ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ներկայացնելով լուծմանն ուղղված մոտեցումները։ Ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադառնալու վրա:
«Շատերն այժմ խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե արթնացնեն կարգավիճակի հարցը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության պայմաններում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ Արցախի կարգավիճակի հարցը շատ ավելի հեշտ կկարգավորվի: Լավրովը նաեւ շեշտել է, որ Արցախյան երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր ավելի վաղ, քան ավարտվեց, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանային հակամարտություններին, ապա դրանք, նրա կարծիքով, ոչ մի կապ չունեն Արցախի հետ։
Հիշեցնենք, որ Արցախն իր կարգավիճակի հարցը եւ ճակատագիրը որոշել է դեռեւս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, երբ 99.01 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։ Արցախցիներն իրենց անկախության հանրաքվեն եւ մայր հայրենիքին միանալու ամբողջ գործընթացն իրականացրեցին ԽՍՀՄ Սահմանադրության բոլոր դրույթներին համապատասխան, այսինքն՝ ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու իմաստով, այլեւ իրավական առումով ամբողջ գործընթացն օրինական էր։
Ադրբեջան կոչված պետության ստեղծման շրջանից փաստերը վկայում են, որ էքզիստենիան առումով անհնարին է խաղաղ համագոյակցությունը ադրբեջանական իշխանության գերակայությամբ։ Խորհրդային տարիները նույնպես ցույց տվեցին, որ կովկասյան թաթարները հետեւողականորեն իրականացնում էին հայերին իրենց բնօրրանից բնաջնջելու կամ «լավագույն» դեպքում վտարելու հստակ քաղաքական գիծ։ Խորհրդային Ադրբեջանի քաղաքական, տնտեսական, լեզվամշակութային, ջրային անվտանգության ուղղությամբ որդեգրած քաղաքականությունն անհնարին էր դարձրել արցախցիների կյանքի անվտանգությունն ու գոյությունն իրենց հայրենիքում։ Եթե արցախցիները կարողացան դիմագրավել եւ ապրել իրենց հողի վրա, ապա Նախիջեւանը, որը նույնպես ժամանակին բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին, հայաթափվեց։ Այսօր փաստացի միայն արմատներով նախիջեւացիների ու մասնագիտական որոշ խմբերի եւ անհատների կողմից է բարձրաձայնվում Նախիջեւանի ճակատագրի մասին։ Այսօր խոսել ադրբեջանցիների վերահսկողության տակ ապրելու հեռանկարից՝ նշանակում է մոռանալ թե՛ խորհրդային, թե՛ անկախության շրջանի դասերը ու կրկնել միեւնույն սխալները։
Արցախի կարգավիճակը հակամարտության վերջնական լուծման անկյունաքարն է, առանց դրա այն երբեք չի կարգավորվի կամ առնվազն կլինի ժամանակավոր եւ հղի լրջագույն վատ հետեւանքներով։ Թեեւ տարբեր պետություններ եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներն այս կամ այն կերպ հիշատակում են կարգավիճակի հարցը, սակայն չի հստակեցվում՝ արդյոք մինչ վերջնական կարգավիճակի որոշումը Արցախը հայտնվելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՞ պահպանելու է մինչեւ պատերազմն ունեցած կարգավիճակը։ Իրականացնելո՞ւ է, արդյոք, վերաբնակեցում, թե՞ կարգավիճակի հարցի որոշմանը մասնակցելու են միայն այսօր այնտեղ ապրողները։ Որ տարածքներում բնակվողներն են որոշելու Արցախի կարգավիճակը՝ ԼՂԻՄ, թե Արցախի Հանրապետության տարածքի բնակչությունը։ Սրանք եւ մի շարք այլ հարցեր առանցքային եւ էական ազդեցություն են ունենալու, թե որն է լինելու ապագայում Արցախի կարգավիճակը։