Իսրայելական իշխանամետ «Իսրայել Հայոմ» («Israel Hayom») օրաթերթը հայտնել է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի կնքած համաձայնագրի համաձայն՝ վերջինս 2 միլիարդ դոլար արժողությամբ տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ բալեստիկ հրթիռներ է գնելու։
Իսկ որո՞նք են լինելու Բաքվի բալեստիկ հրթիռների թիրախները, «համար մեկ թշնամու» (Ադրբեջանի պատմության բոլոր դասագրքերում Հայաստանն այդպիսին է ներկայացվում) դեմ կիրառելու կարիքը բոլորովին չկա։ Թուրքիայի դեմ կիրառությունը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, գրեթե բացառվում է, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ դրանք ուղղված պիտի լինեն կամ այդ երկրի ռազմավարական գործընկեր համավող Ռուսաստանի դեմ, ինչի հավանականությունը շատ փոքր է, կամ էլ պատմամշակութային ու կրոնական ընդհանրություններով եղբայրական Իրանի, ինչը, թերեւս, ամենահավանականն է, մանավանդ որ դրանում շահագրգիռ է նաեւ Թել Ավիվը։ Այլ կերպ ասած՝ Աստված մի արասցե, բայց եթե կիրառվի, ապա, ամենայն հավանականությամբ, իսրայելցի մասնագետների ձեռքով ու Իրանի դեմ։ Այն դեպքում, երբ իրանցի ցանկացած պաշտոնյա Ադրբեջան ացելելիս նախ եւ առաջ կրկնակի անգամ շնորհավորում է արցախյան պատարազմում Բաքվի հաջողությունը։
Ավելին՝ Թեհրանը ջանք չի խնայում էլ ավելի սերտացնելու փոխհարաբերությունները Բաքվի հետ՝ գրավյալ տարածքների վերականգնման հարցում գործուն մասնակցություն ունենալու համար։ Մինչդեռ Ադրբեջանն այս հարցում նախապատվությունը տալիս է Իրանի հետ թշնամական փոխհարաբերություն ունեցող Իսրայելին, ինչն էլ, թերևս, մտահոգում է Թեհրանին։ Ըստ ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթի՝ այդ երկրի ֆինանսների նախկին նախարար Ֆիքրաթ Յուսեֆովը շեշտել է, թե Ղարաբաղի վերականգնման գործում Իսրայելի ընկերությունները մասնակցության բարոյական իրավունք ունեն, ինչին արժանացել են թե դրսևորած բարեկամության, թե այն անգնահատելի աջակցության համար, որը ցուցաբերեցին պատերազմի ընթացքում։ Նա, անդրադառնալով 2 միլիարդ դոլարի զենք գնելու հարցին, նշել է, թե Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կստորագրի այդ համաձայնագրի եւ Իսրայելի՝ Ադրբեջանի բարեկամը լինելու փաստի տակ, ինչը փայլուն կերպով ապացուցվեց պատերազմի ժամանակ։ Ապա հավելել է, թե Իսրայելն Ադրբեջանին տրամադրել է այնպիսի զենքեր, որոնք որեւէ այլ երկրի չի վաճառել։
Հետեւաբար, բնական է, որ այսօր 2 միլիարդ դոլար արժողությամբ զենք են գնում այդ երկրից։ Նա նաև շեշտել է, որ ներկա պայմաններում Իսրայելի նման հզոր պետության հետ համագործակցությունը խիստ կարեւոր է Ադրբեջանի համար։ «Ենի Մուսավաթ» օրաթերթի վերլուծաբան Էմին Հասանլին էլ ասել է, թե ռազմական ոլորտում Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը շարունակվում է, եւ Բաքուն Թել Ավիվից գնում է ամենաարդիական զենքերը: Հասանլին ընդգծել է, որ արցախյան պատերազմի ընթացքում «բայրաքթարներին» զուգահեռ իրենց խիստ արդյունավետությունը ապացուցել են նաեւ «Հարպ» տիպի անօդաչուներն ու իսրայելական այլ զենքերը։