Յուրաքանչյուր հնագույն հոգեւոր կառույց, իր անմիջական գործառույթներից բացի, հայոց կյանքում հանդես է եկել որպես մշակութային ու կրթական կենտրոն՝ հավաքելով հայ ժողովրդի գիտական-մշակութային բեկորներն ու փորձել փրկել դրանք: Այսօր այլ ժամանակներ են, բայց նույնն են խնդիրները, եւ նորաստեղծ հոգեւոր կենտրոնները նույնպես փորձում են լինել այդ ավանդույթների լիարժեք կրողը եւ պատրաստել ազգային-հայրենասիրական ակունքներից սնվող անհատականությունների…
Բացառություն չէ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի առաջնորդարանը, որը գործում է 2016-ից: Կառույցը նպատակ է հետապնդել աջակցել անապահով վիճակում գտնվող ընտանիքների եւ երեխաների` մատուցելով սոցիալական աշխատողի ծառայություններ եւ իրականացնելով կրթական ծրագրեր: «Արեւիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն, «Տահույս» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Առաքելյանը նշում է, որ առաջնորդարանը ոչ միայն զբաղվում է իր սաների հոգեւոր դաստիարակությամբ, այլեւ ներաշխարհի ձեւավորմամբ, մշակութային զարգացածությամբ: Սաներն առաջնորդարանում սովորում են արվեստի տարատեսակ ճյուղեր` նկարչություն, կավագործություն. գոյություն ունի նաեւ երաժշտական խումբ: Սոցիալ-կրթական կենտրոնի տնօրենի խոսքով՝ երկար քննարկումներից հետո հասկացել են, որ միայն անապահով ընտանիքներում ծնված երեխաներին առաջնորդարանից օգտվելու հնարավորության ընձեռումն անուղղակի կերպով անհավասար պայմաններ է ստեղծում մնացած երեխաների համար, բացի դա, առաջնորդարանը նպատակ ունի կատարել երեխաներին միավորող դեր` անկախ նրանց սոցիալական դիրքից եւ կարգավիճակից:
2022-ին կենտրոնը սպասարկել է 250 երեխայի: Արվեստից զատ, առաջնորդարանի սաները մասնակցում են նաեւ մեդիագրագիտության դասընթացների, ինչպես նաեւ սովորում «Տաուժ» ռազմական դպրոցում: Կառույց կարող են հաճախել ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ծնողները, ովքեր իրենց կյանքի մեծ մասը նվիրել են ընտանիքի հոգսերի լուծմանը եւ հիմա որոշել են աշխատել:
Մայրիկների համար ստեղծվել է «Թելիկ» կազմակերպությունը, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռված սովորել կարպետագործությունից մինչեւ ասեղնագործություն: Կազմակերպության մասնակից մայրերի շարքում է նաեւ քառասունչորսօրյա պատերազմում անմահացած Հակոբ Մելիքսեթյանի մայրը: Հակոբը նույնպես առաջնորդարանի սան է եղել: Նրա կատարած աշխատանքներն այսօր կարելի է տեսնել շապիկների եւ պայուսակների վրա: Նպատակն է կյանք տալ Հակոբի կիսատ աշխատանքներին եւ դրանք հավերժ պահպանել:
Մերի Առաքելյանն ավելորդ չհամարեց նշել, որը առաջնորդարանն առաջատար տեղ է գրավում «Շուլալ» կարպետի արտադրանքով: Նրա խոսքով՝ այն գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը` որպես հայկական արվեստի մի ճյուղ: Կառույցում կան նաեւ այլ խմբակներ: Էլենա Բայրամյանը «Բածիկա» խմբի սաներից է: Կենտրոն է հաճախում ավելի քան յոթ տարի: Ինչ է տվել նրան հաճախումն առաջնորդարան:
«Թե ինչ եմ սովորում ես այստեղ, երկար ժամանակ կպահանջվի ինձնից՝ ամբողջը մանրամասն նկարագրելու համար, բայց ինձ համար ամենակարեւորը, իհարկե, կոմպլեքսներիս հաղթահարումն է եւ նոր ընկերների ձեռքբերումը,- նշում է Էլլենան:-Առայժմ չեմ ուզում ասել, որ սա ճանապարհ է դեպի ապագա մասնագիտություն: Այն հոբի է, ոչ ավելին, գույների հետ աշխատանքն ինձ ավելի հանգիստ եւ ներդաշնակ է դարձնում, իսկ ընտրած մասնագիտությունս առնչվում է ռազմական ոլորտի հետ: Ուզում եմ զենք կրել եւ կանգնել հայրենապաշտպանների կողքին»:
«Տաուժ» ռազմական դպրոցի սան Լիլյա Չոբանյանն ասում է, որ դպրոց հաճախելն իր կարեւորագույն որոշումներից մեկն է եղել: Այն օգնել է ճանաչել նոր մարդկանց, ունենալ նոր ընկերներ, ռազմական տարատեսակ հմտություններ ձեռք բերել, ինչպես նաեւ հոգեւոր գիտելիքներ ստանալ: Սովորում է զենքի հետ աշխատանքից մինչեւ առաջին բուժօգնության բոլոր կանոնները:
«Դասաժամերին այնպիսի տպավորություն ունենք, որ մարտադաշտում ենք, եւ մեր յուրաքանչյուր գործողությունն ավարտվելու է հետեւանքներով: Այդ իսկ պատճառով կենտրոնացած ենք եւ լուրջ մոտեցում ենք ցուցաբերում: Մենք հայրենիք պահելու խնդիր ունենք, ուստի ամեն ինչ ստորադասվում է գլխավոր նպատակի իրականացմանը»,- ասում է Լիլյան:
Սյուզի ԴԱՎԹՅԱՆ