Անդրկովկասն այսօր դարձել է եվրոպական կառույցների գործողությունների հիմնական թիրախներից մեկը: Գրեթե ամենամսյա ռեժիմով տարածաշրջան են ժամանում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատվիրակություններ: Հուլիսի 16-17-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը։
ԵՄ պաշտոնյան Հայաստանից կուղեւորվի Վրաստան: «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ այցը տեղի կունենա հուլիսի 18-ին։ Նա նաեւ նշել է, որ հանդիպումների շրջանակներում Վրաստանի իշխանությունները ԵՄ խորհրդի նախագահին կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն հուլիսի 5-ի իրադարձությունների եւ բռնության փաստերի վերաբերյալ իշխանության արձագանքի մասին: «Հուլիսի 5-ի կապակցությամբ մենք Շառլ Միշելին կտրամադրենք ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ ռիսկեր են սպասվում, ինչ ռիսկեր են հաշվարկվել, եւ ինչպես են արձագանքել իրավապահները: Խոսքը վերաբերելու է հետագա արձագանքին, կոնկրետ ձերբակալություններին եւ հետաքննություններին, որոնք դեռ շարունակվում են»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Բնականաբար, Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ԵՄ խորհրդի նախագահը կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձնելու խնդիրը եւ եռակողմ հայտարարության կատարման ընթացքը, ինչպես նաեւ Արցախի հիմնահարցի երկարաժամկետ կարգավորման հեռանկարները:
Դեռեւս տեղեկություն չկա, թե արդյոք Շառլ Միշելը կայցելի՞ Անդրկովկասի երրորդ երկիրը: Եթե նման այց չլինի, ապա դա կոշտ ժեստ կլինի Բաքվի համար: Վերջինս Արցախյան երրորդ պատերազմից հետո արհամարհում է եվրոպական կառույցներին, չի արձագանքում նրանց միջնորդություններին եւ առաջարկներին, միջնորդավորված պատասխանելու դեպքում էլ դիվանագիտությանը ոչ հարիր բառապաշար է օգտագործում: Նկատենք, որ Եվրոպան իր բացասական դիրքորոշումն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաեւ ՀՀ սահմանն ապօրինի հատելու՝ Ադրբեջանի զինուժի գործողությունների կապակցությամբ:
Պարզ է, որ եթե եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այցելի նաեւ Ադրբեջան, ապա առաջին հերթին պետք է հետաքրքրվի այդ հարցերով, իսկ Ալիեւը դրանց նոր պատասխաններ չունի տալու, նախկինում ասված եւ բազմիցս ծեծված հայտարարություններից բացի: Ի վերջո, Ադրբեջանի վերջին գործողությունները փաստում են, որ նա ավելի շատ իրեն տեսնում է Պակիստանի եւ Թուրքիայի հետ ասիական արմատական իսլամական պետության կարգավիճակում, քան եվրոպական արժեհամակարգի երկրների շարքում: Վերջին հաշվով՝ Ադրբեջանն էր, որ հայտ էր ներկայացրել Եվրոպայի ընտանիքին ինտեգրվելու համար, որեւէ պարտադրանք վերջինիս այդ ուղղությամբ չէր եղել, հետեւաբար՝ Եվրոպան առանձնապես բան չունի կորցնելու, առավել եւս, որ Բաքուն, Անկարայի հետ Արցախի ժողովրդի դեմ հրահելով ռազմական ագրեսիա եւ գործելով բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, շատ հեռու է գնացել Եվրոպայից: