ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, իսկ այնուհետեւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կանխորոշեցին այն ճանապարհը, որով կընթանա Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարչակազմը: Այս մասին գրում է թուրքական «Evrensel»-ը: Այժմ այդ երկիրն ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի թուլացմանը միտված քաղաքականության ակտիվ կողմնակից է: Եվ Աֆղանստանում առաքելությունը ոչ այլ ինչ է, քան հավատարմության երդում:
«Ռուսաստանն ու Պուտինն այլեւս մեր լավագույն բարեկամները չեն: Մենք կգնենք գազ, կփորձենք պոմիդոր վաճառել, Անթալիայում ընդունել զբոսաշրջիկներին, բայց ոչ ավելին: Կդառնանք ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի շրջափակման ու թուլացման քաղաքականության ակտիվ կողմնակիցները: Կրկին սերտ կհամագործակցենք Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Վրաստանի հետ Սեւ ծովում: Կարծես վերադառնում ենք անցած դարի 50-60-ական թվականներ»,- նշել է աղբյուրը:
ՆԱՏՕ-ն, որն ստեղծվել էր Խորհրդային Միության եւ կոմունիզմի դեմ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չի քանդվել: Ներկայացնելով այդ պարզ ճշմարտությունը՝ թուրքական լրատվամիջոցը փաստում է, որ, ավելին, այն վերածվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակողական կազմակերպության: Այժմ, երբ Բայդենն է գլխավորում ամերիկյան տերությունը, այդ երկիրը վերադառնում է նախորդ հարյուրամյակի 60-ական թվականների դիրքերին, եւ այս անգամ թիրախը ոչ թե ԽՍՀՄ-ն է, այլ Չինաստանն ու Ռուսաստանը՝ միասին: Այլ կերպ ասած՝ այն պետությունները, որոնք մրցակցում են ԱՄՆ-ի հետ: Կարելի է կանխատեսել, որ այսուհետ ՆԱՏՕ-ն ակտիվորեն կօգտագործվի Չինաստանի ու Ռուսաստանի դեմ: Թուրքիային ակտիվ դեր կվերապահվի այդ նոր կոնցեպցիայի առաջնագծում: Իսկ Աֆղանստանում առաքելությունը Թուրքիային տրամադրվում է որպես հնարավորություն՝ ապացուցելու, որ հարմար թեկնածու է ՌԴ-ի դեմ պայքարի համար:
Իհարկե, Թուրքիան վաղուց ռազմական ներկայություն ունի Աֆղանստանում: Սակայն անցյալում թուրքական զինվորականները գործում էին միջազգային զորակազմի շրջանակներում եւ չէին գտնվում բախման գոտիներում: Իսկ հիմա, երբ ԱՄՆ-ն եւ մյուս ուժերը կհեռանան Աֆղանստանից, Թուրքիան կմնա միակ արտասահմանյան ուժը, որը կդիմադրի «Թալիբանին»: Էրդողանին, անշուշտ, թվում է, որ կկարողանա խուսափել «Թալիբանի» հետ բախումներից՝ պայմանավորվելով խմբավորման ու նրա հովանավորի՝ Պակիստանի հետ, սակայն դա ամենեւին էլ հեշտ գործ չէ: Բախումներ անպայման կլինեն, եւ թուրք զինվորների դիերը Թուրքիայում կհանգեցնեն նոր իրավիճակի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, հենվելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի ապագա պարտականությունների վրա, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարչակազմին առայժմ շարքից չի հանել: Բայց նաեւ Էրդողանին չեն տվել այն, ինչ նա ուզում էր: C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կմնան պահեստում, չեն գործի նույնիսկ զորավարժությունների ժամանակ: Այսպիսով՝ Թուրքիան կկորցնի 2.5 մլրդ դոլար, որը վճարել էր Ռուսաստանին նշված համակարգերի ձեռքբերման համար: F-35-երն առայժմ չեն տրվի Թուրքիային, ինչպես եւ «Պատրիոտ» համակարգերը: Այդ հարցերի հետ կապված թուրքական պահանջները կգնահատվեն՝ ելնելով ՆԱՏՕ-ում առաջիկայում այդ երկրի գործունեությունից: Իհարկե, իր «վանդակը» վերադարձած «դուրսպրծուկն» այլեւս իրեն կարեւոր պետության տեղ չի դնի Արեւելյան Միջերկրածովյանում, Կիպրոսում ու Հունաստանում, Սիրիայում ու Լիբիայում ստիպված է լինելու գործել ԱՄՆ-ի թույլտվությամբ: Կարելի է ասել՝ մոտակա օրերի ընթացքում Թուրքիայի ներսում, հավանաբար, կխորանա անջրպետը իշխանությունների ու եվրասիականների միջեւ: Ռուսաստանը, երեւի, կհիշի, որ իր «սիրելի» Թուրքիան, որը հերթական անգամ ՌԴ-ին վերաբերվեց որպես մեկի, ում տրված խոստումների կատարումը, մեղմ ասած, ամենեւին էլ պարտադիր չէ, Հարավային Կովկասում չի կարող անելիքներ ունենալ…
Իսկ ահա Ադրբեջանում հորթի հրճվանքով են ներկայացնում այն, որ Էրդողանը օրեր առաջ ժամանել է Շուշի, որն այդ երկիրը վերահսկում է 44-օրյա պատերազմից հետո: Ադրբեջանական լրատվամիջոցները միաբերան գոչում են, որ Էրդողանի այցը «Հարավային Կովկասում նոր իրողություն» է ամրագրել, որ մինչեւ 2020 թ. տարածաշրջանում միայն մեկ գլոբալ խաղացող է եղել՝ Ռուսաստանը, որի հնարավորություններն ավելին են, քան անդրկովկասյան երեք պետություններինը՝ միասին վերցրած: Եվ ցանկացած որոշում՝ առանց գլոբալ խաղացողի համաձայնության, կարող էր թանկ արժենալ նրանցից յուրաքանչյուրի համար: Ըստ նրանց՝ տարածաշրջանում եւս մեկ գլոբալ խաղացող է հայտնվել՝ Թուրքիան, որը «եթե նույնիսկ չի համեմատվում Մոսկվայի հետ, ապա շատ էլ չի զիջում նրան», իսկ ամենակարեւորն այն է, որ «Մոսկվան ու Անկարան խուսափում են բաց դիմակայությունից»:
Ծիծաղելի է, որ ադրբեջանական տաքգլուխները ոգեւորված են այն պայմանագրից, որն ստորագրել են Շուշիում Ալիեւն ու Էրդողանը: Նրանց թվում է, թե պատերազմի դեպքում փոխօգնության վերաբերյալ կետը կօգնի իրենց խուսափել հայկական վրիժառությունից: Թուրքիան հիմա զբաղված է միայն իր «բույնը» վերադառնալու հետ կապված հարցերի լուծմամբ: Եվ նրա կաղկանձը առաջիկայում կհուշի, թե ինչպես է ընթանում այդ վերադարձը: Ադրբեջանը ինչ-որ պահի նույնպիսի ոգեւորությամբ կփորձի ազատվել այդ փաստաթղթից, սակայն գնացքն արդեն մեկնել է, եւ Թուրքիային հաջողվել է իր հետ «վագոն տանել» նաեւ Ադրբեջանին: Այժմ այդ երկիրը «պատկանում» է Թուրքիային, իսկ դա չի կարող դուր գալ Ռուսաստանին, որին ակտիվորեն ու բացահայտ կերպով դուրս են հրում տարածաշրջանից: Եվ թվում է, որ Էրդողանի այցը Շուշի ընդամենը միջոց է, որով նա փորձում է քողարկել իրական իրավիճակը եւ փակել Ալիեւի նահանջի բոլոր ճանապարհները:
Կյանքը ցույց տվեց, որ այլ տերությունների ու Հայաստանի շահերի համընկնման հետ հույսեր կապելն ինքնասպանություն է: Միեւնույն ժամանակ հերթական անգամ ապացուցվեց, որ ստեղծագործող, արարող ազգ լինելը բավարար չէ՝ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը սեփական պետության ու ժողովրդի դեմ հյուսված որոգայթների վրա բեւեռելու համար: Այս աշխարհում մարդկայնությունը եւ բարոյականությունը երբեք գոյության հարցեր չեն լուծել, իսկ սատանայականությունը, ցավոք, արժանիորեն չի պատժվել, այն սատանայականությունը, որը դրախտային մեր աշխարհում՝ Արարատի հայացքի տակ, ձգտում է լույս աշխարհ հանել դժոխքը՝ իր բոլոր սարսափներով հանդերձ:
Ինչպես ասում են, խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է: Ես նկատի չունեմ Հայաստանին, որը հիմա, ճիշտ է, կոտրված է, բայց կվերականգնի ոգու արիությունը սպասվող իրադարձություններից առաջ: Նկատի ունեմ մեր թշնամուն՝ թուրքին ու նրա բանակի ոսկորների հետեւից քարշ գալով՝ պատահաբար այս կողմերում հայտնված անկիրթ թաթարներին, որոնք այսօր տարբեր ամբիոններից խոսում են խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, սակայն գերիների հարցում իրենց ճիվաղային մոտեցումներով բացահայտում են բարբարոսներին բնորոշ իրենց վայրենությունը: Իսկ դա միայն մեկ բան է փաստում՝ պատասխանը տեղի ունեցածին պետք է առնվազն համազոր լինի: