25 տարի առաջ մայիսի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում տագնապալից դրություն էր. «Գուգարք» հյուրանոցի ետնաբակի տնակում ական էր հայտնաբերվել: Մարդիկ անվտանգ հեռվից խնդրի լուծումը հրատապ ու պարզ էին համարում, մինչդեռ դեպքի վայր շտապած արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության շտաբի պետ, գնդապետ Ժորա Պողոսյանն այլ կերպ էր մտածում: Ասենք, որ այդ օրը նրա ծննդյան օրն էր: Նա մոտ գնաց, զննեց ականը, ինքն իրեն ժպտաց ու հավաքվածներին ասաց՝ սովորական քիմծխատու պարկուճ է, եւ աչքով արեց: Ոչ ոք չկասկածեց նրան, գիտեին՝ գնդապետը, ով ամբողջ կյանքում եղել է զինվորական, լավագույնս գլուխ է հանում զենք-զինամթերքի հետ կապված խնդիրներից: Բայց եղել են նաեւ բարդագույն դեպքեր ու պատահարներ, որոնց չեզոքացումը այնքան էլ հեշտ ու հանգիստ չի ապահովվել:
Մարզային, հանրապետական թերթերում իսկական ականի, արկի վնասազերծման, հրդեհից մարդկանց փրկության, ժայռը ելած եւ իջնել չկարողացող քաղաքացուն ազատելու ու նմանատիպ այլ փաստերի մասին շատ է գրվել: Չի մոռացվում հեռախոսային հանգույցի քառահարկ շենքի ահավոր հրդեհը, որի հետեւանքով 10 հազար հեռախոսահամար շարքից դուրս եկավ: Բայց հրդեհն առավել վնաս կտար, եթե այնտեղ չլիներ գնդապետ Պողոսյանը. հրշեջների գործողությունները հստակ համակարգեց հենց նա: Այն օրերի մասին իր ակնարկում այսպես է պատմում լրագրող Սամվել Ղալթախչյանը. «Երբ շտաբում ահազանգ է ստացվում՝ այս կամ այն շենքի նկուղում, դպրոցի տանիքում, մարդաշատ վայրում պայթուցիկ է հայտնաբերվել, առաջինը դեպքի վայրում հայտնվում է փորձաշատ գնդապետը: Գնահատելով իրավիճակը՝ նա անմիջապես անցնում է պայթուցիկի վնասազերծմանը, այդ լարված պահերին անգամ ջավախեցուն բնորոշ իր առոգանությամբ կատակախոսելով` ցրում է մարդկանց խուճապային տրամադրությունը, սրբում ճակատի քրտինքն ու մտերմիկ աչքով անում»:
Ջավախեցի պատանին 1962 թ. զորակոչվեց բանակ: Վիճակվեց ծառայել Լվովում՝ Գայի կազմավորած «Երկաթյա» դիվիզիայում: Սովորեց Լենինգրադի Կիրովի անվան բարձրագույն հրամանատարական ուսումնարանում եւ լեյտենանտի կոչումով 1968 թ. ծառայությունը շարունակեց Չեխոսլովակիայում: Եթե հիշենք այն տարիների դեպքերն այս երկրում, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի մկրտություն ստացավ դասակի երիտասարդ հրամանատարը: Հրամանատարության որոշմամբ հետո նա ծառայեց Օրջոնիկիձեում, Մայկոպում, Սիբիրում, Պետրոպավլովսկ-Կամչատկայում ստացավ կապիտանի կոչում, ղեկավարեց վաշտեր, դարձավ գումարտակի շտաբի պետ: Անբասիր ծառայության մասին են վկայում զինվորական թերթերում նրա մասին հրապարակումները, «Մարտական եւ քաղաքացիական պաշտպանության, օրինակելի ծառայության համար» հրամանատարության բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը, մեդալները… Մեծագույն վստահություն է այն, որ 1981 թ. հատուկ հանձնարարությամբ գործուղվեց ԽՍՀՄ-ին բարեկամ Մոզամբիկ պետություն՝ որպես տեղի բանակի զինվորական խորհրդատու: Նա պիտի օգներ Մոզամբիկի բանակի կայացմանը: Մի քանի տարի անց երկու երկրների հարաբերությունները վատացան, Մոզամբիկի նախագահ Մաշելի ինքնաթիռը վթարից կործանվեց, իսկ թե ինչպես Ժ. Պողոսյանին բախտ վիճակվեց անվնաս թողնել Մոզամբիկը, կարելի է պատմել այլ առիթով: Հայաստանում գնահատեցին նրա զինվորական կարողությունները, նշանակվեց Վանաձորի կայազորի պարետ, Սպիտակի երկրաշարժից հետո աղետյալներիս օգնության շտապած «ՈԻՍ-606» զինվորական շինարարական կազմակերպության զորամասի հրամանատար: Իր հրամանատարության տակ եղած զինվորների հետ նա կարողացավ փլատակների տակից ազատել եւ կյանք պարգեւել 19 քաղաքացու: Արցախյան պատերազմի օրերին էլ ձեռքերը ծալած չնստեց: Գիտեր, որ իր կարիքը զգում են հայրենիքի սահմանները պաշտպանելու ինքնաբուխ ելած ազատամարտիկների խմբերը, միացավ նրանց: Շուտով սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով նա կարգվեց երկրի հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական կառույցների պատասխանատու: Բազմափորձության շնորհիվ նրան քանի անգամ է հաջողվել մեր տղաներին զերծ պահել վտանգներից, ազերիների պատրաստած ծուղակներից, ուղղաթիռների վայրագ հարձակումներից… 1991 թ. մայիսի 6-ի օրը նա երբեք չի մոռանում. ազատամարտիկների «Գուգարք» ջոկատը, որն ստեղծվել էր իր ջանքերով, եւ առաջին հրամանատարն էլ ինքն էր, Ոսկեպարի մոտ թեժ մարտերի ժամանակ ավելի քան 8 ժամ շրջափակման մեջ մնաց: Բայց նա կարողացավ խմբին դուրս բերել ադրբեջանցիների ճիրաններից՝ վտանգելով սեփական կյանքը: Դժվարին օրերից որպես պարգեւ մնաց մարտընկերների շոյիչ գնահատանքը՝ ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի պատվավոր անդամ է:
Պատերազմը հետեւում մնաց: Նրան վստահեցին գլխավորել մարզի ԱԻ եւ ՔՊ վարչությունը: Ու նա իրեն դարձյալ զգաց ինչպես միշտ՝ դիրքերում: Ոչ մի երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, դժբախտ պատահարներից, տարերային կամ տեխնածին աղետներից: Հարցն այն է՝ որքանո՞վ ենք պատրաստ դրանց դիմագրավելու, վտանգը հեռացնելու կամ թեթեւացնելու: Հիշում եմ՝ մի անգամ լրագրողիս առջեւ փռեց մի մեծ քարտեզ, մատնանշեց այն բնակավայրերը, որտեղ այս կամ այն պատճառով (հիմնականում՝ մեր թերացման պատճառով) հնարավոր են աղետներ, ջրհեղեղումներ, հողահոսքեր, ցույց տվեց տարհանման գոտիները՝ հստակ նկարագրելով այն ողջ անելիքը, ինչի շնորհիվ միայն աղետները մեզ կշրջանցեն: Տեղին դժգոհեց՝ արագ արձագանքման եւ օգնության կազմակերպման գործում հսկայական է կառավարման պահեստային կետի դերը, կապի միջոցներով հագեցվածությունը 20 տոկոս է: Համայնքներում կառավարման պահեստային կետերը վատթար վիճակում են, ահազանգման 51 շչակները (այսօր դրանք էլ չկան) միացված չեն ազդարարման համակարգին, ապաստարանների գրեթե կեսը պատրաստ չէ վտանգի դեպքում տեղավորել մարդկանց. մեծ մասը սեփականաշնորհվել են ու առեւտրի օբյեկտներ դարձել, բարվոք չէ ճառագայթային եւ քիմիական պաշտպանվածության վիճակը…
Կարծում եմ՝ նրա այն օրերի մտահոգությունները այսօր էլ մեզ պիտի մտահոգությունների տեղիք տան: Լսել է պետք փորձառու մարդու ձայնը: Ժ. Պողոսյանն իրականացրած ծավալուն ձեռնարկումներից մեծագույն նվաճումը համարում է «Լոռե» փրկարարական ջոկատի կազմավորումը, տեխնիկայով եւ գույքով ապահովումը, քաջարի մարտիկներով անձնակազմի հավաքագրումը: Անուրանալի է ջոկատի փրկարարական գործունեությունը: Նվաճում է, անշուշտ, նաեւ հատուկ հիմնադրամի ստեղծումը, որում հավաքված գումարները նպատակաուղղվում էին (ափսոս, որ անցյալ ժամանակով ենք ասում) ԱԻ կանխարգելմանը, հետեւանքների վերականգնմանը: Նա պակաս նվաճում չի համարում նաեւ իր ընտանիքը. կնոջ՝ Սիլվայի հետ աշխարհ են բերել ու դաստիարակել երեք զավակների, ունեն 8 թոռ եւ 2 ծոռ: Որդիներից Սամվելը գնաց հոր հետքերով, հայրենիքին ծառայում է հայոց բանակում, կրում է գեներալ-մայորի ուսադիրներ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի