Հայկական ատոմակայանը 141 օրով կանգնեցրեց աշխատանքը։ Սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող տեղային խնդիր չէ։ Եթե վերլուծելով գնում ենք, հասնում ենք Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ միջանցքների միջեւ մրցակցությանը։ Եթե մի փոքր է՛լ ավելի ուշադիր ենք լինում, ուրվագծվում է մոդուլյար ու ավանդական ատոմակայանների տարբերության պատկերը եւ, ըստ այդմ, արտերկրից մեզ թելադրվող տարբերակը, բայց մեր ճիշտ ընտրության անհրաժեշտությունը։ Հիմա փորձենք բացել փակագծերը։
ՀԱԷԿ-ը մեզ համար լուրջ խաղաքարտ է
Մայիսի 15-ին, ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը։ Ատոմակայանն անցավ ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)։ Երկարատեւությունը պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի մեծածավալ աշխատանքով։
Այս աշխատանքներին մեր կայանի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցներից զատ մասնակցելու են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաեւ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի մասնագետները:
Էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի 2-ին:
Հիմա՝ ՀԱԷԿ-ը ժամանակավորապես կանգնեցվեց։ Եվ ինչու ենք ասում, թե սա զուտ էներգահամակարգին վերաբերող լոկալ խնդիր չէ։ Սովորաբար ատոմակայանի կանգնեցման ժամանակ հենց ՋԷԿ-երն էին վերցնում հիմնական գեներացիոն բեռը: Ներկայումս Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը կանգնեցված է, Երեւանի ՋԷԿ-ն էլ ռեզերվային է դիտարկվում, այս ընթացքում էլէներգիայի պակասորդը կարծես լրացնելու ենք Վրաստանից ներկրմամբ։ Եթե նայում ենք վրացական ոլորտային կառուցվածքը, նրանք էլէներգիա են ներկրում եւ ներկրում են մեծամասամբ մեզ թշնամի երկու թյուրքական պետություններից։ Այս իրավիճակի դիտարկումը «ՀՀ»-ն արեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։ «Այո,- ասաց նա,- այս ընթացքում մեր երկրում էլեկտրաէներգետիկ պակասորդը լրացվելու է Վրաստանից ներկրման ճանապարհով: Հայտնի է, որ Վրաստանն ինքը էլեկտրաէներգիա ներկրող պետություն է, ընդ որում՝ ներկրման կառուցվածքում առյուծի բաժին է զբաղեցնում ադրբեջանական ու մասամբ թուրքական էլեկտրաէներգիան: Ուստի, չունենալով մեծ ավելցուկային հզորություններ՝ Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումն Ադրբեջանից ու Թուրքիայից՝ այն Հայաստան վերաարտահանելու նպատակով: Եվ այս ամենը կարելի է դիտարկել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագծի համատեքստում, որն օրակարգում է, բայց կարծես սառեցված, ինչին գումարվում են նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն ու Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագծի դարձյալ գրեթե սառեցված կարգավիճակը»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ մեծ հաշվով այս կոնֆիգուրացիան տեղավորվում է Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքների միջեւ ընթացող մրցակցության շրջանակների մեջ: Առաջինն ավանդաբար բխել է Հայաստանի շահերից, երկրորդի համար մշտապես պայքարել է Ադրբեջանը՝ այժմ ստանալով մեծ հնարավորություն Հայաստանը վերջնականապես տարածաշրջանային կոմունիկացիաներից դուրս մղելու համար:
Տեսնենք՝ ինչ է ստացվում։ ՀՀ-ն ատոմային տերության մաս է, եւ ՀԱԷԿ-ը մեզ համար լուրջ խաղաքարտ է։ Հայաստանին ոլորտում «գծերից գցելու» համար նոր բլոկ ունենալու մասով հրապարակ է նետվում մոդուլյար ատոմակայանների գաղափարը։ Այն դեպքում, երբ բազմիցս մեր մասնագետներն ասել են, որ աշխարհաքաղաքական եւ տնտեսական անվտանգային առումներով մեզ անհրաժեշտ է միջին ու ավելի հզորության բլոկ։ Եվ, ի դեպ, դրան դեմ չի արտահայտվել նաեւ միջազգային մասնագիտացված կառույց ԱԷՄԳ-ն։
Տարիների փորձ, լավ դպրոց, բարի համբավ…
Հիմա փորձենք խնդրին անդրադառնալ մասնագիտական տեսանկյունից։
Բանն այն է, որ, ըստ Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարի, մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, մինչդեռ ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի:
Քանի որ մոդուլայինի գաղափարը շրջանառողները, ինչպես միշտ, հղում են անում միջազգային փորձին, Վ. Դավթյանին խնդրեցինք հենց այդ փորձից խոսել։ «Մոդուլային կայանների կառուցման պրակտիկա են կիրառում հիմնականում այն պետությունները,- հայտնեց նա,- որոնք դրանք դիտարկում են որպես ռեզերվային միջոց կամ էլ օգտագործում են դրանք էներգետիկ հանգույցներից հեռու գտնվող բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Ամենեւին պատահական չէ, որ ներկայումս մոդուլային կայանները մեծ տարածում են գտնում առավելապես մեծ երկրներում՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում»։
Իսկ Հայաստանի դեպքում, նրա խոսքերով, մոդուլային կայանի կառուցումը, որի հզորությունը լավագույն դեպքում կարող է 50-100 ՄՎտ կազմել, չի ապահովի որեւէ երկարաժամկետ դրական էֆեկտ: Այսօր մեզ համար օրակարգային պետք է լինի կամ նոր՝ կոնվենցիոնալ (ավանդական) հզորության բլոկի կառուցումը, կամ էլ գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացումը՝ առնվազն մինչեւ 2040 թ., ինչի ռեսուրսը Հայկական ԱԷԿ-ն իրականում ունի:
Ինստիտուտի ղեկավարը սա կարեւոր համարեց՝ հաշվի առնելով երկու գործոն.
1. եթե մենք պլանավորում ենք որոշակի դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում՝ հանդես գալով ոչ թե որպես ներկրող, այլ արտահանող, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է: Այլապես իր ամբողջ իմաստն է կորցնում Հյուսիս-Հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը:
2. Մեր բոլոր հարեւանները, բացի Վրաստանից, կամ զարգացնում են, կամ էլ ձգտում են զարգացնել «խաղաղ ատոմը»: Միջուկային էներգետիկայի զարգացումը ռազմավարական անհրաժեշտություն է համարում Թուրքիան, նույն տրամաբանությամբ է իր էներգետիկ քաղաքականությունն իրականացնում Թեհրանը: Միաժամանակ, Բաքուն բանակցություններ է նախաձեռնել Մոսկվայի հետ՝ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ը կառուցելու նպատակով: Այս պարագայում ավանդական միջուկային հզորությունների բացակայությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է կորցնել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը՝ բոլոր աշխարհաքաղաքական հետեւանքներով, ինչը, արդեն հասկանալի է, անթույլատրելի է։ Մանավանդ, երբ Թուրքիայի նախագահը բացահայտ խոսում է Թուրքիայի՝ միջուկային զենք ունենալու մտադրությունների մասին, երբ ուզում է կառուցել 3 ատոմակայան, եւ երբ ԱԷԿ կառուցելու նպատակ ունի, ինչպես ասացինք, նաեւ Ադրբեջանը։ Մենք ունենք ամենակարեւորը այս ոլորտում՝ տարիների փորձ, հզոր դպրոց եւ ատոմային ոլորտում լավ համբավ։