Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը մեղավոր է ճանաչել 13 հայ ռազմագերիներին եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման, որը կրելու են ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատավճռում նշված է, որ «պատիժը կրելուց հետո մեղադրյալները պետք է վտարվեն Ադրբեջանից»: Հայ ռազմագերիների դեմ հարուցած քրեական գործերն ու դատավարությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են եւ ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս նշել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլո՛ր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, քանի որ գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, եւ հիմա էլ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Իսկ այն, որ հակամարտությունն ավարտված չէ, վկայում են Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, վերջերս նաեւ Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած գործողությունները։
Հայ ռազմագերիներին «ահաբեկչության, դիվերսիոն եւ այլ հանցավոր գործողությունների մեջ մեղադրելով» եւ դատապարտելով՝ Ադրբեջանը նաեւ խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն՝ պետք է իրականացվեր ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում: Այնինչ դրա փոխարեն Ադրբեջանը կեղծ հիմքերով մեղադրանքներ է ներկայացրել եւ դատապատել ազատազրկման։ Ի դեպ, դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 22-ին, հրապարակվել էր նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավճիռը, որին դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Նա իր պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ դրանից հետո, ըստ դատավճռի, Դուբակովը «ենթակա է Ադրբեջանից բռնի վտարման»: Հիշեցնենք, որ Դուբակովին մեղադրանք էր ներկայացվել Հայաստանի կողմից «անօրինական զինված կազմավորումների կազմում Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար»:
Այս ամենի համատեքստում չափազանց կարեւոր իրադարձություն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ Դրանով արձանագրվել է, որ Ադրբեջանը խոշտանգել եւ ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել եւ հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում նշված է, որ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Հիշեցնենք, որ Արթուր Բադալյանն անհետացել էր 2009 թ. մայիսի 9-ին՝ գերեվարվելով ադրբեջանական ուժերի կողմից: Նրա գտնվելու վայրն անհայտ է եղել ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010 թ. նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: 2011 թ. մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ: Արթուր Բադալյանը ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում, որտեղ ենթարկվել է դաժան խոշտանգումների եւ հոգեկան տառապանքի:
«Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով վճիռը կարող է հիմք դառնալ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելիս։ Ադրբեջանական հանցագործ ձեռագիրը չի փոխվում, զսպող գործոններից լավագույնը պատասխանատվության ենթարկելն է։