Հարավային Կովկասից Մոսկվան բավական տհաճ լուրեր է ստանում: Արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում նկատելի էր դարձել Թուրքիայի ազդեցության աճն այն գոտում, որն ավանդաբար ռուսական է համարվում: Այս մասին ուկրաինական «Դենում» գրել է Յուրի Ռայխելը՝ շեշտելով, որ ակնհայտ է նաեւ այն, որ առաջիկայում այս կարեւոր տարածաշրջանի պետությունների աշխարհաքաղաքական եւ ռազմավարական շրջադարձը շարունակվելու է:
Վրաստանը վաղուց է ընթանում արեւմտյան ուղղությամբ: Ռուսաստանի՝ խանգարելու կամ այդ գործընթացը դանդաղեցնելու բոլոր փորձերն «ավարտվել են անհաջողությամբ»: Ավելին՝ որքան ուժեղացել է ռուսական ճնշումը, այնքան արագացել է վրացական ընթացքը, եւ արդյունքում օրակարգում է հայտնվել Վրաստանի՝ անդամության գործողությունների ծրագրի միջոցով ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:
«Հայաստանի հարցում նույնպես ամեն բան հարթ չէ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ռուսական երկակի քաղաքականությունն զգալիորեն ուժեղացրել է հակառուսական տրամադրությունները երկրում, ինչը նկատելիորեն անդրադարձել է վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Արտաքուստ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից հեռանալու ուղղությամբ շարժում չի ցուցադրում, բայց Կրեմլին որոշակիորեն զգուշացնող քայլեր ձեռնարկում է, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում ռուսական մոնոպոլիայի ամենազորությունը սահմանափակելու ճանապարհով: Արտաքին քաղաքականության մեջ նման քայլերի հետեւանքները կանխատեսելի են»,- նշել է «Դենը»:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ հեղինակն ընդգծում է, որ Բաքուն հակառուսական բացահայտ քայլեր չի կատարում, բայց ավելի ու ավելի ուժեղ է մերձենում Թուրքիային: Դրա ապացույցը Շուշիում Էրդողանի ու Ալիեւի ստորագրած երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների հռչակագիրն է: Տեքստում նշվում է, որ երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում երկու երկրները համատեղ կգործեն: Նշվում է նաեւ համատեղ ջանքերի գործադրման շարունակման մասին՝ «երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»:
Ալիեւն ասել է, որ «ստորագրված համաձայնագիրը պատմական նշանակություն ունի»: Նա բացատրել է, որ համաձայնագրում խոսքը Բաքվի ու Անկարայի միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության մասին է: «Այդ հռչակագիրն ընդգրկում է բոլոր ոլորտների, ներառյալ՝ պաշտպանության եւ փոխօգնության մասին հարցերը»,- ասել է Ալիեւը: Դրան հետեւել է Էրդողանի ելույթն ադրբեջանական խորհրդարանում, որտեղ նա ուղղակիորեն հայտարարել է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի ստեղծման անհրաժեշտության մասին: Էրդողանը շեշտել է, որ այդ հարցում կխորհրդակցի Պուտինի հետ: Անկարա վերադառնալուց հետո Թուրքիայի ղեկավարը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ բազայի ստեղծումը դուրս չի գալիս հռչակագրի դրույթներից: «Այդ հարցի զարգացումը հնարավոր չէ: Թեման իր զարգացումը կարող է ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է յուրովի իրացվել»,- ասել է Էրդողանը:
Սակայն Ռուսաստանում չեն հանգստացել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան հետեւում է Ադրբեջանում թուրքական բազայի հնարավոր ստեղծման վերաբերյալ տեղեկատվությանը:
Գրգռվածության ծայրահեղ աստիճան է ցուցադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ բամբասանքները չի մեկնաբանում: Միայն թե զարմանալի է, թե ինչպես է նա բամբասանք համարում հայտարարությունը, որն արվել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Պետք է ասել, որ թուրքական զինուժն ու ավիացիան արդեն առկա են Ադրբեջանում կամ հրահանգիչների տեսքով, կամ ռոտացիայի սկզբունքով, կարելի է ասել, բավական հաճախ անցկացվող զորավարժություններում: Ինչ-որ իմաստով դրանք կարելի է բազաներ համարել, քանի որ նման պրակտիկան, այսպես թե այնպես, պահանջում է համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում:
Ուկրաինական լրատվամիջոցի աշխատակիցը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ Ադրբեջանում թուրքական բազայի ստեղծման անհրաժեշտություն այսօր չկա, քանզի «Հայաստանը հասկանալի պատճառներով տեսանելի ապագայում չի կռվի, Ռուսաստանը՝ նույնպես: Այլ հարեւաններից սպառնալիքներ նույնպես չկան»:
Իրավական կողմը նույնպես բազայի ստեղծման օգտին չէ: Ադրբեջանի սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում արտասահմանյան բազաների ստեղծումը: Իհարկե, դա կարելի է փոխել, սակայն այդ գործընթացն այնքան էլ հեշտ չէ նույնիսկ ադրբեջանական իրողությունների պարագայում:
Մեծ հաշվով՝ Մոսկվային ոչ այնքան բազայի հարցն է անհանգստացնում, որքան Բաքվի շրջադարձը դեպի Անկարա եւ դրա արդյունքում տարածաշրջանում ռուսական «ազդեցության թուլացումը»: Բանն այն է, որ Մոսկվան ավանդաբար Ադրբեջանն իրենն է համարել, մինչդեռ այն միշտ եղել է Անկարայինը, պարզապես ժամանակ առ ժամանակ Ռուսաստանն օգտագործվել է իր իսկ դաշնակցի՝ Հայաստանի դեմ: Եվ բացառապես Հայաստանի վրա է կառուցված եղել տարածաշրջանում ռուսական ազդեցությունը: Վաղ թե ուշ դա պետք է հասկացվեր…
Եթե նույնիսկ Կրեմլը սկսել է հասկանալ դա, միեւնույն է, հիմա ոչինչ այլեւս չի կարող անել: Մոսկվային լարում է այն փաստը, որ ոչինչ չի կարող հակադրել ադրբեջանական քաղաքականության մեջ նման շրջադարձին եւ Թուրքիայի աճող ազդեցությանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ Կենտրոնական Ասիայում:
Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը հայտարարել է. «Այն պահից, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին պայքարեց ՀԱՊԿ անդամի դեմ, Բաքվին իրականում կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ: Իրավաբանորեն դա ժամանակի խնդիր է, այդ ամենը կձեւակերպվի: Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայի միջոցով մերձենալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Մեղմ ասած՝ Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից մեկին՝ Թուրքիային՝ ի դեմս Էրդողանի, թույլ է տալիս նման հայտարարություններ կատարել: Ավելին՝ Մոսկվան բազա ունի Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում նմանը չունի»:
Հանձնաժողովում նրա գործընկեր Վիկտոր Զավարզինը նշում է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծումը դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի ընդլայնում:
Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կհետաձգվի անորոշ ժամանակով: Բայց եթե վերջինս ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ չստանա, ապա, ըստ «Դենի», արժե դիտարկել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական եւ քաղաքական սերտ համագործակցության տարբերակը: Մի շարք պատճառներով Անկարան կարող է նման քայլ կատարել:
«Միեւնույն ժամանակ չպետք է կախված լինել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի հարցերի շուրջ խորհրդակցությունների մասին խոսակցություններից: Բավական է հիշել, որ Լավրովի` «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ներկայացված պահանջները՝ դադարեցնելու «Բայրաքթար» անօդաչու սարքերի մատակարարումն Ուկրաինային, Անկարայում անտեսել են, իսկ ռուսական կողմին պատասխանել են, որ ում հետ ցանկանում են, նրա հետ էլ առեւտուր են անում կամ ռազմատեխնիկական համագործակցություն վարում:
Բացառված չէ, որ տարբեր ուղղություններում թուրքական գործոնի ակտիվացումը ենթադրում է ՌԴ-ի հետ որոշակի առեւտուր՝ Արցախում զիջումներ ստանալու համար: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում, բացի Հայաստանից, դաշնակիցներ, գործընկերներ կամ պարզապես բարեկամներ չի ունեցել, Արցախի ու Հայաստանի հարցում «հնարավոր փոխզիջումները» կկոչվեն «դաշնակցի տարածքների միակողմանի հանձնում» կամ «խայտառակ պարտություն»:
Իսկ Ադրբեջանում թուրքական բազայի հնարավոր ստեղծման շուրջ հակասությունները կարող են օգտագործվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Միացյալ Նահանգներ այցի նախապատրաստության ընթացքում…