Արդեն 11 տարվա պատմություն ունի «Անմահ գունդ» քաղաքացիական-հայրենասիրական շարժումը, որը Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանմանն է միտված։ Մեր երկիրը նույնպես մասնակցում է այս շարժմանը։ Այս տարի տոնական երթը կայացավ «Անմահ գունդ» քաղաքացիական-հայրենասիրական շարժման ու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ։
Երթը մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ ավարտվեց Մեծ հայրենականում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրում՝ հոգեւոր հոր օրհնության խոսքով եւ հարգանքի տուրքով: Մինչ երթի սկսվելը եկեղեցում կայացավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում նահատակված մեր հայրենակիցների։ Բազմամարդ երթն առաջնորդում էր նվագախումբը, որի կազմում էր նաեւ ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների համույթը՝ ավագ ենթասպա Սամվել Խաչատրյանի ղեկավարությամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության ու մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Սամվել Բալոյանը նամակով դիմել էր ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանին՝ նշելով, որ փառատոնի կազմակերպիչներից Ռուբեն Հովհաննիսյանի կողմից համույթն իրավունք է ստացել մասնակցելու երթին եւ խնդրել թույլտվություն։
Նվագախմբի հետեւից խորհրդային «Պոբեդա» եւ այլ հին ավտոմեքենաներով անցել էին Մեծ հայրենականի վետերանները, Կարմիր բանակի համազգեստով երիտասարդներ, քաղաքացիական անձինք՝ իրենց հետ տանելով Հայաստանի եւ Ռուսաստանի 100-մետրանոց դրոշներն ու Գեորգիեւյան ժապավենը, ինչպես նաեւ՝ խորհրդային բանակի մարշալների, գեներալների եւ պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ եւ ծաղիկներ։
Այժմ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: «Անմահ գունդ» շարժման երթին մասնակցել է 8 հոգի։ ՀՀ ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի հրամանատար Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ իր սաները սիրով են մասնակցել երթին եւ աչքի ընկել իրենց կազմակերպվածությամբ եւ արժանացել խորհրդանշական պարգեւների։ Երթին մասնակցել է նաեւ Երեւանի Էրեբունու վարչական շրջանում գործող թիվ 160 հիմնական դպրոցի 7-րդ Զ դասարանը՝ դասղեկ Աննա Դավթյանի հետ։ Մայիսի 10-ին պատանի երկրապահներն ու 7-րդ դասարանցիները ներկա եղան «Դեպի արեւ» եւ «Կանչ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի «Իմ տեսնող աշխարհը» խորագրով 25-ամյա հոբելյանական համերգ-երեկոյին։