Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մադինայի նկարիչները

Մայիսի 6, 2023
Սոցիում
Մադինայի նկարիչները
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
685
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի ձախափնյա Մադինա գյուղը Սեւան-Մարտունի մայրուղուց 15 կմ հեռավորության վրա է, ծովի մակերեւույթից 2200 մ բարձրությամբ, Արմաղան լեռան արեւելյան մասում եւ ձմռան մեծ մասի ընթացքում կտրվում էր արտաքին աշխարհից։ 1980-ական թթ. ՀԽՍՀ Մարտունու շրջանի Մադինան հայտնի էր նաեւ իր տաղանդավոր զավակով՝ Ներսես Կարապետյանով։ Գեղանկարիչ Ներսեսն այդ ժամանակ բնակվում էր Երեւանում։ 1978-ին Երեւանում հիմնադրվեց Գեղագիտության ազգային կենտրոնը՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով՝ 1970 թ. ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի հիման վրա։ Ներսեսը նույնպես աշխատում էր այստեղ։ Սակայն յուրաքանչյուր շաբաթվա վերջ գյուղ էր գնում եւ աշխատում իր սաների հետ։

1987 թ. թղթակցում էի «Գարուն» ամսագրին եւ որոշեցի գրել նաեւ Ներսեսի ու իր սաների հաջողությունների մասին։ Եղա Մադինայում. ինչ-որ ժամանակ Ներսեսը նաեւ իմ ծննդավայր Գեղհովիտի միջնակարգ դպրոցում էր նկարչություն դասավանդել եւ ունեցել լավ աշակերտներ։ Պատրաստ էր ակնարկը տպագրության, սակայն չտպագրվեց։ Իմացա պատճառը՝ այդ ժամանակ Լենինգրադից ինչ-որ լրագրող նույպես գրել էր Ներսեսի մասին, եւ նրա գրածն էին տպագրել։ Հետո սկսվեց Արցախյան շարժումը, պատերազմ, Արցախ, Քաշաթաղ… 1992-ին ծանր հիվանդությունից վախճանվեց Ներսեսը։ Վերջերս արխիվիցս գտա արդեն 35-36 տարի առաջ գրած ակնարկի մեքենագիր տարբերակը, եւ ցանկություն առաջացավ հիշել 1948 թ. ծնված երջանկահիշատակ տաղանդավոր Ներսես Կարապետյանին։

Աշակերտի համար ուսուցիչը մարդկային կատարելության բարձրագույն օրինակ է, որ հարուցում է երկյուղածություն։

Ն. Դոբրոլյուբով

Ներսես Կարապետյանը Մարտունու շրջանի Մադինայի միջնակարգ դպրոց ոտք դրեց 1978 թ. սեպտեմբերին՝ որպես արդեն կերպարվեստի ուսուցիչ։ Բացի ծրագրային դասերից, նա այլ նպատակ ու երազանք ուներ։ Փափագում էր հայրենի գյուղի երեխաներին ծանոթացնել իսկական կերպարվեստի հայ ու համաշխարհային վարպետների կյանքին ու ստեղծագործություններին։ Երազում էր սաներին սովորեցնել նկարել՝ ստեղծագործելով, ամբողջ էությամբ ներթափանցելով արվեստի բարդ եւ անզուգական աշխարհը։ Նրա ղեկավարած նկարչական խմբակը, որտեղ սկսել էին նկարել սովորել գյուղի նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաները, չնայած առաջնային դժվարություններին, սկսեց գործել։ Երեխաներն սկզբում անվստահություն էին ցուցաբերում։ Շատերը չէին կարծում, որ շուտով կկարողանան նկարել սկսել, այն էլ՝ վրձինով ու հմտորեն։ Մի քանիսի մոտ էլ պարզապես չէր ստացվում, եւ պահանջվեց երկար ժամանակ, մինչեւ հասան որոշ հաջողությունների։ Խմբակը բացելուց 4 ամիս անց կարծես կատարվում է արդյունքների առաջին ամփոփումը՝ դպրոցում բացվում է անդրանիկ ցուցահանդեսը։ Սա արդեն տրամադրում է երեխաներին ավելի լրջորեն ու համոզվածությամբ մոտենալ գործին։ Եվ այն երեխաները, ովքեր մինչ Ներսեսի դպրոց գալը քանոն-ռետինով էին նկարել, սովորում են վրձին բռնել ու գույներ ստանալ։ Որոշ ժամանակ անց խմբակի գործերը հետաքրքրություն են առաջացնում եւ ցուցադրվում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում. Մոսկվա` «Պիոներսկայա պրավդա» թերթի խմբագրություն, Երեւան՝ մանկական ստեղծագործությունների ցուցահանդես, Գորիս, Դոնի Ռոստով, Բաքու եւ այլուր։ Այս աշխատանքների մասին լուսաբանում են կենտրոնական հեռուստատեսություններով, թերթերով։ Այնուհետեւ խմբակի աշխատանքներն արժանանում են ավելի մեծ ուշադրության եւ ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում։ Նախ առանձին ցուցադրվում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, այնուհետեւ «Հայ արվեստի օրերի»-ի շրջանակներում՝ Նորվեգիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, ԳՖՀ-ում եւ այլն։

Այցելում եմ Մադինայի դպրոց։ Տնօրեն Ա. Երիցյանը մի ընդարձակ դասարանի դուռ է բացում եւ ասում. «Խնդրեմ, ահա մեր պատկերասրահը»։ Իսկապես որ պատկերասրահ։ Սենյակի պատերն ամբողջովին զարդարված են երեխաների գունագեղ նկարներով։ Առաջին իսկ հայացքից արդեն կարելի է մոտավորապես եզրակացնել, թե միեւնույն հեղինակի աշխատանքները որոնք են։ Բոլորն էլ ստեղծագործել են գրեթե նույն թեմաներով՝ ժողովրդական արհեստ ու արվեստ, մայրական, դիցաբանական կերպար, երգ ու պար, հայ ազգային հերոսներ՝ ֆիդայիներ, հեքիաթների նկարազարդում, հայկական քարակոթողներ, ձեւավորում Պ. Սեւակի, Հ. Հայնեի եւ այլ բանաստեղծների մոտիվներով եւ այլն։ Բայց յուրաքանչյուր հեղինակ աչքի է ընկնում իր ուրույն ոճով, գույների ընտրությամբ, վերարտադրելու առանձնահատկությամբ։ Այդ նկարներով պարզապես հիանում ես, զարմանում՝ ինչպե՞ս են երեխաները նման հաջողությամբ գույներ դարձնում իրենց տեսածն ու լսածը, կարդացածն ու մտածածը։ Դժվար թե որեւէ արվեստասեր մարդ դիտի այդ նկարներն ու չհիանա, սիրով չլցվի այդ մանուկների հանդեպ, ովքեր ինչ-որ չափով նպաստում են մեր ազգային մշակույթի զարգացմանը եւ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցում, որ հայը ծնվել է միայն կերտելու, բարին ու գեղեցիկն ստեղծելու համար։ Տարբեր տարիքի երեխաներ են՝ Մկրտչյան Մկրտիչ, Հայրապետյան Հակոբ, Մնացականյան Վեներա, Խաչատրյան Արեւիկ, Նազոյան Հեղնար, Ադուլյան Լուսինե, Ադամյան Նորա, Ադալյան Էլմիրա, Հայրապետյան Նունե… Սենյակ են մտնում նրանք։ Բոլորը չեն, բայց հետաքրքիր զրույց է ստացվում։ Խանդավառված են իրենց սիրելի ուսուցչով։ Միայն լավն են ասում Ներսեսի մասին, եւ շատերը որոշել են՝ դպրոցն ավարտելուց հետո անպայման կընտրեն իրենց ուսուցչի մասնագիտությունը։ Գաղտնիք չէ՝ երեխան դպրոցում ավելի լավ է սովորում սիրելի ուսուցչի առարկան, եւ մասնագիտական ընտրության մեջ մեծ տեղ ունի ուսուցիչը։ Այս երեխաները, ապրելով հեռավոր գյուղում, գեղեցիկ բնության գրկում, տեսնելով ու ծանոթ լինելով ժողովրդական սովորույթներին ու կենցաղին, իրենց պապերից ու տատերից իմանալով ժողովրդական հին ծեսերի մասին, լսելով նրանց պատմած հեքիաթներն ու հետաքրքիր պատմությունները` կարողացել են դրանք դարձնել  նկար, այն էլ՝ բավական հաջողված։ Բայց նրանք խոստովանեցին, որ այս բոլորն այնպես էլ գույներ չէին դառնա,  եթե չլիներ Ներսեսը, եթե իրենց առջեւ չբացահայտեր ստեղծագործելու գաղտնիքները։

Այդ առիթով հարկ է նշել, որ Խաչատրյան Արեւիկը, ընտրելով Ներսեսի մասնագիտությունը, ուսանում է մանկավարժական ինստիտուտում եւ գրեթե հասնելով արհեստավարժության՝ ստեղծագործում է հաջողությամբ։ Զրույցի ժամանակ խոստովանեց՝ ինքը, նախքան Ներսեսի դպրոց գալը, փորձել է նկարել, չարչարվել է, բայց ոչ մի արդյունքի չի հասել, քանի որ ուղղություն տվող չի եղել։ Իսկ երբ նայում էի հնգամյա Մկրտիչի նկարները, ով, չնայած անվարժ ձեռքով, բայց բավական հաջող նկարել էր իր առօրյան ու հայրենի բնաշխարհը, զարմացա, թե ինչպես է փոքրիկը կարողացել այդ տարիքում այդքան հաջող նկարել։ Խմբակի երեխաներից Հայրապետյան Նունեն ասում է՝ զարմանալու ոչինչ էլ չկա. եթե ընկեր Կարապետյանի սանն է, ուրեմն պետք է նկարի։ Նրա ասելով՝ Ներսեսն այնպես է բացատրում, որ իրենք անհնարինը հնարավոր են դարձնում։ Իսկ նրա ներկայությունն էլ բավական է, որ թեկուզ չունենալով համապատասխան պիտույքներ, միայն ոգեշնչվելով՝ սկսել է նկարել ու ստանալ ցանկալի նկար։ Ըստ նրա՝ ինչ-որ գերբնական գործոն ստիպում է պարզապես նկարել-ստեղծագործել։ Օրն ուրբաթ էր, եւ երեխաներն սպասում էին Ներսեսի գալուն։ Նա այժմ ապրում եւ ստեղծագործում է Երեւանում, բայց ամեն ուրբաթ գալիս է Մադինա եւ սկսում պարապմունքները եւ միայն կիրակի վերադառնում։ Նա հանձնարարում է կարդալ ինչ-որ գեղարվեստական գործ, հեքիաթ, ապա բացատրում է երկի նպատակը, հերոսների գործելու կարեւորությունը եւ այլն։ Ու երեխաներն իրենց ընթերցածը գունավորում են, դարձնում նկար։ Ինչպես իրենք են ասում, նկարելիս կրկնակի են ապրում, թվում է՝ նորից են ծնվում եւ իրենց զգում են կարդացած հեքիաթային աշխարհում, դառնում հեքիաթի հերոսներից մեկը… Կարեւորն այն է, որ օգնության են հասնում գլխավոր դրական հերոսին ու պայքարում չարը խափանելու համար։ Իրենց փորձից ելնելով՝ ութերորդ դասարանցի Լուսինեն համոզված է, որ իրենց նման հաջողությամբ գյուղական պատկեր կնկարի նաեւ այն երեխան, ով գյուղում չի ապրել, բայց սովորել է Կարապետյանի մոտ։ Լավ օրինակ է Մնացականյան Վեներայի «Եկեղեցու մոտ» նկարը, որում պատկերված է հարսանիք եկեղեցու մոտ, որը երեւի երբեք չի տեսել։ Պարզապես կարդացել է որեւէ գեղարվեստական գրքում կամ լսել իր ավագներից։ Եթե հավատանք երեխաների խոսքերին, որ իրենք նկարելիս կրկնակի են ապրում, ապա զարմանալ է պետք, թե քանի անգամ են նորից կյանք մտել Արեւիկն ու Հեղնարը, ովքեր նույն թեման պատկերել են տարբեր գույներով ու ոճով, սիրով ու երկյուղածությամբ են նկարել քաջ ֆիդայիներին, իրենց սիրելի տատ ու պապերին, հայրենի բնաշխարհը։ Մի պահ երեւի իրենց քարտաշ են զգացել, երբ նրա հմտությամբ քարակոթող են նկարել։ Արեւիկը երեւի մտքով սլացել է հինգերորդ դար, խոսել Խորենացու հետ, վերադառնալով՝ հանդիպել Նարեկացուն ու Քուչակին, եկել հասել է հայրենի դպրոց եւ, ներշնչվելով սիրելի ուսուցչի՝ Ներսեսի բացատրություններով, ստացել է «Մագաղաթյա պատմությունը»։ Մի պահ էլ երեւի պարուհու զգեստ է հագել եւ իրեն պարուհի զգալով՝ նկարել է «Հայկական պարը»։ Նրան է միացել նաեւ Հեղնարը եւ գունազարդել է «Պարը»։ Առանձնակի հետաքրքրություն են առաջացնում դիցաբանական թեմաներով արված նկարները՝ «Ադամն ու Եվան», «Կենաց ծառը» եւ այլն։ Զրուցելով երեխաների հետ՝ զգացի, որ Ներսեսը նրանց կուռքն է, ամենասիրելի կերպարը, եւ եթե մեկն ու մեկին ուզում են նմանվել, Ներսեսն է։ Այդ նա է, որ կարողացել է երեխաներին հասցնել ստեղծագործելու այդպիսի կարողության։ Տեղին է գրել նրա մասին բանաստեղծ Միխայիլ Մատուսովսկին իր «Մադինայի երեխաները» բանաստեղծությունում.

 Իսկ նկարչության ուսուցիչն այնտեղ

 Նոր առաքյալ է իմ աչքին թվում.

 Այդ նա է վառել՝ դարձած մի անթեղ,

 Գեղեցիկ հուրը հեռու այս գյուղում։

Ներսեսն այսօր գոհ է իր սաներից, ուրախ է՝ հասել է ցանկալի հաջողության։ Ճիշտ է՝ դեռ չի իրագործել իր բուն նպատակը, բայց եղածն էլ ոգեւորիչ է: Նրա համար կարեւոր չէ, որ իր բոլոր սաները նկարիչ դառնան։ Չէ, կարեւորն այն է, որ նրանք սիրեն բնությունը։ Չէ՞ որ բնության մեջ ամենակատարյալը մարդն է, իսկ եթե նա լավը եղավ, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Մարդուն լավը դարձնելու ամենակարճ ու դիպուկ ճանապարհներից մեկն արվեստն է, հատկապես ազգայինը։ Դա է պատճառը, որ նա, նկարչությունից բացի, երեխաներին դասավանդում է նաեւ գրականություն, պատմություն, քերականություն… Ուրեմն, սիրելով արվեստը, մարդը կսիրի բնությունը, իսկ բնության մեջ մարդը եւ ծառը հավասար են, պարզապես երկուսին էլ սիրել ու պաշտպանել է պետք։ Նույնիսկ քարի մեջ շունչ կա, միայն պետք է կարողանալ այդ բացահայտել։ Լավ օրինակներ են մեր խաչքարերն ու տապանաքարերը։ Նրանք կյանք առած ապրում են ու մեզ պատմում մեր անցյալի մասին։ Ահա դրանք, ծվարած ինչ-որ ավերակների մոտ, ապացուցում են, որ այդ ավերակներում մի ժամանակ մեր պապերն են ապրել։ Եվ արդյոք տեղի՞ն չէ հույն ճանապարհորդ ու գրող Միցուս Ալեքսանդրապոլիսի խոսքը խաչքարի մասին. «Այո, խաչքարը պարզապես քարե խաչ չէ։ Այն հայերի գեղարվեստական խորհրդանիշն է, դրա վրա դրոշմված է զարդարվեստի նրա ճաշակը, գեղեցիկ, նուրբ զգացողությունը եւ ինչ-որ չափով այդ ժողովրդի պատմությունը։ Խաչքարը մի խորան է հայ արվեստի աշխարհը մտնելու համար։ Բայց եւ մուտք, ինչպես ասել եմ, դեպի հայոց պատմությունը եւ կյանքը»։ Այո, խաչքարը մեր կյանքի խորանն է, եւ այն պաշտպանել է պետք։ Եվ պատահական չէ, որ Ներսեսն իրեն երջանիկ էր զգում՝ իր սաները դրանց պաշտպաններից են եւ երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ երախտամոռներ ու սրիկաներ ոչնչացնեն դրանք, թույլ չեն տա, որ ինչ-որ հարբած քեֆչիներ քեֆ անեն մատուռների ու եկեղեցիների մոտ, իրենց ու նմանների անունները գրելով պատերին ու գմբեթներին՝ կեղտոտեն դրանք։ Նա սիրով պատմեց, թե ինչպես իր երկու աշակերտուհիներն ուղղակի կռիվ էին արել այն երեխաների հետ, ովքեր Կոթավանքի մոտ քեֆ անող իրենց ծնողների ներկայությամբ ծիրանի կորիզ էին կոտրել հազարամյա տապանաքարի վրա։ Նա ուրախ էր, որ կարողացել է այդպիսի սաներ դաստիարակել։ Եվ հաստատ համոզված է, որ նրանք, թեկուզ եւ չդառնան լավ արվեստագետ, բայց արդեն լավ մարդ դարձել են եւ բնությանը վնաս չեն հասցնի։ Նույնը չեն անի նաեւ նրանց զավակները։ Եվ նրանք արդեն պարզ հասկացել են՝ ազգի պահպանման, գոյատեւման հիմնական գործոններից մեկն ազգային մշակույթն է։ Երեխաներին սովորեցնելը Ներսեսի համար նույնն է, ինչ վրձին վերցնելը եւ ստեղծագործելը։ Այսինքն՝ սովորեցնելը նույնպես արվեստ է, այն էլ՝ շատ նուրբ։ Պետք է կարողանալ այնպես սովորեցնել, որ երեխայի համար դա ոչ թե պարտադիր աշխատանք լինի, այլ սիրելի զբաղմունք։ Այդպիսի երջանիկներից է Ներսեսը, ով երկար ժամանակ աշխատելով երեխաների հետ՝ զգացել է, որ մանկավարժի սխալը երեխայի համար նույնքան ճակատագրական է, բախտորոշ, որքան բժշկինը՝ հիվանդի։ «Զգացե՞լ եք, որ երեխայի մեջ այնքան ուժ ու կարողություն կա թաքնված, որ ոչ ոք չգիտի,- հարցնում է ու շարունակում,- ես նրանց այնպիսի բաներ եմ սովորեցրել, որ ոչ մի հանրագիտարանում չեն գտնի։ Լավ ճանաչելով երեխաներին՝ գտնում եմ՝ քարակոթող նկարողը մտածում է քանդակագործի պես»։ Այո, երջանիկ մանկավարժ է Ներսեսը. կարողացել է իր սաներին բարեկամացնել արվեստի հետ, հասկացրել է մշակույթի կարեւորությունը ժողովրդի գոյատեւման համար։ Ցավոք, մեր դպրոցներում նրա նման մանկավարժներ քիչ կան, եւ եթե յուրաքանչյուր դպրոցում լիներ Ներսեսի նման գոնե մեկ մանկավարժ, դժվար թե որեւէ երեխա իր անունը գրեր դպրոցի կամ այլ կառույցների պատերին, դժվար թե որեւէ մեկը դանակով քանդակեր ծառի կեղեւը։

Հ. Գ. «Ինչպե՞ս կարող է նորմալ, գիտակից մարդը երգ ու նկար, բանաստեղծություն ու հեքիաթ չսիրել։ Դրանք միշտ մեզ հետ են… Հեքիաթներն ու պատմությունները տարածվում են ժամանակի մեջ, ստեղծում խոսքային պատկերներ, որոնք ապրում են մեր հիշողության մեջ` գունային ու ծավալային ձեւերով…»,- ասել է Ներսես Կարապետյանը։ Բացի նկարելուց, Ներսես Կարապետյանը սիրել է նաեւ գրել։

Այժմ տեղեկություն չունեմ Ներսեսի սաների մասին, սակայն հավատում եմ՝ եղել են սիրելի ուսուցչի երազած հայորդիները։

Թեգեր: Ներսես Կարապետյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայկազյան զարմի Ազատության Ոգին

Հայկազյան զարմի Ազատության Ոգին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist