովսեփյանը շատ է կարեւորում իր առարկան եւ հնարավորությունների սահմաններում կահավորել է դասասենյակը, ունեն ուսումնական զենք, օդամղիչ հրացաններ, ուսումնավարժանքներ անցկացնելու տարբեր իրեր։ Դպրոցի բակում ստեղծել է նաեւ փոքր հրաձգարան, որտեղ մարզվում են եւ աշակերտները, եւ ուսուցիչները։ Հրաձգությանը մասնակցեցին նաեւ երեւանցի դպրոցականները։ Գ. Հովսեփյանը նշեց նաեւ, որ համագործակցում է հարեւան դպրոցների, զորամասերի հետ։ Նրա ուղեկցությամբ ծանոթացա նաեւ դպրոցի միջանցքներում փակցված պաստառներին, նշաններին՝ ինչպես գործել տագնապի դեպքում, տարահանվել, հասնել ապաստարան։ Դպրոցն ունի գրադարան, որը համալրվել է նաեւ գյուղի նախկին գրադարանի գրքերով։ Մեր կողմից էլ որոշ նոր գրքեր հանձնվեցին։

Բարձրունու վարչական ղեկավար Ա. Ալեքսանյանը եւ դպրոցի տնօրեն Ն. Ավետիսյանն ամուսիններ են, ունեն 4 երեխա։ Դուստրը՝ Միլենան, ավագն է, սովորում է 7-րդ դասարանում։ Ավագ որդին՝ Նարեկը, սովորում է 5-րդ, միջնեկը՝  Մարկը՝ 1-ին դասարանում։ Փոքրը՝ 2-ամյա Մոնթեն է, ով նույնպես դպրոցում էր ու սիրով խաղում էր գնդակով։ Ա. Ալեքսանյանը նաեւ ֆիզկուլտուրա է դասավանդում դպրոցում, ավարտել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Տնօրենն ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Տեղեկացրեց, որ ունեն 29 աշակերտ, որից 2 հոգի՝ առաջին դասարանում եւ 2-ը՝ 12-րդ։ Կարեւորեց, որ եկող ուստարում ունենալու են 3 առաջին դասարանցի։ Մանկավարժներով հիմնականում ապահովված է դպրոցը, կա ֆրանսերենի եւ դասվարի կարիք։ Ամուսիններ՝ պատմության ուսուցիչ, վանաձորցի Վոլոդյա Բոջուկյանը եւ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի, ալավերդցի Անուշ Մելիքսեթյանը դպրոցում են աշխատում «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում։  Ըստ պայմանագրի՝ ուստարվա վերջում կարող են այլ տեղ տեղափոխվել։ Նոր են ամուսնացել՝ ծանոթանալով ծրագրի շրջանակներում, գյուղում բնակվում են վարձով։ Դպրոցի բակում զրուցեցի բարձրունցի 3 երեխաների հայր Նաիրի Ավագյանի հետ, ով կապուտաչյա դստեր՝ Անժելայի հետ հետեւում էր հրաձգությանը։ Ասաց, որ զբաղվում է մեղվաբուծությամբ։ Կարեւորեց խաղաղությունը, որ կարողանան բարիք ստեղծել։ Գոհ է դպրոցի աշխատանքներից։ Բարձրունի գյուղում է բնակվում նաեւ Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից տեղահանված Վիկտոր Ֆլորովի 5 զավակ ունեցող ընտանիքը։ Երեխաներից 4-ը դպրոցական են։ Նրանցից 9-րդ դասարանցի Բորիսը ձեռքի աշխատանքներ է անում, նրա պատրաստած տնակը պահպանվում է դպրոցում։ Դպրոցում բոլոր դասասենյակները ձեւավորված են ըստ առարկաների։ Գյուղի վարչական ղեկավար Ա. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ ունեն 67 ընտանիք՝ 350-ից ավելի բնակչով։ Նախադպրոցական երեխաներն այցելում են հարեւան Զառիթափ գյուղի մանկապարտեզ։ Տեղափոխման համար մեքենա է տրամադրված։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն եւ այլն։ Նշեց, որ ժամանակին գյուղում գործել է մեղվաբուծական սովխոզ։ Խնդիրներից կարեւորեց ոռոգման ջուրը, որ պետք է նոր ջրամբար կառուցվի՝ տարածքի ջրերն ամբարելու համար։ Հանրային տրանսպորտ Վայք եւ մարզկենտրոն Եղեգնաձոր չկա։ Բնակիչներն հիմնականում ուղեւորվում են անձնական մեքենաներով։ Գյուղի ճանապարհների որոշակի հատված ունի բարեկարգման կարիք։ Սակայն ամենակարեւոր խնդիրը սահմանամերձ բնակավայր լինելն է. բնակչության հողատարածքների մեծ մասը չի օգտագործվում՝ լինելով թշնամու կողմից դիտարկվող տարածքում։ Այնուամենայնիվ՝ ամենակարեւորը երկրին տեր մնալն է։ Գյուղի դիմաց Սանգյառ սարն է։ Ընթացքում դպրոցի ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ այցելեցինք գյուղի մոտակա Սուրբ Շողակաթ սրբավայր, որտեղ հնադարյան եկեղեցու տեղում նորն է կառուցվել։ Բակում միջնադարյան մի քանի խաչքար ու տապանաքար կա։ Խաչքարերն արձանագրված են։ Նրանցից մոտ 2 մ բարձրության վրա կա նաեւ թիվը. ՉԽ/740+551=1291/: Սրբատան հարեւանությամբ նաեւ Արցախյան առաջին գոյամարտում նահատակված 11 քաջորդիներին նվիրված հուշահամալիրն է՝ խաչքարով։ Բարձրունի եւ Սերս գյուղերի մեջտեղում՝ ճանապարհաեզրին Սուրբ Հովհաննես միջնադարյան մատուռն է՝ կառուցված կոպտատաշ քարով։

Այցելեցինք նաեւ հարեւան Մարտիրոս գյուղի Սուրբ Աստվածածին վանական համալիր, որը կառուցվել է 1286 թ.։ Տարիների ընթացքում այն ավերվել է, սակայն, ինչպես նշեց եկեղեցում մոմ վաճառող եւ տարածքի սպասավոր կինը, 47 տարիների ընթացքում վերակառուցվել է։ Այստեղ էլ հրաժեշտ տվեցինք բարձրունցիներին՝ հավատով, որ կապը լինելու է շարունակական, իսկ սահմանը՝ ԱՄՈՒՐ, ինչպես մեր ժողովրդի ոգին։ Վերադարձին զրույցի ընթացքում Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ասացին, որ տպավորված են սահմանապահ մեր հայրենակիցներով։ «Այսօր եղա Նախիջեւանին սահմանակից Բարձրունի գյուղի դպրոցում՝ դեմ առ դեմ թշնամի հարեւանի դիրքերին։ Կրկին հիացա հողը պահող, երկիր շահող, պայքարող ու մաքառող ՀԱՅով»,- ասաց Ա. Նավասարդյանը։

Հ. Գ. Աշոտ Նավասարդյանի անունով էր կոչվում նաեւ Քաշաթաղի շրջանի առաջին կրթօջախներից մեկը, որը Քրօնից վանքի մոտակա Ծաղկաբերդ գյուղում էր։

Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ հրեշտակն ասեց ինձ. Ինչո՞ւ համար զարմացար»

Ճանապարհ դեպի կատարելություն

Ճանապարհ դեպի կատարելություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist