«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ
Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր արցախցիներ ստիպված հեռացան հայրենի բնակավայրերից եւ ապաստանեցին ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում։ Տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվելուն էր միտված ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ձեւավորումը, որը ղեկավարում է Միքայել Վիրաբյանը։ Շտաբի կատարած աշխատանքների եւ հետագա անելիքների մասին է մեր հարցազրույցը նրա ղեկավարի հետ։
-Ե՞րբ սկսեց գործել օպերատիվ շտաբը Երեւանում։
-2020 թ. հոկտեմբերի վերջերին, երբ արդեն շատ արցախցիներ էին տեղահանվել եւ ապաստանել ՀՀ տարբեր մարզերում, հիմնականում՝ Երեւանում, առաջացավ շտաբի պահանջը։ Սկզբում այն ղեկավարում էր Լեւոն Գրիգորյանը, բայց նոյեմբերի 2-ին ԱՀ նախագահի որոշմամբ ես սկսեցի ղեկավարել։ Սկզբնական շրջանում առաջնահերթը տեղահանված արցախցիների բնակարանային, սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն էր։
-Սկզբնական շրջանում մինչեւ քանի՞ հոգի էին տեղահանվել։
-Նոյեմբերի վերջին Արցախից մոտ 100 հազար մարդ էր տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հեշտ չէր այդքան մարդու ապահովել կացարաններով։ Այդ օրերին շատերն օգնեցին՝ անհատներ, պետական մարմիններ, հասարակական կազմակերպություններ։ Այժմ տեղահանված արցախցիների հիմնական մասն ապրում է վարձակալած բնակարաններում, որոշները՝ հարազատ-բարեկամ-ծանոթների տներում։ Այսօր առավել խնդիր է այն, որ որոշ ընտանիքներ դեռեւս բնակվում են հյուրանոցներում եւ տարբեր հասարակական շենքերում։ Սկզբնական շրջանում որոշակի ժամկետով էին այդ տարածքները հատկացվել մեր բնակիչներին, այժմ կա տարածքն ազատելու պահանջ։ Առաջացած խնդիրներին փորձում ենք օպերատիվ լուծումներ տալ եռակողմ ձեւաչափով։ Պետք է գոհունակություն հայտնեմ բոլոր անհատ անձանց, հասարակական կազմակերպություններին, այլ կառույցների, որոնք հատկապես սկզբնական շրջանում մեծ աջակցություն ցուցաբերեցին մեր հայրենակիցներին։ Հատկապես նշեմ «Ազնավուրը՝ Հայաստանին», «Տերյան մշակութային կենտրոն», «Նարեկացի կենտրոն», «Հոգ տար» եւ այլ կառույցների անունները, որոնք այժմ էլ են աջակցում։
-Այժմ որքա՞ն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը։
-2021 թ. հունիսի 1-ի դրությամբ՝ տեղահանված եւ ՀՀ-ի տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած ԱՀ քաղաքացիների թիվը 21 հազար 615 է (5448 ընտանիք), որից շուրջ 6300-ը՝ անչափահաս. անճշտությունը կազմում է 5 տոկոս։ Ընդհանուրի 68.7 տոկոսը կամ 14844 մարդ բնակվում է մարզերում, մնացածը՝ 1778 ընտանիք կամ 6771 մարդ (31.3 տոկոս) բնակվում են Երեւանում։ Առավել շատ ընտանիքներ են բնակվում Սյունիքի մարզում՝ 907 ընտանիք, 3363 հոգի, Կոտայքի մարզում՝ 787 ընտանիք, 3158 հոգի, Արարատի մարզում՝ 753 ընտանիք, 3052 հոգի։ ՀՀ մարզերից ամենաքիչ տեղահանված արցախցի բնակվում է Տավուշում՝ 52 ընտանիք, 201 մարդ։ Արմավիրի մարզում բնակվում է 268 ընտանիք, Գեղարքունիքում՝ 158, Շիրակում՝ 149։
-Պատերազմի ավարտից հետո որքա՞ն արցախցի է վերադարձել տուն։
-Մոտ 74 հազար արցախցի վերադարձել է։ Նշեմ՝ Արցախում բնակություն հաստատելու ցանկություն են ունեցել նաեւ Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններից, Շուշիից, ինչպես նաեւ Մարտունու եւ Ասկերանի շրջանների՝ թշնամու կողմից բռնազավթված տարածքների բնակիչներ։ 2021 թ. հունվարի 1-ից մինչեւ այժմ տեղահանվածների՝ Արցախի Հանրապետությունում վերաբնակեցման կազմակերպման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր է տեղափոխվել եւ մշտական բնակություն հաստատել 76 ընտանիք՝ 379 մարդ։ Օրինակ՝ Քաշաթաղի շրջանից Արցախի տարբեր բնակավայրերում են բնակություն հաստատել 40 ընտանիք, Հադրութի շրջանից՝ 13…
-Ինչպե՞ս է կազմակերպվել եւ շարունակվում Արցախ վերադարձողների տեղափոխությունը։
-Հիմնականում հատկացվել են անվճար ավտոբուսներ, որոնք այժմ էլ գործում են։ Սկզբնական շրջանում մեծ էր վերադարձողների թիվը, կային դժվարություններ։ Այսպես՝ 2021 թ. հունվարին աշխատել է 86 ավտոբուս, Արցախ է վերադարձել 3782 մարդ։ Իսկ վերաբնակվելու նպատակով մեկնողների համար կազմակերպվել է ճանաչողական այց. ընտանիքի գլխավորը եղել է Արցախի տարբեր բնակավայրերում։ Եթե ցանկացել է որեւէ գյուղում բնակվել, ընտանիքի եւ գույքի տեղափոխությունը կազմակերպվել է ԱՀ կառավարության կողմից։ Այսօր էլ նույն պայմանները գործում են։
-Սկզբնական շրջանում օպերատիվ շտաբի աշխատանքներում հիմնականում կամավորներ էին ընդգրկված։ Այժմ ովքե՞ր են աշխատում օպերատիվ շտաբում։
-Ճիշտ է՝ սկզբնական շրջանում շատ կամավորներ օգնեցին, շտաբի մասնաճյուղեր կային նաեւ մարզերում: Այժմ օպերատիվ շտաբի կազմում գործում են Քաշաթաղի, Քարվաճառի (Նոր Շահումյան), Հադրութի եւ Շուշիի շրջանների գրասենյակները։ Նշեմ՝ նշված շրջանների բոլոր համայնքների ղեկավարները դեռ գործում են, կապ ունեն իրենց բնակիչների հետ, ցանկացած խնդիր լուծում է ստանում միասնաբար աշխատելով։ Իհարկե, շտաբն զբաղվում է նաեւ ՀՀ-ում բնակվող Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների, Ստեփանակերտի բնակիչների խնդիրներով, եթե ինչ-որ հարցով դիմում են։ Օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպման առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական եւ իրավական ծառայությունների մատուցման խնդիրներին՝ տեղահանված եւ ՀՀ-ում ապաստանած արցախցիներին սպասարկելու համար։ Այդ առումով օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակը մատուցում է բոլոր այն ծառայությունները, որոնք առկա են ԱՀ սոցապ ոլորտում, իսկ իրավական ծառայությունների գրասենյակն իրականացնում է իրավաբանական ծառայություններ։ Նշված գրասենյակներում աշխատում են Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի եւ Շահումյանի շրջանների համապատասխան կառույցների նախկին աշխատակիցներ, եւ գրասենյակների պարտավորությունն է առանց տարբերակման մեր տեղահանված քաղաքացիներին սպասարկելը, որ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող արցախցին ստանա իր հարցի պատասխանը։ Վերջերս շտաբի շենքի առաջին հարկում բացվել է բուժկետը, որը նույնպես մեծ աջակցություն է տեղահանված արցախցիներին։ Այս օրերին շտաբում առավել ծանրաբեռնված են աշխատում գյուղոլորտի պատասխանատուները։ ԱՀ կառավարության կողմից պետք է փոխհատուցում տրվի այն տնտեսավարողներին ու ընտանիքներին, ովքեր թշնամու տիրապետության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական անշարժ եւ շարժական գույք, այգիներ, անասուններ, մեղվափեթակներ են թողել։ Շահառուների կողմից ընդունվում են դիմումներ, ճշտվում են տվյալները։ Բոլոր աշխատանքները վերահսկվում են շտաբի պետի կողմից, եւ ներկայացվում է հաշվետվություն ԱՀ նախագահի աշխատակազմ։
-Շտաբում հաճա՞խ են տեղի ունենում հանդիպումներ ԱՀ կառավարության եւ Ազգային ժողովի անդամների հետ։
-Համագործակցում ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ։ Ինչ վերաբերում է այցերին, հաճախ են մեզ այցելում տարբեր նախարարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԱԺ նախագահը, պատգամավորներ։
-Ֆինանսական ծախսերի հետ կապված կա՞ն խնդիրներ։
-2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերին օպերատիվ շտաբն ստացել է 250 մլն դրամ գումար, որից 53.9 միլիոնը հատկացվել է պետական նպատակային ծրագրերին՝ բավարարելով 77 զոհված զինծառայողի ընտանիքի 700-հազարական դրամով։ 3000 -ից ավելի ընտանիքի ընդհանուր, որպես ֆինանսական աջակցություն, հատկացվել է 187 մլն դրամ գումար, միջինը՝ 50 հազար դրամ։ Հատկացված գումարի 3 տոկոսը տրամադրվել է օպերատիվ շտաբի ձեւավորմանը, շենքի կոմունալ ծախսերին, սպասարկող անձնակազմին՝ աշխատավարձի տեսքով։
-Ի՞նչ աջակցություն է ցուցաբերել օպերատիվ շտաբը տեղահանված արցախցիների կրթամշակութային խնդիրների լուծմանը։
-Մեր հայրենակիցների կրթությունը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է։ 2020-2021 ուստարվա 284 շրջանավարտ դպրոցն ավարտեց հայրենի բնակավայրից դուրս։ Այժմ ճշտում ենք՝ ո՞վ է շարունակելու ուսումը, ո՞ր ուսումնական հաստատությունում, ի՞նչ պայմաններում եւ այլն։ Տրվել է հանձնարարական, որ ճշտվի նոր ուստարում Արցախից տեղափոխված քանի առաջին դասարանցի է լինելու։ Որոշել ենք բոլորին հատկացնել պայուսակ եւ գրենական պիտույքներ։ Մշակութային հարցում կարեւորում եմ նաեւ այն, որ դեռեւս պատերազմի օրերին «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրա Թամրազյանը դիմեց մեզ, տարածք խնդրեց։ Մեր շենքի առաջին հարկում այժմ գործում է նշված կենտրոնը, եւ շատ երեխաներ են մասնակցում դասընթացների։
-Ի՞նչ է արվում այս օրերին շտաբի կողմից՝ կապված հատկապես մարզերում տեղավորված արցախցիների խնդիրների հետ։
-Օպերատիվ շտաբը հուլիսի 15-ից սկսել է այցեր ՀՀ տարբեր մարզեր. հանդիպումներ ենք ունենում 10 եւ ավելի արցախցի ընտանիքներ ունեցող բնակավայրերում։ Հուլիսի 15-ին օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հարություն Բերբերյանը եւ Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես՝ Թալին եւ Ապարան համայնքներ, հանդիպել են այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ: Այս մարզում բնակվում է 134 արցախյան ընտանիք. Աշտարակ մարզկենտրոնում՝ 47, Ապարանում՝ 17, Թալինում՝ 16, մնացածը՝ տարբեր բնակավայրերում։ Հանդիպումն ընթացել է ջերմ եւ անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ եւ տարաբնույթ հարցեր: Որոշ հարցեր լուծում ստացել են տեղում, որոշները ներկայացվել են դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։ Այցերը լինելու են շարունակական։ Հիմնականում այն բնակավայրեր, որոնք հեռու են Երեւանից։ Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով։ Մարզային այցելությունների միջոցով նախատեսում ենք հանդիպել մարզերում բնակվողների 60 տոկոսի հետ:
Մասնագիտությամբ տնտեսագետ, պետական եւ քաղաքական գործիչ Միքայել Վիրաբյանը ծնվել է 1974 թ. հուլիսի 27-ին ՀԽՍՀ Վանաձոր քաղաքում։ 1976 թ. նրա դերասան հորը՝ Սամվել Վիրաբյանին, հրավիրել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում աշխատելու։ Ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ։ Արծաթե մեդալով ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 դպրոցը, 1997-ին՝ ԱրՊՀ ֆինանսներ եւ վարկեր բաժինը։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, վիրավորվել։ Պարգեւատրվել է «Արիություն», «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, ԱՀ վարչապետի հուշամեդալով եւ գերատեսչական այլ մեդալներով։ Աշխատել է Արցախի կառավարությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ։ Մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, աշխատում էր ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական եւ նույն պաշտոնում գլխավորում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ Ամուսնացած է, ունի 3 դուստր եւ որդի։