Երկու օրվա տարբերությամբ՝ հուլիսի 23-ին եւ 26-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները հայտարարեցին արցախյան հակամարտության երկարաժամկետ եւ հիմնարար քաղաքական լուծման անհրաժեշտության մասին: Դեսպաններն առաջնային համարեցին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արագ վերականգնման անհրաժեշտությունը: Հայտարարությունների էական առանձնահատկությունն այն է, որ վերջիններս իրենց խոսքով, ըստ էության, հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններն ուղղակիորեն պայմանավորեցին Արցախի կարգավիճակի լուծված չլինելու հետ:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ այցի ժամանակ վերահաստատել էր ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում: Դեսպանը նաեւ շեշտել էր, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին՝ արցախյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն էլ ընդգծել էր, որ Արցախի հարցը լուծված չէ։ «Ուստի կողմնակից ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի եւ տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- նշել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Այսպիսով՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան իրենց դեսպանների միջոցով հայտարարում են, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, եւ սահմանների դեմարկացիան կարող է իրականացվել միայն հիմնահարցի հիմնարար լուծման շրջանակներում, միայն միջազգայնորեն ճանաչված Մինսկի խմբի ձեւաչափում: Այլ կերպ ասած՝ վերջիններս կտրուկ ժխտում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պարբերաբար արտահայտվող այն կարծիքը, թե արցախյան հարցը լուծված է, եւ պետք է քայլեր անել տարածաշրջանում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ն էլ հիմնականում հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղապահի դիրքերից, սակայն ակնհայտ է, որ որպես համանախագահող երրորդ երկիր՝ կողմնակից է նաեւ այդ միջազգային հարթակում խնդրի երկարաժամկետ եւ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելուն:
ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նման հայտարարություններ են անում՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի հրահրած սադրանքներին: Նրանք փաստացի ակնարկում են, որ ուժի կիրառմամբ ՀՀ-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման եւ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվի: Սահմանային միջադեպերի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաեւ ՌԴ-ն՝ իր ԱԳՆ խոսնակի շուրթերով: Ռուսաստանը նաեւ պատրաստակամություն էր հայտնել տրամադրել քարտեզներ սահմանների դեմարկացիան իրականացնելու համար՝ դրանով, ըստ էության, փաստելով, որ սահմանների հարցը չի կապում ընդհանուր «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ:
Վերեւում շարադրված գործընթացները փաստում են, որ մեծանում են միջազգային ճնշումները պաշտոնական Բաքվի վրա: Համառելու դեպքում վերջինս շատ արագ կհայտնվի քաղաքակիրթ աշխարհից մեկուսացվածի կարգավիճակում՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Ադրբեջանի՝ ուժի դիրքերից շարունակաբար գործելու տարբերակին եւս պատասխան հնչեցվեց՝ ռազմական ոլորտում համագործակցության պատրաստակամության մասին Ֆրանսիայի դեսպանի հայտարարության միջոցով: Հետեւաբար՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է: Կընդունի՞ Ալիեւը քաղաքակիրթ աշխարհի առաջարկները, թե՞ կընտրի Սադամ Հուսեյնի, Քադաֆիի, Հոսնի Մուբարաքի ճակատագիրը…